Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.03.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.669
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0220/02/11

2012թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0220/02/11

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

                   Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տանյա Առաքելյանի և Ռոմ Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հերիքնազ Գևորգյանի ընդդեմ Ռոմ Ավագյանի, Տանյա Առաքելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հերիքնազ Գևորգյանը պահանջել է բռնագանձել Տանյա Առաքելյանից և Ռոմ Ավագյանից 6.525 ԱՄՆ դոլար:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 27.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ Դատարանի 27.06.2011 թվականի վճռի դեմ Տանյա Առաքելյանի և Ռոմ Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տանյա Առաքելյանը և Ռոմ Ավագյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հերիքնազ Գևորգյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ հոդվածները, ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.06.2010 թվականի թիվ ԵՇԴ/0052/01/10 որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է տուժողի և ամբաստանյալի հաշտվելու հիմքով: Այսինքն՝ տվյալ դեպքում առկա չէ հանցագործություն՝ վաշխառություն, կատարելու մեջ Տանյա Առաքելյանի մեղքը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որից հետևում է, որ Տանյա Առաքելյանն անմեղ է: Իսկ ինչ վերաբերում է մեղադրական եզրակացությանը, ապա այն չի կարող հանցագործություն կատարելու մեջ անձի մեղքը հաստատող ապացույց համարվել, քանի որ դրանով արձանագրված փաստերի հիմքով Տանյա Առաքելյանին առաջադրված մեղադրանքը պետք է հաստատվեր դատավճռով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Տանյա Առաքելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հիմնվելով մեղադրական եզրակացության վրա, ապացուցված է համարել, որ Տանյա Առաքելյանը, Հերիքնազ Գևորգյանից ամեն ամիս ստանալով հավելյալ հինգ տոկոս գումար, հանցագործությամբ պատճառել է վնաս:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ եթե անձը կատարել է հանցագործություն և հանցագործությամբ պատճառել է վնաս, ապա հանցագործություն կատարած անձն է պատասխանատու: Մինչդեռ, տվյալ դեպքում հաստատված համարելով, որ Տանյա Առաքելյանն է հանցագործություն կատարել և հանցագործությամբ պատճառել վնաս, պատասխանատվության է ենթարկել նաև Տանյա Առաքելյանի նախկին ամուսնուն՝ Ռոմ Ավագյանին: Այսինքն՝ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Տանյա Առաքելյանը կատարել է հանցագործություն, ապա այդ արարքի համար այլ անձինք որևէ պատասխանատվություն չեն կարող կրել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ եթե տեսականորեն ընդունենք, որ Հերիքնազ Գևորգյանը Տանյա Առաքելյանին 2005 թվականից մինչև 2008 թվականի փետրվար ամիսը յուրաքանչյուր ամիս տվել է հինգ տոկոս հավելյալ գումար, ապա Հերիքնազ Գևորգյանն իր իրավունքի խախտման մասին իմացել է հենց այդ գումարները տալու պահին: Մինչդեռ, իրավունքի պաշտպանության համար դատարան է դիմել միայն 2011 թվականի մարտ ամսին: Հետևաբար, Հերիքնազ Գևորգյանը բաց է թողել դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տանյա Առաքելյանն ու Ռոմ Ավագյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով փոխառությամբ տվել են 7.000 ԱՄՆ դոլար, որի դիմաց 2005 թվականից մինչև 2009 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ստացել են 10.525 ԱՄՆ դոլար, որից 4.000 ԱՄՆ դոլարը՝ հիմնական պարտքի գումար, իսկ 6.525 ԱՄՆ դոլարը՝ տոկոսներ: Այսինքն՝ Տանյա Առաքելյանն ու Ռոմ Ավագյանն առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ձեռք են բերել 3.525 ԱՄՆ դոլար, որը ենթակա է վերադարձման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2010 թվականի՝ 23.06.2010 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով Ռոմ Ավագյանի և Տանյա Առաքելյանի հայցն ընդդեմ Հերիքնազ Գևորգյանի՝ 11.000 ԱՄՆ դոլար փոխառության գումարը բռնագանձելու պահանջի վերաբերյալ բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է բռնագանձել Հերիքնազ Գևորգյանից 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշված վճռով հաստատված են համարվել հետևյալ փաստերը.

ա/ Ռոմ Ավագյանը և Տանյա Առաքելյանն ամուսիններ են։ Նրանք, չնայած ՔԿԱԳ գրանցմամբ ամուսնալուծված են, սակայն ընդհանուր տնտեսություն են վարում.

բ/ Իրականում գումարը փոխառությամբ տրվել է ամսական 5 տոկոս հավելավճարով վերադարձնելու պայմանով, սակայն այդ մասին գրավոր կարգով չի հիշատակվել.

գ/ Հերիքնազ Գևորգյանը 2005-2007 թվականների ընթացքում Տանյա Առաքելյանից մաս-մաս վերցրած և վերջինիս ամուսնուն` Ռոմ Ավագյանին տրված գումարը վերադարձնելու պարտավորագրում հիշատակված գումարից վերադարձրել է 4.000 ԱՄՆ դոլար և փաստացի պարտքը կազմում է 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12-17)։

2. 24.05.2010 թվականի մեղադրական եզրակացության համաձայն՝ Տանյա Առաքելյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն եզրակացության համաձայն՝ առաջադրված մեղադրանքում Տանյա Առաքելյանն իրեն մեղավոր չի ճանաչել (հատոր 1-ին, գ.թ. 5-9)։

3. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.06.2010 թվականի թիվ ԵՇԴ/0052/01/10 որոշմամբ Տանյա Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը Տանյա Առաքելյանի և Հերիքնազ Գևորգյանի հաշտվելու հիմքով կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 10-11)։

4. Երևանի Շահումյան շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի 02.03.1985 թվականի թիվ I-СЛ 319503 ամուսնալուծության վկայականի համաձայն՝ Ռոմ Ավագյանի և Տանյա Առաքելյանի ամուսնալուծությունը գրանցվել է 02.03.1985 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 9)։

5. Փոխառության գումարը 5 տոկոս տոկոսադրույքով տրված լինելու, ինչպես նաև Հերիքնազ Գևորգյանի կողմից Տանյա Առաքելյանին հավելյալ գումարներ վճարված լինելու փաստերը հաստատող գրավոր ապացույցներ գործում առկա չեն:

6. Առկա չէ վաշխառության կատարման մեջ Տանյա Առաքելյանի մեղավորությունն ապացուցող դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ իրավական հարցը՝ արդյո՞ք սույն գործով վկայակոչված և նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով ունեն նախադատելի նշանակություն քննվող գործի համար:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերը նշված իրավական խնդրին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոհիշյալ իրավական հարցադրմանը պետք է պատասխանել նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն praejսdicialis-ից) դատավարական ինստիտուտի, դատական ակտերի պրեյուդիցիալ կապի և նման կապի օբյեկտիվ սահմանների վերլուծության լույսի ներքո։

Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված փաստերին։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները, փաստերը հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը, փաստերը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա։ Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Նշված նորմը պարունակում է վերը բարձրացված իրավական խնդրի լուծման տեսանկյունից կարևոր երկու դատավարական կանոն, այն է`

1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).

2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ)։ Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդված)։

Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի վերը հիշատակված երկու դատավարական կանոնների պահպանումը։

Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորություն է տվել ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցին, քանզի դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տես՝ «Սաթնէ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների՝ հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշումը)։

Առաջնորդվելով հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններին` վերը նշված կանոնով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ սույն գործով ապացուցման առարկան են կազմել հետևյալ փաստերը. Հերիքնազ Գևորգյանի կողմից Ռոմ Ավագյանից և Տանյա Առաքելյանից 7.000 ԱՄՆ դոլար գումարն ամսական 5 տոկոս տոկոսադրույքով վերցնելու փաստը, Հերիքնազ Գևորգյանի կողմից վերջիններիս 10.525 ԱՄՆ դոլար վերադարձնելու փաստը:

Սույն գործում առկա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2010 թվականի՝ 23.06.2010 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ Ռոմ Ավագյանի և Տանյա Առաքելյանի հայցի առարկան Հերիքնազ Գևորգյանից 11.000 ԱՄՆ դոլար փոխառության գումարը բռնագանձելու պահանջն էր, որը բավարարվել է մասնակիորեն, այն է՝ վճռվել է բռնագանձել Հերիքնազ Գևորգյանից 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշված վճռով արձանագրվել է, որ «Ռոմ Ավագյանը և Տանյա Առաքելյանն ամուսիններ են, չնայած ՔԿԱԳ գրանցմամբ ամուսնալուծված և, որ գումարը փոխառությամբ տրվել է ամսական 5 տոկոս հավելավճարով վերադարձնելու պայմանով, սակայն այդ մասին գրավոր կարգով չի հիշատակվել»:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2010 թվականի՝ 23.06.2010 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքները, որ Ռոմ Ավագյանը և Տանյա Առաքելյանն ամուսիններ են, և գումարը փոխառությամբ տրվել է ամսական 5 տոկոս հավելավճարով վերադարձնելու պայմանով, սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի իմասով չունեն նախադատելի նշանակություն, քանի որ դրանք չեն մտնում այդ գործով ապացուցման առարկայի սահմանների մեջ, իսկ դատարանի բուն եզրահանգումն այդ փաստերի առկայության վերաբերյալ հաստատված չէ ապացուցման ֆորմալ պահանջների պահպանմամբ, այն է՝ դատարանը դրանք հաստատված է համարել առանց վերաբերելի որևէ ապացույցի առկայության: Նման եզրահանգման հանգելու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքները, որ հենց դատարանի կողմից վերը նշված վճռում արձանագրվել է, որ փոխառության գումարն ամսական 5 տոկոս հավելավճարով վերադարձնելու վերաբերյալ գրավոր կարգով չի հիշատակվել, իսկ Երևանի Շահումյան շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի 02.03.1985 թվականի թիվ I-СЛ 319503 ամուսնալուծության վկայականի համաձայն՝ Ռոմ Ավագյանի և Տանյա Առաքելյանի ամուսնալուծությունը գրանցվել է 02.03.1985 թվականին:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է՝ գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 29.01.2010 թվականի վճիռը, ինչպես նաև հաշվի չի առել, որ սույն գործում առկա չեն փոխառության գումարը 5 տոկոս տոկոսադրույքով տրված լինելու, Հերիքնազ Գևորգյանի կողմից Տանյա Առաքելյանին հավելյալ գումարներ վճարված լինելու փաստերը հաստատող գրավոր ապացույցներ, ինչպես նաև առկա չէ վաշխառություն կատարելու մեջ Տանյա Առաքելյանի մեղավորությունն ապացուցող դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։

Ինչ վերաբերում է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձանց այն փաստարկին, որ Հերիքնազ Գևորգյանը Տանյա Առաքելյանին 2005 թվականից մինչև 2008 թվականի փետրվար ամիսը յուրաքանչյուր ամիս տվել է հինգ տոկոս հավելյալ գումար, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ գործում բացակայում է վերոնշյալ փաստը հիմնավորող որևէ ապացույց:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան