Գլխավոր տեղեկություն
Համար
N 241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2012-10.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.21/16(890) Հոդ.266
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2012 թվականի N 241-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 13

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 241-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները:

2. Մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչներն են`

1) տարածքում կրողները ավանդաբար ստեղծում են ոչ նյութական մշակութային արժեքներ.

2) տարածքն ավանդական բնօգտագործման վառ օրինակ է.

3) տարածքում առկա են պատմության, մշակույթի և բնության հուշարձաններ, որոնք ժողովրդական պատմականորեն ձևավորված ընկալումների արդյունքում ձեռք են բերել հոգևոր, ծիսական և պաշտամունքային նշանակություն.

4) տարածքը հանդիսանում է պատմության, մշակույթի և բնության հուշարձանների բացառիկ միաձուլում, ինչի արդյունքում ձեռք է բերել գիտական, մշակութային, զբոսաշրջային նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 241-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN
ը/կ

Տարածքի անվանումը, գտնվելու վայրը

Մշակութային բնութագիրը (նկարագրությունը)

Տարածքի նկարագիրը

1

2

3

4

1.

Արենի, գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում
(նախկինում` Արփա)

Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը` գինու արտադրամասերն ու խաղողի մնացորդները, ինչպես նաև այն, որ տեղի բնակչությունը շարունակում է զբաղվել գինեգործությամբ, հիմք են տալիս Արենին դիտարկել որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածք: Հայտնաբերված գինու արտադրամասն աշխարհում մինչ այժմ հայտնի ամենահին գինեգործարանն է, թվագրվում է Ք. ա. 4000 թթ. սահմաններում: Գյուղում գինեգործությունն այսօր էլ ոչ նյութական մշակութային ժառանգության գերիշխող բնագավառ է, որը ոչ միայն կենսունակ է, այլև զարգացման միտումներ է դրսևորում: Արենիում ստեղծվել են յուրատեսակ գինեգործական տնտեսություններ` տնական և գործարանային: Գինեգործության գործում ներգրավված է գյուղի ամբողջ բնակչությունը: Գինին պատրաստում են բացառապես խաղողի «Արենի» տեսակից, որի ողկույզն արտաքինից նման է ոչխարի գլխի: Քաղցրությունը (սպիրտի) 19-23 տոկոս է: Հատկապես միջազգային ճանաչում են ձեռք բերել Արենի գինու նոր տեսակները` «Արենի Մառանը» և «Արենի Գեդեոնը»: Գյուղում գործում է նաև երկու գինու գործարան:
Արենի գյուղի տարածքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 28 հուշարձաններ` հնավայրեր, ավերված գյուղատեղիներ, խաչքարեր, քարայրներ` Մագիլի և Թռչունների քարանձավները, ինչպես նաև Նորավանքի վանական համալիրը: Նախկին Արենի բնակատեղին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս` բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին:

Արենի գյուղը (վարչական տարածք) 980 մ բարձր է ծովի մակարդակից: 2011 թվականի դրությամբ համայնքն ունի
543 տնային տնտեսություն, 2006 բնակիչ: Կլիման ցամաքային է, հողատարածքը գրեթե ամբողջությամբ ոռոգվում է գետից հանված ջրով: Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Համայնքի զարգացման գերակա ուղղություններից են խաղողագործությունը և գինեգործությունը:

2.

Գյումրի, քաղաք
ՀՀ Շիրակի մարզում (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական)

Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները` մետաղամշակությունը` ներառյալ գեղարվեստական, փայտամշակությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, ասեղնագործությունը, ժանեկագործությունը, միակն է, որտեղ մինչ այսօր կիրառվում է պղնձագործությունը: Հատկապես մեծ համբավ է ձեռք բերել մուշարբայագործությունը (կլկլան բաժակի պատրաստումը): Մուշուրբան կամ «կլկլանն» այսօր Գյումրու խորհրդանիշներից մեկն է: Պղնձից, լատունից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակի ձայնային էֆեկտի` կլկլոցի գաղտնիքը հայտնի է միայն գյումրեցի վարպետներին: Արհեստագործության ներկա վիճակը և դրանցից շատերի ցուցաբերած զարգացման միտումները հիմք են Գյումրին որպես ավանդական արհեստագործության տարածք դիտարկելու համար:

Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվում էր Կովկասի արհեստագործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազմում էր ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարարական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկերչությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագործությունը և այլն: Հատկապես արվեստի մակարդակի էր բարձրացված գեղարվեստական մետաղամշակությունն ու քարի փորագրությունը: Գործում էին գարեջրի, օճառի և կաշվի ձեռնարկություններ: Խորհրդային կարգերի հաստատումից հետո էլ արհեստագործների մեծ մասը շարունակում էր զբաղվել իր գործով: Սա բխում էր արհեստների մեծ մասի բնույթից, քանի որ դրանց համար արհեստանոցի առկայությունն անհրաժեշտություն չէր (ի սկզբանե շրջիկ արհեստներ էին):

Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազարամյակ, որը հաստատվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի հարուստ մնացորդներով և այլ արժեքավոր նյութերով: Գտնվել են բրոնզե իրեր (Ք. ա. 3-րդ հազարամյակ), երկաթե ապարանջաններ և դանակներ
(Ք. ա. 10-9-րդ դդ.), ուշ բրոնզե և վաղ երկաթե դարի աշխատանքի գործիքներ ու զենքեր, երկաթի ձուլման արհեստանոցի հետքեր
(Ք. ա. 10-9-րդ դդ.), բրոնզե զարդեր, կացին, կավե և քարե իրեր, դամբարաններ, բրոնզալարերից մատանիներ, ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սև, փայլեցված, ինչպես և կոպիտ կավամաններ, գավաթներ, թասեր, կճուճներ և այլն:

Ներկայումս Գյումրի քաղաքի տարածքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 1023 հուշարձաններ` XIX դարի ընթացքում կազմավորված փողոցային ցանցը, բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշտամունքային և այլ նշանակության շենքեր ու շինություններ:

Գյումրին (բնակավայր) մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա, Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում։

Ըստ 2001 թ. անկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների` քաղաքում մշտական բնակչության թիվը կազմում էր 150.917 մարդ, իսկ առկա բնակչության թիվը` 140.318:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան