ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2012 թվականի N 444-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի 47/5 հասցեում գտնվող` նախկին պոլիկլինիկայի շենքի երկրորդ հարկի` 265,92 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) և շենքի զբաղեցրած` 0.254 հա հողամասի իր բաժնային մասն օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 15660.552 հազ. դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 15660.552 հազ. դրամ.
3) որ աճուրդի հաղթողին է անցնում նաև գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում է ևս մեկ աճուրդ, որի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գինը, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 331755 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 16 Երևան |
|