Գլխավոր տեղեկություն
Համար
N 303-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.28/17(891) Հոդ.311
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2012 թվականի N 303-Ն

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 15-ի N 303-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Աշխարհի ավելի քան հարյուր երկրների հայ համայնքներում գործող սփյուռքյան տասնյակ հազարավոր կազմակերպություններ, հոգևոր կառույցներ, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, մշակութային և կրթական կազմակերպություններ, կուսակցություններ, հայագիտական կենտրոններ և ամբիոններ, գրախանութներ, գրադարաններ, մասնագիտական միություններ, ճանաչված սփյուռքահայեր և անհատներ, միլիոնավոր մեր հայրենակիցներ, կտրված լինելով Հայաստանից, կարիք ունեն գոնե առցանց ներկա լինել հայկական աշխարհում և վերջինիս կարևոր մասը կազմող հայկական առցանց մշակութային միջավայրում։ Հայկական առցանց մշակութային միջավայրի կարևորագույն բաղադրիչներից են` համահայկական տեղեկատվական պորտալները, հայալեզու և հայաբովանդակ էլեկտրոնային գրադարանները, ինչպես նաև լեզվական և քերականական առանձնահատկություններ ունեցող հայության տարբեր հատվածների փոխըմբռնումը դյուրացնող ամենատարբեր ծրագրային գործիքները։ Առցանց հայկական մշակութային միջավայրի ստեղծումն ու զարգացումն էապես կնպաստեն սփյուռքյան կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությանը։

 

II. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման խնդիրն օրակարգային է։ Սփյուռքահայության ստվար հատվածը չի տիրապետում կամ մասնակիորեն է տիրապետում մայրենի լեզվին։ Գրականությունը հաճախ արևելահայերեն է և աբեղյանական ուղղագրությամբ, որին սփյուռքահայության ստվար մի զանգված վատ է տիրապետում, ինչն էլ լրացուցիչ խոչընդոտ է սփյուռքի տարբեր հատվածների և հայրենիքի միջև շփման համար։ Սփյուռքում հայալեզու տպագիր գրականության ոչ բավարար քանակը կարող էր լրացնել համացանցը, սակայն, ցավոք, հայերենով տեքստերի քանակությունը համացանցում չափազանց քիչ է, ինչը թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի օգտվողներին հնարավորություն չի տալիս մնալու հայկական միջավայրում։ Գրեթե բացակայում են հայկական էլեկտրոնային գրադարանները, ինչի պատճառով էլ սփյուռքի մեր հայրենակիցները, հատկապես նրանք, ովքեր չեն ապրում հայաշատ և խիտ բնակեցված համայնքներում, հիմնականում կտրվում են հայկական միջավայրից՝ հայկական մշակույթից, գրականությունից, արվեստից, ազգային արժեքներից։

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Սփյուռքի հայ համայնքներում հայոց լեզվի երկու հատվածների փոխըմբռնման նպատակով 2009 թվականին իրականացվել են համացանցում արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը, փոխարկչի ծրագրի տեղադրման աշխատանքները, սակայն այս ծրագիրն ունի շարունակական զարգացման ու սպասարկման կարիք։ Այս պահին ծրագիրն աշխատում է 45000 բառի սահմաններում։ 2012 թվականի ընթացքում փոխարկչի ծրագրի բառապաշարի մեծացումն ու ալգորիթմական բազայի կատարելագործումն էլ ավելի կբարձրացնի ծրագրի արդյունավետությունը։

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության էլեկտրոնային հայալեզու գրադարանի ստեղծումը մեկն է այն պայմաններից, որի առկայության դեպքում աշխարհի ցանկացած կետում գտնվող հայը, ցանկության դեպքում, կկարողանա ապրել և գործել վիրտուալ հայկական աշխարհում՝ հայկական տեղեկատվական, մշակութային, կրթական միջավայրում։ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանում հաշվի են առնվել արևելահայերեն և արևմտահայերեն գրական ժառանգության առկայությունը, ժամանակակից և դասական ուղղագրությունները։ Էլեկտրոնային գրադարանի շտեմարանները մշտապես համալրվելու են Հայաստանի, Արցախի, սփյուռքի դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով և աշխատություններով։

5. Հայրենիք-սփյուռք, սփյուռք-սփյուռք գործակցութան տեղեկատվական հենքն ամրապնդելու և ընդլայնելու, տեղեկատվական բացը սփյուռքի հայ համայնքներում նվազագույնի հասցնելու նպատակով 2009 թվականից Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից ստեղծվել է «Հայերն այսօր» բազմալեզու էլեկտրոնային պարբերականը, 2012 թվականին (52 + 10) թողարկումներով կլրացվի հայկական համայնքների և Հայաստանի միջև եղած տեղեկատվական բացը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Ծրագրով նախատեսվող միջոցառումներից «Հայերն այսօր» բազմալեզու էլեկտրոնային պարբերականի հրատարակումը և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանի համալրումն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, իսկ փոխարկչի համալրման աշխատանքների` արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը` այն ստեղծած հեղինակային խմբի կողմից:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

 

7. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան