ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0383/02/11 2012թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0383/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան | |
Դատավորներ` Ն. Տավարացյան |
|
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի մարտի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Հայկանդուխտ Ստեփանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Հայկանդուխտ Ստեփանյանից 55.111 ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար, և 1.500 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար։
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ենոքյան) (այսուհետ՝ Դատարան) 04.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.12.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.08.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, 345-րդ, 347-րդ հոդվածները, 354-րդ հոդվածի 1-ին կետը, 777-րդ, 778-րդ հոդվածները, 779-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ, 120-րդ, 130-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` պատշաճ իրավական գնահատական չի տվել Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման հաշիվներին, որոնք հնարավորություն են ընձեռում պարզելու, թե ինչ ծավալի, ինչ քանակի, ինչ տեսակի ծառայություններ են մատուցվել բաժանորդին, դրանցում նշված են դեպի այլ ցանցեր կատարված զանգերի և SMS հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև, թե որ ցանցին ինչ ծավալի զանգեր են կատարվել` հաշվարկված գումարային արտահայտությամբ, ինչն էլ ապացուցում է պարտքի գոյացման հիմքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության և Հայկանդուխտ Ստեփանյանի միջև 28.04.2009 թվականին կնքված թիվ 080-8737 պատվեր-դիմումի (պայմանագրի) համաձայն` վերջինիս տրամադրվել են 099007801, 099007802, 099007803 հեռախոսահամարները: Նշված պայմանագրի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց (գ.թ. 5-6)։
2) Ծառայությունների մատուցման թիվ 101019058303, թիվ 101019825215, թիվ 101020574704, թիվ 101021342498 և թիվ 101021997215 հաշիվների համաձայն` համապատասխանաբար 01.04.2009 թվականից մինչև 30.04.2009 թվականը, 01.05.2009 թվականից մինչև 31.05.2009 թվականը, 01.06.2009 թվականից մինչև 30.06.2009 թվականը, 01.07.2009 թվականից մինչև 31.07.2009 թվականը և 01.08.2009 թվականից մինչև 31.08.2009 թվականն ընկած ժամանակահատվածների համար մատուցված ծառայությունների, ինչպես նաև նախկին հաշվեկշռի հաշվի առկայության պայմաններում չվճարված վարձերը կազմել են ընդամենը 55.111 ՀՀ դրամ, որպիսի հաշվարկներն իրականացվել են փաստացի մատուցված ծառայությունների` ամսական ծառայությունների վարձի, զանգերի վարձի, կարճ հաղորդագրությունների վճարի հիման վրա (գ.թ. 10-24)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս ըստ հայցի Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ գործում առկա հաշիվներում ներկայացվել է պարտքի ընդհանուր չափը, իսկ ծառայությունների մատուցման հաշիվներն արտացոլել են վճարման ենթակա գումարի չափը, ծառայությունների տեսակները, ամսական ծառայությունների, զանգերի վարձերի, կարճ հաղորդագրությունների վճարների գծով դրամական պարտավորության չափը, և բացակայում են յուրաքանչյուր հեռախոսահամարի մասով համապատասխան գումարի գոյացման սկզբնաղբյուրին, համապատասխան հեռախոսահամարով մատուցված կոնկրետ ծառայության տեսակին, դրա արժեքին և մատուցման ժամանակահատվածին վերաբերող նշումներ: Այսինքն` վերոգրյալ փաստաթղթերով չեն հաստատվում, թե երբ, ինչ համարից-համարին, ինչ տևողությամբ և ինչ գումարի չափով են տեղի ունեցել պատասխանողի կողմից կատարված կոնկրետ հեռախոսային խոսակցությունները, որոնց արդյունքում ձևավորվել է հայցվորի վկայակոչած պարտքի գումարը: Տվյալ դեպքում գործով ձեռք չեն բերվել հայցապահանջում նշված գումարի գոյացման հիմքերը հիմնավորող ապացույցներ:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Հայկանդուխտ Ստեփանյանի միջև 28.04.2009 թվականին կնքված թիվ 080-8737 պայմանագրով վերջինիս տրամադրվել են հեռախոսահամարներ: Նշված պայմանագրի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն`վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների, իսկ 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց է:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ծառայությունների մատուցման հաշվի` որպես Ընկերության հայցը հիմնավորող ապացույցի վերաբերելիության ու թույլատրելիության հարցին և վերլուծելով կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) ծառայությունների մատուցման պայմանները (նախկինում քննված գործով և սույն գործով ներկայացված պատվեր-դիմումի (պայմանագրի) ծառայությունների մատուցման պայմանները նույնն են)` արձանագրել է, որ հայցը հիմնավորող միակ թույլատրելի ապացույցը Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հաշիվն է (տե՛ս ըստ հայցի Ընկերությունն ընդդեմ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2011 թվականի թիվ ԱՎԴ1/0009/02/10 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ թիվ 101019058303, թիվ 101019825215, թիվ 101020574704, թիվ 101021342498 և թիվ 101021997215 հաշիվները սույն գործով հայցը հիմնավորող թույլատրելի և բավարար ապացույցներ են, որոնք, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների պահանջների, պատշաճ կերպով չեն հետազոտվել ու գնահատվել ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |