Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.14
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.04.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0389/02/11
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0389/02/11

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ` Ա. Թումանյան

                   Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի ընդդեմ Արա Հովհաննիսյանի` տանիքի դռան փոխված փականի բանալին տրամադրելուն պարտավորեցնելու և դրանից հետո առանց Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի համաձայնության տանիքի հատվածում որևէ փոփոխում (աշխատանքներ) չկատարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը պահանջել են Արա Հովհաննիսյանին պարտավորեցնել անհապաղ իրենց տրամադրել տանիքի դռան փոփոխված փականի բանալին և դրանից հետո, առանց Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի համատեղ համաձայնության, տանիքի հատվածում որևէ փոփոխում (աշխատանքներ) չկատարել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ՝ Դատարան) 06.07.2011 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.12.2011 թվականի որոշմամբ Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.07.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ և 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատարանը, անհիմն կերպով կարճելով քաղաքացիական գործի վարույթը, Իզաբելլա Թամանովային և Հեղինե Սիմոնյանին զրկել է իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 01.12.2011 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը Երևանի Ամիրյան 3-րդ շենքի թիվ 1 և թիվ 6 բնակարանների սեփականատերերն են (հատոր 1-ին, գ.թ.27-30):

2. ՀՀ Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության 05.11.2010 թվականի Կ-72 գրության համաձայն` համատիրության կողմից տեղազննվել է տանիքի փակված լինելու հանգամանքը, և նախազգուշացվել է բնակչին` հանելու փականը (հատոր 1-ին, գ.թ.23):

3. Ա. Հովհաննիսյանին ուղղված ՀՀ Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության 05.11.2010 թվականի Կ-72 գրությամբ վերջինիս առաջարկվել է սեղմ ժամկետում հանել տանիքի դռան փականը (հատոր 1-ին, գ.թ.24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.

2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի.

3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.

4) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.

5) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.

6) հայցվորը հրաժարվել է հայցից.

7) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես՝ Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 91-93-րդ կետեր):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը Երևանի Ամիրյան 3-րդ շենքի թիվ 1 և թիվ 6 բնակարանների սեփականատերերն են, ՀՀ Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության 05.11.2010 թվականի Կ-72 գրության համաձայն` համատիրության կողմից տեղազննվել է տանիքի փակված լինելու հանգամանքը, և նախազգուշացվել է բնակչին` հանելու փականը, իսկ Ա. Հովհաննիսյանին ուղղված ՀՀ Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության 05.11.2010 թվականի Կ-72 գրությամբ վերջինիս առաջարկվել է սեղմ ժամկետում հանել տանիքի դռան փականը:

Դատարանը գործի վարույթը կարճելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի պահանջների լուծումը վերապահված է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնին` շինությունների սեփականատերերի ժողովին, որն էլ իրավասու է խնդրո առարկա հարցերի վերաբերյալ կայացնել համապատասխան որոշումներ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «սույն վեճը ենթակա չէ դատարանի քննությանը, քանի որ այն ենթակա է լուծման արտադատարանական կարգով, այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված կարգով` իրավունքի պաշտպանության օրենքով նախատեսված այլ եղանակներով»: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների հիման վրա հայցվորներն ու պատասխանողը միևնույն բազմաբնակարան շենքի բնակիչներ են, հետևաբար վերջիններս օրենքով ունեն շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ համատեղ սեփականության իրավունք, և ոչ մի սեփականատեր չպետք է խոչընդոտի մյուս համասեփականատերերի իրավունքների անարգել իրականացմանը: Մինչդեռ տվյալ դեպքում վեճը ենթակա չէ դատարանի քննությանը, այլ ենթակա է լուծման ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որպիսին հանդիսանում է շինությունների սեփականատերերի ժողովը»:

Մինչդեռ, հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործին մասնակցող անձանց` որպես վիճելի բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականատերերի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, նկուղները, տանիքը, մեկից ավելի շինություններ (բնակարաններ, շինություններ) սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն, և որոնք բազմաբնակարան շենքի սեփականատերերը տիրապետում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով։ Հետևաբար, բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերը շենքի վերը նշված գույքի (տարածքների) նկատմամբ ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համար սահմանված բոլոր իրավունքները և կրում են բոլոր պարտականությունները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածով և 197-րդ հոդվածի 2-6-րդ կետով սահմանված բացառություններով։

Մասնավորապես, բազմաբնակարան շենքի սեփականատերերն ունեն ընդհանուր համաձայնությամբ ընդհանուր գույքը տիրապետելու, օգտագործելու և կառավարելու իրավունք, մինչդեռ Արա Հովհաննիսյանը ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ կերպով փոխել է շենքի տանիքի դռան փականը, որի բանալին չի տրամադրել այդ տարածքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ունեցող անձանց` տվյալ դեպքում Իզաբելլա Թամանովային և Հեղինե Սիմոնյանին` դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված սեփականատիրոջ իրավազորություններից օգտվելու վերջիններիս իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ զրկվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վեճը ենթակա չէ դատարանի քննությանը, այլ ենթակա է լուծման ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որպիսին հանդիսանում է շինությունների սեփականատերերի ժողովը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է (այսուհետ` ժողով), որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է բազմաբնակարան շենքի կառավարման` այդ թվում ընդհանուր բաժնային սեփականության օգտագործման և տնօրինման առանձին կարգ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ կարգն ամենևին չի վերացնում բաժնային սեփականության մասնակիցների իրավունքները, այդ թվում դրանց պաշտպանության իրավունքը, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Հետևաբար բազմաբնակարան շենքի սեփականատերերի իրավունքների և դրանց իրականացման առանձնահատուկ կարգի (ընդհանուր ժողովի կողմից կառավարման հարցերի լուծում) միջև պետք է գտնվի ողջամիտ հավասարակշռվածություն` օրենսդրության տրամաբանությունը չխախտելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հավասարակշռվածությունը դրսևորվում է հետևյալ կանոնի պահպանմամբ` քանի դեռ սեփականատերերի ընդհանուր ժողովի կողմից վերջինիս իրավասությանը վերապահված հարցը որոշմամբ լուծում չի ստացել, մյուս բաժնային սեփականության մասնակիցներն իրավունք ունեն պաշտպանելու ընդհանուր բաժնային սեփականության իրենց իրավունքի ցանկացած խախտում: Նշված դիրքորոշումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածից, որի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանն իրավունք ունեն դիմելու դատարան իրենց իրավունքների խախտումը վերացնելու պահանջով, իսկ սեփականատերերի ընդհանուր ժողովի իրավասությունը տվյալ դեպքում չի խախտվում, քանի որ վերջինս իրավունք ունի տվյալ հարցի վերաբերյալ կայացնել որոշում, և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրենքով նախատեսված` իր լիազորությունների սահմաններում և համապատասխան ձայների առկայությամբ ժողովի ընդունված որոշումը պարտադիր կլինի բազմաբնակարան շենքի շինությունների բոլոր սեփականատերերի համար, այդ թվում և նրանց, ովքեր անկախ պատճառներից չեն մասնակցել քվեարկությանը կամ դեմ են քվեարկել որոշմանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան