Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.04.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0498/02/09

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0498/02/09

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Տ. Նազարյան

Դատավորներ՝  Կ. Հակոբյան

                           Տ. Սահակյան                          

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Զաքարյանի, Գեննադի Դանիելյանի և Սուսաննա Դանիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նարինե Զաքարյանի և Էլեն Դանիելյանի օրինական ներկայացուցիչ Գեննադի Դանիելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Սուսաննա Դանիելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արարատ Հակոբյանի ընդդեմ «Մրքաձոր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Արշակ Աղաբեկյանի` 1.998.780 ՀՀ դրամ առողջությանը և գույքին պատճառված վնասների բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նարինե Զաքարյանը և Գեննադի Դանիելյանը պահանջել են Ընկերությունից և Արշակ Աղաբեկյանից բռնագանձել 1.998.780 ՀՀ դրամ` 1.364.680 ՀՀ դրամ` որպես առողջությանը, 600.000 ՀՀ դրամ` որպես գույքին պատճառված վնասներ, և 34.100 ՀՀ դրամ` որպես փորձաքննության ծախսեր:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից և Արշակ Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ Նարինե Զաքարյանի վճռվել է բռնագանձել 889.980 ՀՀ դրամ` որպես նրա և նրա անչափահաս երեխայի` Էլեն Դանիելյանի առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում, և հօգուտ Գեննադի Դանիելյանի` 634.100 ՀՀ դրամ, որից 600.000 ՀՀ դրամը` որպես գույքին պատճառված վնաս, իսկ 34.100 դրամը` որպես փորձաքննության իրականացման ծախս, մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2010 թվականի որոշմամբ Ընկերության և Նարինե Զաքարյանի ու Գեննադի Դանիելյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` բեկանվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.01.2011 թվականի որոշմամբ Նարինե Զաքարյանի ու Գեննադի Դանիելյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 29.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից Նարինե Զաքարյանի և Էլեն Դանիելյանի օգտին որոշվել է բռնագանձել 723.000 ՀՀ դրամ` որպես առողջությանը պատճառված վնասի գումար, Ընկերությունից Սուսաննա Դանիելյանի օգտին որոշվել է բռնագանձել 634.100 ՀՀ դրամ, որից 600.000 ՀՀ դրամը` որպես գույքին պատճառված վնասի գումար, և 34.100 ՀՀ դրամը`որպես փորձաքննության ծախս: Հայցը մնացած` 641.680 ՀՀ դրամի բռնագանձման մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.12.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 29.06.2011 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Նարինե Զաքարյանը, Գեննադի Դանիելյանը և Սուսաննա Դանիելյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել համակցության մեջ և անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի 29.06.2011 թվականի վճռով բազմակողմանի, օբյեկտիվ և հիմնավոր վերլուծության են ենթարկվել գործի բոլոր փաստերն ու հանգամանքները` նախաքննության մարմնի կողմից նախապատրաստված նյութերը, գործում առկա բոլոր փաստաթղթերը, կողմերի ու մասնակիցների փաստարկներն ու առարկությունները: Դատարանը հիմնավորել է նաև, թե ինչու է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածը:

 Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը, համադրելով վարորդ Արշակ Աղաբեկյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի բոլոր դրույթներն ու լիազորագիրը գործով ձեռք բերված ապացույցների հետ, հանգել է ճիշտ եզրակացության, որ ավտոմեքենան անօրինական կարգով դուրս չի եկել դրա սեփականատիրոջ տիրապետությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.06.2011 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ Արշակ Աղաբեկյանը իր վարած «Սամանդ» մակնիշի Տ0805 պետհամարանիշի ավտոմեքենայով 06.05.2009 թվականին` ժամը 12-ի սահմաններում, Երևան ընթանալիս Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 82-րդ կմ հատվածում բախվել է հանդիպակաց ընթացող Գեննադի Դանիելյանի վարած «ՎԱԶ 21033» մակնիշի 11 ԼՍ 262 պետհամարանիշի ավտոմեքենային, որի հետևանքով երկու մեքենաների ուղևորները ստացել են տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ ( հատոր 1, գ. թ. 5),

2. Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արշակ Աղաբեկյանը խախտել է ՃԵԿ-ի 65-66 կանոնները, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի արդյունքում Նարինե Զաքարյանի առողջությանը պատճառել է ծանր, Էլեն Դանիելյանի առողջությանը` միջին ծանրության վնաս, իսկ Գեննադի Դանիելյանի առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Արշակ Աղաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն: Սակայն ՀՀ Ազգային ժողովի կողմից համաներում հայտարարելու մասին 19.06.2009 թվականի որոշման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և Արշակ Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել (հատոր 1, գ. թ. 5-7),

3. 1981 թվականի արտադրության մարդատար «ՎԱԶ 21033» ավտոմեքենայի սեփականատեր է հանդիսանում Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցի 15/12 հասցեի բնակիչ Սուսաննա Դանիելյանը (հատոր 1, գ.թ 10, 11), ով գույքին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել Ընկերության դեմ (հատոր 5, գ. թ. 23),

4. 2007 թվականի արտադրության մարդատար «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերն է հանդիսանում Գորիսի Մաշտոցի փողոցի 28 հասցեի բնակիչ Արարատ Հակոբյանը (հատոր 1 գ. թ. 5), որը ներգրավվել է գործին որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող 3-րդ անձ (հատոր 5, գ.թ. 28),

5. Տրանսպորտային միջոցի վարձակալության մասին 01.06.2007 թվականի պայմանագրի համաձայն` Ընկերությունը` ի դեմս տնօրեն Կորյուն Հակոբյանի, վարձատու Արարատ Հակոբյանից վարձակալել է սեփականության իրավունքով նրան պատկանող «Սամանդ» մակնիշի 2007 թվականի արտադրության, սեդան տիպի ավտոմեքենան`դրա կառավարման և տեխնիկական շահագործման ծառայությունների մատուցման թույլտվությամբ` ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով (հատոր 1, գ. թ. 53-54),

6. Ընկերության և Արշակ Աղաբեկյանի միջև 01.10.2008 թվականին կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի` վերջինս ՀՀ տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով նշանակվել է աշխատանքի վարորդի պաշտոնում (հատոր 1, գ. թ. 57-58),

7. 27.10.2008 թվականին Ընկերության և Արշակ Աղաբեկյանի միջև կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին 57/2/1 պայմանագիրը, համաձայն որի` Ընկերությունն աշխատողի պատասխանատվությանն է հանձնել «Ռենո» մակնիշի Տ0819 պետհամարանիշի ավտոմեքենան (հատոր 1, գ. թ. 56),

8. 27.10.2008 թվականին կատարվել է «Ռենո» մակնիշի Տ0819 պետհամարանիշի ավտոմեքենայի հանձնում-ընդունում, և կազմվել է մեքենայի հանձնման-ընդունման 57/2/2 ակտը (հատոր 1, գ. թ. 55):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են նաև այլ անձին վնաս պատճառելու հետևանքով, իսկ նույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` նույն օրենսգրքի 1076 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես` Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009թ.-ի որոշումը):

Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

Սակայն քաղաքացիական օրենսդրությունն այս ընդհանուր կանոնից սահմանել է մի շարք բացառություններ, երբ անձը պարտավոր է հատուցել պատճառված վնասը նաև վնաս պատճառելու մեջ իր մեղքի բացակայության դեպքերում: Այդ բացառություններից մեկն էլ առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի հատուցումն է:

Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ բացակայում են վնասը հատուցելու պարտականությունից ազատելու օրենքով մատնանշված հիմքերը, հետևաբար, Նարինե Զաքարյանին, Էլեն և Սուսաննա Դանիելյաններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` դատաքննությամբ հիմնավորված չափի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասում չի անդրադարձել Ընկերության կողմից ներկայացված լիազորագրին, Ընկերության և Արշակ Աղաբեկյանի միջև կնքված աշխատանքային, լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագրերին և դրանց գնահատմանը, մինչդեռ նշված ապացույցների՝ մյուս ապացույցների հետ համակցության մեջ գնահատելու արդյունքում հնարավոր կլինի պարզել, արդյոք սույն գործով կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ և 1072-րդ հոդվածների պահանջները, թե` ոչ։

Սույն գործի փաստերի համաձայն` «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերն է Արարատ Հակոբյանը (հատոր 1 գ.թ 5), որը, սակայն, 01.06.2007 թվականի տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագրով այն հանձնել է Ընկերության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը` դրա կառավարման և տեխնիկական շահագործման ծառայությունների մատուցման թույլտվությամբ: Պայմանագրի 4.14 կետի «ե» ենթակետի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 651-րդ հոդվածի համաձայն` վարձակալված տրանսպորտային միջոցով, նրա մեխանիզմներով և սարքերով երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է վարձակալը, այսինքն` Ընկերությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության համաձայն` վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա: Ընկերությունը 01.06.2007 թվականի պայմանագրի ուժով հանդիսանում է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի օրինական տիրապետողը:

Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը: Տվյալ դեպքում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արշակ Աղաբեկյանը հանդիսանում է առավել վտանգի աղբյուրը կառավարող անձը, բայց ոչ օրինական (տիտղոսային) տիրապետող, նա աշխատանքային իրավահարաբերությունների մեջ է գտնվել Ընկերության հետ (հատոր 1, գ. թ. 57-58), որը, հատուցելով տուժողների կրած վնասները, կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի ուժով հետադարձ պահանջ ներկայացնել Արշակ Աղաբեկյանի դեմ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածն առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջն ազատում է վնասը հատուցելու պարտավորությունից հետևյալ դեպքերում.

 անհաղթահարելի ուժի,

 տուժողի դիտավորության և

 առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից աղբյուրն այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով դուրս գալու դեպքերում:

Տվյալ գործի փաստերից հետևում է, որ պատասխանատվությունից ազատելու վերը նշված երեք հիմքերն էլ առկա չեն, քանի որ ըստ Արարատի քննչական բաժանմունքի նախապատրաստած նյութերի` «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արշակ Աղաբեկյանը, խախտելով ՃԵԿ-ի 65-66 կանոնները, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Ինչ վերաբերում է Ընկերության այն դիրքորոշմանը, որ Արշակ Աղաբեկյանը 06.05.2009 թվականին «Սամանդ» մակնիշի մեքենային ապօրինաբար է տիրացել, ապա գործի նյութերով նշված հանգամանքը չի ապացուցվել:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը` որպես «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի օրինական տիրապետող, պարտավոր է հատուցել առավել վտանգի աղբյուր հանդիսացող մեքենայով Նարինե Զաքարյանի, Էլեն և Սուսաննա Դանիելյանների առողջությանը և գույքին պատճառված վնասը, որի արդյունքում նա ռեգրեսի իրավունք է ձեռք բերում Արշակ Աղաբեկյանի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հիմնավոր չեն Վերաքննիչ դատարանի պատճառաբնություններն այն մասին, որ Դատարանը իրականացրել է թերի քննություն և չի անդրադարձել Ընկերության կողմից ներկայացված լիազորագրին, Ընկերության և Արշակ Աղաբեկյանի միջև կնքված աշխատանքային, լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագրերին, քանի որ տվյալ դեպքում անհրաժեշտ էր բացահայտել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի համար պատասխանատվություն կրող սուբյեկտին, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի և 01.06.2007 թվականի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ուժով հանդիսանում է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի օրինական տիրապետող Ընկերությունը, այլ ոչ թե տրանսպորտային միջոցը ժամանակավորապես կառավարող վարորդ Արշակ Աղաբեկյանը:

Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 14.12.2011 թվականի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.06.2011 թվականի վճռին:

2. «Մրքաձոր» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 39.690 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, 39.690 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

  Տ. Պետրոսյան
 

Ե. Սողոմոնյան