Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.24/35(909).1 Հոդ.880.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՎԲ-16/11

Գործ թիվ Ա-62ա/2006

Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Հ. Ղուկասյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Ն. Ռշտունու

 

2011 թվականի դեկտեմբերի 22-ին

Երևան քաղաքում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշման դեմ դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունու վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Արսեն Արայի Արծրունին մեղավոր է ճանաչվել 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ, 17-100-րդ հոդվածներով, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով և դատապարտվել` 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման, նույն օրենսգրքի 17-100-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման, նույն օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով` մահապատժի:

1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի հիման վրա` նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժի մեջ կլանելու սկզբունքով Ա.Արծրունու նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել բացառիկ պատժամիջոց` մահապատիժ:

2. 2006 թվականի հուլիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` վերոհիշյալ դատավճիռը վերանայելու և այն 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու խնդրանքով:

Առաջին ատյանի դատարանը 2006 թվականի օգոստոսի 8-ին որոշել է. «Արսեն Արայի Արծրունու կողմից կատարած հանցավոր արարքները համապատասխանեցնել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասին, 38-104 հոդվածի 1-ին մասին, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15 կետերին» (տե՛ս Առաջին ատյանի դատարանում կազմված նյութեր, էջ 4):

3. 2011 թվականի օգոստոսի 22-ին դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպան Ն.Ռշտունին վերաքննության կարգով բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը` խնդրելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերը փոխարինել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, քանի որ գործը քննած դատավորի անփութության պատճառով հիշյալ որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ, և արդյունքում խախտվել են դատապարտյալ Ա.Արծրունու հիմնարար իրավունքները:

Վերաքննիչ դատարանը 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպան Ն.Ռշտունու վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպան Ն.Ռշտունին բերել է վճռաբեկ բողոք:

Փաստաբան Ն.Ռշտունու վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

5. Վերաքննիչ դատարանը 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ. «(...) վիճարկվող դատական ակտը չի կարող դիտվել վերջնական, ուստի բողոքի ընթացքը պետք է լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի սահմանած սկզբունքներով»:

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ և 381-րդ հոդվածի 2-րդ մասերը` Վերաքննիչ դատարանը որոշել է «Դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունու վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով» (տե՛ս Վերաքննիչ դատարանում կազմված նյութեր, էջ 1-2):

6. Վերաքննիչ դատարանից ստացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դրանում բացակայում է Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը: Նյութերում չկա նաև հիշյալ որոշումը և դրա վերաբերյալ նյութերը Առաջին ատյանի դատարանից պահանջելու վերաբերյալ որևէ ապացույց:

7. Փաստաբան Ն.Ռշտունին Վճռաբեկ դատարանի դատական նիստում հայտարարեց, որ դատապարտյալ Ա.Արծրունու կատարած արարքի քրեաիրավական որակումը ՀՀ քրեական օրենսգրքում 2011 թվականի մայիսի 23-ին կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցը դեռևս լուծված չէ, իսկ համապատասխանեցման վերաբերյալ դիմումը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (տե՛ս Վճռաբեկ դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է, որ իր բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա է այն բացառիկ դեպքը, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի պատճառով դատապարտյալ Ա.Արծրունին 2011 թվականի մայիսի 23-ից պատիժ է կրում այն հանցագործության համար, որի համար նա չի դատապարտվել ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով:

Ըստ բողոք բերած անձի, դատապարտյալ Ա.Արծրունուն քրեակատարողական հիմնարկում պահելու հիմք է հանդիսանում ոչ թե նրա նկատմամբ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը, այլ այդ դատավճիռը վերանայելու մասին Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի սխալ որոշումը: Վերաքննիչ դատարանը, սակայն, Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը չի դիտել գործն ըստ էության լուծող դատական ակտ, այն թողել է առանց քննության՝ չվերացնելով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը և թույլ տալով ՀՀ Սահմանադրության 16-րդ և 22-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներով, ինչպես նաև հիշյալ կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով ամրագրված հիմնարար իրավունքների խախտումներ:

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները՝ բողոքի հեղինակը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված ու պատճառաբանվա՞ծ է արդյոք սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից 2006 թվականի օգոստոսի 8-ին կայացված որոշման դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 101 -րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտեր են հանդիսանում առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը, այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը:

Համաձայն «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 29-ի ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի` եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրեսգիրքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում` պատիժ կրող ... անձանց վիճակը, դատարանների դատավճիռները և քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման` ... : Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձի վիճակը բարելավելը, սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերում իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով նախատեսված կարգով:

Այսպիսով, վերոնշյալ նորմերի տառացի մեկնաբանությունից հետևում է, անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելը, նրան պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը և վիճակն այլ կերպ բարելավելն իրականացվում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան նորմերի համաձայն և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանք կատարած անձի վիճակը նոր քրեական օրենքի ուժով բարելավելու հիմքով դատավճիռը վերանայելու, մասնավորապես` անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելու հարցը լուծելով` դատարանը կայացնում է որոշում, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող հարցեր (օրինակ` արարքի քրեաիրավական որակում, պատժատեսակի և պատժաչափի որոշում): Հետևաբար, այդ որոշումը ևս հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ և այն ենթակա է բողոքարկման նույն ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Արծրունին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ, 17-100-րդ հոդվածներով, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Նշված դատավճիռը 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2006 թվականի հուլիսի 31-ին դիմել է Առաջին ատյանի դատարան: Առաջին ատյանի դատարանը 2006 թվականի օգոստոսի 8-ին կայացված որոշմամբ Ա.Արծրունու արարքները համապատասխանեցրել է 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերին (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի որոշման ուսումնասիրությունից երևում է, որ դրանում Ա.Արծրունուն մեղսագրված արարքները տարբերվում են ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով Ա.Արծրունուն մեղսագրված արարքներից: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ վկայակոչված է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը («Երկու կամ ավելի անձանց սպանություն»), որը ՀՀ Գերագույն դատարանի դատավճռի մեջ առկա չի եղել:

Նշված հանգամանքը հիմք ընդունելով՝ Ա.Արծրունու պաշտպանը վերաքննության կարգով բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը և խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերը փոխարինել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, քանի որ գործը քննած դատավորի անփութության պատճառով հիշյալ որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ, և արդյունքում խախտվել են դատապարտյալ Ա.Արծրունու հիմնարար իրավունքները (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ այն ենթակա չէ լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761 -րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա, քանի որ վիճարկվող որոշումը վերջնական դատական ակտ չի հանդիսանում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

13. Սույն որոշման 10-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 11-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումն անհրաժեշտ էր դիտել որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ և դրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761 -րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից 2006 թվականի օգոստոսի 8-ին կայացված որոշման դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված ու պատճառաբանված չէ:

14. Բացի այդ, սույն գործի նյութերից երևում է, որ Վերաքննիչ դատարանը փաստաբան Ն.Ռշտունու վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացրել է Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշման և դրան առնչվող նյութերի բացակայության պայմաններում: Վերաքննիչ դատարանից ստացված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանում բացակայում է Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը: Բացակայում է նաև հիշյալ որոշումը և դրա վերաբերյալ նյութերն Առաջին ատյանի դատարանից պահանջելու վերաբերյալ որևէ ապացույց (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

 15. Հիմք ընդունելով սույն որոշման 10-14-րդ կետերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի, իսկ Վերաքննիչ դատարանը` դատավարական իրավունքի խախտում, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բեկանելու համար:

16. Նկատի ունենալով, որ դատապարտյալ Ա.Արծրունու կատարած արարքի քրեաիրավական որակումը ՀՀ քրեական օրենսգրքում 2011 թվականի մայիսի 23-ին կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու հարցը դեռևս լուծված չէ, իսկ համապատասխանեցման վերաբերյալ դիմումը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավական պահանջից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով գործի արդյունավետ քննությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ պետք է բեկանել թե՛ Վերաքննիչ դատարանի և թե՛ Առաջին ատյանի դատարանի դատական ակտերը և գործն ուղարկել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` այլ կազմով նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

Հ. Ղուկասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան