Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.11.15/26(409) Հոդ.399
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611465

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

6 հոկտեմբերի 2011 թ.
ք. Երևան

 N 74-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 14-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործավարության կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի։

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011թ. հոկտեմբերի 6-ի

N 74-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով), այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) գործավարության կանոնները:

2. Հանձնաժողովի և աշխատակազմի գործավարությունն իրականացնում է աշխատակազմի իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժինը (այսուհետ` բաժին) սույն կանոնակարգին համապատասխան:

3. Հանձնաժողովում և աշխատակազմում գործավարության միասնական կարգի ապահովման վերահսկողությունն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:

4. Աշխատակազմի ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

5. Գաղտնի փաստաթղթերի գործավարությունն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

6. Հանձնաժողովում և աշխատակազմում ստացված փաստաթղթերը ընդունվում և գրանցվում են բաժնում` համապատասխան գրանցամատյաններում:

7. Հանձնաժողովում և աշխատակազմում փաստաթղթերը կարող են ստացվել առձեռն կամ փոստի միջոցով: Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև հանձնաժողովի վարչական շենքում տեղադրված դիմումների արկղի միջոցով:

Բաժնում յուրաքանչյուր մտից փաստաթուղթ գրանցվում է ստացվելու օրը:

Դիմումների արկղի միջոցով ստացված փաստաթղթերի մուտքագրման օր է համարվում փաստաթուղթն արկղ գցելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

8. Բաժնում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացառությամբ «Անձամբ» մակագրությամբ ծրարների:

«Անձամբ» մակագրությամբ ծրարների վրա դրվում է մուտքագրման դրոշմակնիք, նշվում է միայն մուտքի օրը, ամիսը, տարեթիվը (այսուհետ` ամսաթիվ) և փակ վիճակում հանձնվում հասցեատերերին:

9. Բաժնում ստուգվում է ծրարների ամբողջականությունը և դրանում առկա փաստաթղթերի առկայությունը:

Ծրարում փաստաթղթերի բացակայության կամ ոչ լիարժեքության, իսկ էլեկտրոնային փաստաթղթերի դեպքում վնասված լինելու մասին կազմվում է արձանագրություն (ձևը կցվում է)` 2 օրինակից, որոնցից մեկը կցվում է փաստաթղթին, մյուսն ուղարկվում է փաստաթուղթն ուղարկողին:

10. Այլ հասցեատիրոջ ուղղված փաստաթղթեր ստացվելու դեպքում, դրանք վերահասցեագրվում են ճիշտ հասցեատիրոջը:

11. Փաստաթղթերի ծրարները փակցվում են փաստաթղթերին և պահպանվում դրանց հետ:

12. Մուտքագրված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է մուտքագրման դրոշմակնիքը, որի վրա նշվում է գրանցման մտից համարը և ամսաթիվը: Դրոշմակնիքը դրվում է այնպես, որ չաղավաղվի փաստաթղթի գրառումը։ Փաստաթղթի աջ անկյունում դրոշմակնքելու անհնարինության դեպքում դրոշմակնիքը դրվում է փաստաթղթի ազատ մասում։

13. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված փաստաթղթերը և «Շտապ» կատարման նշումն ունեցող փաստաթղթերը գրանցվում և ներկայացվում է հանձնաժողովի նախագահին անհապաղ:

14. Փաստաթղթերի կատարմանը վերաբերող ցուցումները իրավասու անձի կողմից տրվում են մակագրությունների ձևով, որոնցում նշվում են կատարողը (կատարողները), աշխատանքի բովանդակությունը, կատարման ժամկետը։

15. Եթե փաստաթուղթը միաժամանակ մակագրվում է մեկից ավելի կատարողների, ապա փաստաթուղթը բաժնի կողմից բազմացվում և հանձնվում է կատարողներին:

16. Փաստաթղթի բնօրինակը հանձնվում է այն կատարողին, որի անվան դիմաց նշվել է «Հավաք» բառը, որն էլ համարվում է պատասխանատու կատարող:

17. «Ի գիտություն, ի տնօրինություն» մակագրության դեպքում` փաստաթուղթը հանձնվում է հասցեատիրոջը և կարող է պահպանվել վերջինիս մոտ:

18. Ստացված փաստաթղթի պատասխանը ստորագրվելուց հետո բնօրինակը և պատասխան գրությունը հանձնվում է բաժին:

19. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի բնօրինակների պահպանության համար: Արգելվում է ստացված փաստաթղթի բնօրինակում որևէ նշում կամ փոփոխություն կատարելը:

20. Արձակուրդի, գործուղման կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող և չպատասխանված փաստաթղթերը հանձնել փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

 

III. ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Ելից փաստաթղթերն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` նրանց փոխարինողի կողմից:

Ելից փաստաթղթեր կարող է ստորագրվել նաև հանձնաժողովի քարտուղարի կողմից` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում:

22. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ելից փաստաթղթեր կարող են ստորագրել նաև հանձնաժողովի անդամները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և հանձնաժողովի մամուլի քարտուղարը:

23. Բոլոր փաստաթղթերն առաքվում են բաժնի միջոցով։ Դրանք գրանցվում են համապատասխան ելքի գրանցամատյաններում։

Ելից գրանցամատյաններում գրառումները կատարվում են փաստաթղթերի առաքման հաջորդականությամբ։

Ելից գրանցամատյաններում տեղեկությունները գրառվում են ելից համարների աճողական հաջորդակությանը համապատասխան։

24. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա նշում կատարողի մասին (անուն, ազգանուն, հեռախոսահամար), որը գրվում է ստորագրված փաստաթղթի վերջին թերթի երեսի կողմի ներքևի ձախ անկյունում:

25. Առաքման ենթակա փաստաթղթերի վրա դրվում է ելից համար, ամսաթիվ և փաստաթուղթը ստորագրողի պայմանանիշը: Այն դեպքում, երբ առաքվող փաստաթուղթը ուղարկվում է ստացված գրությանն ի պատասխան նշվում է նաև այդ գրության ամսաթիվը և համարը:

26. Ելից փաստաթղթերի համար կիրառվում են հետևյալ պայմանանիշերը.

1) Հանձնաժողովի նախագահ 01

2) Հանձնաժողովի նախագահի տեղակալ 02

3) Հանձնաժողովի քարտուղար 03

4) Հանձնաժողովի անդամներ 04

5) Աշխատակազմի ղեկավար 05

6) Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ 06

7) Հանձնաժողովի մամուլի քարտուղար 07:

27. Առաքվող ելից փաստաթուղթը կազմվում և ստորագրվում է երկու օրինակից: Օրինակներից մեկն ուղարկվում է հասցեատիրոջը, իսկ երկրորդ օրինակը կատարման հիմքերի հետ պահվում է բաժնում:

28. Առաքվող ելից փաստաթղթին լրացուցիչ նյութեր կցելու դեպքում տեքստի տակ նշվում է դրանց անվանումն ու թերթերի թիվը:

29. Բաժնում ստուգվում է առաքվող ելից փաստաթղթի ամբողջականությունը:

30. Փաստաթղթերի առաքումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Սուրհանդակային կապի վարչության կամ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

Փաստաթղթերը առձեռն հասցեատիրոջը հանձնելու ժամանակ գրանցվում են փաստաթղթերի ելքագրման գրանցամատյանում և ստացողի կողմից գրավոր ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրա համապատասխան նշում կատարելուց հետո հանձնվում նրան։ Այս դեպքում ստացականում կամ պատճենի վրա պարտադիր նշվում է հանձնված փաստաթղթի անվանումը, կից հանձնվող փաստաթղթերի թերթերի թիվը, ինչպես նաև ստացողի անունը, ազգանունը, հանձնման ամսաթիվը, անհրաժեշտության դեպքում` նաև ժամը, որը ստորագրվում է ստացողի կողմից, այնուհետև կցվում է բաժնում մնացող փաստաթղթին (հիմքին)։

31. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` որպես ծանուցման եղանակ կարող են օգտագործվել հեռախոսագրերը: Դրանք պետք է կազմվեն հստակ ու համառոտ:

Հեռախոսագրերը ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից:

Հեռախոսագրի վրա դրվում է ելից համար, նշվում` հաղորդող և ընդունող անձանց ազգանունները, հեռախոսների համարները, ինչպես նաև հաղորդման ընդունման ամսաթիվն ու ժամը:

32. Ելից փաստաթղթի համարը կազմված է սույն կարգի 25-րդ կետով սահմանված պայմանանիշից և գրանցամատյանի հերթական ելից համարից:

33. Բաժինը ապահովում է փաստաթղթերի պահպանությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացումը: Պահպանության համար փաստաթղթերը բաժինն ընդունում է ըստ ցանկի:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՇԱՐԺԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

34. Քաղաքացիների կողմից ստացված դիմումների, բողոքների ու առաջարկությունների (այսուհետ` դիմում) գրանցման և հաշվառման համար վարվում է առանձին գրանցամատյան:

35. Դիմումների մուտքագրումը և դրանց վերաբերյալ պատասխանների ելքագրումը կատարվում է սույն կարգին համապատասխան:

36. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և աշխատակազմում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով և ժամկետներում:

 

Ձև

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Սույն արձանագրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնում

 

20 թ. ________________ «____»-ին այն մասին, որ _____________________________________________

_____________________________________________________________________________________________

                    (նշվում է ծրարն ուղարկողի անունը և փոստային հասցեն)

_____________________________________________________________________________________________

 

բացման ժամանակ ___________________________________________________________________________

             (համապատասխանաբար նշվում է «փաստաթուղթը բացակայել է» «փաստաթուղթը ոչ լիարժեք է»,
                                                   «էլեկտրոնային փաստաթուղթը վնասված է» բառերը)

 

Այն գրանցվել է մտից _____________ համարով, ________________________________________ ամսաթվով:

 

Աշխատակազմի իրավաբանական վարչության

դիմումների, փաստաթղթերի հաշվառման

բաժնի պետ                                                                  _______________

 _____________

                                                              (ստորագրություն)

 (ազգանուն)