Գլխավոր տեղեկություն
Համար
N 784-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 784-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 6200 մետր երկարությամբ և 52220.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով Արևշատի առաջին աստիճանի պոմպակայանի մղման (d=1420 մմ տրամագծով) խողովակաշարով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

 2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի մայիսի 19-ին 574616 հազ. դրամ գնահատված արժեքով գույքն օտարել մրցույթով:

6. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 430962 հազ. դրամ:

7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.

2) օտարվող գույքն օգտագործելը՝ ներկայացված գործարար ծրագրին համապատասխան:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սահմանված կարգով վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 180000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր:

9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10. Սահմանել, որ`

1) գույքի արժեքը պետք է վճարվի «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան հաշվի համարին` ընկերության կրեդիտորական պարտավորությունները մարելու համար.

2) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում է ևս մեկ մրցույթ` մրցույթի հաղթողին որոշելու նույն պայմաններով, իսկ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցվում է առաջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

11. Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 2

Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան