Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1015
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.21/16(890) Հոդ.248
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 մարտի 2012 թ.
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի փետրվարի 24-ին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2012թ. մարտի 1-ի թիվ 8 արձանագրային որոշմամբ հավանություն է տվել փոխառության համաձայնագրին:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասերն են թվով 3 լրացումները, ինչպես նաև մեկ հավելված, որոնցում համապատասխանաբար ներկայացված են փոխառության միջոցների հաշվին իրականացվելիք ծրագրի նկարագրությունը (այսուհետ՝ Ծրագիր), դրա իրականացումը, փոխառության հիմնական գումարի մարման ժամանակացույցը, ինչպես նաև համաձայնագրում օգտագործված սահմանումները:

Համաձայնագրի նպատակն է օժանդակել «Հայջրմուղկոյուղու» սպասարկման ընտրված տարածքներում ջրամատակարարման որակի և առկայության բարելավումը, մասնավորապես՝ Մասիս, Էջմիածին և Աշտարակ քաղաքների և դրանց հարևանությամբ գտնվող բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքների նախագծում և վերահսկողություն, առևտրային կորուստների կրճատման նպատակով ջրաչափերի փոխարինում և ջրաչափերի խցիկների տեղադրում, պոմպակայանների և ջրամբարների ավտոմատացում և այլն (համաձայնագրի 1-ին լրացում):

Վերոհիշյալ նպատակներով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ՝ Բանկ) Հայաստանի Հանրապետությանն է (այսուհետ՝ Փոխառու) տրամադրում տասնհինգ միլիոն դոլար գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի՝ համաձայնագրի 2.07-րդ բաժնի դրույթների համաձայն: Փոխառության միջոցների առհանման կարգը նախատեսված է համաձայնագրի 2-րդ լրացման 4-րդ բաժնում:

Փոխառուի կողմից վճարման ենթակա սկզբնական վճարը հավասար է փոխառության գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%):

Ըստ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.04-րդ կետի` Փոխառուի կողմից տոկոսի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսը պետք է հավասար լինի փոխառության արժույթի համար սահմանված Կողմնորոշիչ դրույքաչափին՝ ավելացրած փոփոխական տարբերությունը (variable spread)՝ պայմանով, որ փոխառության ողջ գումարի կամ դրա մի մասի փոխարկման դեպքում Փոխառուի կողմից փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսը պետք է որոշվի «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառությունների ընդհանուր պայմանների» (հաստատված՝ 2010թ. հուլիսի 21-ին) (այսուհետ՝ Ընդհանուր պայմաններ) դրույթների 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Ընդ որում, եթե փոխառության առհանված մնացորդի որևէ գումար ժամանակին չի վճարվում, ապա Փոխառուի կողմից վճարման ենթակա տոկոսը հաշվարկվում է Ընդհանուր պայմանների 3.02-րդ բաժնի «ե» կետում սահմանված կարգով:

Ըստ համաձայնագրի վերոհիշյալ հոդվածի 2.05-րդ և 2.06-րդ կետերի` վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը, իսկ փոխառության հիմնական գումարի մարումը պետք է իրականացվի համաձայնագրի 3-րդ լրացմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Համաձայնագրի 2-րդ լրացման 1-ին բաժնի «Ա» մասի 3-րդ կետի «բ» ենթակետի, 4-րդ բաժնի «Ա» մասի աղյուսակի 1-ին կետի համաձայն համապատասխանաբար նախատեսվում է, որ Փոխառուն նախատեսի իր տարեկան բյուջեում Ծրագրի իրականացման գրասենյակի այն ֆինանսական պահանջները, որոնք հնարավոր չէ ապահովել այդ գրասենյակի հավաքագրած եկամուտներից, և, որ փոխառության միջոցներից կարող են ֆինանսավորվել ծրագրի 1-ին մասի շրջանակներում նախատեսվող ապրանքների, աշխատանքների, ոչ խորհրդատվական ծառայությունների, խորհրդատվական ծառայությունների և Ծրագրի գործառնական ծախսերի 83%-ը, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է համաֆինանսավորել վերոնշյալ ծախսերի 17%-ը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ գործում առկա տեղեկանքի համաձայն Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրով ստանձնում է ֆինանսական այլ պարտավորություններ:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև հետևյալ հիմնական պարտավորությունները.

- փոխառության հիմնական գումարի վճարումն իրականացնել համաձայնագրում ներկայացված մարման ժամանակացույցին համապատասխան,

- Ծրագիրն իրականացնել Ծրագրի իրականացման գրասենյակի միջոցով՝ «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառությունների ընդհանուր պայմանների» 5-րդ հոդվածի և համաձայնագրի հավելվածը կազմող Ծրագրի, ինչպես նաև համաձայնագրի 2-րդ հավելվածի դրույթներին համապատասխան,

- ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացման գրասենյակն իր գործառույթներն իրականացնի այնպես, որ պաշտպանված լինեն Բանկի և Փոխառուի շահերը, տրվեն բոլոր այն արտոնագրերն ու թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են կառավարման միջազգային կապալառուին՝ պայմանագրային գործունեություն իրականացնելու համար, ինչպես նաև, որպեսզի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագների չափի կամ կառուցվածքի բոլոր փոփոխություններն իրականացվեն պետական քաղաքականության և իրավական պահանջներին համապատասխան,

- կառավարման կապալառուի հետ տարեկան կտրվածքով ուսումնասիրել Ծրագրի իրականացման գրասենյակի ֆինանսական վիճակը, ներառյալ եկամուտներն ու ծախսերը նախորդող և հաջորդող կիսամյակների համար, նախատեսված ֆինանսական կատարողականը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, ներառյալ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով սակագների բարձրացումը, ինչպես նաև հարկերի հավաքագրման բարելավումն ապահովելու նպատակով,

- փոխառության միջոցները հասանելի դարձնել Ծրագրի իրականացման գրասենյակի համար՝ այն պայմաններով, որոնք նախատեսված են Փոխառուի և Ծրագրի իրականացման գրասենյակի միջև կնքված օժանդակ համաձայնագրով (այսուհետ՝ Օժանդակ համաձայնագիր) և հաստատված՝ Բանկի կողմից,

- օժանդակ համաձայնագրով ստանձնած պարտավորություններն իրականացնել այնպես, որ պաշտպանվեն Փոխառուի և Բանկի շահերը, իրականացվեն փոխառության նպատակները, չփոխանցվի, չփոփոխվի կամ չեղյալ չհամարվի Օժանդակ համաձայնագիրը կամ դրա որևէ դրույթ,

- ապահովել, որ Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան (համաձայնագրի 2-րդ լրացման 1-ին բաժնի մաս «Գ», համաձայնագրի հավելվածի 1-ին կետ),

- Ծրագրի բոլոր միջոցառումների նկատմամբ կիրառել Ծրագրի համար մշակված՝ «Շրջակա միջավայրի կառավարման շրջանակի» չափորոշիչները, քաղաքականությունը, ընթացակարգերն ու մեխանիզմները (համաձայնագրի հավելվածի 10-րդ կետ),

- ապահովել, որպեսզի ընտրված ներդրումները բավարարեն Ընդլայնված կառավարման պայմանագրում սահմանված չափորոշիչները (համաձայնագրի հավելվածի 8-րդ կետ),

- մոնիտորինգի (մշտադիտարկման) ենթարկել և գնահատել Ծրագրի առաջընթացը և պատրաստել հաշվետվություններ՝ Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի դրույթներին (համաձայնագրի հավելվածի 12-րդ կետ) համապատասխան և Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա,

- վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ՝ Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթներին (համաձայնագրի հավելվածի 12-րդ կետ) համապատասխան,

- պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում Բանկ ներկայացնել միջանկյալ, աուդիտ չանցած ֆինանսական հաշվետվություններ՝ Բանկի պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ,

- աուդիտի (հաշվեքննության) ենթարկել ֆինանսական հաշվետվությունները` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի «բ» կետի դրույթների համաձայն,

- ապահովել, որ բացառությամբ Բանկի հետ համաձայնեցված դեպքերի, Ծրագրի իրականացման գրասենյակը չստանձնի պարտքեր, քանի դեռ այդ պարտքի գոյացմանն անմիջապես նախորդող ֆինանսական տարվա ընթացքում կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում Ծրագրի իրականացման գրասենյակի զուտ եկամուտներն առնվազն 1,2 անգամ չեն գերազանցել ֆինանսական տարվա պարտքի սպասարկման համար պահանջվող առավելագույն գումարը՝ ներառյալ վերցվելիք պարտքերը (համաձայնագրի 2-րդ լրացման 2-րդ բաժնի մաս «Բ», 4-րդ կետ),

- Ծրագրի համար պահանջվող և փոխառության միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները գնել Գնումների ուղեցույցի (համաձայնագրի հավելվածի 15-րդ կետ) 1-ին բաժնում սահմանված կամ նշված պահանջների և համաձայնագրի 3-րդ բաժնի դրույթների համաձայն:

3. Համաձայնագրի 5-րդ հոդվածում նախատեսված են համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու վավերապայմաններ: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուրքսաներորդ (120-րդ) օրն է:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:

5. Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ, համաձայն ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացված բացատրության` Հայաստանի Հանրապետության համայնքներում վերոհիշյալ բնագավառում իրականացվել են աշխատանքներ, որոնք միտված են եղել.

- ջրամատակարարման համակարգերի բարելավմանը, վերականգնմանը, նոր ջրագծերի կառուցմանը,

- ջրամատակարարման համակարգի շահագործման համար անհրաժեշտ սարքավորումներով վերազինմանը և էլեկտրաէներգիայի ծախսի կրճատմանը,

- խմելու ջրի նկատմամբ բնակչության աճող պահանջների բավարարմանը, ջրի օգտագործման հաշվառման կազմակերպմանը և ջրամատակարարման միջին տևողության երկարացմանը,

- ջրամատակարարման համակարգի ֆինանսական վիճակի առողջացմանը և մասնավոր ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծմանը և այլն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման ծրագրի նախորդ փուլերում վարկային միջոցների օգտագործման արդյունավետության և նոր ֆինանսական պարտավորությունների ստանձնման նպատակահարմարությունը գնահատելիս՝ փոխառության սույն համաձայնագրի վավերացման փուլում անհրաժեշտ է արդեն իսկ ստանձնած պարտավորությունների (վերոհիշյալ աշխատանքների) կատարման արդյունավետության գնահատումը, որը, ՀՀ Սահմանադրության 77-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային ժողովի իրավասության խնդիրն է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

13 մարտի 2012 թ.
ՍԴՈ-1015

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան