Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 332-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.14
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 332-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ վարկային կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով փոփոխել իրենց գործունեության տեսակը,

նպատակ ունենալով ամբողջական և ժամանակին տեղեկատվություն ստանալ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ընթացքում վարկային կազմակերպության համար սահմանված տնտեսական նորմատիվների վերաբերյալ,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում կատարել հետևյալ լրացումները.

1) 2-րդ կետի աղյուսակից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից գործունեության տեսակի փոփոխման նախնական համաձայնությունը ստանալուց հետո Կենտրոնական բանկ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով (այսուհետ` Կանոնակարգ 3) սահմանված թիվ 3 և թիվ 7 հաշվետվությունները:»:

2) 3-րդ կետի աղյուսակից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից գործունեության տեսակի փոփոխման նախնական համաձայնությունը ստանալուց հետո Կենտրոնական բանկ է ներկայացնում Կանոնակարգ 3-ով սահմանված թիվ 3 և թիվ 7 հաշվետվությունները:»:

3) Լրացնել նոր 20.4-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«20.4. Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված` Կանոնակարգ 3-ով սահմանված թիվ 3 և թիվ 7 հաշվետվությունները լրացվում են Կանոնակարգ 3-ով սահմանված կարգով:»:

4) Լրացնել նոր 31.2-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«31.2. Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված թիվ 3 և թիվ 7 հաշվետվությունները ներկայացվում են` համապատասխանաբար ամսական և շաբաթական կտրվածքով` ամսական և շաբաթական հաշվետվությունների համար սույն կանոնակարգով սահմանված ժամկետներում: Ընդ որում, սույն կետում նշված հաշվետվությունները վարկային կազմակերպությունները ներկայացնում են սկսած Կենտրոնական բանկի կողմից գործունեության տեսակի փոփոխման նախնական համաձայնությունը ստանալուց հետո` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիան ստանալու նպատակով Կենտրոնական բանկ դիմելու ամսվան նախորդող 6-րդ ամսվա 1-ից մինչև վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու դիմումը Կենտրոնական բանկի կողմից մերժվելու կամ բավարարելու օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 8

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան