Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-11-Ո-15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.24/35(909).1 Հոդ.880.14
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.06.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԱԽ-11-Ո-15

 2012 թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

 

Գ. Բադիրյանի, Կ. Բաղդասարյանի,

Ռ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,

Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի,

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

   

մասնակցությամբ` դատավոր

Վ. Գրիգորյանի

   

ՀՀ արդարադատության նախարար`

Հ. Թովմասյանի
   

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2012 թվականի հունիսի 29–ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 2012թ. մայիսի 15-ի թիվ 72-Ա հրամանով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող անձի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացության`

Դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն Գագիկի Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 2-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա` Կ.Թադևոսյանն ազատվել է նշանակված պատժից:

Մեղադրող Ա.Նադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրող Ա.Նադոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ամբաստանյալ Կ.Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտվել է ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Համաներման ակտի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա` Կ.Թադևոսյանի նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատվել է մեկ երրորդով:

Վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Կ.Թադևոսյանի պաշտպան Հ.Իսրայելյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունվարի 27-ի որոշմամբ վերադարձվել է:

Ըստ եզրակացության հեղինակի` Համաներման ակտը ընդունվել և օրինական ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 26-ին, որի 2-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա` անձին պատժից ազատելու համար անհրաժեշտ է`

1. որ այդ անձը լինի հղի կամ ունենա մինչև երեք տարեկան երեխա

2. որ այդ անձը լինի հղի կամ ունենա մինչև երեք տարեկան երեխա Համաներման ակտի ուժի մեջ մտնելու օրվա, այն է` 2011 թվականի մայիսի 26-ի դրությամբ:

Մինչդեռ սույն քրեական գործով վկա Լիանա Մկրտչյանը նախաքննության ընթացքում 2010 թվականի օգոստոսի 10-ին հարցաքննվելիս ցուցմունք է տվել, որ ամբաստանյալ Կ.Թադևոսյանի հետ առանց ՔԿԱԳ-ում գրանցվելու, այսինքն` փաստացի ամուսնացել են 2008 թվականի ապրիլ ամսին, ունեն մեկ տարեկան երեխա, և գտնվում է երեք ամսական հղիության վիճակում:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարան են նեկայացվել Սուսաննա Մկրտչյանի (ծնված` 2009 թվականի հուլիսի 31-ին) և Արայիկ Մկրտչյանի (ծնված` 2010 թվականի դեկտեմբերի 18-ին) ծննդյան վկայականները, որոնցում որպես երեխաների մայր գրանցված է եղել Լիանա Մկրտչյանը, իսկ հայր` Վոլոդյա Մկրտչյանը: Այդ փաստը հաստատված է նաև ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի` Հ.Նավասարդյանի 2012 թվականի մայիսի 31-ի գրությամբ:

ՀՀ արդարադատության նախարարը, վկայակոչելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, նշել է, որ Կ.Թադևոսյանի` մինչև 3 տարեկան երեխա ունենալու հանգամանքը պետք է հաստատվեր 2011 թվականի մայիսի 26-ի դրությամբ կամ ՀՀ ՔԿԱԳ մարմիններում Կ.Թադևոսյանի դիմումի հիման վրա կատարված համապատասխան գրանցմամբ կամ դատարանի կողմից կայացած` նրա հայրության ճանաչման փաստի որոշման մասին համապատասխան վճռով:

Մինչդեռ մինչև 2011 թվականի մայիսի 26-ը ՔԿԱԳ մարմիններում չի կատարվել համապատասխան գրանցում, ինչպես նաև չի կայացվել համապատասխան դատական ակտ: Ընդ որում, Սուսաննա և Արայիկ Մկրտչյանների նկատմամբ Կ.Թադևոսյանի հայրության փաստը գրանցվել է միայն Դատարանի դատավճիռը կայացվելուց հետո:

ՀՀ արդարադատության նախարարը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշումը, նաև փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը, Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա Կ.Թադևոսյանին ազատելով նշանակված պատժից, որևէ կերպ չի հիմնավորել Համաներման ակտի ընդունման դրությամբ Կ.Թադևոսյանի կողմից մինչև 3 տարեկան երեխա ունենալու հանգամանքը: Արդյունքում Դատարանի այդ մասով կայացրել է չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտ: Հետևաբար, խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները:

Ինչ վերաբերում է Դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի բացատրությանը, ապա դրանից հետևում է, որ վերջինս ընդունում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքը չկիրառելու փաստը: Բացի այդ, դատավորի կողմից վկայակոչվող Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի «Լույս» համատիրության նախագահ Ա. Գևորգյանի բնութագիրը որևէ կերպ չի հաստատում Կ.Թադևոսյանի` Սուսաննա Մկրտչյանի և Արայիկ Մկրտչյանի նկատմամբ հայրության փաստը:

Վերոգրյալի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարը, գտել է, որ, Դատարանի դատավոր Վ.Գրիգորյանի կողմից սխալ է կիրառվել 2011 թվականի մայիսի 26-ի Համաներման ակտը, որի արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Վարդան Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է, որ «Դեռևս գործի նախաքննության ընթացքում մեղադրյալի կինը` Լիանա Մկրտչյանը, գործով հարցաքննվել է որպես վկա և նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինս Կ.Թադևոսյանի հետ գտնվում է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, ՀՀ Սահմանադրության 22 հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20 հոդվածի և 86 հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, նրան բացատրել են ամուսնու` Կարեն Թադևոսյանի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու մասին: Այսինքն` նախաքննական մարմինը ևս հաստատված է համարել Կ. Թադևոսյանի և Լ. Մկրտչյանի փաստական ամուսիններ լինելու հանգամանքը և ֆիքսել, որ համատեղ ամուսնությունից ունեն մեկ տարեկան երեխա, և Լ.Մկրտչյանը գտնվում է երեք ամսական հղիության վիճակում: Գործի դատաքննության ընթացքում վկա Լ.Մկրտչյանը հայտնել է, որ հանդիսանում է ամբաստանյալ Կ.Թադևոսյանի կինը, համատեղ փաստական ամուսնությունից ունեն երկու մանկահաս երեխաներ և օգտվելով իր սահմանադրական, քրեադատավարական իրավունքից` հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալ ամուսնու, գործով ամբաստանյալ Կարեն Թադևոսյանի վերաբերյալ:

Գործում առկա է եղել նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի «Լույս» համատիրության նախագահ Ա.Գևորգյանի բնութագիրը, համաձայն որի` Կ.Թադևոսյանը ամուսնացած է, ունի երկու երեխա և հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը: Դատաքննության ընթացքում Լ.Մկրտչյանի կողմից դատարանին է ներկայացվել երկու երեխաների` Սուսաննա Մկրտչյանի (ծնված` 31.07.2009թ.) և Արայիկ Մկրտչյանի (ծնված`18.12.2010թ.) ծննդյան վկայականները, որոնցում որպես երեխաների մայր գրանցված է եղել Լիանա Մկրտչյանը, իսկ հայր` Վոլոդյա Մկրտչյանը: Քանի որ Կ. Թադևոսյանի և Լ.Մկրտչյանի ամուսնությունը ՀՀ ՔԿԱԳ մարմիններում գրանցված չի եղել և Կ. Թադևոսյանն էլ երեխաների հայրությունը օրենքով սահմանված կարգով ընդունած չի եղել, ուստի երեխաների ծննդյան վկայականներում որպես հայր գրանցվել է պապիկի` Լիանա Մկրտչյանի հոր անունը:

Ճիշտ է, ամբաստնայալ Կ.Թադևոսայանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 26.05.2011 թվականի որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները կիրառելիս դատարանը չի ղեկավարվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 48 և 51 հոդվածների պահանջներով, սակայն դատական ակտ կայացնելիս որևէ տարակարծություն չի ունեցել երկու երեխանների առկայության և ամբաստանյալ Կ.Թադևոսյանի խնամքին գտնվելու վերաբերյալ: Երկու երեխաները ամբաստանյալ Կ. Թադևոսյանից սերված լինելու և դատական ակտ կայացնելու պահին նրա խնամքի տակ գտնվելու վերաբերյալ դատարանի ներքին համոզմունքը ձևավորվել է դատաքննության ողջ ընթացքում, որը պայմանավորված է եղել ինչպես գործով հարցաքննված վկաների, հարևանների ցուցմունքներով, այնպես էլ նաև գործում առկա տեղական ինքնակառավարման մարմնի բնութագրով: Դատարանի ներքին համոզմունքը իր հավաստումն է գտել նաև վերաքննության կարգով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության ժամանակ, որի ընթացքում ամբաստանյալ Կ. Թադևոսյանը օրենքով սահմանված կարգով ճանաչել է երկու երեխաների հայրությունը: Ճիշտ է, երեխաների հայրությունը ընդունվել է Համաներման ակտով նախատեսված ժամկետից, սակայն համոզմունքը մնում է համոզմունք, որ երեխաները սերված են եղել Կ.Թադևոսյանից և գտնվել են նրա խնամքի տակ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի դատավճիռը Կարեն Թադևոսյանի վերաբերյալ նշանակված պատժի մասով բեկանվել և փոփոխվել է: Ամբաստանյալ Կ.Թադևոսյանի պաշտպան Հ.Իսրայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2012թ. որոշմամբ վերադարձվել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը ի կատար է ածվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից, որի արդյունքում Կարեն Թադևոսյանը արգելանքի է վերցվել և ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այսինքն` ըստ էության Համաներման ակտի ոչ ճիշտ կիրառումը իրավական հետևանքներ չի առաջացրել (…)»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի դատավճռով Կարեն Գագիկի Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ժամկետով:

Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա` Կ.Թադևոսյանն ազատվել է նշանակված պատժից:

Դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի դատավճռում առկա է հետևյալ ձևակերպումը. «Ամբաստանյալ Կարեն Թադևոսյանը (…) ամուսնացած է, խնամքին ունի մինչև 14 տարեկան երկու երեխա»:

2) Համաձայն ներկայացված ծննդյան վկայականների պատճենների` Էրեբունի և Նուբարաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնում գրանցվել են Սուսաննա Վոլոդյայի Մկրտչյանի (ծնված 31.07.09թ.) և Արայիկ Վոլոդյայի Մկրտչյանի (ծնված 18.12.10թ.) ծննդյան փաստերը: Ծննդյան վկայականների պատճեններում որպես երեխաների մայր գրանցված է Լիանա Մկրտչյանը, իսկ հայր` Վոլոդյա Մկրտչյանը:

3) Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է ամբողջությամբ, իսկ պաշտպան Ա.Քարամյանինը` մասնակիորեն, այն է` պատժի մասով բեկանել և փոփոխել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի դատավճիռը, Կ.Թադևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ժամկետով:

Համաներման ակտի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա` Կ.Թադևոսյանի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով:

4) ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Հ.Նավասարդյանի 2012 թվականի մայիսի 31-ի թիվ Ե-498 գրության համաձայն` «Սուսաննա և Արայիկ Մկրտչյանների ծննդյան ակտերում.

1. 26.05.2011թ. դրությամբ մոր ցուցումի հիման վրա «տեղեկություններ հոր մասին» սյունակում լրացված է Վոլոդյա Գագիկի Մկրտչյանի տվյալները (...):

2. 11.08.2011թ. դրությամբ նույնպես մոր ցուցումի հիման վրա «տեղեկություններ հոր մասին» սյունակում լրացված է եղել Վոլոդյա Գագիկի Մկրտչյանի տվյալները:

3. 20.11.2011թ. Կարեն Գագիկ Թադևոսյանը ճանաչել է Սուսաննա և Արայիկ Մկրտչյանների հայրությունը և ծննդյան ակտերում գրառվել է որպես հայր»:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

1. Համաներման ակտի 2-րդ կետի համաձայն` «Պատժից ազատել, բացառությամբ այդ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`

(...)

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց:

(...)»:

Համաներման կիրառման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ և արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` «Հայրության որոշման պետական գրանցման հիմքերն են`

ա) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումը.

բ) սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում՝ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումը.

գ) հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը»:

 «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Երեխայի ծննդյան պետական գրանցման պահին երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող հոր դիմումի համաձայն` հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, մորն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև հայրության որոշման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքում»:

Վերոշարադրյալ նորմերի համակարգային վերլուծությունից երևում է, որ Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա անձը նշանակված պատժից ենթակա է ազատման, եթե Համաներման ակտի ընդունման դրությամբ ունի մինչև երեք տարեկան երեխա, ընդ որում, մինչև երեք տարեկան երեխա ունենալու հանգամանքը պետք է հիմավորվի «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում ամրագրված հիմքերից որևէ մեկով:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը, արձանագրելով, որ Կ.Թադևոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ առկա է մինչև 14 տարեկան երկու երեխա, 2011 թվականի օգոստոսի 11-ի դատավճռով ամբաստանյալ Կ.Թադևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտել է ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա` Կ.Թադևոսյանն ազատվել է նշանակված պատժից:

Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը, Կ.Թադևոսյանի նկատմամբ կիրառելով Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետը, որևէ փաստական տվյալով չի հիմնավորել, որ Համաներման ակտն ուժի մեջ մտելու օրվա դրությամբ վերջինիս խնամքի տակ են եղել մինչև երեք տարեկան երկու երեխա:

Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Համաներման ակտի ընդունման օրվա (2011 թվականի մայիսի 26), ինչպես նաև Դատարանի կողմից դատական ակտ կայացնելու օրվա (2011 թվականի օգոստոսի 11) դրությամբ երեխաների ծննդյան ակտերում մոր ցուցումի հիման վրա «տեղեկություններ հոր մասին» սյունակում լրացված են եղել Վոլոդյա Գագիկի Մկրտչյանի տվյալները, իսկ Կ.Թադևոսյանը ճանաչել է Սուսաննա և Արայիկ Մկրտչյանների հայրությունը և ծննդյան ակտերում գրառվել է որպես հայր միայն 2011 թվականի նոյեմբերի 20-ին:

Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ թե՛ Համաներման ակտի ընդունման օրվա, թե՛ Դատարանի կողմից դատավճիռ կայացնելու օրվա դրությամբ Կ.Թադևոսյանը օրենքով սահմանված կարգով ճանաչած չի եղել Սուսաննա և Արայիկ Մկրտչյանների հայրությունը, այսինքն` առկա չի եղել որևէ փաստական տվյալ այն մասին, որ Կ.Թադևոսյանի խնամքի տակ են գտնվում մինչև երեք տարեկան երկու երեխա:

Վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո գնահատելով սույն որոշմամբ մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանի կողմից 2011 թվականի օգոստոսի 11-ին դատավճիռ կայացնելու պահին Կ.Թադևոսյանի նկատմամբ Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելի չէր:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Խորհուրդը եզրահանգում է, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մակյան

Մ. Մարտիրոսյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան