Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-1-Ո-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.29/11(885) Հոդ.168
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.02.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  ԱԽ-1-Ո-3

 2012 թ.


ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,

Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Վ. Խալաթյանի

 

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2012 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Վ. Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 28.12.2011թ. թիվ N-Կ-2-13/2011թ. որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Խալաթյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 27.12.2011թ. թիվ Ե-7628 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.10.2010թ. դատավճռով Գրիշա Արտակի Աբգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 600.000 ՀՀ դրամ տուգանքի:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.12.2010թ. որոշմամբ տուգանքի ձևով նշանակված պատիժը փոխարինվել է հանրային աշխատանքներով:

Դրանից հետո Գրիշա Աբգարյանը նոր հանցանք է կատարել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, և 08.04.2011թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշված քրեական գործով դատաքննության ընթացքում ամբաստանյալ Գրիշա Աբգարյանի և նրա պաշտպան Արսեն Սարգսյանի կողմից ինչպես քննվող գործով, այնպես էլ վերը նշված օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտով նշանակված պատժի մասով համաներում կիրառելու միջնորդություն է ներկայացվել:

Համաներման կիրառման համար որևէ սահմանափակում չարձանագրելով` 20.06.2011թ. որոշմամբ Դատարանը Գրիշա Աբգարյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառմամբ կարճել է թիվ ԱՐԴ/0073/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով գործի մասը և դադարեցրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Նույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ (փաստացի կիրառվել է 3-րդ ենթակետը) Դատարանը նրան ազատել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.10.2010թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի ձևով նշանակված և ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.12.2010թ. որոշմամբ հանրային աշխատանքներով փոխարինված պատժից:

Դատարանի 20.06.2011թ. որոշման դեմ 30.12.2011թ. վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրողը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Համաներման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը որոշել է պատժից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

Համաներման ակտի 13-րդ կետի 5-ի «ա» ենթակետի համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց նկատմամբ, երբ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, համաներում կիրառելու իրավասությունը վերապահված է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին:

Այսպիսով, Դատարանը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձին ազատել է պատժից` չունենալով նման լիազորություն:

 Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը, կիրառելով Համաներման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետը, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

 Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Խալաթյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Որոշման հիմնավորումները և եզրահանգումները ընդունում եմ ամբողջովին: Սակայն, միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ թույլ տրված սխալը հետևանք է որոշման կայացման ժամանակահատվածում առկա ծանրաբեռնվածության և իմ կողմից անուշադիր լինելու: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ մինչ իմ կողմից Գ. Աբգարյանի վերաբերյալ որոշում կայացնելը, խնդրո առարկայի վերաբերյալ, չանտեսելով համապատասխան մարմնի` ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի ստորաբաժանման ղեկավարի կարծիքը, հանգել եմ ոչ ճիշտ հետևության: Գիտակցում եմ իմ կողմից թույլ տրված սխալը և խնդրում եմ ներողամիտ լինել»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.10.2010թ. դատավճռով Գրիշա Արտակի Աբգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 600.000 ՀՀ դրամ տուգանքի: Դատարանի 13.12.2010թ. որոշմամբ տուգանքի ձևով նշանակված պատիժը փոխարինվել է հանրային աշխատանքներով:

2) Դրանից հետո կատարած հանցանքի համար Գրիշա Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով:

3) Դատարանը Գրիշա Աբգարյանի նկատմամբ Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառմամբ կարճել է թիվ ԱՐԴ/0073/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով գործի մասը և դադարեցրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Նույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Դատարանը նրան ազատել է նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.10.2010թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի ձևով նշանակված և ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.12.2010թ. որոշմամբ հանրային աշխատանքներով փոխարինված պատժից:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պատժից ենթակա են ազատման այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է:

Համաներման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ պատժից ենթակա են ազատման այն անձինք, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

Համաներման ակտի 13-րդ կետի 5 «ա» ենթակետի համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց նկատմամբ, երբ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, համաներում կիրառելու իրավասությունը վերապահված է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին:

Համաներման կիրառման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման մեջ, որի 16-րդ կետում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն»:

 ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:

Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը:

Նշված հարցին անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր 2008 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-766 որոշմամբ` նշելով, որ «...պետական իշխանությունը հանդես է գալիս որպես պետականորեն կազմակերպված ժողովրդի հանրային իշխանության ձև, որն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Այդ բաժանումն իրականացվում է իշխանության գործառնական բնույթից ելնելով, որին համապատասխան ձևավորվում են անհրաժեշտ կառուցակարգեր՝ համապատասխան մարմիններ, որոնք սահմանադրորեն օժտվում են համարժեք լիազորություններով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը Գրիշա Աբգարյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.10.2010թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի ձևով նշանակված և ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.12.2010թ. որոշմամբ հանրային աշխատանքներով փոխարինված պատժից ազատել է Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ:

Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 1-ին և 13-րդ կետերի լույսի ներքո՝ Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Վ. Խալաթյանը խախտել է համաներում կիրառելու կարգը: Դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ Գրիշա Աբգարյանն ունեցել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված` ազատությունից զրկելու հետ չկապված և դեռևս չկրած պատիժ: Իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց նկատմամբ, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, համաներում կիրառելու իրավասությունը, համաձայն 13-րդ կետի 5 «ա» ենթակետի, վերապահված է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանմանը: Հետևաբար, Դատարանն իրավասու չէր 20.06.2011թ. որոշմամբ անդրադառնալու Համաներման կիրառմամբ այդ պատժից ազատելու հարցին:

Խորհուրդը նաև արձանագրում է, որ Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը, որը կիրառվել է Դատարանի կողմից, վերաբերում է այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է: Հետևաբար, Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը Գրիշա Աբգարյանի նկատմամբ կիրառելի չէր: Այն անձանց պատժից ազատելու իրավական հիմքը, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, նախատեսված է Համաներման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետով:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտավ, որ Դատարանը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձին ազատել է պատժից` չունենալով նման լիազորություն:

Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ Դատարանը Գրիշա Աբգարյանի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և նրան ազատել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.10.2010թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի ձևով նշանակված և ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 13.12.2010թ. օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հանրային աշխատանքներով փոխարինված պատժից, որի իրավունքը չուներ:

Միևնույն ժամանակ Խորհուրդը փաստում է, որ Գրիշա Աբգարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի է եղել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Խալաթյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Խալաթյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մակյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան