Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/1535/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/1535/05/10

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Ա. Առաքելյան

Ա. Աբովյան

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արեգ-97» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) և Ընկերության տնօրեն Արամ Զարեյանի (այսուհետ՝ Ընկերության տնօրեն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության և Ընկերության տնօրենի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Էրեբունու հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտը և 20.04.2010 թվականի թիվ 142332 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության տնօրենի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը և Ընկերության տնօրենը պահանջել են անվավեր ճանաչել Տեսչության 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտը և Տեսչության պետի 20.04.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 142332 որոշումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերության տնօրենից 2.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Բեդևյան) (այսուհետ` Դատարան) 21.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.04.2011 թվականի որոշմամբ Դատարանի 21.10.2010 թվականի վճռի դեմ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Բեկանվել և փոփոխվել է Դատարանի 21.10.2010 թվականի վճռի՝ Տեսչության պետի 20.04.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 142332 որոշումն անվավեր ճանաչելու և հակընդդեմ հայցը մերժելու մասերը, և Տեսչության պետի 20.04.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 142332 որոշումն անվավեր ճանաչելու մասով հայցը մերժվել է, իսկ Տեսչության հակընդդեմ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերությունը և Ընկերության տնօրենը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 20-րդ, 37-րդ, 245-րդ, 247-րդ, 251-րդ, 255-րդ, 275-րդ, 279-րդ, 281-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի 12-րդ, 14-րդ պարբերությունները, նույն օրենքի թիվ 2 հավելվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 24-րդ, 117.12-րդ, 117.14-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչպես նաև չի տվել իր որոշման փաստական և իրավական հիմնավորումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առկա է ապրանքի հետ ընդունման ակտ, ըստ որի՝ ապրանքն ընդունվել և գումարը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության դրամով, այլ ոչ թե արտարժույթով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 308 արձանագրության և 20.04.2010 թվականի թիվ 142332 որոշման կայացման համար հիմք է ընդունվել Տեսչության 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտը, որը Դատարանի 21.10.2010 թվականի վճռով ճանաչվել է անվավեր, իսկ Վերաքննիչ դատարանն իր՝ 29.04.2011 թվականի որոշմամբ այդ մասով Տեսչության բողոքը մերժել է:

 

Հետևաբար, Տեսչության 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտի անվավերությունն ինքնին բերում է Տեսչության պետի 20.04.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 142332 որոշման անվավերության: Այսինքն՝ եթե վարչական ակտի հիմքում դրվել է ոչ իրավաչափ ակտը, ապա վարչական տույժ նշանակելու որոշումը նույնպես իրավաչափ չէ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչության 06.04.2010 թվականի թիվ 308 արձանագրությունում նշված չէ իրավախախտման կատարման տեղը, ժամանակը, ինչպես նաև գործի լուծման համար այլ անհրաժեշտ տեղեկություններ: Այսինքն՝ հայտնի չէ, թե Տեսչությունը որտեղից է տեղեկություններ ձեռք բերել Ընկերության տնօրենի կողմից արտարժույթով վաճառք կատարելու վերաբերյալ, որտեղ և երբ է կատարվել արձանագրությունում նշված իրավախախտումը: Տվյալ դեպքում ո՛չ 06.04.2010 թվականի թիվ 308 արձանագրությունում, ո՛չ 20.04.2010 թվականի որոշման մեջ որևէ կերպ հիմնավորված չէ Ընկերության տնօրենի մեղքի առկայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 29.04.2011 թվականի որոշման՝ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարելու և փոփոխելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի վճռին։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, կայացրել է հիմնավորված և իրավաչափ որոշում: Ինչ վերաբերում է Տեսչության պետի 20.04.2010 թվականի թիվ 142332 որոշման մեջ Տեսչության 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտի նշմանը, ապա դա ընդամենը ներկայացված է որպես ուսումնասիրության արձանագրությանը կից նյութ, և դրա վերացումը որևէ կերպ չի կարող կանխորոշել թիվ 142332 որոշման ճակատագիրը, քանի որ տուգանքի որոշումը հիմնված է վարչական իրավախախտման ապացուցված փաստի վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 01.03.2010 թվականի թիվ 2603022 հանձնարարագրով Տեսչության ստուգումների բաժնի հարկային տեսուչներ Արմեն Օսիպյանին և Լաուրա Պետրոսյանին հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում Ընկերությունում կատարել հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրություն ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների ուսումնասիրման նպատակով, կանխիկ եղանակով (գ.թ. 36)։

2) 16.03.2010 թվականի հսկիչ գնման արդյունքների մասին արձանագրության համաձայն՝ «կատարվեց հսկիչ գնում՝ մարտկոց 12V 66AH 23.000 ՀՀ դրամ արժողությամբ և 12V 7075AH 30.000 ՀՀ դրամ, ընդամենը 53.000 ՀՀ դրամ, որի համար վճարվեց 100 ԱՄՆ դոլար և 13.400 ՀՀ դրամ: Գումարը մուտքագրվեց ՀԴՄ և տրամադրվեց կտրոն» (գ.թ. 37)։

3) 16.03.2010 թվականի վաճառված ապրանքների հետ ընդունման թիվ 1 ակտի համաձայն՝ մարտկոց 12V 66AH և մարտկոց 12V 7075AH հետ ընդունման դիմաց վերադարձվել է համապատասխանաբար 23.000 ՀՀ դրամ և 30.000 ՀՀ դրամ, ընդամենը 53.000 ՀՀ դրամ (գ.թ. 38)։

4) Կոմիտեի նախագահի 24.03.2010 թվականի թիվ 1306153 հանձնարարագրով Տեսչության ստուգումների բաժնի հարկային տեսուչներ Արմեն Օսիպյանին և Լաուրա Պետրոսյանին հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում Ընկերությունում կատարել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգում (գ.թ. 14)։

5) Ստուգման արդյունքներով 26.03.2010 թվականին կազմված թիվ 1306153 ակտի 6-րդ կետով արձանագրվել է, որ «Մեր կողմից 16.03.2010 թվականին՝ ժամը 16.14-ին, ք. Երևան, Քրիստափորի 9շ., 39/2 հասցեում գտնվող «Արեգ-97» ՍՊԸ-ից իրականացվեց գնում, որի դիմաց վճարումը կատարվեց արտարժույթով: Խախտվել է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները» (գ.թ. 15-16)։

6) 06.04.2010 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 308 արձանագրության համաձայն՝ Ընկերության տնօրենը «իրացրել է ապրանք չկատարելով այդ գործարքի դիմաց դրամական (փողային) վճարումը ՀՀ դրամով իրականացնելու պահանջը: Արարքը համապատասխանում է «ՎԻՎ» օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին» (գ.թ. 51)։

7) 20.04.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 142332 որոշման համաձայն՝ Տեսչության պետը քննելով 06.04.2010 թվականի թիվ 308 արձանագրությունը, Տեսչության պետի 01.03.2010 թվականի թիվ 2603022 հանձնարարագիրը, 16.03.2010 թվականի արձանագրությունը, Կոմիտեի նախագահի 24.03.2010 թվականի թիվ 1306153 հանձնարարագիրը, Տեսչության 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտը, պարզել է, որ զանցանք կատարած անձը «իրացրել է ապրանք՝ չկատարելով այդ գործարքի դիմաց դրամական (փողային) վճարումը Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը: Արարքը համապատասխանում է «ՎԻՎ» օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին»: Վերոգրյալի հիման վրա Տեսչության պետը որոշել է, որ Արամ Զարեյանը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, և նշանակվել է տուգանք 2.000.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 48)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի:

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում չնշված ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունած իրավական այլ ակտերի պահանջների խախտումների համար կառավարության լիազորած մարմինը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը` առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործարքների դիմաց դրամական վճարումները, բացառությամբ՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի, պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության դրամով: Ընդ որում, նշված պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում: Որոշումը պետք է պարունակի այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Սույն գործով Դատարանը Տեսչության պետի 20.04.2010 թվականի թիվ 142332 որոշումն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ դատաքննության ընթացքում պարզվեց, որ վարչական իրավախախտման գործի քննության ընթացքում որպես հաստատված հանգամանք նշվել է 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտի 6-րդ կետում շարադրված հանգամանքները, մինչդեռ Տեսչության պետի վարչական իրավախախտման վերաբերյալ 20.04.2010 թվականի թիվ 142332 որոշման մեջ շարադրված հանգամանքները չէին կարող բավարար իրավական և փաստական հիմք հանդիսանալ Արամ Զարեյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտն օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտ է, որը չի կարող իրավաբանական հետևանքներ առաջացնել Ընկերության տնօրենի համար։ Իսկ Տեսչության հակընդդեմ հայցը մերժելիս պատճառաբանել է, որ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջը ենթակա է մերժման, քանի որ Տեսչության պետի 20.04.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 142332 որոշումը ոչ իրավաչափ և անվավեր է, այսինքն՝ վերացել է այն վարչական ակտը, որը դրվել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշման և գումար բռնագանձելու հիմքում:

Վերաքննիչ դատարանը Տեսչության վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելիս պատճառաբանել է, որ «այն, որ գնումը կատարվել է ՀՀ դրամով, այլ ոչ թե արտարժույթով, որևէ կերպ չի հիմնավորվում», «անկախ այն հանգամանքից, թե տվյալ փաստը ստուգման, թե ուսումնասիրության արդյունքում է արձանագրվել, ԱՄՆ դոլարով վաճառք իրականացնելու փաստը հերքելու առումով որևէ նշանակություն ունենալ չի կարող»: «Ինչ վերաբերում է Տեսչության պետի 20.04.2010 թվականի թիվ 142332 որոշման մեջ Տեսչության 26.03.2010 թվականի թիվ 1306153 ստուգման ակտի նշմանը, ապա դա ընդամենը ներկայացված է որպես արձանագրությանը կից նյութ, և դրա վերացումը որևէ կերպ չի կարող կանխորոշել թիվ 142332 որոշման ճակատագիրը, քանի որ վերջինս հիմնված է վարչական իրավախախտման ապացուցված փաստի վրա»: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտը որևէ դրույթ չի պարունակում Ընկերության տնօրենի նկատմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ: Եվ քանի որ 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի հիմքում ընկած է բացառապես Տեսչության պետի 20.04.2010 թվականի թիվ 142332 որոշումը, ուստի հակընդդեմ հայցով ներկայացված բռնագանձման պահանջը ենթակա է բավարարման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։ Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը։

Սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, գործում առկա բոլոր ապացույցների հետ համադրմամբ չի հետազոտել և գնահատել 16.03.2010 թվականի վաճառված ապրանքների հետ ընդունման թիվ 1 ակտը, որի համաձայն՝ մարտկոց 12V 66AH և մարտկոց 12V 7075AH հետ ընդունման դիմաց վերադարձվել է համապատասխանաբար 23.000 ՀՀ դրամ և 30.000 ՀՀ դրամ, ընդամենը 53.000 ՀՀ դրամ, 06.04.2010 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 308 արձանագությունը, որի կազմման համար հիմք է ընդունվել բացառապես 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտի 6-րդ կետում արձանագրված հանգամանքները, ինչպես նաև այն, որ վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 20.04.2010 թվականի թիվ 142332 որոշման ընդունման հիմքում դրվել է 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտը և 06.04.2010 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 308 արձանագրությունը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կոմիտեի նախագահի 24.03.2010 թվականի թիվ 1306153 հանձնարարագրով հարուցված վարչական վարույթի եզրափակիչ փուլում ընդունված 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտը հիմք է հանդիսացել վարչական իրավախախտման վերաբերյալ նոր վարչական վարույթ հարուցելու համար, որի արդյունքներով ընդունվել է վիճարկվող 20.04.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 142332 որոշումը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչության 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտի անվավերության պայմաններում Տեսչության պետի 20.04.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 142332 որոշումը ոչ իրավաչափ և անվավեր է, քանի որ վերացել է այն վարչական ակտը, որը դրվել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշման հիմքում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության հակընդդեմ հայցը ենթակա է մերժման:

 

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում բերված Ընկերության փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

Տվյալ դեպքում Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտը:

Դատարանի 21.10.2010 թվականի վճռով Տեսչության 26.03.2010 թվականի թիվ 1306153 ակտը ճանաչվել է անվավեր, որի դեմ Տեսչության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և նշված մասով Դատարանի 21.10.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Այսինքն՝ բողոքարկված դատական ակտն Ընկերության համար բարենպաստ դատական ակտ է, հետևաբար վճռաբեկ բողոքն Ընկերության մասով ենթակա է մերժման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.04.2011 թվականի որոշման՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության պետի 20.04.2010 թվականի թիվ 142332 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը մերժելու և «Արեգ-97» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Զարեյանից 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու հակընդդեմ հայցը բավարարելու մասերը և այդ մասերով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 21.10.2010 թվականի վճռին։ Որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչությունից հօգուտ «Արեգ-97» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Զարեյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան