Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/0155/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0155/05/10

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Ա. Սարգսյան

Հ. Բեդևյան

Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.04.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)` բնապահպանական տեսչության թիվ 100066 և թիվ 100201 ակտերի կազմման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես դրա հետևանք` հարկային մարմնի թիվ 1018973 ակտը վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բնապահպանական տեսչության թիվ 100066 և թիվ 100201 ակտերի կազմման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել և որպես դրա հետևանք` հարկային մարմնի թիվ 1018973 ակտը վերացնել։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Աբովյան) (այսուհետ՝ Դատարան) 02.09.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վարչական գործը փոխանցվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.04.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.09.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ և 4-րդ պարբերությունները, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի պահանջը։

Հայաստանի Հանրապետության բնապահպանության տեսչության թիվ 100201 ակտով պակաս հաշվարկված 273.393.300 խմ ջրի ծավալը վերաբերում է Ընկերության կողմից վերցրած ստորեկրյա ջրերին։ Նշված հաշվարկը, սակայն, կատարվել է՝ հիմք ընդունելով Ընկերության ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրի քանակությունը, ինչը ստուգումն իրականացնելու պահին գործող օրենքով նախատեսված չէր։ Ավելին, գործում առկա չեն նույն ջրօգտագործման թույլտվությունները, որոնցով հնարավոր կլիներ ստուգել հաշվարկի ճշտությունը, նույնիսկ ընդունելի համարվի հաշվարկի` ջրօգտագործման թույլտվության վրա հիմնված մեթոդը։

Իրականում ջրօգտագործման թույլտվություններում նշված տվյալներն օգտագործելու փոխարեն բնապահպանական տեսչության ստուգողները ստուգման ընթացքում պարտավոր էին այցելելու ջրառի կետերը, կատարել չափումներ, համեմատել այդ չափումների տվյալներն Ընկերության կողմից հայտարարագրված տվյալների հետ և տարբերության դեպքում արձանագրել խախտման փաստը` յուրաքանչյուր ջրառի կետի համար։

Թիվ 100201 ակտին կից հաշվարկը կատարելու համար ստուգողները որևէ հիմնավորում չեն ներկայացրել, թե որ ստորգետնյա և որ վերգետնյա մակերևութային աղբյուրների հոսքերն են չափել, այդ չափումների արդյունքում կոնկրետ ջրաղբյուրների համար ինչ տարբերություններ են արձանագրվել ընկերության կողմից հայտարարագրված տվյալների համեմատ։ Հետևաբար, քանի որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ կետի 2-րդ և 4-րդ պարբերությունների իմաստով ջրօգտագործման թույլտվությունների տվյալները կիրառելի չեն ջրառի ծավալները ստուգելու համար, և ստուգողները որևէ փաստացի չափում չեն իրականացրել ստուգման ընթացքում, թիվ 100201 ակտում արձանագրված ջրի ծավալը կամայական և անհիմն հաշվարկի արդյունք է, իսկ այդ հաշվարկի հիման վրա Ընկերությանն առաջադրված 30.483.000 ՀՀ դրամ բնօգտագործման վճարի և դրա տույժերի պարտավորությունը նույնպես անհիմն է և ապօրինի։

Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը, բնապահպանության տեսչության գործողությունները, տվյալ դեպքում թիվ 100201 ակտին կից հաշվարկ կազմելը, հիմնավորել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ կետի 2-րդ և 4-րդ պարբերություններով, մինչդեռ նշված իրավանորմերը ջրօգտագործման թույլտվության ցուցանիշների օգտագործմամբ հաշվարկի կատարում չի նախատեսում։

Հետևաբար, Դատարանի` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ կետի բոլոր մեկնաբանությունները` ընդհանուր կանոնի ճշգրտման վերաբերյալ, որոնք, ի դեպ, իրավակիրառ պրակտիկայում որևէ իրավական նորմով չեն սահմանված, չեն կարող արդարացնել և հիմնավորել օրենքի սխալ կիրառելու փաստը։

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքին և փաստորեն, հայցվորին զրկել է խախտված իրավունքը դատական մարմինների առջև արդյունավետ պաշտպանելու սահմանադրական իրավունքից։

Վերաքննիչ դատարանի 21.04.2011 թվականի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի թիվ 3-1655(ՏԴ) և 12.12.2007 թվականի թիվ 3-1739(ՏԴ) որոշումներին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.04.2011 թվականի որոշումը և այն փոփոխել, հայցը բավարարել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը

Նախարարության բնապահպանական տեսչության թիվ 100066 և թիվ 100201 ակտերը կազմելուն ուղղված գործողությունները հանդիսանում են վարչարարության մի մաս, որոնք էլ հիմք են հանդիսացել 22.05.2007 թվականի թիվ 1018973 ակտով Ընկերությանը 30.483.000 ՀՀ դրամի բնօգտագործման վճար, տույժ և տուգանք առաջադրելու համար, ուստի դրանք միջամտող վարչական ակտեր են և կարող են վիճարկվել վիճարկման հայց ներկայացնելու միջոցով։ Այսինքն՝ ակտերը կազմելու գործողությունների վիճարկումն ինքնին չի հանգեցնում դրանց վիճարկմանը, և նույնիսկ նշված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելը չի հանգեցնի այդ ակտերն անվավեր ճանաչելուն։ Ուստի թիվ 100066 և թիվ 100201 ակտերը կազմելու գործողությունների վիճարկումը դառնում է աննպատակ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Բնապահպանական տեսչության վերահսկողության բաժնի ժամանակավոր պաշտոնակատարի և ավագ պետական տեսուչի կողմից 30.09.2005 թվականից մինչև 28.10.2005 թվականն Ընկերությունում իրականացվել է 01.07.2004 թվականից մինչև 30.09.2005 թվականն ընկած ժամանակաշրջանի բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգում։ Ստուգման արդյունքում կազմվել են 01.11.2005 թվականի «Կազմակերպության կողմից ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտման փաստի հայտնաբերման մասին» թիվ 100066 ակտը և 01.11.2005 թվականի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման» թիվ 100201 ակտը։ Թիվ 100066 ակտով արձանագրվել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ, իսկ թիվ 100201 ակտով արձանագրվել է Ընկերության կողմից պակաս ցույց տրված ջրի ծավալ 273.393.300 խմ չափով (հատոր 1, գ. թ. 9-11)։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 09.04.2007 թվականի թիվ 084-1815 հանձնարարականի և Հարկային պետական ծառայության պետի 13.04.2007 թվականի թիվ 1018973 հանձնարարագրի հիման վրա 2007 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 22-ը Ընկերությունում կատարվել է բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 01.07.2004 թվականից մինչև 30.09.2005 թվականն ընկած ժամանակահատվածի վերստուգում, որի արդյունքում ՀՀ ԿԱ ՀՊԾ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության 22.05.2007 թվականի թիվ 1018973 ակտով Ընկերությանն առաջադրվել է բնօգտագործման վճարի գծով լրացուցիչ պարտավորություններ 30.483.000 ՀՀ դրամի չափով (այդ թվում նաև տույժ և տուգանք) (հատոր 1, գ. թ. 7-8)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական ակտ ընդունելուն ուղղված գործողությունն է: Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց հետ փոխկապակցված՝ հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

«Վարչարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտի բնորոշման հատկանիշ է համարվում արտաքին ներգործությունը, հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելը, և այդ ակտը պետք է ուղղված լինի անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված՝ սույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Հետևաբար, վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են մեկ նպատակ, այն է` վարչական ակտի ընդունումը:

««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 17.10.2001 թվականի թիվ 986 որոշման 9-րդ կետի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով չվճարված գումարների վճարումը ապահովվում է դատական կարգով` հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

Նույն որոշման 10-րդ կետի համաձայն՝ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման ճշտությունն ստուգելու նպատակով բնապահպանական, լիազոր և հարկային մարմինները կարող են վճար վճարողների մոտ կատարել համատեղ թեմատիկ ստուգումներ:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է Նախարարության բնապահպանական տեսչության կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման ակտերի վարչական ակտ լինելու հանգամանքին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով չի կարող գնահատվել որպես վարչական ակտ, քանի որ այն անմիջականորեն ուղղված չէ անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերականգնելուն կամ ճանաչելուն (տե´ս «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության՝ ստուգման ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի թիվ 3-1655(ՏԴ) որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով անփոփոխ և արձանագրելով, որ բնապահպանական տեսչությունը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին, ըստ էության նաև վարչական մարմին է, որի թիվ 100066 և թիվ 100201 ակտերը կազմելուն ուղղված գործողությունները հանդիսանում են վարչարարության մի մաս, հանգել է այն հետևության, որ վերը նշված ակտերը միջամտող վարչական ակտեր են, քանի որ դրանք ընդունվել են ջրօգտագործման իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և վատթարացնում են հայցվոր ընկերության իրավական վիճակը։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բնապահպանական տեսչության թիվ 100066 և թիվ 100201 ակտերը կազմելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հայցվորի պահանջն ըստ էության կապված է տեսչության թիվ 100066 և թիվ 100201 ակտերի վիճարկման հետ, որոնք հայցվորի կողմից չեն վիճարկվել, հետևաբար քննարկման ենթակա չեն հայցվորի պնդումները` կապված բնապահպանական տեսչության թիվ 100066 և թիվ 100201 ակտերը կազմելու գործողությունները ոչ իրավաչափ լինելու հետ։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հարկային մարմնի թիվ 1018973 ակտը վերացնելու մասին հայցվորի պահանջին, նշել է, որ նշված պահանջը չի կարող համարվել հետևանքների վերացման ածանցյալ պահանջ, քանի որ տվյալ ակտն արդյունք է ոչ թե վիճարկվող գործողությունների, այլ այդ գործողությունների արդյունքում ընդունված թիվ 100066 և թիվ 100201 վարչական ակտերի, որոնք սույն գործի շրջանակներում վիճարկման առարկա չեն դարձել:

Սույն գործի փաստերի համաձայն՝ բնապահպանական տեսչության վերահսկողության բաժնի ժամանակավոր պաշտոնակատարի և ավագ պետական տեսուչի կողմից 30.09.2005 թվականից մինչև 28.10.2005 թվականն Ընկերությունում իրականացվել է 01.07.2004 թվականից մինչև 30.09.2005 թվականն ընկած ժամանակաշրջանի բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգում։ Ստուգման արդյունքում կազմվել են 01.11.2005 թվականի «Կազմակերպության կողմից ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտման փաստի հայտնաբերման մասին» թիվ 100066 ակտը և 01.11.2005 թվականի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման» թիվ 100201 ակտը։ Թիվ 100066 ակտով արձանագրվել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ, իսկ թիվ 100201 ակտով արձանագրվել է ընկերության կողմից պակաս ցույց տրված ջրի ծավալ 273.393.300 խմ չափով։ Հետագայում ՀՀ ԿԱ ՀՊԾ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության 22.05.2007 թվականի թիվ 1018973 ակտով Ընկերությանն առաջադրվել է բնօգտագործման վճարի գծով լրացուցիչ պարտավորություններ 30.483.000 ՀՀ դրամի չափով (այդ թվում նաև տույժ և տուգանք):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության 01.11.2005 թվականի թիվ 100066 և թիվ 100201 ակտերը վերաբերում են միայն բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող օգտագործված ջրի փաստացի ծավալների չափաքանակներին, որպիսի պայմաններում բնապահպանական տեսչության թիվ 100066 և թիվ 100201 ակտերը վարչական ակտեր չեն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնապահպանական տեսչության թիվ 100066 և թիվ 100201 ակտերը կազմելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը պետք է քննվեր ստորադաս դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ թիվ 100066 և թիվ 100201 վարչական ակտերի չվիճարկման պայմաններում մերժման է ենթակա նաև հարկային մարմնի թիվ 1018973 ակտը վերացնելու մասին հայցվորի պահանջը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դիրքորոշումն անհիմն է թիվ 100066 և թիվ 100201 ակտերը վարչական ակտ չհանդիսանալու պայմաններում, հետևաբար այդ ակտի անվավերության հարցը նույնպես պետք է քննարկման առարկա դարձվեր ստորադաս դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.04.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Մ. ԴՐՄԵՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
  Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան