Գլխավոր տեղեկություն
Համար
N 1555-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (23.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.30
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1555-Ն

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները և չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.

2) գիտական կենտրոնների ձևավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1555-Ն որոշման

 

Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր  Ե Վ  Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Գիտական կենտրոնների ձևավորման սույն սկզբունքները և չափանիշները մշակվել են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները:

2. Գիտական կենտրոնների ստեղծման նպատակն է գիտական կազմակերպությունների կողմից իրականացվող հիմնարար, կիրառական հետազոտությունների ու մշակումների արդյունավետության բարձրացումը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը:

3. Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքներն են`

1) գիտական հետազոտությունների ուղղությունների ընդհանրությունը.

2) նյութատեխնիկական բազայի, ենթակառուցվածքների և տարածքների համատեղ օգտագործումը.

3) գիտական ներուժի և վարչասպասարկող անձնակազմի օպտիմալացումը.

4) գիտական ներուժի արդյունավետ, նպատակային վերարտադրությունը.

4.1) միջազգային մակարդակին համապատասխանող հետազոտություններ կատարելու կարողությունը.

5) կառավարման համակարգում ժամանակակից մենեջմենթի ներդրումը.

6) ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը:

(3-րդ կետը խմբ., լրաց. 02.02.12 N 133-Ն)

4. Գիտական կենտրոնների ձևավորման չափանիշներն են`

1) գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի գիտական հետազոտությունների առնվազն երկու ուղղություններով միջազգային ճանաչման արժանացած արդյունքների առկայությունը.

2) գիտական հետազոտությունների և մշակումների բարձր մակարդակը, այդ թվում` վերջին հինգ տարվա ընթացքում միջազգային առաջատար հղման համակարգերում ընդգրկված ամսագրերում և գիտաժողովների նյութերում հրապարակված գիտական աշխատությունների տարեկան ընդհանուր քանակը և մեկ գիտական աշխատողի հաշվով տարեկան քանակը.

3) բարձր որակավորում ունեցող գիտական ներուժի և մասնագետների առկայությունը, այդ թվում` գիտական աշխատողների մասնաբաժինը, գիտական աշխատողների մեջ գիտական աստիճան ունեցողների մասնաբաժինը` առնվազն 50 տոկոս, գիտական աշխատողների տարիքային կազմը, կադրային ներուժի բաշխումն ըստ աշխատանքների տեսակների և հետազոտությունների բնագավառների.

4) համապատասխան նյութատեխնիկական բազայի, ենթակառուցվածքների և տարածքների առկայությունը, այդ թվում` սարքերի և սարքավորումների համապատասխանությունը ժամանակակից տեխնիկական պահանջներին` մինչև տասը տարվա արտադրության սարքերի և սարքավորումների մասնաբաժինը` առնվազն 50 տոկոս, սարքերի և սարքավորումների արդիականացման հնարավորությունը.

5) մտավոր սեփականության օբյեկտների առկայությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում գրանցված գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների արտոնագրերի քանակը.

6) տեղեկատվական և տեխնոլոգիական միջոցների բնութագիրը, այդ թվում` համակարգչային զինվածության աստիճանը` ժամանակակից համակարգիչների և գիտական աշխատողների թվի հարաբերակցությունը` առնվազն 1:1, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունը.

7) բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի պատրաստման հնարավորությունը, այդ թվում` մասնագետների պատրաստման համար համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունը, ասպիրանտուրայի և (կամ) կադրերի պատրաստման այլ ձևերի առկայությունը, այդ թվում` նաև միջազգային համագործակցության շրջանակում, վերջին 5 տարվա ընթացքում կադրերի պատրաստման քանակական և որակական ցուցանիշները.

8) միջազգային համագործակցության արդյունավետությունը, այդ թվում` գործող պայմանագրերի, համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի քանակը, միջազգային համագործակցության ծրագրերում ընդգրկված գիտական աշխատողների և մասնագետների մասնաբաժինը, վերջին հինգ տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների մասնագետների հետ համահեղինակությամբ հրապարակված գիտական աշխատությունների տարեկան քանակը.

9) գիտական արդյունքների ներդրման փորձի առկայությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների բնագավառներում, այդ թվում` վերջին տասը տարվա ընթացքում ներդրված տեխնոլոգիաների քանակը, վերջին հինգ տարվա ընթացքում կատարված կիրառական հետազոտությունների ծրագրերի և թեմաների քանակը:

(4-րդ կետը խմբ. 02.02.12 N 133-Ն)

5. Նշված չափանիշները կողմնորոշիչ են գիտական կենտրոնների ձևավորման գործընթացում:

6. Գիտական կենտրոն կարող են ձևավորել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի գիտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտաարտադրական միավորումներ և գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ:

(հավելվածը խմբ., լրաց. 02.02.12 N 133-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1555-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գիտական կենտրոններ ձևավորելու կարգը:

2. Գիտական կենտրոններ ձևավորելու գործընթացը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահը ձևավորում է իր նախագահությամբ և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), հաստատում դրա աշխատակարգը և անհատական կազմը:

(2-րդ կետը խմբ. 02.02.12 N 133-Ն)

3. Կոմիտեի նախագահը հաստատում է գիտական կենտրոնի ձևավորման հայտի ձևը (այսուհետ` հայտ):

(3-րդ կետը փոփ. 02.02.12 N 133-Ն)

3.1. Հայտը պետք է պարունակի տեղեկություններ`

1) գիտական կենտրոնների ձևավորման չափանիշների առկայության վերաբերյալ.

2) գիտական կենտրոնի ձևավորման հիմնավորման, այդ թվում` հետազոտությունների նպատակների և խնդիրների, ակնկալվող արդյունքների, արդիականության, գիտական և գիտատեխնիկական տվյալ բնագավառի և (կամ) հարակից բնագավառների վրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև հետազոտությունների իրականացման համար առկա և անհրաժեշտ կադրային ներուժի, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի և ֆինանսական ծավալների մասին.

3) գիտական կենտրոնում ընդգրկվելիք աշխատողների հաստիքացուցակի և գիտական ձեռքբերումների վերաբերյալ, այդ թվում` գիտական ծրագրի ղեկավարի որակավորման տվյալները.

4) գիտական կենտրոնի ֆինանսական նախահաշվի և դրա մեկնաբանության մասին.

5) գիտական կենտրոնի զարգացման հնգամյա ծրագրի, դրա իրականացման աշխատանքային պլանի և հաջողության գնահատման ընթացիկ (տարեկան) չափանիշների վերաբերյալ:

(3.1-ին կետը լրաց. 02.02.12 N 133-Ն)

4. Հայտը կոմիտե է ներկայացվում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև բուհերի, գիտաարտադրական միավորումների և գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից:

4.1. Կոմիտեն կազմակերպում է հայտերի գիտական փորձաքննություն` գիտական անկախ փորձաքննություն իրականացնող փորձագետների միջոցով: Յուրաքանչյուր հայտ գիտական փորձաքննության է ենթարկվում գիտական և գիտատեխնիկական ծրագրերի և թեմաների ղեկավարման փորձ ունեցող ու գրախոսվող ամսագրերում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք գիտական աշխատություն հրատարակած երեք փորձագետների կողմից: Կոմիտեն` կոմիտեի նախագահի կողմից հաստատված կարգով ստեղծված և վարվող գիտական անկախ փորձաքննություն իրականացնող փորձագետների շտեմարանում ընդգրկված գիտնականներից կազմում է փորձագետների ցանկ, որը հաստատվում է հանձնաժողովի կողմից։ Յուրաքանչյուր ներկայացված հայտ տրամադրվում է գիտական փորձաքննության` հայտը կոմիտե մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Փորձագետները երեսուն օրվա ընթացքում փորձաքննության են ենթարկում ներկայացված հայտը, գնահատում գիտական ծրագիրը և հայտով նախատեսված գիտական կենտրոնի ձևավորման նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում կոմիտե։ Հայտը և դրա վերաբերյալ ստացված փորձագիտական եզրակացությունները կոմիտեի կողմից տրամադրվում են հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ։

(4.1-ին կետը լրաց. 02.02.12 N 133-Ն)

5. Հանձնաժողովը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող տասն օրվա ընթացքում քննարկում է հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան քառասունհինգ օր առաջ կոմիտե մուտքագրված հայտը և, հիմք ընդունելով հայտի գիտական փորձաքննության արդյունքները և գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքներն ու չափանիշները, տալիս է գիտական կենտրոն ձևավորելու նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն: Կոմիտեն հանձնաժողովի եզրակացությունը տրամադրում է հայտը ներկայացրած գիտական ծրագրի ղեկավարին` հանձնաժողովի նիստի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը խմբ. 02.02.12 N 133-Ն)

5.1. Հայտը մերժվում է հանձնաժողովի` գիտական կենտրոնի ձևավորման ոչ նպատակահարմարության վերաբերյալ եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկվել կոմիտեում` գիտական ծրագրի ղեկավարի կողմից` վերջինիս տեղեկացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Կոմիտեն բողոքարկման դիմումը կոմիտե մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է հայտի կրկնակի քննարկում հանձնաժողովում` գիտական ծրագրի ղեկավարի և հայտի փորձագետների մասնակցությամբ: Կրկնակի քննարկման հիման վրա հանձնաժողովը տալիս է եզրակացություն:

(5.1-ին կետը լրաց. 02.02.12 N 133-Ն)

6. Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կոմիտեն գիտական կենտրոն ձևավորելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական կենտրոնի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով գիտության ծախսերի համար նախատեսված ընդհանուր հատկացումների սահմաններում:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 02.02.12 N 133-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան