Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.24/35(909).1 Հոդ.880.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0044/01/11

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0044/01/11

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

 

     Դատավորներ` Մ. Պետրոսյան

                               Ս. Համբարձումյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ մեղադրող

Ա. Փանոսյանի


 

2011 թվականի դեկտեմբերի 22-ին

Երևան քաղաքում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման դեմ մեղադրող Ա.Փանոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է թիվ 12141610 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ:

Նույն օրն Ա.Բաբայանը և Ս.Թումանյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումներով Ս.Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, իսկ Ա.Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումներով Ս.Թումանյանի և Ա.Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2010 թվականի դեկտեմբերի 16-ին որոշում է կայացվել Ա.Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Նախաքննության մարմինը 2011 թվականի մարտի 10-ին որոշումներ է կայացրել առաջադրված մեղադրանքները լրացնելու մասին, և Ս.Թումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, իսկ Ա.Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով:

2011 թվականի մարտի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2 . Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 7-ի դատավճռով Ա.Բաբայանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով կարճվել է, և քրեական հետապնդումը դադարեցվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ:

Նույն դատավճռով Ա.Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառմամբ Ա.Բաբայանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:

Ս.Թումանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ս.Թումանյանն ազատվել է պատժի կրումից: Ամբաստանյալ Ս.Թումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա ազատվել է կալանքից դատական նիստի դահլիճում:

3. Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 5-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 7-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ա.Փանոսյանը:

Վճռաբեկ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները

5. Ամբաստանյալներ Ա.Բաբայանին և Ս.Թումանյանին մեղադրանք է առաջադրվել, և նրանք դատապարտվել են հետևյալ արարքների համար:

Ա.Բաբայանը և Ս.Թումանյանը 2010 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 20:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտեցել են Երևանի Ագաթանգեղոս և Մովսես Խորենացի փողոցների հատման խաչմերուկի մոտ կանգնած մարմնավաճառ կանանց, որտեղ Ա.Բաբայանը Վարսիկ Բադոյանին գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել: Մերժում ստանալով` Ա.Բաբայանը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, անհիմն վիճաբանության մեջ է մտել Վ.Բադոյանի հետ և այլ անձանց ներկայությամբ շուրջ 2-3 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին:

Դրանից հետո Ա.Բաբայանը և Ս.Թումանյանը գնացել են «Այրարատ» կինոթատրոնի մոտակայքում գտնվող հասարակական սննդի օբյեկտներից մեկը, որտեղ կրկին ոգելից խմիչք են օգտագործել և ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, մոտեցել են նույն մարմնավաճառներին: Վերջիններս, տեսնելով հարբած վիճակում գտնվող Ա.Բաբայանին և Ս.Թումանյանին, ինչպես նաև ոստիկանների պահանջով փորձել են հեռանալ մայթեզրից: Նշված հանգամանքից վրդովված` ամբաստանյալները սկսել են հայհոյել, տարածքում հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ոստիկաններ Հրաչյա Խաչատրյանը և Գագիկ Սարգսյանն Ա.Բաբայանից և Ս.Թումանյանից պահանջել են չխախտել հասարակական կարգը: Այդ պահին նրանց է մոտեցել պատահաբար դեպքի վայրով անցնող, նույն գնդի ոստիկան Արայիկ Խաչատրյանը` քաղաքացիական հագուստով: Տեսնելով իր գործընկերների հետ ագրեսիվ տոնով խոսող և նրանց օրինական պահանջը կատարել չցանկացող Ս.Թումանյանին` Ա.Խաչատրյանը, նպատակ ունենալով իր միջամտությամբ զսպել նրա հակահասարակական պահվածքը, Ս.Թումանյանին ցույց է տվել իր ծառայողական վկայականը և հայտնել, որ նույնպես ոստիկան է: Սակայն դրանից հետո Ս.Թումանյանը դարձել է ավելի ագրեսիվ և, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, չարամտորեն չենթարկվելով հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, խուլիգանական հայհոյանքներ տալով նրանց հասցեին, հարձակվել է Ա.Խաչատրյանի վրա և բռունցքով հարվածել նրա կրծքավանդակին: Գ.Սարգսյանը միջամտել է, ցանկանալով խափանել Ս.Թումանյանի գործողությունները, որի ընթացքում վերջինս, դիմադրություն ցույց տալով ոստիկանության աշխատակիցներին, բռնել է Գ.Սարգսյանի ծառայողական բաճկոնի օձիքից, քաշքշել ու պատռել է այն, ինչպես նաև բռունցքներով 3-4 անգամ հարվածել է Գ.Սարգսյանի գլխին ու մարմնի մյուս մասերին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Խուլիգանության կատարմանը ներգրավվել է նաև Ա.Բաբայանը, ով նույնպես կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, չարամտորեն չենթարկվելով հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն ցույց տալով նրանց՝ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և գործադրելով ապօրինի կրած սառը զենք հանդիսացող որսորդական շեղբավոր ծալովի դանակը՝ դրանով դիտավորությամբ հարվածել է Գ.Սարգսյանի կրծքավանդակի ուղղությամբ և վնասել նրա համազգեստը:

Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի խուլիգանական գործողությունները տևել են շուրջ 20 րոպե, որից հետո նրանք փորձել են փախչել, սակայն փախուստը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, և Ա.Բաբայանն ու Ս.Թումանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ շուրջ 30 րոպե տևողությամբ շարունակել են ոստիկանության աշխատակիցների հասցեին տալ սեռական բնույթի հայհոյանքներ, ոտքերով հարվածել հերթապահ մասի ժամանակավոր պահման խցերի ճաղավանդակներին:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ սույն գործով նախաքննության մարմինը և դատարանը, հաստատված համարելով Ա.Բաբայանին և Ս.Թումանյանին մեղսագրվող արարքները, դրանց տվել են քրեաիրավական սխալ որակում` անտեսելով հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող իշխանության ներկայացուցիչ Գ.Սարգսյանի նկատմամբ ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ Ս.Թումանյանի կողմից` կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, իսկ Ա.Բաբայանի կողմից` կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հանգամանքը: Ըստ բողոքաբերի` դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների պայմաններում Ա.Բաբայանի արարքը պետք է լրացուցիչ որակվեր իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս.Թումանյանի արարքը` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Բողոքաբերը նշել է, որ հիմք ընդունելով վերոգրյալը և միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածը լիազորում է մեղադրողին առաջադրված մեղադրանքը փոփոխել և լրացնել բացառապես առաջին ատյանի դատարանում գործի դատական քննության ընթացքում, մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է բերել Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ՝ խնդրելով բեկանել այն քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման հիմքով և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով թույլ տրված նյութական իրավունքի խախտումները, մերժել է բողոքը` դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

7. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումը: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ և 296-րդ հոդվածներից բխում է, որ քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում գործի նյութերի հետազոտման արդյունքում պարզելով, որ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում առկա ապացույցներից, դատարանը լիազորված է կայացնել գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում` նշելով ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի առկա թերությունները:

Տվյալ դեպքում մեղադրական եզրակացությունում Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի կատարած արարքների նկարագրությունն ակնհայտորեն չի համապատասխանել դրանց տրված որակմանը, որպիսի պայմաններում գործը դատական քննության նախապատրաստելու փուլում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում կայացնել, սակայն նման որոշում չի կայացրել:

8. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս մեղադրողին վերադարձնելու իրավական ինստիտուտի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ, ինչպես նաև դատական քննության ընթացքում մեղադրանքը փոխելու՝ մեղադրողի իրավասության սահմանների առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

 

I. Գործը դատական քննության նախապատրաստելիս մեղադրողին վերադարձնելը.

9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. գործը դատական քննության նախապատրաստելիս պարտավո՞ր է արդյոք դատարանը որոշում կայացնել գործը մեղադրողին վերադարձնելու մասին՝ առաջարկելով փոփոխել կամ լրացնել առաջադրված մեղադրանքը, եթե պարզում է, որ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից:

10. Գործը դատական քննության նախապատրաստելիս այն մեղադրողին վերադարձնելու դատարանի լիազորությունը և դրա իրականացման կարգը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ և 296-րդ հոդվածներում:

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն`

«Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

(…)

4) գործը մեղադրողին վերադարձնելու մասին.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն`

«1. Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից:

2. Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները (…)»:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 9-րդ կետում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է վերլուծել արդարադատության իրականացման ընթացքում դատարանի կարգավիճակը, ինչպես նաև քրեական դատավարության մի շարք կարևորագույն սկզբունքներ:

11. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…):

2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(…)

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:

2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանց իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:

3. Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:

4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ (…):

5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով (…):

6. Քրեական դատավարության ընթացքում կողմերն իրենց դիրքորոշումը, այն պաշտպանելու եղանակները և միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում են ինքնուրույն` անկախ դատարանից, այլ մարմիններից և անձանցից (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, (…) չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբեր[ի] ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն [տա]` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

12. Շարադրված դրույթների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացություն անել այն մասին, որ քրեական դատավարության փուլային համակարգում հիմնական և վճռորոշ փուլը դատական քննությունն է: Դատական քննության փուլում են հետազոտվում մեղադրանքի հիմքում դրված ապացույցները և ըստ էության այդ փուլում են պատասխան տրվում քրեական գործի հիմնական` ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցին:

Դատական քննությունը` որպես քրեական դատավարության կենտրոնական փուլ, իրենից ներկայացնում է դատավարական (դատական) գործողությունների կատարման և որոշումների կայացման բարդ համակարգ, որոնք իրականացվում են քրեադատավարական օրենքով ամրագրված իրավական կանոններին համապատասխան: Նշված կանոններն իրենց ամբողջության մեջ կազմում են դատական քննության ընդհանուր պայմանները և պարտադիր են դատական քննության ողջ ընթացքում: Վերոնշյալ պայմանների նախատեսումը նպատակ է հետապնդում ապահովել քրեական դատավարության բոլոր սկզբունքների կենսագործումը` դրանով իսկ հասնելով արդար դատական քննության հիմնարար արժեքի անխափան իրագործմանը:

13. Սույն որոշման 11-րդ կետում շարադրված իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման անկյունաքարը, ի թիվս քրեական դատավարության այլ կարևորագույն սկզբունքների, մրցակցության սկզբունքն է:

Մրցակցության սկզբունքը կարող է երաշխավորվել երեք բաղադրատարրերի միաժամանակյա պահպանման դեպքում: Դրանք են`

ա) կողմերի դատավարական իրավահավասարություն` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար,

բ) կողմերի միջև մեղադրանքի և պաշտպանության գործառույթների տարանջատում և դրանց սահմանազատում գործի լուծման գործառույթից,

գ) անկախ և անկողմնակալ դատարանի առկայություն:

Մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը: Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար պետք է ստեղծի գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ՝ դրանով իսկ ապահովելով մրցակցության սկզբունքի կենսագործումը և հասնելով քրեական դատավարության առջև դրված խնդիրների իրագործմանը:

Անդրադառնալով դատարանի անաչառության կարևորությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունում հիմնարար նշանակություն ունի այն հանգամանքը, որ դատարանները վստահություն ներշնչեն հասարակությանը, իսկ քրեական վարույթի պարագայում՝ առաջին հերթին վստահություն ներշնչեն մեղադրյալին (տե՛ս Sander v. The United Kingdom, 2000 թվականի մայիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 34129/96, կետ 22): Դատարանի անաչառության պահանջն ունի երկու կողմ, նախ` դատարանը պետք է զերծ լինի անձնական նախապաշարումներից կամ կողմնապահությունից: Երկրորդ` այն պետք է անաչառ լինի նաև օբյեկտիվ տեսանկյունից. այսինքն` պետք է բավարար երաշխիքներ ապահովի այս կապակցությամբ առաջացող որևէ օրինական կասկած բացառելու նպատակով (տե՛ս Findlay v. The United Kingdom, 1997 թվականի փետրվարի 25-ի վճիռը, գանգատ թիվ 22107/93, կետ 73):

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արդար դատական քննության հիմնարար իրավունքի ապահովումն առանց անմեղության կանխավարկածի պահպանման հնարավոր չէ: Նշված սկզբունքը ենթադրում է, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով նախատեսված կարգով: Անմեղության կանխավարկածի սկզբունքը կանխորոշում է քրեական գործի դատաքննության ողջ բովանդակությունը և էությունը` անկախ քրեական հետապնդման իրավական ելքից:

Անմեղության կանխավարկածի բովանդակությունն արտացոլված է միջազգային իրավունքում համընդհանուր ճանաչում ստացած «կասկածը մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի» (in dubio pro reo) կանոնի մեջ: Այս կանոնն իր ամրագրումն է ստացել ինչպես մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերում, այնպես էլ ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մեջ և հանդիսանում է մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքի գործնական երաշխիք քրեական դատավարության և մասնավորապես, դատական քննության ընթացքում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքով, անմեղության կանխավարկածը, inter alia պահանջում է, որ իրենց պարտականությունները կատարելիս դատարանի անդամները չունենան կանխակալ կարծիք առ այն, որ մեղադրյալը կատարել է մեղսագրվող արարքը, իսկ ապացուցման պարտականությունը պետք է կրի մեղադրանքի կողմը, և ցանկացած կասկած պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի: Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում է համարել այն իրավիճակը, երբ մեղադրյալը դեռևս օրենքին համապատասխան մեղավոր չի ճանաչվել, սակայն նրա վերաբերյալ ընդունված դատական որոշումից կարելի է կարծիք կազմել, որ նա մեղավոր է (տե՛ս Barbera, Messegue and Jabardo v. Spain, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 10590/83, կետեր 77, 91):

Ինչպես երևում է վերոգրյալից, անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջն առաջին հերթին վերաբերում է դատարանին՝ որպես գործն ըստ էության լուծող անկողմնակալ մարմնի: Ուստիև դատարանը, մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման պահը, իր գործողություններով, այդ թվում որոշումներով որևէ կերպ չպետք է սուբյեկտիվ դիրքորոշում հայտնի ամբաստանյալին ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածության կամ անհիմն լինելու մասին:

15. Սույն որոշման նախորդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ և 296-րդ հոդվածները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանը, պարզելով, որ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից, իրավասու չէ որոշում կայացնել գործը մեղադրողին վերադարձնելու մասին՝ առաջարկելով վերջինիս փոփոխել կամ լրացնել առաջադրված մեղադրանքը: Վճռաբեկ դատարանի կարծիքով, գործը դատական քննության նախապատրաստելիս առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու առաջարկով գործը մեղադրողին վերադարձնելը ոչ այլ ինչ է, քան մինչև գործի ըստ էության լուծումը տվյալ վարույթի հանգուցային հարցերի վերաբերյալ դատարանի սուբյեկտիվ դիրքորոշման արտահայտում: Ուստի, եթե առաջադրված մեղադրանքը փոփոխվի այս ինստիտուտի կիրարկմամբ և արարքին դատարանի նախաձեռնությամբ տրված նոր որակմամբ մեղադրական դատավճիռ կայացվի, ապա դատապարտյալն օբյեկտիվ հիմքեր կունենա պնդելու, որ գործը մեղադրողին վերադարձնելու պահից (նախքան դատավճռի կայացումը) դատարանն իր նկատմամբ որոշակի նախատրամադրվածություն է ունեցել:

Այս դեպքում ստացվում է այնպես, որ դատարանն առանց պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ապացույցների հետազոտման դրանց նախապես տալիս է հաստատված ապացույցի ուժ: Մինչդեռ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները դատարանի համար ունեն նախնական և օժանդակ նշանակություն, ուստի առանց պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտման` դրանց չի կարող հաստատված ապացույցի ուժ տրվել:

Հետևաբար մեղադրողին առաջարկելով փոփոխել կամ լրացնել առաջադրված մեղադրանքը` դատարանը դուրս է գալիս անկողմնակալության սկզբունքի շրջանակներից և ուղղորդում է մեղադրողին` իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ: Դատարանը խախտում է նաև կողմերի միջև հավասարության սկզբունքն ի շահ մեղադրող կողմի, արդյունքում տեղի է ունենում քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված մրցակցության սկզբունքի խախտում: Դատարանի կողմից նման որոշման կայացումն անհամատեղելի է նաև նշված իրավական ակտերով ամրագրված անմեղության կանխավարկածի հետ: Նման դատական ակտի կայացմամբ, ըստ էության, շրջանցվում է միջազգային իրավունքում համընդհանուր ճանաչում ստացած՝ «կասկածը մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի» (in dubio pro reo) կանոնը:

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վերոգրյալին համահունչ իրավական դիրքորոշում է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշման մեջ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ «եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչև 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը (…)»:

Այդ կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «(…) դատական իշխանության անկախությունը չի կարող դիտարկվել միայն զուտ իշխանությունների տարանջատման տեսանկյունից: Այդ անկախությունն առաջին հերթին միջոց ու հնարավորություն է մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորման համար, որը և հանդիսանում է դատական իշխանության հիմնական առաքելությունը: Այս տրամաբանությանն ամենևին համահունչ չէ օրենսդրական այն դրույթը, համաձայն որի՝ դատավորը մեղադրողի վերադասի կարծիքը լրացուցիչ ճշտելուց հետո միայն կարող է իրավունքի պաշտպանություն երաշխավորել (…)»:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանն ընդհանրապես, այդ թվում` դատական քննության նախապատրաստության փուլում, իրավասու չէ հանդես գալ առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու նախաձեռնությամբ: Նման նախաձեռնությունը կհանգեցնի մրցակցության և անմեղության կանխավարկածի սկզբունքերի խախտման, ինչն էլ իր հերթին կբերի արդար դատական քննության հիմնարար արժեքի առարկայազրկման:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ և 296-րդ հոդվածներով սահմանված դատական քննության նախապատրաստության փուլում գործը մեղադրողին վերադարձնելու իրավական ինստիտուտին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից նման որոշման կայացումն արդարացված կլինի միայն մեկ դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը կազմված է քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներով, օրինակ` դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, այն ստորագրված չէ քննիչի կողմից, չունի նկարագրական-պատճառաբանական մաս, օրենքով սահմանված անհրաժեշտ հավելվածներ և այլն:

 

II. Դատարանում մեղադրանքը փոփոխելու մեղադրողի իրավասության սահմանները

18. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալներ Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների սահմաններում կայացնելով մեղադրական դատավճիռ, թո՞ւյլ է տվել արդյոք քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում:

19. ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` «Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով`

 (…)

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը (…): Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է մեղադրող:

(…)

3. Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն՝

«1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091 -րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:

Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան:

3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:

(…)»:

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունը ճանաչողական գործունեություն է, որն ուղղված է նախկինում տեղի ունեցած դեպքի հանգամանքների հետազոտմանը և վերականգմանը, ինչը ենթադրում է, որ քրեական դատավարության՝ իրար հաջորդող յուրաքանչյուր փուլում ձեռք են բերվում լրացուցիչ տվյալներ, ինչը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել դեպքի վերաբերյալ: Այլ կերպ ասած` քրեական գործի հարուցումից մինչև քրեական գործի լուծումը գործի քննությունը գտնվում է զարգացման վիճակում, իսկ դատավարական ճանապարհով ձեռք բերված նոր տվյալներով պայմանավորված՝ կարող են փոփոխվել գործի հանգամանքները և մեղադրյալին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը:

Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091 -րդ հոդվածը նախատեսում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու կարգ նաև առաջին ատյանի դատարանում` մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը: Նշված հոդվածի հիման վրա մեղադրանքը փոփոխելու իրավական ընթացակարգերը Վճռաբեկ դատարանի կողմից մանրամասն վերլուծության են ենթարկվել Ս.Նալբանդյանի վերաբերյալ գործով կայացված որոշման մեջ (տե՛ս Սուրեն Կարոյի Նալբանդյանի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 19-25-րդ կետերը):

21. Միևնույն ժամանակ, ինչպես երևում է սույն որոշման 19-րդ կետում շարադրված իրավանորմերի վերլուծությունից, դատախազը պետության քրեական քաղաքականությունն իրականացնող և դրա համար պատասխանատու պաշտոնատար անձ է, որին վերապահված է դատարանում քրեական մեղադրանքը պաշտպանելու, ինչպես նաև այն փոփոխելու իրավասություն: Ընդ որում, դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավասությունը դատախազը կարող է իրագործել միայն առաջին ատյանի դատարանում` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ թեև մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները և կայացված որոշումները դատարանի համար ունեն նախնական և օժանդակ նշանակություն, այդուհանդերձ, մինչդատական վարույթի արդյունքները կանխորոշում են դատական քննության սահմանները, այսինքն` գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն նրան առաջադրված մեղադրանքի սահմաններում:

22. Ա. Սերոբյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը և թե՛ վճռաբեկ դատարանն ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը»: Մասնավորապես կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», և որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը» (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգտագործված «մեղադրանք» եզրույթը հասկացվի սոսկ «քրեաիրավական որակում» իմաստով, և այն իր մեջ չներառի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային, քանի որ առանց փաստական հիմքի` քրեաիրավական որակումից պաշտպանվելու իրավունքը առարկայազուրկ է:

Մինչդեռ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Իսկ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող վերացական լինել:

Այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս արտահայտել է համանման դիրքորոշում: Մասնավորապես, Արտիկոյի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական և պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ իրականացվող իրավունքներ: Դա հատկապես վերաբերում է պաշտպանության իրավունքին (Articօ v. Italy, 13.05.1980թ., կետ 33) (…)» (տե՛ս Արթուր Խաչատուրի Սերոբյանի վերաբերյալ 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշումը):

23. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրողը օբյեկտիվորեն կրում է դատարան ներկայացրած մեղադրանքի, այդ թվում` մեղսագրվող արարքին տրված քրեաիրավական որակման հիմնավորվածության ռիսկը և օրենսդրական կարգավորման մակարդակով ստանում է առաջին ատյանի դատարանում այն փոփոխելու իրավական հնարավորություն: Դատախազի կողմից վերոնշյալ հնարավորությունը չօգտագործելու դեպքում դատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթները և դուրս գալ ամբաստանյալին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից: Դատական քննության փուլում դատարանի խնդիրն է ստուգել ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը, և եթե ապացույցների հետազոտման արդյունքում մեղսագրվող արարքը կհաստատվի, դատարանը պարտավոր է կայացնել համապատասխան դատական ակտ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ` անկախ այն հանգամանքից, թե հաստատված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի արարքը պետք է լրացուցիչ որակվեր նաև այլ հոդվածներով, թե ոչ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավունքը չիրացնելով՝ մեղադրողը քրեական գործի հետագա քննությունների ընթացքում զրկվում է նման նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում նաև այն իրավիճակը, երբ վերադաս դատարանի կողմից կարող է բեկանվել գործով կայացված դատավճիռը և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան` նոր քննության, որպեսզի նոր քննության ընթացքում մեղադրողը հնարավորություն ստանա շտկելու նախորդ դատական քննության ընթացքում թույլ տրված բացթողումը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի գործադրմամբ փոփոխի առաջադրված մեղադրանքը: Նման մոտեցման դեպքում ուղղակիորեն կիմաստազրկվի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը:

24. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, հաստատված համարելով, որ ամբաստանյալները կատարել են սույն որոշման 5-րդ կետում շարադրված արարքները, Ս.Թումանյանին մեղադրանք է առաջադրել միայն խուլիգանության, իսկ Ա.Բաբայանին` խուլիգանության և սառը զենք կրելու համար պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Նույն փաստական հանգամանքների պայմաններում, միևնույն իրավաբանական որակմամբ կազմվել է նաև մեղադրական եզրակացություն, որը հաստատվել է դատախազի կողմից, և գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Առաջին ատյանի դատարանում մեղադրողն ամբաստանյալներ Ս.Թումանյանին և Ա.Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու միջնորդությամբ հանդես չի եկել, որպիսի պայմաններում դատարանը, ապացույցների հետազոտման արդյունքում հաստատված համարելով մեղսագրվող արարքները, մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանց տրված քրեաիրավական որակման սահմաններում կայացրել է մեղադրական դատավճիռ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

25. Սույն որոշման 20-23-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 24-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալներ Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների սահմաններում կայացնելով մեղադրական դատավճիռ, թույլ չի տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, որի պայմաններում նշված դատական ակտը բեկանելու օրենսդրական հիմքեր Վերաքննիչ դատարանը չի ունեցել:

26. Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արմեն Ջիվանի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով և ամբաստանյալ Սուրեն Ռազմիկի Թումանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

 

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան