Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/0821/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0821/05/10

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Լ. Սոսյան

Ա. Սարգսյան

Հ. Բեդևյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Քաջանց» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 02.03.2010 թվականի թիվ 1105971 և 30.09.2009 թվականի թիվ 1104999 ակտերը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Կոմիտեի 02.03.2010 թվականի թիվ 1105971 ակտը:

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել Կոմիտեի 30.09.2009 թվականի թիվ 1104999 ակտը:

ՀՀ վարչական դատարանի 07.05.2010 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/0821/05/10 և թիվ ՎԴ/1437/05/10 վարչական գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Ղարիբյան) (այսուհետ` Դատարան) 16.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2011 թվականի որոշմամբ Դատարանի 16.11.2010 թվականի վճռի դեմ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Դատարանի 16.11.2010 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեի Կապանի տարածքային հարկային տեսչությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» կարգը (այսուհետ՝ Կարգ), խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը պարզել է այն հանգամանքը, որ թիվ 1104999 ակտը ստորագրել է Ընկերության տնօրենի հայրը, որն Ընկերության ղեկավար կամ նրան փոխարինող անձ չէ: Իսկ Ընկերության տնօրեն Վարդան Անտոնյանը ստուգմանը չի մասնակցել և ակտը չի ստորագրել, քանի որ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Ընկերության տնօրենի բացակայության ժամանակահատվածում նրան փոխարինել է Ընկերության հաշվապահ Կարեն Կարապետյանը: Այսինքն՝ Ընկերությունը ստուգումն իրականացնող անձանց համար ստեղծել է ստուգումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ նշանակել է տնօրենին փոխարինող անձ: Ավելին, որպես վկա հարցաքննված Էդիկ Բաղդասարյանը, որը որպես ստուգում իրականացնող պաշտոնատար անձ մասնակցել է ստուգմանը, հաստատել է, որ չեն ստուգել թիվ 1104999 ակտը ստորագրած անձի լիազորությունները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ 1104999 ակտն Ընկերության տնօրենին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին չհանձնելը չի հանդիսացել հիմնական և էական փաստը, որի հիման վրա Դատարանը վերացրել է այն, այլ Դատարանն էական է համարել այն հանգամանքը, որ վարչական մարմնի կողմից չի ապացուցվել ակտի հիմքում ընկած իրավախախտման փաստը: Այսինքն՝ եթե նույնիսկ Ընկերության տնօրենը մասնակցած լիներ ստուգմանը և ստորագրած լիներ ակտը, ապա այդ դեպքում ևս չէր վերանա ակտի անվավերության հիմքը, այն է՝ ակտում նշված իրավախախտման ապացուցված չլինելու փաստը: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից արձանագրված իրավախախտման փաստը հաստատող ապացույցներ չեն ներկայացվել: Ընդ որում, ըստ Կոմիտեի ներկայացուցիչների, դրանք չեն ներկայացվել պահպանված չլինելու պատճառաբանությամբ: Նման պայմաններում Դատարանը հաստատված է համարել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Ընկերության թիվ 2403 առաքման գրքի 9-րդ էջում գրանցված են թիվ 1104999 ակտում նշված ապրանքները: Ավելին, իրավախախտումը հաստատող ապացույցները չեն ներկայացվել նաև Վերաքննիչ դատարանում: Սակայն Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով միայն վերաքննիչ բողոքում նշված պնդումն այն մասին, որ ստուգման պահին ապրանքները գրանցված չեն եղել, անհիմն է համարել Դատարանի կողմից հաստատված վերը նշված փաստը: Մինչդեռ, վերաքննիչ բողոքում նշված պնդումն ապացույց չի հանդիսանում, ուստի միայն նման հիմքով չի կարող անհիմն համարվել Դատարանի հաստատած փաստը:

02.03.2010 թվականի թիվ 1105971 ակտի մասով վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ Դատարանը չի պահանջել ակտի հավելվածները, ինչի հետևանքով չի անդրադարձել Ընկերության տնօրենի հայտարարությանը, և նշել է, որ ի պաշտոն» չի պարզել գործի փաստերը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը չի պարզաբանել, թե Ընկերության տնօրենի հայտարարությունը որպես ապացույց դիտարկելու դեպքում արդյոք այն կարող էր ազդել գործի ելքի վրա և դիտարկվել որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ: Մինչդեռ, Ընկերության տնօրենի հայտարարության տեքստից չի հետևում, որ մինչև Ընկերության կողմից ապրանքի առաքումը տեղի է ունեցել տեղափոխում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վարչական մարմինը կրում է իր տիրապետման տակ գտնվող ապացույցները ներկայացնելու պարտավորություն, ինչպես նաև կրում է վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից տեղի է ունեցել ապրանքի առաքում: Հետևաբար, միաժամանակ չէր կարող տեղափոխում կատարվել կամ առաքումը միաժամանակ որակվեր տեղափոխում: Իսկ Կարգը նախատեսում է առաքման և տեղափոխման տարբեր իրավական ռեժիմներ, որի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում ընդունած որոշումներում՝ տալով «առաքվող ապրանք» և «տեղափոխվող ապրանք» հասկացությունների որակումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին։ Միաժամանակ Ընկերությունը պահանջել է փոխհատուցել 195.000 ՀՀ դրամ դատական ծախսերը, որը ներառում է վճռաբեկ բողոքի համար 20.000 ՀՀ դրամ պետական տուրքը և 175.000 ՀՀ դրամ փաստաբանական ծախսը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատելով և հետազոտելով գործում առկա ապացույցները, կայացրել է հիմնավորված և օրինական դատական ակտ: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ Դատարանի կողմից կիրառված իրավական նորմերը սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 18.09.2009 թվականի թիվ 1104999 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարված ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգման արդյունքներով 30.09.2009 թվականի թիվ 1104999 ակտով Ընկերությանը տուգանքի տեսքով առաջադրվել է 1.929.600 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Ակտով արձանագրվել է, որ «Ընկերությունն իրացման գներով արտահայտված 09.09.2009 թվականի թիվ 093 հաշիվ-ապրանքագրով 2.664.000 ՀՀ դրամի և 18.09.2009 թվականի թիվ 094 հաշիվ-ապրանքագրով ք. Քաջարան Կամոյի 1 հասցեից իրացման նպատակով առաքել է տարբեր ապրանքներ, որոնք չի գրանցել նույն հասցեի համար տրամադրված «Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» թիվ 2403 գրքում, … ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու համար գանձվում է տուգանք չգրանցված ձեռնարկատիրական գործունեության առարկաների արժեքի՝ վաճառքի գներով արտահայտված 7.718.400 ՀՀ դրամի 25 տոկոսի չափով՝ 1.929.600 ՀՀ դրամ, որը երեսնօյա ժամկետում չմուծելու դեպքում կրկնապատկվում է» (հատոր 1-ին, գ.թ. 66-69)։

2) 09.09.2009 թվականի թիվ 093 հաշիվ-ապրանքագրով Ընկերությունը «ԶՄՊԿ» ՓԲԸ-ին վաճառել է 2.664.000 ՀՀ դրամի պոլիէթիլենային տոպրակ (հատոր 1-ին, գ.թ. 70)։

3) 18.09.2009 թվականի թիվ 094 հաշիվ ապրանքագրով Ընկերությունը «ԶՄՊԿ» ՓԲԸ-ին վաճառել է 5.054.400 ՀՀ դրամի ալյումինի փոշի (հատոր 1-ին, գ.թ. 71)։

4) Ընկերության «Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» թիվ 2403 գրքի 9-րդ էջի 95-րդ և 96-րդ տողերում գրանցված են 09.09.2009 թվականի թիվ 093 և 18.09.2009 թվականի թիվ 094 հաշիվ-ապրանքագրերով վաճառված ապրանքների առաքումների մասին տվյալները (հատոր 1-ին, գ.թ. 72-73)։

5) Կոմիտեի նախագահի 11.02.2009 թվականի թիվ 1105971 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարված ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգման արդյունքներով 02.03.2010 թվականի թիվ 1105971 ակտով Ընկերությանը տուգանքի տեսքով առաջադրվել է 6.327.500 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Ակտով արձանագրվել է, որ «Ընկերության մոտ սույն թվականի փետրվար ամսին առկա էին ք. Քաջարան Կամոյի 1 հասցեում գործող արտադրամասից թիվ 003 08.02.2010 թվականի հաշիվ-ապրանքագրով 2.880.000 ՀՀ դրամի և թիվ 004 18.02.2010 թվականի հաշիվ-ապրանքագրով 9.775.000 ՀՀ դրամի, ք. Քաջարան Լեռնագործների 18 հասցեով գործող «ԶՄՊԿ» ՓԲԸ (ՀՎՀՀ 09400818) տեղափոխված և իրացված (առաքված) ապրանքներ, որոնք ի խախտումն ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման՝ սահմանված կարգով գրանցված չէին Ընկերության ք. Քաջարան Կամոյի 1 հասցեում գործող արտադրամասի թիվ 2403 «առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման» գրքում (ապրանքների տեղափոխման պահով վերոհիշյալ գրքի 10-րդ էջի 108 և 109 տողերի 5-րդ սյունակում լրացված չէր տեղափոխման սկզբի ժամը, 6-րդ սյունակում լրացված չէր տեղափոխման ձևը, այսինքն՝ տեղափոխող մեքենայի մակնիշը և պետհամարանիշը, իսկ առաքման պահով նույն էջի նույն տողերի 3-րդ սյունակում լրացված չէր առաքման հաշիվ-ապրանքագրերի ամսաթիվը): …Ընկերությունից գանձման է ենթակա տուգանք 50 տոկոսի (իրավախախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնական խախտման փաստ արձանագրելու հետևանքով) հաշվարկված վերոհիշյալ երկու հաշիվ-ապրանքագրերով սպառողի հասցեով տեղափոխված և առաքված, սահմանված կարգով չգրանցված ապրանքների ընդհանուր արժեքից 6.327.500 ՀՀ դրամ գումարով, … տուգանքը երեսնօյա ժամկետում չմուծելու դեպքում կրկնապատկվում է» (հատոր 1-ին, գ.թ. 10-14)։

6) 08.02.2010 թվականի թիվ 003 հաշիվ-ապրանքագրով Ընկերությունը «ԶՄՊԿ» ՓԲԸ-ին վաճառել է 2.880.000 ՀՀ դրամի պոլիէթիլենային տոպրակ (հատոր 1-ին, գ.թ. 16)։

7) 18.02.2010 թվականի թիվ 004 հաշիվ ապրանքագրով Ընկերությունը «ԶՄՊԿ» ՓԲԸ-ին վաճառել է 9.774.960 ՀՀ դրամի ալյումինի փոշի (հատոր 1-ին, գ.թ. 15)։

8) Ընկերության «Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» թիվ 2403 գրքի 9-րդ էջի 108-րդ և 109-րդ տողերում գրանցված են 08.02.2010 թվականի թիվ 003 և 18.02.2010 թվականի թիվ 004 հաշիվ-ապրանքագրերով վաճառված ապրանքների առաքումների մասին տվյալները (հատոր 1-ին, գ.թ. 72-73)։

9) Ընկերության տնօրեն Վարդան Անտոնյանի 24.02.2010 թվականի հայտարարության համաձայն՝ «Ընկերությունը զբաղվում է ալյումինի փոշու արտադրությամբ, որն առաքվում է միայն «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին: … Ընկերության թիվ 2403 գիրքը ստացված է ք. Քաջարան, Կամոյի 1 հասցեի համար, լրացվում է իմ կողմից, որտեղ գրանցվում են կազմակերպություններին կատարված առաքումները, որոնցում նշված ապրանքները՝ ալյումինի փոշին, պոլիէթիլենային տոպրակները տեղափոխվում են մեր կողմից Քաջարան, Կամոյի 1 հասցեից մեզ պատկանող «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով: Ապրանքը բարձվում է Ընկերությանը պատկանող «Մազ» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում կազմվում է հաշիվ-ապրանքագիր և լրացվում առաքման գիրքը: Իրացումը կատարվում է Լեռնագործների 18 հասցեում, որտեղ ընդունում-հանձնում կատարվում է իմ և պահեստապետի միջև: Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գրքի 3-րդ սյունակի պահանջներից, որն է՝ հաշիվ-ապրանքագրի համարը, ամսաթիվը, սյունակում հաշիվ-ապրանքագրի ամսաթիվը գրանցված չէ, քանի որ այն նշված է 5-րդ սյունակում, և տվյալ դեպքում համապատասխանում է հաշիվ-ապրանքագրի ամսաթիվը և առաքման ամսաթիվը: Իսկ տեղափոխումը մեր կողմից կատարելու ժամանակ 5-7-րդ սյունակների պարտադիր լինելու դեպքում, 5-րդ սյունակի, որն է՝ առաքման (ապրանքի բաց թողնելու, տեղափոխման սկզբի) օրը, ժամը սյունակում ժամը նշված չէ, քանի որ առաքումը կատարվում է կոմբինատում, որի ժամանակ գիրքը գտնվում է Ընկերությունում՝ Կամոյի 1 հասցեում: Ինչպես նաև կառավարության 314 որոշման համաձայն ապրանքների առաքման դեպքում 5-7-րդ սյունակները համարվում են ոչ պարտադիր: Հայտնում եմ նաև, որ 5-7-րդ սյունակները լրացրել եմ՝ համարելով ոչ պարտադիր պայման: Գրքի 6-րդ սյունակում, որտեղ պետք է նշվի տեղափոխման ձևը և վայրը, գրանցված է միայն տեղափոխման վայրը, իսկ տեղափոխման ձևը նշված չէ, քանի որ 6-րդ սյունակն առաքման դեպքում պարտադիր չէ: Հայտնում եմ նաև, որ 7-րդ սյունակում ապրանքի ուղեկցող համարվում եմ ես» (հատոր 2-րդ, գ.թ. 110)։

9) Ընկերության տնօրենի 24.02.2010 թվականի հայտարարությունը ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

 

30.09.2009 թվականի թիվ 1104999 ակտի մասով.

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, ինչպես նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Ընդ որում, վարչական մարմինը կամ պաշտոնատար անձն է կրում իր որոշման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի 09.09.2009 թվականի թիվ 093 և 18.09.2009 թվականի թիվ 094 հաշիվ-ապրանքագրերով առաքված ապրանքները «Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման» թիվ 2403 գրքում Ընկերության կողմից գրանցած չլինելու հանգամանքը, որն ապացուցելու պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի ուժով դրված է վարչական մարմնի վրա։

Սույն գործով 30.09.2009 թվականի թիվ 1104999 ակտն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ «գործի քննության ընթացքում պարզվեց, որ ստուգմամբ խախտում արձանագրելու համար տեսուչների կողմից հիմք է ընդունվել Ընկերության թիվ 2403 գրքի վերջին գրառումները, հաշվապահի գրավոր հայտարարությունը: Սակայն որևէ փաստով այն չապացուցվեց, քանի որ պատասխանողի կողմից Դատարանին չներկայացվեց ոչ հաշվապահի հայտարարությունը և ոչ էլ Ընկերության թիվ 2403 գրքի վերջին գրառումները՝ այն պահպանված չլինելու պատճառաբանությամբ, ինչը կհանդիսանար ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ սահմանված խախտում արձանագրելու հիմք»: Միաժամանակ, Դատարանը նշել է, որ «Ընկերության «Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» թիվ 2403 գրքի 9-րդ էջում գրառված է 09.09.2009 թվականի թիվ 093 հաշիվ-ֆակտուրայի և 18.09.2009 թվականի թիվ 094 հաշիվ-ֆակտուրայի ք. Քաջարան, Կամոյի թիվ 1 հասցեից իրացման նպատակով առաքված ապրանքները»:

Վերաքննիչ դատարանը 30.09.2009 թվականի թիվ 1104999 ակտի մասով վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ «բողոք բերած անձը պնդում է, որ ստուգման պահին ապրանքները գրանցված չեն եղել գրանցման գրքում, դրանք գրանցվել են հետո, հակառակ դեպքում ակտն ավելի շուտ կբողոքարկվեր՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ստուգման ակտը ստորագրել է Ընկերության ներկայացուցիչը, նշում է կատարել ստուգման ակտի հետ առարկություն չունենալու մասին և վճարել ակտով արձանագրված տուգանքը, այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտը համաձայն է եղել ստուգման ակտի հետ»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է միայն պատասխանող կողմի պնդումները, առանց գնահատման առարկա դարձնելու դրանց հավաստիության հարցը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը զուրկ է որևէ իրավական հիմնավորումներից: Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ գործում առկա Ընկերության «Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» թիվ 2403 գրքի 9-րդ էջում գրառված է 09.09.2009 թվականի թիվ 093 հաշիվ-ֆակտուրայի և 18.09.2009 թվականի թիվ 094 հաշիվ-ֆակտուրայի ք. Քաջարան, Կամոյի թիվ 1 հասցեից իրացման նպատակով առաքված ապրանքները:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմնի կողմից 30.09.2009 թվականի թիվ 1104999 ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցված չլինելու պայմաններում այն Դատարանի կողմից անվավեր ճանաչելն իրավաչափ է:

 

02.03.2010 թվականի թիվ 1105971 ակտի մասով.

 

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչև հոդվածի վերջը` ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային մարմնի կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո`երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգի» (այսուհետ` Կարգ) 5-րդ կետի համաձայն` տնտեսավարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները, բացառությամբ նույն կարգի 2-րդ կետի 2-րդ մասում նշվածների։ Առաքվող ապրանք է համարվում նաև առևտրական կետից տնտեսավարող սուբյեկտներին իրացվող (վաճառվող, տրամադրվող) ապրանքը։ Տեղափոխվող ապրանքը ներառում է տնտեսական տեղաշարժերի ենթարկվող (պատրաստի արտադրանքի` պահեստից կամ այլ վայրերից ֆիրմային խանութ, պահեստից վաճառքի կետ կամ այլ վայր (պահեստ և այլն) տեղափոխվող) ապրանքը (պատրաստի արտադրանքը), ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը։

Կարգի 7-րդ կետի համաձայն՝ ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում ապրանքի բացթողման համար պատասխանատու համապատասխան անձի կողմից գրանցումներ կատարվում են նախապես` մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը) յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի համար առանձին-առանձին` ըստ առաքման կամ տեղափոխման համար հաշիվ-ապրանքագրերի լրացման հաջորդականության` գրանցման հերթական համարներով:

Կարգի 8-րդ կետի համաձայն՝ առաքումների գրանցման գրքում առաքումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից հերթական համարով գրանցվում է առաքվող ապրանքատեսակի խոշորացված խմբի անվանումը (օրինակ` սննդամթերք, շինանյութ և այլն), հաշիվ-ապրանքագրի տվյալները, տվյալ տարածքից տեղափոխման ձևը (տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, պետհամարանիշը (համարը) կամ նշում առձեռն (առանց տրանսպորտային միջոցի) տեղափոխման մասին և ապրանքի հասցեագրման (տեղափոխման) վայրը:

Կարգի 14-րդ կետի համաձայն՝ առաքվող ապրանքների գրանցումը ներառում է առաքումների գրանցման գրքի` ապրանքների գրանցման էջի 1-4-րդ և 8-րդ սյունակների լրացումը (համապատասխան առաքման` ըստ էության գրանցումը):

Կարգի 15-րդ կետի համաձայն՝ տեղափոխվող ապրանքների գրանցումը ներառում է առաքող տնտեսավարող սուբյեկտի համար` առաքումների գրանցման գրքի 1-3-րդ, 5-7-րդ սյունակների լրացումը (տեղափոխման համար հանձնված ապրանքների ըստ էության գրանցումը):

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված կարգի դրույթներով տարբերակված է արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքում գրանցման ենթակա ապրանքների երկու տարատեսակ, այն է՝ առաքվող և տեղափոխվող: Ընդ որում, առաքվող ապրանքը (արտադրանքը) այլ տնտեսավարող սուբյեկտներին դեռևս չիրացված (չվաճառված), սակայն վաճառքի համար նախատեսված ապրանքն է, իսկ տեղափոխվող ապրանքն այն ապրանքն է, որը պահեստից կամ այլ վայրերից տեղափոխվում է ֆիրմային խանութ, պահեստից վաճառքի կետ կամ այլ վայր, այսինքն՝ ենթարկվում է տնտեսական տեղաշարժերի (տես՛ «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության՝ 17.12.2008 թվականի թիվ 1100303 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/0516/05/09 (2010թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի որոշումը):

Սույն գործով 02.03.2010 թվականի թիվ 1105971 ակտն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ «Ընկերության առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) թիվ 2403 գրքի 10-րդ էջի 108 և 109 տողերի համաձայն՝ Ընկերությունն առաքել է գնորդին՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին, պոլիէթիլենային տոպրակներ և ալյումինի փոշի՝ իրացնելու նպատակով: Փաստորեն հարկային տեսչության կողմից արձանագրվել է խախտում, որը որևէ փաստով ապացուցված չէ, քանի որ հայցվորը հանդիսացել է առաքող և Կարգի 14-րդ կետի համաձայն առաքումների գրանցման գրքի 5-7 սյունակների լրացման պարտավորություն չի կրել և ոչ էլ որևէ այլ ապացույցով չհիմնավորվեց, որ Ընկերությունը տվյալ պահին հանդիսացել է տեղափոխող, ինչը կհանդիսանար ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված Կարգի 15-րդ կետի խախտում արձանագրելու համար»: Միաժամանակ Դատարանը նշել է, որ «հաշիվ-ապրանքագրի տվյալները լրացնելու հետ զուգահեռ, ՀՀ կառավարության որոշման իմաստով բավարար է լրացնել տվյալներ, որոնք կբավարարեն համապատասխան փաստաթուղթը՝ հաշիվ-ապրանքագիրը նույնականացնելու (իդենտիֆիկացիա) համար», «Կարգը հստակ նշում է, որ բավարար է ըստ էության (այլ ոչ թե ըստ ձևի) գրառում: Իսկ ըստ էության գրառումը նշանակում է զուտ հաշիվ-ապրանքագիրը նույնականացնող տվյալների մասին տեղեկությունների գրառում»:

Վերաքննիչ դատարանը 02.03.2010 թվականի թիվ 1105971 ակտի մասով վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ «վիճարկվող ակտում նշվել է հավելվածների մասին, սակայն վարչական դատարանը չի պահանջել ակտի հավելվածներ հանդիսացող նյութերը, ինչի հետևանքով չի անդրադարձել Ընկերության տնօրենի հայտարարությանը, այսինքն՝ ի պաշտոն» չի պարզել գործի փաստերը՝ կապված տվյալ ակտի հետ»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ գտնում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանն ընդունում է վարչական դատարան չներկայացված այն ապացույցները, որոնք իր կարծիքով ունեն գործի լուծման համար էական նշանակություն:

Վերաքննիչ բողոքին կից ներկայացված Ընկերության տնօրենի 24.02.2010 թվականի հայտարարության համաձայն՝ «Ընկերությունը զբաղվում է ալյումինի փոշու արտադրությամբ, որն առաքվում է միայն «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին: … Ընկերության թիվ 2403 գիրքը ստացված է ք. Քաջարան, Կամոյի 1 հասցեի համար, լրացվում է իմ կողմից, որտեղ գրանցվում են կազմակերպություններին կատարված առաքումները: Ապրանքը բարձվում է Ընկերությանը պատկանող «Մազ» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում կազմվում է հաշիվ-ապրանքագիր, և լրացվում առաքման գիրքը: Իրացումը կատարվում է Լեռնագործների 18 հասցեում, որտեղ ընդունում-հանձնում կատարվում է իմ և պահեստապետի միջև: Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գրքի 3-րդ սյունակի պահանջներից, որն է՝ հաշիվ-ապրանքագրի համարը, ամսաթիվը, սյունակում հաշիվ-ապրանքագրի ամսաթիվը գրանցված չէ, քանի որ այն նշված է 5-րդ սյունակում և տվյալ դեպքում համապատասխանում է հաշիվ-ապրանքագրի ամսաթիվը և առաքման ամսաթիվը»:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դնելով Դատարանի կողմից գործի փաստերն ի պաշտոն» չպարզելու հանգամանքը, որևէ կերպ չի պատճառաբանել վիճարկվող ակտի հավելված հանդիսացող Ընկերության տնօրենի հայտարարության՝ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հանգամանքը: Մասնավորապես, նշված փաստաթղթի բովանդակությունից ակնհայտ է, որ այն որևէ էական նշանակություն չունի սույն գործի քննության համար:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի՝ 175.000 ՀՀ դրամ փաստաբանական ծախսը փոխհատուցելու հետ կապված վճռաբեկ բողոքում բերված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ այն քննակման առարկա չի դարձվել ստորադաս դատարանում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. «Քաջանց» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 16.11.2010 թվականի վճռին։

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կապանի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ «Քաջանց» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ