Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.04.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0422/02/11
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0422/02/11

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ` Ա. Թումանյան

                   Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ֆլորա Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Ֆլորա Թադևոսյանի հայցի ընդդեմ Վազգեն, Ռուզաննա, Ֆլորա Սիմոնյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ֆլորա Թադևոսյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի` Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի 1/2 մասի նկատմամբ և պարտավորեցնել Կադաստրին կատարելու համապատասխան գրանցում։

21.07.2011 թվականին Ֆլորա Թադևոսյանը դիմում է ներկայացրել հայցի առարկան փոփոխելու մասին, որով պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը վերոնշյալ հասցեի բնակարանի 1/2 մասի նկատմամբ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 11.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դ‎ատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.12.2011 թվականի որոշմամբ Ֆլորա Թադևոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆլորա Թադևոսյանը։

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Վազգեն Սիմոնյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀԽՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածը և «ՀՀ-ում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 1965 թվականին Ֆլորա Թադևոսյանն ամուսնացել է Զավեն Սիմոնյանի հետ: Ամուսնանալուց հետո` 1973 թվականին, Ֆլորա Թադևոսյանն ու նրա ամուսինը հերթագրվել են` կոոպերատիվ բնակարան ստանալու: 1975 թվականին մուծել են 3.510 ռուբլի և ստացել Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը: Ֆլորա Թադևոսյանն ու նրա ամուսինը մինչև 1990 թվականն ամբողջությամբ մարել են վիճելի բնակարանի համար ստացած 8.775 ռուբլի պետական վարկը, հետևաբար ՀԽՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածի և «ՀՀ-ում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով նրանք դարձել են բնակարանի սեփականատերերը: Հետևաբար Ֆլորա Թադևոսյանն օրենքի ուժով հանդիսանում է վիճելի բնակարանի 1/2-ի սեփականատերը` անկախ այդ իրավունքի պետական գրանցումից:

Անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ վիճելի բնակարանը եղել է միայն հայցվորի ամուսնու` Զավեն Սիմոնյանի սեփականությունը, քանի որ գործում առկա վճարման անդորրագրերի բովանդակությունից ակնհայտ է, որ կոոպերատիվի անդամ է հանդիսացել և վիճելի բնակարանի համար սահմանված վճարումներ է կատարել միայն Զավեն Սիմոնյանը: Մինչդեռ, անկախ նրանից, թե ում անունով կամ միջոցներով են կատարվել մուծումները, ՀԽՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածի ուժով մյուս ամուսինը, այսինքն` այս դեպքում Ֆլորա Թադևոսյանն այդ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.12.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր` Զավեն Սիմոնյանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2009 թվականի ԱՐԴ1/0782/02/08 վճռի համաձայն` ճանաչվել է Ռուզաննա Սիմոնյանի, Ֆլորա Սիմոնյանի սեփականության իրավունքը Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ յուրաքանչյուրին 1/6 բաժնի չափով:

Վերը նշված վճիռները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, նախադատելի նշանակություն ունեն, և այդ վճիռներով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Տվյալ դեպքում վերը նշված վճիռներով հաստատվել է Վազգեն, Ռուզաննա, Ֆլորա Սիմոնյանների սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ և քանի դեռ այդ ակտերն օրենքով սահմանված կարգով չեն բեկանվել, չի կարող ճանաչվել Ֆլորա Թադևոսյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի 1/2- ի նկատմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 06.07.1965 թվականի թիվ 192323 ամուսնության վկայականի համաձայն՝ Զավեն Սիմոնյանի և Ֆլորա Թադևոսյանի ամուսնությունը գրանցվել է 06.07.1965 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 6)։

2. Էջմիածնի գործկոմի 24.01.1973 թվականի որոշման հիման վրա 15.05.1975 թվականին տրված թիվ 3 միասնական օրդերի համաձայն՝ Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը չորս մարդուց բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար տրվել է Զավեն Սիմոնյանին: Նույն օրդերի համաձայն՝ Զավեն Սիմոնյանի հետ համատեղ բնակելի տարածության իրավունք ունեցողներ են նշվել կինը՝ Ֆլորա Թադևոսյանը, որդիները՝ Արայիկ և Վազգեն Սիմոնյանները (հատոր 1-ին, գ.թ. 7)։

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի թիվ 468042 մահվան վկայականի համաձայն՝ Զավեն Սիմոնյանը մահացել է 23.09.1993 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12)։

4. ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Էջմիածնի տեղամասի կողմից տրված սեփականության վկայագրի համաձայն՝ 04.12.1995 թվականի թիվ Ս-5620 գրանցման գրքում Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի սեփականատեր է գրանցվել Զավեն Սիմոնյանը (հատոր 1-ին, գ.թ. 8)։

5. Կադաստրի 16.03.2010 թվականի թիվ 409ա գրության համաձայն՝ «Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի կադաստրային գործում առկա փաստաթղթերի համաձայն՝ վերոգրյալ բնակարանը կոոպերատիվ բնակարանային ֆոնդի բնակարան է: Համաձայն Հայէկոնոմբանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարչի 28.11.1995 թվականի թիվ 436-26-4 տեղեկանքի` բնակարանի արժեքն ամբողջությամբ մարված է» (հատոր 1-ին, գ.թ. 13)։

6. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0118/02/08 վճռով Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր՝ Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ (հատոր 1-ին, գ.թ. 77-78)։

7. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0782/02/08 վճռով Ֆլորա Թադևոսյանի, Մարիամ Զավենի Սիմոնյանի և Արայիկ Զավենի Սիմոնյանի հայցն ընդդեմ Վազգեն Սիմոնյանի՝ ըստ բաժինների չափի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին մերժվել է, իսկ Ռուզաննա Ավետիսի Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, այն է՝ ճանաչվել է Ռուզաննա Ավետիսի Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի սեփականության իրավունքը Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ՝ յուրաքանչյուրին 1/6 բաժնի չափով (հատոր 1-ին, գ.թ. 67-71)։

8. 25.11.2009 թվականի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2418673 վկայականի համաձայն՝ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 04-002-4-47 մատյանի թիվ 000125 համարի տակ Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ գրանցվել է Վազգեն Սիմոնյանի սեփականության իրավունքը 2/3 բաժնեմասով, իսկ Ռուզաննա Ավետիսի Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի սեփականության իրավունքը՝ յուրաքանչյուրին 1/6 բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 64-66)։

9. ՀՀ վարչական դատարանի 28.12.2010 թվականի թիվ ՎԴ/0195/05/10 վճռով մերժվել է Ֆլորա Թադևոսյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Ռուզաննա, Ֆլորա, Վազգեն Սիմոնյանների՝ Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 հասցեի անշարժ գույքի 2/3 մասի նկատմամբ Վազգեն Սիմոնյանին սեփականատեր գրանցելը մասնակիորեն անվավեր ճանաչելու, նույն հասցեի անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ Ֆլորա Թադևոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.06.2011 թվականի որոշմամբ Ֆլորա Թադևոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է մասնակիորեն` Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 հասցեի անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասով բեկանել ՀՀ վարչական դատարանի 28.12.2010 թվականի վճիռը, և այդ մասով գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.06.2011 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության (հատոր 1-ին, գ.թ. 91-92, 93-102)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ բնակարանային, բնակարանաշինարարական, ավտոտնակային և այլ կոոպերատիվի այն անդամը, որը լրիվ մուծել է իր փայը բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի, իր օգտագործմանը տրված այլ շինության կամ տեղի համար, ձեռք է բերում այդ գույքի սեփականության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների վաստակած գույքը նրանց ընդհանուր սեփականությունն է: Ամուսիններն այդ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հավասար իրավունքներ ունեն: Ամուսինները գույքի նկատմամբ հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղված է եղել տնային տնտեսությամբ, երեխաների խնամքով կամ այլ հարգելի պատճառով ինքնուրույն վաստակ չի ունեցել: Ամուսինները կարող են օրենքով թույլատրելի ամեն տեսակի գույքային գործարքներ կնքել միմյանց հետ: Ամուսինների միջև կայացած այն համաձայնությունները, որոնք նպատակ ունեն նվազեցնելու նրանցից որևէ մեկի գույքային իրավունքները, անվավեր են:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ամուսինների կողմից ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկի միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել է երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է կատարված իրավունքի պետական գրանցումը, միևնույն է, հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը։

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատվել է, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում էր Վազգեն, Ռուզաննա, Ֆլորա Սիմոնյաններին, և քանի դեռ այդ ակտերն օրենքով սահմանված կարգով չեն բեկանվել, չի կարող ճանաչվել Ֆլորա Թադևոսյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի 1/2-ի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի նախադատելիության հարցին.

Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոհիշյալ իրավական հարցադրմանը պետք է պատասխանել նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն praejսdicialis-ից) դատավարական ինստիտուտի, դատական ակտերի պրեյուդիցիալ կապի և նման կապի օբյեկտիվ սահմանների վերլուծության լույսի ներքո։

Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված փաստերին։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները, փաստերը հետագա դատավարություններում հերքելու արգելք։

Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը, փաստերը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա։ Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս։

Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորություն է տվել ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցին, քանզի դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե՝ ս «Սաթնէ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների՝ հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, «Սաթնէ» ՍՊԸ-ին պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշումը)։

Սույն գործում առկա ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 16.05.2008 թվականի վճռի համաձայն` Վազգեն Սիմոնյանի հայցի առարկան ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջն էր: Նշված վճռով արձանագրվել է, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Զավեն Սիմոնի Սիմոնյանին, և Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր՝ Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0782/02/08 վճռով Ֆլորա Թադևոսյանի, Մարիամ Զավենի Սիմոնյանի և Արայիկ Զավենի Սիմոնյանի հայցի առարկան ըստ բաժինների չափի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջն էր, որը մերժվել էր:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 16.05.2008 թվականի վճռով հաստատված այն հանգամանքը, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Զավեն Սիմոնի Սիմոնյանին, սույն գործով չունի նախադատելի նշանակություն, քանի որ 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր՝ Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ 04.09.2008 թվականի վճռի պարզաբանումը մերժելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ գործով պահանջ է ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին, այլ ոչ թե ժառանգական զանգվածի և դրա բաժանման մասին: Բացի այդ, 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ֆլորա Թադևոսյանի հայցի առարկան ըստ բաժինների չափի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելն էր, մինչդեռ սույն գործով Ֆլորա Թադևոսյանի հայցի առարկան է նաև վիճելի անշարժ գույքի 1/2-րդ մասի նկատմամբ օրենքի ուժով սեփականության իրավունքի ճանաչումը:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար թե՛ 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով և թե՛ 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները նախադատելի նշանակություն չունեն:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան