ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0092/02/11 2012թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0092/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան | |
Դատավորներ` Ն. Տավարացյան |
|
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի մարտի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Համբարձում Բեգլարյանի և Արմեն Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Համբարձում Բեգլարյանից և Արմեն Գրիգորյանից համապարտության կարգով բռնագանձել 919.278,2 ՀՀ դրամ, որից 876.253,20 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի, 25.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի և 18.025 ՀՀ դրամ` որպես նախապես մուծված պետական տուրքի գումար, վարկի մնացորդի` 357.000 ՀՀ դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը 10.02.2011 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 54% տոկոսադրույքով` հիմք ընդունելով 27.04.2007 թվականին կնքված թիվ Գ-39 վարկային պայմանագրի 4.3 կետով նախատեսված տոկոսադրույքը, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 10.02.2011 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0,2% (յուրաքանչյուր ուշացած օրվա համար)` հիմք ընդունելով վարկային պայմանագրի 4.4 կետը` բռնագանձումը տարածելով Համբարձում Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում գտնվող 72,15 քմ ընդհանուր մակերեսով գրավի առարկա բնակարանի վրա:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Գաբրիելյան) (այսուհետ՝ Դատարան) 06.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։ Վճռվել է Համբարձում Բեգլարյանից և Արմեն Գրիգորյանից համապարտության կարգով բռնագանձել 876.253,20 ՀՀ դրամ, որից վարկի գումար` 357.000 ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 428.314,30 ՀՀ դրամ (որից ժամկետանց տոկոս 53.750 ՀՀ դրամ), ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 90.938,90 ՀՀ դրամ, ինչպես նաև 17.525,05 ՀՀ դրամ` որպես հայցապահանջի բավարարված չափով հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Վարկի մնացորդի` 357.000 ՀՀ դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը 10.02.2011 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 54% տոկոսադրույքով, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 10.02.2011 թվականից մինչև դրա փաստացի մարումը յուրաքանչյուր ուշացած օրվա համար շարունակել 0,2% տոկոսադրույքով: Միաժամանակ վճռվել է բռնագանձումը տարածել Համբարձում Բեգլարյանին համասեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում գտնվող 72,15 քմ ընդհանուր մակերեսով գրավի առարկա բնակարանի վրա: Մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.09.2011 թվականի որոշմամբ Արմեն Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գրիգորյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 2-րդ կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ, 382-րդ և 441-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արմեն Գրիգորյանը դատաքննության ժամանակ հայտնել է, որ վարկային պարտավորությունը Համբարձում Բեգլարյանի կողմից մարված է, գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը հանված է արգելանքից և գրավադրված է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում: Նշված փաստարկների հիմնավորումները չեն ներկայացվել Դատարան օբյեկտիվ պատճառներով: Այն է` Դատարանում գործը քննվել է մեկ նիստով` առանց նախնական դատական նիստ հրավիրելու, որից հետո հրապարակվել է Դատարանի վճիռը, որի արդյունքում Արմեն Գրիգորյանը հնարավորություն չի ունեցել ձեռք բերելու և Դատարանին ներկայացնելու իր փաստարկների հիմնավորումները: Վերաքննիչ դատարանը չի ընդունել Արմեն Գրիգորյանի կողմից ներկայացված Բանկի Սևանի մասնաճյուղի 12.06.2008 թվականի տեղեկանքը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սևան տարածքային ստորաբաժանման 07.09.2011 թվականի գրությունը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ` անտեսել է, որ դրանք ունեն էական ու ծանրակշիռ նշանակություն քաղաքացիական գործի ճիշտ լուծման համար: Մասնավորապես, Բանկի Սևանի մասնաճյուղի կառավարչի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Գ-39 վարկային պայմանագրով պարտավորությունները 12.06.2008 թվականի դրությամբ մարված են: Տեղեկանքը տրվել է ներկայացնելու ՀՀ ԿԱ անշարժ գույքի պետական կոմիտեի Սևանի տարածքային ստորաբաժանում` բնակարանը կալանքից հանելու համար: Նույն տարածքային ստորաբաժանման կողմից 07.09.2011 թվականի գրությամբ նշվել է, որ 27.04.2007 թվականի թիվ Գ-39 կնքված Բանկի գրավի իրավունքը դադարել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Բանկի և Համբարձում Բեգլարյանի միջև 27.04.2007 թվականին կնքված թիվ Գ-39 վարկային պայմանագրով վերջինիս տրամադրվել է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վարկ` մինչև 27.04.2009 թվականը մարման ժամկետով, տարեկան 20% տոկոսադրույքով, իսկ նախատեսված ժամկետում վարկը չմարելու դեպքում, ժամկետանց վարկի նկատմամբ մինչև դրա ամբողջական մարումը սահմանվել է տարեկան 54% տոկոսադրույք, հաշվարկված տոկոսը պայմանագրով սահմանված ժամկետում չմարելու համար սահմանվել է տույժ` յուրաքանչյուր ուշացած օրվա համար ժամկետանց տոկոսագումարի 0,2%-ի չափով (գ.թ. 11-15):
2. Համաձայն 27.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի բնակարանի հիփոթեքի թիվ Գ-39 պայմանագրի՝ որպես Համբարձում Բեգլարյանի վարկային պարտավորության կատարման ապահովման միջոց գրավադրվել է համասեփականության իրավունքով պատկանող Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղամավան հասցեում գտնվող 72,15 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (գ.թ. 7-10):
3. Բանկի և Արմեն Գրիգորյանի միջև 27.04.2007 թվականին կնքված թիվ Գ-39 երաշխավորության պայմանագրի համաձայն՝ Արմեն Գրիգորյանը համապարտ պատասխանատվություն է ստանձնել Բանկի և Համբարձում Բեգլարյանի միջև 27.04.2007 թվականին կնքված թիվ Գ-39 վարկային պայմանագրով Բանկից Համբարձում Բեգլարյանի ստացած 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով ընդհանուր պարտքը չվերադարձնելու դեպքում (գ.թ. 16-18):
4. Դատարանը գործը քննել է Համբարձում Բեգլարյանի բացակայությամբ մեկ նիստով, առանց նախնական դատական նիստ հրավիրելու, որից հետո հրապարակվել է Դատարանի վճիռը: Դատաքննության ժամանակ Արմեն Գրիգորյանը Դատարանին հայտնել է, որ վարկային պարտավորությունը Համբարձում Բեգլարյանի կողմից մարված է, գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը հանված է արգելանքից և գրավադրված է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում (գ.թ. 57-59):
5. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սևան տարածքային ստորաբաժանման ղեկավարի 07.09.2011 թվականի թիվ Ե-828 գրության համաձայն` 27.04.2007 թվականի թիվ Գ-39 կնքված Բանկի գրավի իրավունքը դադարել է, որի մասին վկայում է 12.06.2008 թվականին Բանկի կողմից տրված տեղեկանքը այն մասին, որ Համբարձում Բեգլարյանի Գ-39 վարկային պայմանագրով պարտավորությունները 12.06.2008 թվականի դրությամբ մարված են:
Միաժամանակ նշվել է, որ 72,15 քմ մակերեսով անշարժ գույքը հանդիսանում է «Միջազգային Բիզնես Կենտրոն» Հ/Ձ ՓԲԸ-ի սեփականությունը (գ.թ. 105):
6. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի կառավարիչ Ա. Առաքելյանի 12.06.2008 թվականի տեղեկանքի համաձայն` 12.06.2008 թվականի դրությամբ Համբարձում Բեգլարյանը թիվ Գ-39 վարկային պայմանագրով պարտավորությունները մարել է: Տեղեկանքը տրվել է ներկայացնելու ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սևան տարածքային ստորաբաժանում` գրավադրված գույքը` բնակարանը, կալանքից հանելու համար (գ.թ. 106):
7. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի կառավարիչ Ա. Առաքելյանի 12.06.2008 թվականի տեղեկանքի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սևան տարածքային ստորաբաժանման ղեկավարի 07.09.2011 թվականի թիվ Ե-828 գրության պատճենները Արմեն Գրիգորյանի կողմից Վերաքննիչ դատարան են ներկայացվել 13.09.2011 թվականին (գ.թ. 104-106):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տես՝ Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի` նոտարական վավերացում չստացած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և գնած անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը)։
⚖ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին։ Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար։
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու չէ նոր ապացույց ընդունել, բացառությամբ այն դեպքի, երբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ կողմերի կողմից ներկայացված նոր ապացույցը չի ներկայացվել նրանց կամքից անկախ հանգամանքներով։ Ընդ որում, ապացույցը պետք է էական նշանակություն ունենա գործի լուծման համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով նոր ապացույցը պետք է օբյեկտիվորեն առկա լինի, սակայն կողմերի կամքից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացվի (տես՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Պապյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0049/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ եթե ապացույցը առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու համար արգելքներ չեն եղել, ապա այն վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել և վճռի բեկանման հիմքում դրվել չի կարող: Կողմերի կամքից անկախ ապացույցը չներկայացնելը կարող է պայմանավորված լինել օբյեկտիվ հանգամանքներով, որի արդյունքում կողմը չի կարողացել ձեռք բերել և ներկայացնել այն առաջին ատյանի դատարանում կամ դատարանի այնպիսի գործողություններով, որոնցով վերջինս անհիմն մերժել է ապացույցի կցումը գործի նյութերին կամ այն ձեռք բերելու վերաբերյալ կողմի միջնորդությունը կամ դատավարական իրավունքների խախտման պայմաններում կողմը հնարավորություն չի ունեցել դատարան ներկայացնել այդ ապացույցը:
Սույն գործով վերաքննիչ բողոքին կից որպես ապացույց ներկայացվել են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի կառավարիչ Ա. Առաքելյանի 12.06.2008 թվականի տեղեկանքի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սևան տարածքային ստորաբաժանման ղեկավարի 07.09.2011 թվականի թիվ Ե-828 գրության պատճենները, որոնցով հաստատվում է, որ Համբարձում Բեգլարյանը թիվ Գ-39 վարկային պայմանագրով Բանկի հանդեպ ունեցած իր պարտավորություններն ամբողջությամբ մարել է, որի արդյունքում գրավադրված գույքը դուրս է եկել արգելանքից: Արմեն Գրիգորյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ հնարավորություն չի ունեցել իր կողմից վկայակոչված փաստերն ապացուցելու գրավոր փաստաթղթերով, քանի որ Համբարձում Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան կադաստրային գործը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սևան տարածքային ստորաբաժանումից քրեական գործի շրջանակներում առգրավվել է, հետևաբար կադաստրային գործի տվյալները հանդիսացել են նախաքննական գաղտնիք: Նշված ապացույցը, ըստ բողոք բերած անձի, Դատարան չի ներկայացվել իր կամքից անկախ հանգամանքներով` պատճառաբանելով, որ այն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սևան տարածքային ստորաբաժանման կողմից ստացվել է Դատարանի վճիռը հրապարակվելուց հետո։
Վերաքննիչ դատարանը չի ընդունել նոր ապացույցը` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով։
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցները չեն ներկայացվել Արմեն Գրիգորյանի կամքից անկախ պատճառներով, քանի որ վերջինս մեկ դատական նիստի պայմաններում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իր փաստարկները հիմնավորող ապացույցներ:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը գործը պետք է քններ գործը դատաքննության նախապատրաստելու փուլով հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498 -րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները (տես` Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի` հաշվառումից հանելու և առանց փոխհատուցման ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու պահանջների մասին թիվ ԵԷԴ/1637/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի դատաքննության նախապատրաստումը սույն գործով անհրաժեշտ էր Արմեն Գրիգորյանին իր առարկությունները հիմնավորող ապացույցներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված իրավահավասարության սկզբունքը սերտորեն կապված է մրցակցության սկզբունքի հետ և միայն դրա իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը: Քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես` Անկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշման 38–րդ կետ, Դոմբո Բեհեր Բ.Վ. ընդդեմ Նիդեռլանդների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.10.1993 թվականի որոշման 33-րդ կետ, JURIČIĆ v. CROATIA գործով Եվրոպական դատարանի 26.07.2011 թվականի վճիռը, կետ 72):
Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման մասին վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում՝ գործում առկա ապացույցները և վերաքննիչ բողոքի նյութական իրավունքի խախտման հիմքերը Վերաքննիչ դատարանում քննության առարկա չդարձվելու պատճառով։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|