ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0653/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0653/02/09 |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ՝ Տ. Սահակյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
|
Տ. Պետրոսյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ Վարդան Բարսեղյանի դիմումի` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի վճիռը պարզաբանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վարդան Բարսեղյանը պահանջել է պարզաբանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի վճիռը, այն է` եզրափակիչ մասում նշել, որ անվավեր է ճանաչվել Վլադիմիր Բարսեղյանի անվամբ Մալաթիա թիվ 90 հասցեում ներառված Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրության նկատմամբ գրանցումը, որը վերաբերել է այդ հասցեի, ըստ հատակագծի՝ թիվ 13. 22 քմ, թիվ 17. 18,8 քմ, թիվ 16. 17 քմ, թիվ 14. 8,4 քմ և թիվ 15. 4,4 քմ մակերեսներով շինություններին և դրանցով զբաղեցված հողամասին:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 14.04.2011 թվականի «Վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ դիմումը բավարարվել է: Որոշվել է տալ վճռի պարզաբանում, այն է՝ ԵՄԴ/0653/02/09 վճռով դատարանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Բարսեղյանի անվամբ Մալաթիա թիվ 90 հասցեում ներառված Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրության նկատմամբ կատարված գրանցումը, որը վերաբերել է այդ հասցեի, ըստ հատակագծի՝ թիվ 13. 22 քմ, թիվ 17. 18,8 քմ, թիվ 16. 17 քմ, թիվ 14. 8,4 քմ և թիվ 15. 4,4 քմ մակերեսներով շինություններին և դրանց տակ գտնվող հողամասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2011 թվականի որոշմամբ Վլադիմիր Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, այն է՝ բեկանվել է Դատարանի 14.04.2011 թվականի որոշումը, և Վարդան Բարսեղյանի դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Բարսեղյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 143-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործով վեճը վերաբերել է Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրությունում գտնվող շինություններին, որն էլ քննել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, և արդյունքում արձանագրել է նշված հասցեի շինությունների նկատմամբ իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ լինելը: Իսկ վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ Դատարանն անդրադարձել է բացառապես այդ շինություններին: Այսինքն՝ ըստ քառակուսի մետրերի նշել է, թե որոնք են այն շինությունները, որոնց նկատմամբ անվավեր է ճանաչվել Վլադիմիր Բարսեղյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճռի պարզաբանման դեպքում ապացույցների գնահատում տեղի չի ունենում, քանի որ գործն ըստ էության լուծող դատական ակտով արդեն իսկ տեղի է ունեցել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում և գնահատում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.04.2011 թվականի որոշմանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի թիվ ԵՄԴ/0653/02/09 վճռով Վարդան Բարսեղյանի հայցը բավարարվել է, այն է՝ անվավեր է ճանաչվել Մալաթիա թիվ 88 հասցեում գտնվող տնատիրության նկատմամբ Վլադիմիր Բարսեղյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Վարդան Բարսեղյանի սեփականության իրավունքը Մալաթիա թիվ 88 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ, իսկ Վլադիմիր Բարսեղյանի հակընդդեմ հայցը մերժվել է:
2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2010 թվականի որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի թիվ ԵՄԴ/0653/02/09 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված վճռով հաստատված են համարվել հետևյալ հանգամանքները`
1. Հայցվորի հայրը և պատասխանողը եղել են բռնադատված Սարգիս Բարսեղյանի զավակները, նրա ընտանիքի անդամները, որոնց բնակարան և հող է հատկացվել Երևանի Շահումյան 68 հասցեում: Հոր բռնադատվելուց հետո ընտանիքի անդամները շարունակել են բնակվել նշված տանը:
2. Աշխատավորների դեպուտատների Երևանի Շահումյանի շրջսովետի գործկոմի 1959 թվականի հուլիսի 25-ին թիվ 13 որոշմամբ հարգվել է Շահումյանի ավանի բնակիչ Վոլոդյա Բարսեղյանի դիմումը վարձակալական հիմունքներով իր զբաղեցրած պետական բնակելի շենքի մեկսենյականոց բնակարանն իրեն վաճառելու մասին, հաստատվել է գնահատող հանձնաժողովի ներկայացված հաշվարկը նշված շենքը 4500 ռուբլի իրական արժեքով և տնամերձ հողամասով ձևակերպել Վոլոդյա Բարսեղյանի անվամբ, որը բաղկացած է մեկ սենյակից՝ 12,25 քմ տարածությամբ, և տնտ. սենյակից՝ 6,75 քմ, և նկուղային հարկ, ընդամենը 19,0 քմ օգտագործելի տարածություն, շենքին կից բանջարանոցը ներառել է նաև շենքի զբաղեցրած տեղը 420,0 քմ տարածությամբ, հատկացնել Վոլոդյա Բարսեղյանին որպես տնամերձ հողամաս:
3. 1960 թվականի հունիսի 30-ին Շահումյան, Մայիսյան թիվ 68 հասցեի նկատմամբ Վոլոդյա Բարսեղյանին տրվել է գույքային թերթ, որի համաձայն հողամասի չափերն են եղել 450,0 քմ, տունը՝ մեկ հարկանի, սենյակը՝ 12,84 քմ, տնտ.սենյակը՝ 7,42 քմ: Շահումյան, Մայիսյան փողոց թիվ 68 հասցեում կատարվել է անօրինական շինարարություն: Օրինականին կից կառուցվել է 15,69 քմ և 2,0x2,60 քմ, իսկ հողամասի հակառակ կողմում՝ 18,76 քմ ու 16,56 քմ շինություններ:
4. Վլադիմիր Բարսեղյանը 1993 թվականի ապրիլի 24-ին, որպես Մալաթիա թիվ 90 տան սեփականատեր համաձայնություն է տվել իր հողամասի մեջ իր եղբոր՝ Ժորա Բարսեղյանի կողմից 1956 թվականին կառուցված տան վրա եղբոր որդու կողմից վերակառուցել երկրորդ հարկ:
5. 1994 թվականի նոյեմբերի 15-ին կազմվել է Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի թիվ 90 տան շինարարական աշխատանքների ավարտման և գույքագրման մասին թիվ 89 ակտը: Նշված ակտի հիման վրա 1994 թվականի նոյեմբերի 15-ին Մալաթիա փողոցի թիվ 90 տան նկատմամբ Վոլոդյա Բարսեղյանին տրվել է սեփականության վկայագիր, որի համաձայն հողամասի մակերեսը կազմել է 450,0 քմ, շինության ընդհանուր մակերեսը՝ 219,6 քմ: Ընդ որում, բացի ակտում նշված 13,6 քմ մակերեսով անօրինական օժանդակ մակերեսից, անօրինական է մնացել նաև 17,0 քմ, 18,8 քմ, 8,6 քմ, 22,0 քմ շինությունները, որոնց վերաբերյալ շինարարական աշխատանքների ավարտման և գույքագրման մասին թիվ 89 ակտում որևէ անդրադարձ չի կատարվել:
6. Վլադիմիր Սարգսի Բարսեղյանի իրավունքները 2009 թվականի հունիսի 11-ին ստացել են պետական գրանցում, և վերջինիս տրվել է թիվ 2620108 սեփականության իրավունքի վկայականը, որում արտացոլվել է նաև եղբոր՝ Ժորա Բարսեղյանի կողմից 1956 թվականին կառուցված տունը, որը բաղկացած էր թիվ 13-22,0 քմ, թիվ 14-8,4 քմ, թիվ 16-17,0 քմ, թիվ 17-18,8 քմ մակերեսներից:
7. Հայցվորի և նրա հոր կողմից ստեղծված կառույցը և հողամասը վերջիններս տիրապետել են բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ` որպես սեփական գույք: Նշված գույքին շնորհված է եղել Մալաթիա 88 հասցեն, ինչը հիմնավորվում է 1998 թվականի դեկտեմբերի 16-ի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կողմից տրված տեղեկանքով, համաձայն որի` Ժորա Բարսեղյանը բնակվում է Մալաթիա 88 տանը, նրա ընտանիքը բաղկացած է երկու շնչից (հատոր 6-րդ, գ.թ. 5-10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը։
Սույն գործով դիմումը բավարարելիս Դատարանը նշել է, որ ԵՄԴ/0653/02/09 վճռով դատարանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Բարսեղյանի անվամբ Մալաթիա թիվ 90 հասցեում ներառված Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրության նկատմամբ կատարված գրանցումը, որը վերաբերել է այդ հասցեի, ըստ հատակագծի՝ թիվ 13. 22 քմ, թիվ 17. 18,8 քմ, թիվ 16. 17 քմ, թիվ 14. 8,4 քմ և թիվ 15. 4,4 քմ մակերեսներով շինություններին և դրանց տակ գտնվող հողամասին:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և համապատասխանաբար գնահատել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի վճիռը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2010 թվականի որոշումը և դրանցով հաստատված փաստական հանգամանքները: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵՄԴ/0653/02/09 քաղաքացիական գործն ըստ էության, դատական ակտում չի զետեղել որևէ փաստական հանգամանք և եզրահանգում առ այն, թե իրականում ըստ հատակագծի կոնկրետ ինչ տարածք (շինություններ և դրանցով ծանրաբեռնված հողամաս) է ներառում վիճելի Մալաթիա թիվ 88 հասցեի տնատիրությունը, որի նկատմամբ ճանաչել է հայցվորի սեփականության իրավունքը:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի թիվ ԵՄԴ/0653/02/09 վճռով, որով անվավեր է ճանաչվել Մալաթիա թիվ 88 հասցեում գտնվող տնատիրության նկատմամբ Վլադիմիր Բարսեղյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Վարդան Բարսեղյանի սեփականության իրավունքը Մալաթիա թիվ 88 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ, հաստատված են համարվել հանգամանքներն այն մասին, որ 1960 թվականի հունիսի 30-ին Շահումյան, Մայիսյան թիվ 68 հասցեի նկատմամբ Վոլոդյա Բարսեղյանին տրվել է գույքային թերթ, որի համաձայն հողամասի չափերն են եղել 450,0 քմ, տունը՝ մեկ հարկանի, սենյակը՝ 12,84 քմ, տնտ. սենյակը՝ 7,42 քմ: Հետագայում Շահումյան, Մայիսյան փողոց թիվ 68 հասցեում կատարվել է անօրինական շինարարություն: Օրինականին կից կառուցվել է 15,69 քմ և 2,0x2,60 քմ, իսկ հողամասի հակառակ կողմում՝ 18,76 քմ ու 16,56 քմ շինություններ:
Վլադիմիր Բարսեղյանը 1993 թվականի ապրիլի 24-ին որպես Մալաթիա թիվ 90 տան սեփականատեր համաձայնություն է տվել իր հողամասի մեջ իր եղբոր՝ Ժորա Բարսեղյանի կողմից 1956 թվականին կառուցված տան վրա եղբոր որդու կողմից վերակառուցել երկրորդ հարկ:
1994 թվականի նոյեմբերի 15-ին կազմվել է Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի թիվ 90 տան շինարարական աշխատանքների ավարտման և գույքագրման մասին թիվ 89 ակտը: Նշված ակտի հիման վրա 1994 թվականի նոյեմբերի 15-ին Մալաթիա փողոցի թիվ 90 տան նկատմամբ Վոլոդյա Բարսեղյանին տրվել է սեփականության վկայագիր, որի համաձայն հողամասի մակերեսը կազմել է 450,0 քմ, շինության ընդհանուր մակերեսը՝ 219,6 քմ: Ընդ որում, բացի ակտում նշված 13,6 քմ մակերեսով անօրինական օժանդակ մակերեսից, անօրինական է մնացել նաև 17,0 քմ, 18,8 քմ, 8,6 քմ, 22,0 քմ շինությունները, որոնց վերաբերյալ շինարարական աշխատանքների ավարտման և գույքագրման մասին թիվ 89 ակտում որևէ անդրադարձ չի կատարվել: Վլադիմիր Սարգսի Բարսեղյանի իրավունքները 2009 թվականի հունիսի 11-ին ստացել են պետական գրանցում, և վերջինիս տրվել է թիվ 2620108 սեփականության իրավունքի վկայականը, որում արտացոլվել է նաև եղբոր՝ Ժորա Բարսեղյանի կողմից 1956 թվականին կառուցված տունը, որը բաղկացած էր թիվ 13-22,0 քմ, թիվ 14-8,4 քմ, թիվ 16-17,0 քմ, թիվ 17-18,8 քմ մակերեսներից:
Հայցվորի և նրա հոր կողմից ստեղծված կառույցը և հողամասը վերջիններս տիրապետել են բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ` որպես սեփական գույք: Նշված գույքին շնորհված է եղել Մալաթիա 88 հասցեն, ինչը հիմնավորվում է 1998 թվականի դեկտեմբերի 16-ի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կողմից տրված տեղեկանքով, համաձայն որի` Ժորա Բարսեղյանը բնակվում է Մալաթիա 88 տանը, նրա ընտանիքը բաղկացած է երկու շնչից:
Վերոգրյալի հիման վրա և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2010 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի թիվ ԵՄԴ/0653/02/09 վճռով հաստատված հանգամանքները: Մասնավորապես այն, որ գործի ըստ էության քննության ժամանակ պարզվել է դեռևս 1956 թվականին Վարդան Բարսեղյանի հոր՝ Ժորա Բարսեղյանի կողմից կառուցված, իսկ հետագայում էլ Վլադիմիր Բարսեղյանի համաձայնությամբ Վարդան Բարսեղյանի կողմից վերակառուցված տան բնակելի և օժանդակ տարածքների մակերեսները, հետևաբար նաև դրանցով ծանրաբեռնված հողամասի մակերեսը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ վճիռը պարզաբանելու մասին Դատարանի որոշումն ըստ էության փոխում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2010 թվականի վճռի էությունը և բովանդակությունը և չի բխում դրա տրամաբանությունից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2011 թվականի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |