Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.03.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.656
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ  ԵԱՆԴ/1165/02/10
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ  ԵԱՆԴ/1165/02/10

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

                   Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Գյուղապետարանի հայցի ընդդեմ Գագիկ Սիմոնյանի` վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին և Գագիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցի` որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 Դիմելով դատարան՝ Գյուղապետարանը պահանջել է լուծել 15.01.2004 թվականին իր և Գագիկ Սիմոնյանի միջև կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2010 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.09.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.02.2011 թվականի որոշմամբ Գյուղապետարանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

24.05.2011 թվականին Գագիկ Սիմոնյանը ներկայացրել է հակընդդեմ հայց` պահանջելով տրամադրել վարձակալության պայմանագրի նպատակային նշանակության ջրովի հողամասերը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 06.07.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Գյուղապետարանի հայցը մերժվել է, իսկ վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ և 302-րդ հոդվածների 1-ին կետերը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 2-րդ կետերը, 606-րդ հոդվածը, 616-րդ և 622-րդ հոդվածների 1-ին կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և լրիվ չի հետազոտել Գյուղապետարանի ու Գագիկ Սիմոնյանի միջև կնքված Պայմանագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից 26.01.2004 թվականին տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականները, որոնցով հաստատվում է վարձակալությամբ տրամադրված հողամասերի նկատմամբ Գագիկ Սիմոնյանի վարձակալության իրավունքի գրանցման փաստը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գագիկ Սիմոնյանի կողմից թույլ են տրվել վարձավճարի վճարման ժամկետի և հողամասը նպատակային նշանակությամբ օգտագործելու հետ կապված էական ու բազմակի խախտումներ, որպիսի փաստը ընդունվել է նաև վերջինիս կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է Գյուղապետարանի կողմից Գագիկ Սիմոնյանին հասցեագրված գրությունը, որով վերջինիս առաջարկվել է կամովին վճարել վարձավճարի գծով առաջացած պարտքի գումարը` նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում կդիմի դատարան Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու և վերը նշված գումարը դատական կարգով բռնագանձելու պահանջով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.07.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գյուղապետարանի և Գագիկ Սիմոնյանի միջև 15.01.2004 թվականին կնքվել է Պայմանագիր, որի համաձայն` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով տարեկան 292.320 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց Գագիկ Սիմոնյանին 25 տարի ժամկետով տրամադրվել է Բագրատաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող 39,8 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասը (հ. 1-ին, գ.թ.5, 6).

2) նշված Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, իսկ դրանից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Գագիկ Սիմոնյանին 26.01.2004 թվականին Կադաստրի կողմից տրվել են թիվ 0056101, 0056102, 0056103, 0056104, 0056105, 0056106, 0056107 և 0056108 անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականները (հ. 1-ին, գ.թ.73, 74, 75, 76, հ. 2-րդ, գ.թ.17-24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։ Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը

Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի 06.07.2011 թվականի վճիռը բեկանելը և այն փոփոխելը` Գյուղապետարանի հայցը մերժելը, պատճառաբանել է նրանով, որ «Գագիկ Սիմոնյանի կողմից վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանումում գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում չի կատարվել», և նշելով, որ «Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման», «Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության», «Նման գործարքն առոչինչ է», գտել է, որ «սույն քաղաքացիական գործով կողմերի միջև կնքված գործարքն առոչինչ է»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել, քանի որ անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա են 26.01.2004 թվականին Պայմանագրից ծագող իրավունքների գրանցման վերաբերյալ տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0056101, 0056102, 0056103, 0056104, 0056105, 0056106, 0056107 և 0056108 վկայականները:

Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքը` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ և 302-րդ հոդվածների 1-ին կետերը սխալ կիրառելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտելու մասին, հիմնավոր է:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

2 Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան