Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1006
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.13
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

20 դեկտեմբերի 2011 թ.

1970 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1970 թվականի մարտի 18-ին Հաագայում ստորագրված` Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին կոնվենցիայում (կից վերապահումով և հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2011 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին կոնվենցիան (Կոնվենցիա) ստորագրվել է 1970 թվականի մարտի 18-ին` Հաագայում:

Կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը կատարել է վերապահում և հայտարարություններ:

2. Կոնվենցիայի նպատակն է բարելավել փոխադարձ դատական համագործակցությունը քաղաքացիական կամ առևտրային գործերում, ինչպես նաև դյուրացնել հարցման նամակների փոխանցումն ու կատարումը:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նշանակել կենտրոնական մարմին, մյուս պայմանավորվող կողմի դատական մարմնի կողմից ուղարկված հարցման նամակներն ստանալու և դրանք կատարելու իրավասություն ունեցող մարմնին փոխանցելու պարտականությամբ.

- ապահովել, որպեսզի նամակներն ուղարկվեն կատարող պետության կենտրոնական մարմնին առանց այդ պետության այլ մարմնի միջոցով փոխանցվելու.

- ապահովել, որպեսզի հարցման նամակը լինի հարցվող մարմնի լեզվով կամ ուղեկցվի այդ լեզվով թարգմանությամբ.

- ապահովել, որպեսզի յուրաքանչյուր դեպքում, երբ նամակը չի կատարվում ամբողջությամբ կամ մասնակիորեն, հարցում ներկայացնող մարմինը նույն ուղիով անհապաղ տեղեկացվի` նշելով չկատարելու պատճառների մասին.

- երաշխավորել, որ նամակի կատարումը չի հանգեցնի հարկերի կամ այլ վճարների որևէ հատուցման.

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը մյուս պայմանավորվող պետության տարածքում և այն տարածքում, որտեղ նա իրականացնում է իր գործառույթները, ապացույցներ ձեռք բերի, առանց հարկադրանքի, այն պետության քաղաքացիներից, որտեղ նա իրականացնում է իր գործառույթները, կամ երրորդ պետության քաղաքացիներից` Հայաստանի Հանրապետության դատարաններում հարուցված վարույթներին աջակցելու նպատակով, պայմանով, որ պայմանավորվող պետության կողմից նշանակված իրավասու մարմինը, որտեղ նա իրականացնում է իր գործառույթները, տվել է իր համաձայնությունը կամ ընդհանուր առմամբ, կամ կոնկրետ մասով, և նա կատարում է այն պայմանները, որոնք իրավասու մարմինը նշել է թույլտվության մեջ.

- ապահովել, որպեսզի դիմումին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի դրական արձագանքի դեպքում, այն կիրառի հարկադրանքի ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է և նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներքին վարույթներում օգտագործելու համար:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1970 թվականի մարտի 18-ին Հաագայում ստորագրված` Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին կոնվենցիայում (կից վերապահումով և հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

20 դեկտեմբերի 2011 թ.
ՍԴՈ-1006