Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.05.2012-12.09.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.394
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 304-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` անհատույց օգտագործման տրամադրման մասին պայմանագրի գործող օրինակելի ձևում կատարել սույն որոշմամբ հաստատված կարգից բխող փոփոխություններ:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանել լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները:

(3-րդ կետը փոփ. 29.03.12 N 368-Ն)

4. Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման դեպքերի)` օգտագործողի հետ կնքելով նաև սպասարկման պայմանագիր:

(4-րդ կետը լրաց. 10.05.12 N 588-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 1
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 17-ի N 304-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (այսուհետ` անշարժ գույք) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը: Սույն կարգի իմաստով անշարժ գույք է համարվում պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունները, տարածքները, հանրակացարանային և այլ բնակելի տարածքները:

2. Անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որով կարող են սահմանվել նաև անհատույց օգտագործման տրամադրման այլ պայմաններ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`

1) համայնքներին.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.

3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին.

4) միջազգային կազմակերպություններին.

5) ֆիզիկական անձանց.

6) անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ կազմակերպությունների:

4. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, պետական կառավարչական հիմնարկներին` «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված մարմիններին ու կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրվում է որևէ ոլորտի կամ տարածաշրջանի զարգացմանն ուղղված` պետությանն օժանդակող ծրագրի առկայության դեպքում` ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամկետով:

6. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է 5 տարի ժամկետով, եթե դրանց գործունեության հիմնական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից այդ կազմակերպությունների գործունեության համար սահմանված չափորոշիչներին:

7. Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում միայն ֆիզիկական անձանց, եթե նրանք և նրանց հետ համատեղ բնակվող անձինք համարվում են սոցիալապես անապահով և չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող` բնակության համար պիտանի տարածք:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը հանրակացարանային բնակելի ազատ տարածքների մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում առաջարկություն համապատասխան տարածքը սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանող անձին անհատույց օգտագործման տրամադրելու վերաբերյալ:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

10. Անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` որոշմամբ սահմանված ժամկետով և պայմաններով համապատասխան իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ կնքում է անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`

1) անհատույց օգտագործման տրամադրված տարածքում օգտագործողի կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման.

 2) օգտագործողը կատարված անբաժանելի բարելավումների արժեքը հավաստող համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնի տվյալ անշարժ գույքի հաշվապահական հաշվառումն իրականացնող պետական կառավարման մարմին.

 3) անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի.

4) պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են համապատասխան իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջոցների հաշվին:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու դեպքում անշարժ գույքի օգտագործման պայմանների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` համապատասխան իրավաբանական ու ֆիզիկական անձանց և վարչության միջև կնքվող պայմանագրի դրույթների համաձայն:

12. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի մինչև մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին կազմակերպության գործունեության ցուցանիշների համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը: Անհամապատասխանության դեպքում` կազմակերպության անհատույց օգտագործման մասին պայմանագիրը ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան