Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.35
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0113/06/11

Գործ թիվ ԼԴ/0113/06/11

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2012 թվականի հունիսի 8-ին

ք. Երևանում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ մեղադրյալ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 19113111 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2011 թվականի օգոստոսի 11-ին մեղադրյալ Գ.Գրիգորյանը հայտնաբերվել է:

3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2011 թվականի օգոստոսի 13-ին կրկին քննության առնելով մեղադրյալ Գ.Գրիգորյանի կալանավորման հարցը, բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը և անփոփոխ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ մեղադրյալի պաշտպան Հ.Հովսեփյանի միջնորդությունը:

4. Մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 13-ի որոշումը:

5. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով:

6. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը կրկին երկարացվել է երկու ամիս ժամկետով:

7. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանը, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

8. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի Ձև 47 կտրոնի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2011 թվականի դեկտեմբերի 12-ին:

10. Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Դատական վարույթի նյութերի, վերաքննիչ բողոքի և բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումը կայացրել է 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, վերաքննիչ բողոքը` ծրարի վրա արված դրոշմակնիքի համաձայն` փոստին հանձնվել է 2011 թվականի դեկտեմբերի 13-ին և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մուտք է եղել` 2011 թվականի դեկտեմբերի 15-ին: (…)

(…) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` հրապարակված լինելով 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, կարող էր բողոքարկվել 2011 թվականի դեկտեմեբրի 07-ի գիշերվա զրո ժամից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 11-ի գիշերվա ժամը քսանչորսը: Քանի որ 2011 թվականի դեկտեմբերի 11-ը կիրակի էր` ոչ աշխատանքային օր, ժամկետի վերջին օրը պետք է հաշվել դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 2011 թվականի դեկտեմբերի 12-ը: (…)

Վերաքննիչ բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2011 թվականի դեկտեմբերի 13-ին, այսինքն պաշտպան Հովսեփ Հովսեփյանի կողմից վերաքննիչ բողոքը բերվել է քրեադատավարական օրենքով նախատեսված վերաքննիչ բողոքարկման ժամկետների խախտմամբ: (…) Նման պայմաններում գտնում եմ, որ պաշտպան Հովսեփ Հովսեփյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ» (տե՛ս նյութեր, էջեր 136-137):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է 2011 թվականի դեկտեմբերի 12-ին` և այն «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2008 ստորաբաժանմանն է հանձնվել նույն օրը, այլ ոչ թե 2011 թվականի դեկտեմբերի 13-ին:

Վերոշարադրյալից բողոքաբերը հանգել է այն եզրահանգման, որ խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, սահմանափակվել են անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

12. Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավորվա՞ծ է արդյոք մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

14. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանաչյուր ոք իրավունք ունի ազատությունից զրկման (…) օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է]`առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հինգօրյա ժամկետում, (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն`

«1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…)

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (…): Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, (…):

(…)»:

Վերը նշված նորմերի վերլուծությունից երևում է, որ քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովվում է նաև քրեադատավարական ժամկետների միջոցով, ինչը դատավարության մասնակիցներին հնարավորություն է ընձեռում որոշակի ժամանակահատվածում կատարել քրեադատավարական գործողություններ կամ ձեռնպահ մնալ այդ գործողությունների կատարումից:

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցակցային դատավարությունում, որտեղ գործում է կողմերի «արագ դատարանի» իրավունքը, դատավարական ժամկետները երաշխավորում և կարգավորում են վարույթի մասնակիցների իրավունքների իրացումը: Դրանով պայմանավորված՝ դատավարական ժամկետների պահպանումն ապահովում է ոչ միայն քրեական դատավարության խնդիրների իրականացումը, այլև ինքնին դատավարության ընթացակարգի արդարությունը:

 16. Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը կրկին երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի կողմից որոշում է կայացվել 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, որի վերաքննության կարգով բողոքարկման ժամկետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա, կազմել է հրապարակվելու պահից հինգ օրը (տե՛ս սույն որոշման 6-րդ և 14-րդ կետերը):

Վճռաբեկ բողոքին կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպան Հ.Հովսեփյանի կողմից վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2011 թվականի դեկտեմբերի 12-ին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշմամբ պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում առկա իրավական նորմերի և վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատայանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հնգօրյա ժամկետի պահպանմամբ:

Հետևաբար, հիմնավորված չէ մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, սահմանափակվել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, 406-րդ հոդվածի և 419-րդ հոդվածների հիման վրա, հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան