Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԳԴ5/0022/01/10

ԳԴ5/0022/01/10

Նախագահող դատավոր՝  Մ. Ռեհանյան

    Դատավորներ` Ա. Դանիելյան 

                      Մ. Արղամանյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

 

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

   
մասնակցությամբ ամբաստանյալ

Ա. Սաղաթելյանի

          պաշտպան

Ռ. Ռևազյանի

 

  2011 թվականի հոկտեմբերի 20-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Անահիտ Հայկի Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Սաղաթելյանի և նրա պաշտպան Ռ.Ռևազյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ գլխավոր դատախազի 2000 թվականի մարտի 1-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Սաղաթելյանի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ նյութերով հարուցվել է թիվ 62201100 քրեական գործը` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

2000 թվականի հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ` խնդրելով քննության առնել Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու համար Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու հարցը:

ՀՀ արդարադատության խորհրդի 2000 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը մերժվել է:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմինը 2000 թվականի սեպտեմբերի 1-ին որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

2. Հանրապետության Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանի լիազորությունները դադարեցվել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2008 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է թիվ 62216908 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 34-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2008 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Մինասյանը որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու մասին: Նույն օրը որոշում է կայացվել թիվ 62201100 քրեական գործը թիվ 62216908 քրեական գործին միացնելու մասին:

3. Նախաքննության մարմնի 2008 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասով:

2008 թվականի դեկտեմբերի 29-ին որոշում է կայացվել թիվ 62216908 քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Սաղաթելյանի, Մ.Ավետիսյանի, Զ.Զարոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` նրանց մեղսագրված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

4. 2009 թվականի մարտի 4-ին Ա.Սաղաթելյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանի բողոքը մերժվել է:

Ա.Սաղաթելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի հունիսի 15-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Սաղաթելյանը, որի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու մասին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 16-ի և Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հունիսի 15-ի որոշումները բեկանվել են, և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան` նոր քննության:

5. Նոր քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 10-ին որոշում է կայացրել Ա.Սաղաթելյանի բողոքը բավարարելու մասին: Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչ Ա.Մինասյանի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը վերացվել է:

2009 թվականի դեկտեմբերի 23-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Նախաքննության մարմինը 2010 թվականի մայիսի 3-ին որոշում է կայացրել Ա.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի մասը վերացնելու, փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին:

2010 թվականի հունիսի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

6. Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի մայիսի 17-ին որոշում է կայացրել Ա.Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

7. Ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի օգոստոսի 9-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 17-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

8. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Ա.Սաղաթելյանը և նրա պաշտպան Ռ.Ռևազյանը:

Վճռաբեկ դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

9. Ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերով հաստատված են համարել այն, որ Ա.Սաղաթելյանը, 1996-2004 թվականների ընթացքում հանդիսանալով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր և պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է ուրիշի զգալի չափերով գույքը, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում:

1999 թվականի սեպտեմբերի 28-ին Ա.Սաղաթելյանը քննության է առել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի բնակիչ Ինվիա Յակուբովի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 1121-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը և նույն օրը որոշմամբ այն մերժել է: Մեղադրյալ Ի.Յակուբովին արգելանքից ազատելուց հետո Ա.Սաղաթելյանը վերջինիս հրավիրել է իր աշխատասենյակ և նրանից գումար հափշտակելու դիտավորությամբ, Ի.Յակուբովի մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու պատրվակով առաջարկել է իր միջոցով 400 ԱՄՆ դոլար կաշառք տալ մարզի դատախազին: 1999 թվականի հոկտեմբերին, պայմանավորվածության համաձայն, Ի.Յակուբովը ներկայացել է դատարան և Ա.Սաղաթելյանի աշխատասենյակում անձամբ նրան է տվել պահանջված զգալի չափի` 209.032 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլարը, որին Ա.Սաղաթելյանը խաբեությամբ և Ի.Յակուբովի վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է:

Բացի այդ, Ա.Սաղաթելյանը 2001 թվականի օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրում, առանց երրորդ անձ Սոս Մելքոնյանի մասնակցության, քննության է առել քաղաքացիական գործն ըստ հայցի Խանում Սարգսյանի` Կամո Սիրեկանյանի և Սոս Մելքոնյանի միջև տան առուվաճառքի մասին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ և բավարարել է հայցը: Ա.Սաղաթելյանը քաղաքացիական գործի քննությունը տվյալ օրն ավարտելու անձնական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող դատական նիստի արձանագրության մեջ և վճռում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ինքնուրույն պահանջ ներկայացրած երրորդ անձ Ս.Մելքոնյանի դատական նիստին մասնակցելու և ցուցմունք տալու մասին:

10. ՀՀ գլխավոր դատախազը 2000 թվականի հունիսի 22-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ` խնդրելով քննության առնել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու համար Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու հարցը (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջեր 328-329):

11. ՀՀ արդարադատության խորհուրդը 2000 թվականի օգոստոսի 21-ին որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը մերժելու մասին (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջեր 70-72):

12. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Թարվերդյանը 2000 թվականի սեպտեմբերի 1-ին, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 4-րդ մասով և 257-րդ հոդվածով, որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին` մինչև կասեցման հիմքի վերացումը (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջեր 73-75):

13. Հանրապետության Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանի լիազորությունները դադարեցվել են:

14. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Մինասյանի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62216908 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 38-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Որոշման նկարագրական մասում նշվել է. «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ հանդիսացող Անահիտ Սաղաթելյանը և դատական նիստերի քարտուղար Զաբելլա Զարոյանը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2001 թվականի օգոստոսի 27-ի դատական նիստի արձանագրության մեջ անձնական դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել այդ դատական նիստին Սոս Մելքոնյանի մասնակցության և ցուցմունք տալու վերաբերյալ, իսկ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման հարկադիր կատարող Մյասնիկ Ավետիսյանն օժանդակել է պաշտոնեական կեղծիք կատարելուն և Սոս Մելքոնյանի անունից դիմում է գրել ու ներկայացրել դատարան` Ս.Մելքոնյանին որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ ճանաչելու խնդրանքով» (տե՛ս քրեական գործ, 3-րդ հատոր, էջ 88):

15. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Մինասյանի 2008 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ թիվ 62201100 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է: Նույն օրը որոշում է կայացվել թիվ 62216908 և 62201100 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին (տե՛ս քրեական գործ, 3-րդ հատոր, էջեր 114, 116-117):

16. Նախաքննության մարմնի 2008 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասով: Որոշման նկարագրական մասում նշվել է. «Անահիտ Հայկի Սաղաթելյանը, 1999 թվականի դրությամբ հանդիսանալով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, 1999 թվականի սեպտեմբերի 28-ին քննության է առել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի բնակիչ Ինվիա Միխայիլի Յակուբովի վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 1121  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը և նույն օրը որոշում կայացրել այն մերժելու մասին: Մեղադրյալ Ի.Յակուբովի` արգելանքից ազատ արձակելուց հետո Անահիտ Սաղաթելյանը նրան հրավիրել է իր աշխատասենյակ և, դատավորի իր պաշտոնեական դիրքը շահադիտական դրդումներով ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Ի.Յակուբովի մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար դրդել է նրան իր միջոցով 400 ԱՄՆ դոլար կաշառք տալ մարզի դատախազին: 1999 թվականի հոկտեմբերին, պայմանավորվածության համաձայն, Ի.Յակուբովը ներկայացել է դատարան և Ա.Սաղաթելյանի աշխատասենյակում անձամբ նրան է տվել պահանջված 400 ԱՄՆ դոլարը, որին վերջինս խաբեությամբ տիրացել է: Հետագայում Ի.Յակուբովն Անահիտ Սաղաթելյանի տուն է տարել ու նրան տվել նաև 54.000 ՀՀ դրամի գյուղմթերքներ` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և հարուցված քրեական գործի վարույթը կարճելուն նպաստելու համար: Հիշյալ արարքով Անահիտ Սաղաթելյանը էական վնաս է պատճառել պետությանը, որը դրսևորվել է դատական իշխանության հեղինակազրկմամբ:

Բացի այդ, Անահիտ Սաղաթելյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, քրեական գործի դատական քննությունն ավարտելու համար 1998 թվականի հուլիսի 17-ին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի գյուղապետարանի շենքում, առանց դատախազի, տուժող Մերժիկ Գրիգորյանի, վկա Արամայիս Բոյախչյանի և ՀՀ քր. օր-ի 109 հոդվածի 1-ին մասով դատի տրված ամբաստանյալ Ինվիա Յակուբովի, քննության է առել քրեական գործը և Ինվիա Յակուբովին դատապարտել ուղղիչ աշխատանքների` 6 ամիս ժամանակով` աշխատավարձի 15 տոկոսի բռնագանձմամբ: Դատավճռում Ա.Սաղաթելյանն ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել դատական քննությանը դատախազ Արսեն Աղաբեկյանի, տուժող Մերժիկ Գրիգորյանի, վկա Արամայիս Բոյախչյանի և ամբաստանյալ Ինվիա Յակուբովի մասնակցության, վերջինիս` իրեն մեղավոր ճանաչելու և ինքնախոստովանական ցուցմունք տալու վերաբերյալ, իսկ դատավճռի կայացման վայր է նշել Վարդենիս քաղաքը:

Բացի այդ, 2001 թվականի օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրում Անահիտ Սաղաթելյանն առանց երրորդ անձ Սոս Լավուրի Մելքոնյանի մասնակցության քննության է առել քաղաքացիական գործը` ըստ հայցի Խանում Բադալի Սարգսյանի` Կամո Ազատի Սիրեկանյանի և Սոս Լավուրի Մելքոնյանի միջև տան առուվաճառքի մասին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ և բավարարելով հայցը` անվավեր է ճանաչել հիշյալ պայմանագիրը: Դատական նիստի արձանագրության մեջ և վճռում Անահիտ Սաղաթելյանն անձնական դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դատական նիստին ինքնուրույն պահանջ ներկայացրած երրորդ անձ Սոս Մելքոնյանի մասնակցության և ցուցմունք տալու մասին» (տե՛ս քրեական գործ, 3-րդ հատոր, էջեր 184-185):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

17. Բողոքի հեղինակները փաստարկել են, որ սույն քրեական գործն ի սկզբանե հարուցվել և հետագա բոլոր դատավարական գործողությունները կատարվել են ապօրինի, իսկ ստորադաս դատարաններն անտեսել են նշվածը:

Բողոքաբերները նշել են, որ ամբաստանյալ Ա.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքները դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, դրանց կատարման պահից անցել է 5 տարուց ավել ժամանակ, և վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված չի եղել, հետևաբար Ա.Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործի հարուցման պահին ակնհայտ էր, որ անցած են քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները, ուստի նշված հոդվածներով չէր կարող քրեական գործ հարուցվել:

18. Բողոքի հեղինակները, վկայակոչելով Սոնյա Բալաբեկյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2005 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, համաձայն որի` «գործի ելքով շահագրգռված անձի ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու այն հետևության, որ հանցագործության դեպքը տեղի է ունեցել», այնուհետև փաստարկել են, որ սույն գործով տուժող Ի.Յակուբովի ցուցմունքները բավարար չեն ապացուցված համարելու, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության դեպք, քանի որ այդ ցուցմունքները որևէ այլ ապացույցով չեն հաստատվում:

Բացի այդ, բողոքաբերները, վերլուծելով Ա.Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցագործության` պաշտոնեական կեղծիքի հատկանիշները, փաստարկել են, որ տվյալ դեպքում բացակայում են նշված հանցագործության սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները` շարժառիթը և նպատակը:

19. Բողոք բերած անձինք փաստարկել են նաև, որ սույն գործի քննության ընթացքում տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված մի շարք իրավունքների խախտումներ: Մասնավորապես խախտվել են քրեական գործի քննության ողջամիտ ժամկետները, ինչպես նաև արդար դատաքննության, իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու, իր վկաներին կանչելու և միևնույն պայմաններում հարցաքննելու, իր պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ և հնարավորություն ունենալու ամբաստանյալի իրավունքները:

20. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 17-ի և Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 9-ի որոշումները և կայացնել նոր դատական ակտ կամ քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքի ճիշտ մեկնաբանման և կիրառման առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության, ինչպես նաև իրավունքի զարգացման ապահովման խնդիր:

Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում նախ անդրադառնալ բողոքաբերների բարձրացրած իրավական հարցին:

 

I. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով

22. Սույն գործով բողոքաբերները Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել են հետևյալ իրավական հարցը. թիվ 62216908 քրեական գործը հարուցելու և Ա.Սաղաթելյանին մեղադրանք առաջադրելու պահին անցա՞ծ են եղել արդյոք քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները և եթե այո, ապա իրավաչա՞փ էին արդյոք քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու մասին մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումները:

23. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն`

«1. Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` հանցագործությունները դասակարգվում են` ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների:

(…)

3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները (…)

2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…):

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:

4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

24. Նախորդ կետում շարադրված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեական օրենսդրությամբ, կապված արարքի բնույթից և հանրության համար վտանգավորության աստիճանից, նախատեսված են քրեական պատասխանատվության ենթարկելու տարբեր ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր վտանգավորությունը, և անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Վերոգրյալի հիման վրա քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Ինչպես երևում է նշված արգելքը սահմանող իրավանորմի վերլուծությունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կիրառման համար ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ քրեական գործն արդեն իսկ հարուցված է, և անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, այսինքն` նրա նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում:

Բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործը դեռ հարուցված չէ, կամ քրեական գործը հարուցվել է, սակայն որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, և անցել են վաղեմության ժամկետները, ապա ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ չէ, և մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ հրաժարվել քրեական գործ հարուցելուց կամ որոշում կայացնել հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Այլ կերպ` քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցած լինելն ինքնին բացառում է քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը` անկախ ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունից կամ առարկությունից. համաձայնության հարցն առաջ է գալիս միայն կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց` նրան մեղադրանք առաջադրելուց հետո:

25. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը 2008 թվականի հոկտեմբերի 1-ին որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 34-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով թիվ 62216908 քրեական գործը հարուցելու մասին` պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի` Ա.Սաղաթելյանի կողմից անձնական դրդումներով 2001 թվականի օգոստոսի 27-ի դատական նիստի արձանագրության մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և հարկադիր կատարող Մ.Ավետիսյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու դեպքերի առթիվ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

Նախաքննության մարմնի 2008 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա 1998-2001 թվականների ընթացքում` դատավոր եղած ժամանակ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քաղաքացուն դրդել է կաշառք տալ և հանդիսանալով պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ` անձնական դրդումներով պաշտոնական փաստաթղթերում` դատական նիստերի արձանագրություններում, դատավճռում և վճռում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):

26. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիաների վերլուծությունից բխում է, որ դրանք նկարագրում են դիտավորյալ հանցագործություններ, իսկ հոդվածների սանկցիաներով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում 5 տարին, ուստի տվյալ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքները դասվում են միջին ծանրության հանցագործությունների թվին, հետևաբար դրանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի:

Ինչպես երևում է սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից, Ա.Սաղաթելյանին մեղսագրվող հանցավոր արարքներից վերջինն ավարտվել է 2001 թվականի օգոստոսի 27-ին, հետևաբար հենց այդ պահից սկսվում է վաղեմության ժամկետի հաշվարկը: Ընդ որում, սույն գործով վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված չի եղել, Ա.Սաղաթելյանը քննությունից կամ դատից չի խուսափել:

Մինչդեռ սույն գործով մինչդատական վարույթն իրականացնող մարմինը միջին ծանրության հանցագործությունների հատկանիշներով թիվ 62216908 քրեական գործը հարուցել է 2008 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ այնուհետև 2008 թվականի նոյեմբերի 14-ին Ա.Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրել նույնպես միջին ծանրության հանցագործությունների կատարման համար: Այսինքն` նշված քրեական գործը հարուցվել է, և Ա.Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել մեղսագրվող հանցավոր արարքներից վերջինն ավարտված համարվելու պահից մոտ 7 տարի հետո:

27. Հիմք ընդունելով սույն որոշման 23-26-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես թիվ 62216908 քրեական գործը հարուցելու, այնպես էլ Ա.Սաղաթելյանին մեղադրանք առաջադրելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են եղել, հետևաբար մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործ հարուցելու, իսկ այնուհետև նաև քրեական հետապնդում սկսելու մասին որոշումները եղել են ոչ իրավաչափ և կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջների խախտմամբ:

28. Նախորդ կետում նշված խախտումներն ինքնին բավարար են սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Այնուհանդերձ, նկատի ունենալով այն, որ Ա.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրա` դատավորի կարգավիճակ ունեցած ժամանակ ենթադրաբար թույլ տրված իրավախախտումներին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով անդրադառնալ նաև դատավորի անձեռնմխելիության հիմնարար երաշխիքների մեկնաբանմանը` դրանց միատեսակ կիրառության ապահովման համար:

 

II. Դատավորի անձեռնմխելիության հիմնարար երաշխիքները և դրանց սահմանները

29. Վճռաբեկ դատարանը քննության է առնում հետևյալ իրավական հարցը` Ա.Սաղաթելյանի նկատմամբ դատավորի կարգավիճակ ունեցած ժամանակ ենթադրաբար թույլ տրված իրավախախտման համար քրեական հետապնդում սկսելիս մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պահպանե՞լ է արդյոք դատավորի անձեռնմխելիության հիմնարար երաշխիքները:

30. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա (…)»:

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան (…)»:

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն` «Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով (…)»:

ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն` «Արդարադատություն իրականացնելիս դատավորը (…) անկախ [է], ենթարկվում [է] միայն Սահմանադրությանը և օրենքին (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն`

«1. Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

(…)

3. Արդարադատությունն իրականացվում է դատավորների նկատմամբ կողմնակի ներգործությունը բացառող պայմաններում:

4. Դատավորների նկատմամբ ապօրինի ներգործություն դրսևորելու, ինչպես նաև դատարանի կողմից քրեական դատավարության իրականացմանը այլ միջամտության համար մեղավոր անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն»:

ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`

«1. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է:

2. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է (…)»:

31. Դատավորի անկախության հիմնարար արժեքը երաշխավորող` սույն որոշման նախորդ կետում շարադրված սահմանադրաիրավական դրույթների հիմքում ընկած են բազմաթիվ միջազգային-իրավական փաստաթղթեր: Մասնավորապես, առանցքային նշանակություն ունեն Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելվածը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A(XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի եվրոպական խարտիան, եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոխորհրդի Նախարարների կոմիտեի 1994 թվականի հոկտեմբերի 13-ի` «Դատավորների անկախության, արդյունավետության ու դերի մասին» թիվ R(94)12 հանձնարարագիրը:

Հիշյալ փաստաթղթերի համալիր վերլուծությունը հնարավորություն է տալիս առանձնացնելու դատավորի կարգավիճակի առնչությամբ հետևյալ հիմնադրույթները`

ա) դատավորի կարգավիճակը պետք է լինի այնպիսին, որպեսզի լիարժեք երաշխավորվի նրա իրավասությունը, անկախությունը և անաչառությունը, նպաստի նրա նկատմամբ հանրության վստահության ձևավորմանը,

բ) դատավորի կարգավիճակին առնչվող դրույթները պետք է ամրագրված լինեն տվյալ երկրի Սահմանադրությամբ կամ նվազագույնը` օրենքներով,

գ) պետությունները պարտավոր են դատարանի անկախության սկզբունքի ապահովման համար նախատեսել երաշխիքների գործուն համակարգ, որը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի դատարաններն իրենց հանձնված գործերը քննեն անաչառ, փաստերի հիման վրա և օրենքին համապատասխան, առանց որևէ սահմանափակման` ամեն կերպ բացառելով որևէ ոչ իրավաչափ ազդեցության, հարկադրանքի, սպառնալիքի, ուղղակի կամ անուղղակի ճնշման կամ միջամտության հնարավորություն` անկախ այն բանից, թե ում կողմից և ինչ պատճառով է դա կատարվում,

դ) դատավորների կարգավիճակի, նրանց նշանակման կամ լիազորությունների դադարեցման հարցեր քննարկող ցանկացած մարմին պետք է օժտված լինի անհրաժեշտ անկախությամբ, իսկ դրա կազմում պետք է ապահովված լինի դատավորների առնվազն 50 տոկոս մասնակցություն,

ե) յուրաքանչյուր դատավոր, որը գտնում է, որ լիազորություններն իրականացնելիս խախտվել են իր իրավունքները, պետք է ունենա այդպիսի անկախ մարմնի դիմելու հնարավորություն,

զ) դատավորի պատասխանատվության համար համաձայնություն տվող կառույցներում պետք է ապահովվի կազմի առնվազն 50 տոկոս մրցութային հիմունքներով ընտրված դատավորների մասնակցություն,

է) անօրինական դատական ակտի կամ դատավորի վարքագծի հետևանքով պատճառված վնասը պետք է հատուցվի պետության կողմից:

32. Դատավորների անկախության չափանիշներին է անդրադարձել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի նախադեպային նշանակության իրավական դիրքորոշումների համաձայն` դատարանի անկախության համար կարևոր նշանակություն ունեն հետևյալ հանգամանքները.

ա) դատավորների նշանակման իրավասություն ունեցող սուբյեկտը և նշանակման ընթացակարգը,

բ) դատավորի պաշտոնավարման տևողությունը,

գ) դատարանի վրա արտաքին ներգործությունը և ճնշումները չեզոքացնելու կամ էապես նվազեցնելու նորմատիվ և ինստիտուցիոնալ երաշխիքների առկայությունը (տե՛ս Capmbell and Fell v Tհe United Kingdօm, 1984թ., գանգատեր N 7819/77, 7878/77, կետ 78):

33. Դատարանի անկախության սկզբունքի վերաբերյալ բազմակողմանի մեկնաբանություններ է տվել նաև Եվրոպայի խորհրդի համակարգում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, որը, հիմնավորելով դատական իշխանության անկախության սկզբունքը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, շեշտել է, որ դա անհրաժեշտ պահանջ է` իրավունքի գերակայությունն ապահովելու և արդար դատավարություն երաշխավորելու համար: Ըստ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի` դատավորների անկախության արտոնությունը կոչված է ապահովել ոչ թե նրանց սեփական շահերը, այլ իրավունքի գերակայության շահը, արդարադատություն որոնողների ու ակնկալողների շահերը (տե՛ս Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդ, Կարծիք թիվ 1(2001), 2001թ. նոյեմբերի 23, կետ 10):

34. Հիմք ընդունելով սույն որոշման 30-33-րդ կետերում շարադրված իրավանորմերը և իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական իշխանությունը պետական իշխանության ինքնուրույն և անկախ ճյուղ է, որն իրականացվում է բացառապես պետական հատուկ մարմինների` դատարանների կողմից: Դատական իշխանության հիմնական խնդիրներն են քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հնարավոր բոլոր խախտումներից դրանց պաշտպանությունը, իրավական վեճերի և իրավական նշանակություն ունեցող այլ հարցերի լուծումը, իշխանության մարմինների նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը, իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցների կիրառումը, այլ կերպ` արդարադատության իրականացումը:

Դատական իշխանությանը վերապահված այդ գործառույթների արդյունավետ և իրավաչափ կենսագործումը հնարավոր է միայն անկախ դատական իշխանության առկայության պայմաններում, ինչը ենթադրում է, որ դատարանները պետք է գործեն արտաքին ներգործությունը և ճնշումները բացառող նորմատիվ և ինստիտուցիոնալ երաշխիքների պայմաններում, օրենքով իրենց տրված լիազորությունների հիման վրա, որոնք անհրաժեշտ և բավարար են դատական իշխանության առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Դատավորի անկախությունը, լինելով դատավորի սահմանադրաիրավական կարգավիճակի բաղկացուցիչ տարր, կոչված է ապահովելու դատական իշխանության ինքնուրույնությունը, այն հանրային շահերի, այդ թվում` արդարադատության շահերի պաշտպանության կարևորագույն նախապայման է:

35. Արդարադատության շահով պայմանավորված` դատական իշխանության անկախությունը, ինչպես նաև դրանից ածանցված դատավորի անկախությունը կենսագործելու համար ՀՀ Սահմանադրությունը և օրենքները սահմանում են այդ որակն ապահովող բազմաթիվ երաշխիքներ և ինստիտուտներ, որոնց թվում իր առանձնահատուկ տեղն ունի դատավորի անձեռնմխելիության սկզբունքը:

Այսպես` ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն`

«(…) Դատավորի (…) գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

Դատավորը (…) [չի] կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև [նրա] նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել` առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի (…) համաձայնության: Դատավորը (…) [չի] կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Նման դեպքերում ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և (…) վճռաբեկ դատարանի նախագահը (…)»:

ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատավորն անձեռնմխելի է:

2. Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը (…):

3. Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել` առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

5. Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:

6. Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ (…):

9. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածում ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները»:

36. Ինչպես երևում է նախորդ կետում շարադրված իրավադրույթների համալիր վերլուծությունից` դատական իշխանության անկախության հիմնարար արժեքի ապահովմանն ուղղված երաշխիքների շարքում դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքն ունի առանձնահատուկ տեղ: Դատավորի անձեռնմխելիությունը, ըստ էության, շեղում է օրենքի առջև բոլորի հավասարության հիմնարար սկզբունքից (ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդված), քանի որ դատավորների համար ընդարձակում է անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի ապահովման սահմանադրական երաշխիքների ընդհանուր համակարգը (ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդված): Սակայն նշված շեղումն իրավաչափ է, քանի որ դատավորին անձեռնմխելիության ավելի բարձր մակարդակով օժտող սահմանադրական նորմերը հետապնդում են գերակա իրավական նպատակ` բացառել արդարադատության իրականացման ընթացքում դատավորի որոշումների վրա ներազդելու նպատակ ունեցող ցանկացած ոչ իրավաչափ ազդեցության, սպառնալիքի, ճնշման կամ այլ միջամտության հնարավորությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավորի անձեռնմխելիությունը` իրավունքի գերակայությանն ու դատավարության արդարացիությանն ուղղված նրա մասնագիտական գործունեության ապահովման կարևորագույն միջոց է: Հետևաբար, դատավորի անձեռնմխելիությունը ոչ թե նշված պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելություն է, այլ դատական իշխանության անկախության հանրային երաշխիք է: Այլ կերպ` դատավորի անձեռնմխելությունն անկողմնակալ, արդար և օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմնարար իրավունքի բաղադրատարր է, ուստի` այդ բաղադրյալ իրավունքի յուրաքանչյուր կրողի առանձին իրավունք-երաշխիք:

37. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքի լիարժեք ապահովումն անհնար կլինի այն դեպքում, եթե դատավորի համար չապահովվի լիազորությունները դադարեցնելուց և դատավորի կարգավիճակը կորցնելուց հետո անձեռնմխելիության լրացուցիչ երաշխիքներ: Գործող դատավորին տրամադրվող և պաշտոնաթողությունից հետո կիրարկվող այդ երաշխիքները կոչված են ապահովել գործող դատավորի և հանրության (արդար դատաքննության իրավունքի կրողների) այն համոզմունքը, որ պաշտոնավարման ավարտից հետո դատավորը չի հետապնդվի իր մասնագիտական գործունեության համար: Միայն այդպիսի երաշխիքների առկայության պայմաններում է հնարավոր բարձր պահանջներ ներկայացնել դատավորի մասնագիտական գործունեությանը և հանրության մոտ ձևավորել գործող դատավորի անկախության և անաչառության նկատմամբ վստահություն:

38. Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատավորի անձեռնմխելիության սկզբունքը և դրանից ածանցյալ` դատավորին պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգը սահմանող իրավադրույթների մեջ օգտագործվող «դատավոր» հասկացության մեկնաբանությանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավանորմերում օգտագործվող «դատավոր» եզրույթը չի կարող մեկնաբանվել այնպես, որ անձեռնմխելիության երաշխիքի ու պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգի գործադրման համար անհրաժեշտ լինի, որ քրեական հետապնդման հարուցման պահին կամ հարուցված քրեական հետապնդման ողջ ընթացքում անձը լինի գործող դատավոր: Նման մեկնաբանությունը հնարավորություն է տալիս իրավասու մարմնին` դատավորի կողմից ենթադրյալ իրավախախտում կատարած լինելու մասին տվյալներ ստանալով սպասել մինչև նրա լիազորությունների ավարտը և նրան պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել դատավորին պատասխանատվության ենթարկելու սահմանադրական ընթացակարգի շրջանցմամբ: Այդ պայմաններում հնարավոր չէ բացառել դատավորի մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում ճնշումներ գործադրելու հնարավորությունը, ինչն ինքնին իմաստազրկում է դատավորի անձեռնմխելիության սկզբունքի էությունն ու նպատակները` դրանով իսկ կասկածի տակ դնելով ողջ դատական իշխանության անկախության հիմնարար արժեքը:

Հետևաբար դատավորի անձեռնմխելիության սկզբունքը սահմանող իրավանորմերում օգտագործվող «դատավոր» եզրույթը պետք է մեկնաբանվի «վերագրվող ենթադրյալ իրավախախտման, այդ թվում` ենթադրյալ հանցագործության պահին գործող դատավորի կարգավիճակ ունեցող անձ» իմաստով: Այլ կերպ` բոլոր այն դեպքերում, երբ դատավորին վերագրվող իրավախախտումը վերաբերում է նրա պաշտոնավարման ժամկետին, գործում է դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը, հետևաբար իրավասու մարմինը դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցել միայն օրենքով սահմանված հատուկ ընթացակարգի պահանջների պահպանմամբ` անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ենթադրաբար իրավախախտում կատարած անձը դեռևս գտնվում է դատավորի կարգավիճակում, թե արդեն պաշտոնաթող է եղել:

Դատավորի անձեռնմխելիության միայն այսպիսի մեկնաբանության դեպքում է հնարավոր ապահովել այդ սկզբունքի նպատակային, իմաստային կենսագործումը, ինչպես նաև երաշխավորել դատական իշխանության գործառույթների բնականոն իրականացումը:

39. Հիմք ընդունելով սույն որոշման 30-38-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը չի սահմանափակվում միայն դատավորի պաշտոնավարման ժամկետով և գործում է նաև դատավորի լիազորությունների դադարեցումից հետո այնքանով, որքանով վերագրվող իրավախախտումը վերաբերում է դատավորի պաշտոնավարման ժամկետին:

40. Դատավորի անձեռնմխելիության հիմնարար երաշխիքի ժամանակային սահմանների վերաբերյալ իրավական հարցին անդրադառնալու հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այդ երաշխիքի բովանդակային սահմաններին` պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգի առումով:

41. ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` «Հանրապետության Նախագահը` արդարադատության խորհրդի առաջարկությամբ (…) համաձայնություն է տալիս [դատավորներին]` որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրանց նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ (…)»:

ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով` (…) առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին (…) դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին»:

ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն`

 «1. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում գլխավոր դատախազը, իսկ տվյալ դատավորի նկատմամբ գործը դատական քննության փուլում գտնվելու դեպքում նրան կալանավորելու համաձայնություն տալու մասին առաջարկ ներկայացնելու հարցով` գործը քննող դատարանը:

2. Գլխավոր դատախազը կամ գործը քննող դատարանը Արդարադատության խորհրդին են ներկայացնում դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող նյութերը:

3. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը Հանրապետության Նախագահը քննում և որոշում է կայացնում երկօրյա ժամկետում: Նշված ժամկետում համաձայնություն չտալու դեպքում դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի առաջարկը համարվում է մերժված:

4. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը և դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի համաձայնությունը չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:

5. Երկրորդ անգամ նույն հիմքով դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկություն չի կարող արվել:

6. Եթե դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Արդարադատության խորհրդի կողմից համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանքի ծավալի այնպիսի փոփոխման անհրաժեշտություն է առաջացել, որը վատթարացնում է կամ կարող է վատթարացնել դատավորի վիճակը, ապա դա կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ (…)»:

42. Ինչպես երևում է սույն որոշման նախորդ կետում շարադրված իրավանորմերի վերլուծությունից, դատավորի անձեռնմխելիության սկզբունքը բացարձակ բնույթ չի կրում և ներառում է իրավախախտում կատարած դատավորին պատասխանատվության կանչելու հատուկ ընթացակարգեր: Ընդ որում, ենթադրաբար իրավախախտում կատարած դատավորի նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու և նրան պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգերը տարբերվում են համանման սովորական ընթացակարգերից: Այլ կերպ` դատավորի անձեռնմխելիության սկզբունքը ներառում է դատական իշխանության անկախության պաշտպանության ընթացակարգային երաշխիքների համակարգ, այլ ոչ թե դատավորին ազատում է քրեական կամ այլ պատասխանատվությունից: Բավարար հիմքերի առկայության պայմաններում և օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ դատավորն իր կողմից թույլ տված իրավախախտման, այդ թվում` հանցագործության համար կարող է ենթարկվել պատասխանատվության:

43. Դատավորի անձեռնմխելիության ընթացակարգային երաշխիքների համակարգը սահմանող սահմանադրական և օրենսդրական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ այդ երաշխիքները երկու տեսակի են. առաջին` դատավորի ձերբակալմանը վերաբերող երաշխիքներ, և երկրորդ` դատավորի կալանավորմանը, որպես մեղադրյալ ներգրավելուն, նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի հարուցմանը վերաբերող երաշխիքներ:

44. Առաջին տեսակի երաշխիքներն արտահայտվում են նրանում, որ դատավորին կարելի է ձերբակալել միայն բացառիկ դեպքերում, այն է` երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Ընդ որում` այս բացառիկ դեպքերում դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը: Բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվելուց հետո միայն որոշ ժամանակ անց են ի հայտ եկել բավարար հիմքեր դատավորին արգելանքի վերցնելու համար, քրեական հետապնդումն իրականացնող մարմինն իրավասու չէ ձերբակալումը որպես դատավարական հարկադրանքի միջոց կիրառել դատավորի նկատմամբ:

45. Երկրորդ տեսակի երաշխիքներն արտահայտվում են նրանում, որ բացառում են դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու և դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցելու հնարավորությունը` առանց ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության: Ընդ որում, ՀՀ արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ, իրավասու մարմնի ներկայացրած միջնորդության հիման վրա նախապես ստուգելով դատավորին կալանավորելու, քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունը, համապատասխանաբար որոշում է կայացնում համաձայնություն տալու խնդրանքով Հանրապետության Նախագահին դիմելու մասին կամ մերժում է ներկայացված միջնորդությունը: Իսկ Հանրապետության Նախագահի լիազորությունն այս հարցում համաձայնություն տալն է, որ հետապնդումն իրականացնող մարմինը կարողանա գործի դնել ենթադրյալ իրավախախտ դատավորի կալանավորման և որպես մեղադրյալ ներգրավելու քրեադատավարական ընթացակարգերը կամ վարչական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը:

Ինչպես հետևում է վերոգրյալից, Հանրապետության Նախագահը և ՀՀ արդարադատության խորհուրդը տվյալ պարագայում հանդես են գալիս որպես դատավորի անկախության և անձեռնմխելիության ապահովման երաշխավորներ: Սահմանված կարգի պահպանմամբ ՀՀ արդարադատության խորհրդի արված առաջարկության հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնությունն անհրաժեշտ իրավական պայման է ընդհանուր ընթացակարգերի գործողության հիման վրա, դրանցով նախատեսված կարգով դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցելու իրավունքի իրականացման համար: Միևնույն ժամանակ Հանրապետության Նախագահի համաձայնությունը դեռևս չի նշանակում դատավորին կալանավորելու, նրան քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չի կաշկանդում իրավասու մարմնին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:

Այսպիսով, դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը բացառում է առանց քննարկված ընթացակարգի պահպանման դատավորին կալանավորելու, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը. ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածը հստակորեն սահմանում են, որ դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել` առանց ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

46. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած ՀՀ Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգրքի համապատասխան իրավանորմերը հստակորեն բացառում են դատավորին կալանավորելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունն առանց Հանրապետության Նախագահի համաձայնության, այնուամենայնիվ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավական մեխանիզմը, որը վերաբերում է ՀՀ արդարադատության խորհրդի կողմից համապատասխան միջնորդությունը մերժելու կամ Հանրապետության Նախագահի կողմից համաձայնություն չտալու դեպքում արդեն իսկ հարուցված քրեական գործի հետագա ընթացքին, հստակ ու համարժեք չէ:

Խնդրո առարկա հարցի որոշակի կարգավորում սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն` քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով վարույթի կասեցումը, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, գործի վարույթի ժամանակավոր ընդմիջումն է: Գործով վարույթը կասեցվում է, եթե գործի քննության ընթացքում առաջ են գալիս նախաքննությունը շարունակելուն խոչընդոտող այնպիսի հանգամանքներ, որոնք սպառիչ թվարկված են օրենքով և որոնց վերացման ուղղությամբ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի:

Քրեական գործով վարույթի կասեցման իրավական հետևանքները գնահատելով դատավորի անձեռնմխելիության հիմնարար իրավական արժեքի լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով քրեական գործով վարույթը կարող է կասեցվել մինչև օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից օգտվող անձին պատասխանատվության ենթարկելու համաձայնության ստացման հարցի լուծումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի լայն մեկնաբանությունը (այն, որ դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին միջնորդության մերժվելուց հետո մինչդատական վարույթն իրականացնող մարմինն իրավասու է կասեցված պահել քրեական գործով վարույթը և առանց որևէ միջոց ձեռնարկելու սպասել մինչև դատավորի լիազորությունները դադարեն) կիմաստազրկեր դատավորի անձեռնմխելիության հիմնարար իրավական արժեքը և դրանով կվտանգեր դատական իշխանության անկախությունը:

47. Հետևաբար, հիմնվելով սույն որոշման մեջ շարադրված դատական իշխանության անկախության և անձեռնմխելիության հիմնարար սկզբունքները երաշխավորող սահմանադրաիրավական և միջազգային-իրավական նորմերի վրա, ինչպես նաև հաշվի առնելով նշված իրավանորմերով սահմանված այն իմպերատիվ պահանջը, համաձայն որի` դատավորը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել առանց ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին իրավասու մարմնի միջնորդության մերժման դեպքում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կարճել քրեական գործի վարույթը:

48. Սույն որոշման 29-47-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ գլխավոր դատախազը 2000 թվականի հունիսի 22-ին թիվ 62201100 քրեական գործի շրջանակներում միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ` խնդրելով քննության առնել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու համար Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու հարցը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

ՀՀ արդարադատության խորհրդի 2000 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը մերժվել է (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

2000 թվականի սեպտեմբերի 1-ին մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին` մինչև կասեցման հիմքի վերացումը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Հանրապետության Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանի լիազորությունները դադարեցվել են (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2008 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ թիվ 62201100 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

Նախաքննության մարմնի 2008 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել դատավորի պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածում ենթադրաբար կատարած հանցագործությունների համար (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):

49. Այսպիսով, մինչդատական վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքի խախտում, քանի որ (ա) դատավոր Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու համար Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը ՀՀ արդարադատության խորհրդի կողմից մերժվելուց հետո թիվ 62201100 քրեական գործի վարույթը կասեցրել է, իսկ դատավոր Ա.Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնելուց հետո նշված քրեական գործի վարույթը վերսկսել է, ինչպես նաև (բ) առանց դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգի պահպանման Ա.Սաղաթելյանին` դատավոր եղած ժամանակահատվածում ենթադրաբար կատարված հանցավոր արարքների համար մեղադրանք է առաջադրել:

50. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի քննության ընթացքում ստորադաս դատարանները սույն որոշման 27-րդ և 49-րդ կետերում շարադրված, մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված խախտումների լույսի ներքո չեն գնահատել ամբաստանյալ Ա.Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

51. Ինչ վերաբերում է բողոքաբերների կողմից բարձրացված մյուս հարցերին (տե՛ս սույն որոշման 18-19-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման մեջ արձանագրված խախտումների առկայության պայմաններում դրանց իրավական նշանակությունը բացակայում է, ուստի սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն այդ հարցերին չի անդրադառնում:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Անահիտ Հայկի Սաղաթելյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 17-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի օգոստոսի 9-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 Նախագահող՝ Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ` Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
  Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
  Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ
  Ս. ՕՀԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան