Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1026
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.05.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.16/25(899) Հոդ.605
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

4 մայիսի 2012 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ստորագրված՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2012 թվականի ապրիլի 11-ին մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ընդունվել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում` դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 28-ին:

2. Համաձայնագրով նախատեսվում է, որ Գիտահետազոտական կենտրոնի կենտրոնակայանը գտնվելու է Մոնղոլիայի Ուլան Բատոր քաղաքում: Կողմերը կարող են թույլատրել, որ Գիտահետազոտական կենտրոնը ներկայացուցչություններ ունենա այլ վայրերում:

 3. Համաձայնագրով ստեղծվելիք Միջազգային գիտահետազոտական կենտրոնի ընդհանուր նպատակը բարձրորակ հետազոտության արդյունքների և քարոզչության կիրառումն է` դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հնարավորությունը միջազգային առևտրում բարելավելու, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տվյալների շտեմարաններ պատրաստելու ու տարածելու, համագործակցությունը խթանելու, տեղեկատվություն փոխանակելու, միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի համակարգի և գործընկերների հետ շարունակական հարաբերություններ հաստատելու, այդ երկրների համար հրատարակությունների, հետազոտությունների և ուսումնասիրությունների մատչելիության ապահովման գործում:

4. Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան` Գիտահետազոտական կենտրոնն իր նպատակներն իրագործելու համար`

ա) հարաբերություններ է հաստատում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների մասնագիտացված կառույցների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների, Համաշխարհային բանկի, ԱՀԿ-ի, Ավտոտրանսպորտի միջազգային միավորման, Համաշխարհային մաքսային կազմակերպության և դոնոր երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում և այլ երկրներում գիտահետազոտական ինստիտուտների, մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ, ինչպես նաև հրավիրում է աշխատանքային խմբի հանդիպումներ և կազմակերպում առցանց քննարկումներ` այդ երկրներին վերաբերող թեմաների շուրջ,

բ) հանդես է գալիս գաղափարներով ու գործնական առաջարկներով, որոնք քննարկվում են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի կողմից տարբեր հանդիպումների և խորհրդաժողովների ժամանակ,

գ) ստեղծում է կայք` 2003 թվականի օգոստոսին Ալմաթիում կայացած նախարարական միջազգային խորհրդաժողովում ընդունված Գործողությունների ծրագրի իրականացման հարցում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կողմից իրականացվող ողջ գործունեությունը, Գիտահետազոտական կենտրոնի և այլ գործընկեր կառույցների կողմից ձեռք բերված հետազոտության արդյունքները, ուսումնասիրությունները, խորհրդաժողովների ու գագաթնաժողովների արդյունքները խթանելու համար,

դ) հավաքագրում, համակարգում, վերլուծում և կայքի ու այլ միջոցներով տարածում է համապատասխան տեղեկատվություն` դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների կողմից Ալմաթիի Գործողությունների ծրագրի իրականացման հարցում այդ երկրների համար մշակվող գործողությունների ու ծրագրերի վերաբերյալ:

5. Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսվում է, որ Միջազգային գիտահետազոտական կենտրոնը բաղկացած կլինի կառավարիչների խորհրդից և քարտուղարությունից:

6. Կառավարիչների խորհուրդը սույն Համաձայնագրով ստեղծված բարձրագույն մարմինն է, որը կազմված է Կողմերի մեկական ներկայացուցիչներից, որոնք պաշտոնավարում են երկու տարի ժամկետով` պաշտոնավարման ժամկետը միայն մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ: Խորհուրդն ամեն տարի հերթական նստաշրջանի ժամանակ ընտրում է Խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ, որոնք պաշտոնավարում են մինչև Խորհրդի հաջորդ հերթական նստաշրջանը:

Խորհուրդը սահմանում և ընդունում է իր աշխատակարգը, վերանայում և հաստատում է Գիտահետազոտական կենտրոնի գործունեության բոլոր հայեցակետերը` ներառյալ բյուջեն, աշխատանքային պլանն ու ֆինանսական միջոցների ներգրավման աշխատանքները, տարեկան զեկույցը, կարող է իր հայեցողությամբ հրավիրել դիտորդներ մասնակցելու Խորհրդի նիստերին և որոշում կայացնել Խորհրդատվական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ:

7. Քարտուղարությունը ղեկավարում է գործադիր տնօրենը, դրա կազմում ընդգրկված են Գործառնությունների հարցերով տնօրենը, գլխավոր վերլուծաբանը, հետազոտողներն ու վերլուծաբանները և վարչական ու ֆինանսական հարցերով օգնականը:

Քարտուղարությունն իրականացնում է տարեկան աշխատանքային պլանի մշակումն ու կատարումը, բյուջեի կազմումը, ներքին և ֆինանսական կանոնակարգերի ու կանոնների, ինչպես նաև վարչական ակտերի մշակումն ու վերանայումը, ֆինանսական միջոցների ներգրավման պլանների և հասարակության հետ կապերի խթանման ծրագրերի մշակումն ու զարգացումը և միջազգային կազմակերպությունների, փորձագետների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ կապերի ստեղծումը:

8. Ըստ Համաձայնագրի 8-րդ հոդվածի` Խորհրդի նախագահը, գործադիր տնօրենի աջակցությամբ, պատասխանատու է Գիտահետազոտական կենտրոնի ծրագրերին և գործունեությանն ուղղված ֆինանսական ու տեխնիկական ռեսուրսների կենտրոնացման համար:

Անդամ պետություններին հարցում կներկայացվի Գիտահետազոտական կենտրոնին կամավոր միջոցներ հատկացնելու վերաբերյալ: Գիտահետազոտական կենտրոնին կվերապահվի նաև միջազգային կազմակերպություններից և այլ գործընկերներից, այդ թվում` մասնավոր կազմակերպություններից, ֆինանսական միջոցներ ներգրավելու մանդատը:

Խորհուրդը և գործադիր տնօրենը կենտրոնացնում են Գիտահետազոտական կենտրոնի ֆինանսավորմանն ուղղված ռեսուրսները, որոնք ի պահ կհանձնվեն հավատարմագրային հիմնադրամին, իսկ վերջինիս կառավարման մեխանիզմները կհամաձայնեցվեն Խորհրդի անդամների կողմից:

9. Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն` Գիտահետազոտական կենտրոնին տրվում է միջազգային կարգավիճակ և արտոնվում օգտվել Մոնղոլիայում գործող նմանատիպ միջազգային կազմակերպություններին շնորհվող արտոնություններից ու անձեռնմխելիությունից:

10. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`

ա) համաձայնել ստեղծելու Միջազգային գիտահետազոտական կենտրոն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար,

բ) նշանակել մեկ ներկայացուցիչ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար Միջազգային գիտահետազոտական կենտրոնի Կառավարիչների խորհրդում,

գ) կարգավորել Համաձայնագրի կողմերի միջև դրա մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ բանակցությունների կամ կարգավորման այլ համաձայնեցված մեխանիզմների միջոցով:

11. Համաձայնագրի եզրափակիչ դրույթները նվիրված են վերջինիս ստորագրմանն ու վավերացմանը (հոդված 10), դրա ուժի մեջ մտնելուն (հոդված 12) և փոփոխություններ կատարելուն (հոդված 13), դրա մեկնաբանման կամ կիրառման հետ կապված հնարավոր վեճերի լուծմանը (հոդված 14):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ստորագրված՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

4 մայիսի 2012 թ.

ՍԴՈ-1026

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան