Գլխավոր տեղեկություն
Համար
N 1825-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.12.2011-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1825-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» և «ժա» ենթակետերով.

«ժ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման ապահովումը.

ժա) կրթության և գիտության համակարգերի որակի և արդյունավետության մոնիթորինգը և գնահատումը:»,

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակում.

բ) կրթության զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակում, դրանց մոնիթորինգ և գնահատում.

գ) պետական կրթական չափորոշիչների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

դ) հանրակրթության պետական չափորոշչի մշակում, հանրակրթական պետական ծրագրերի, օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի մշակում և հաստատում.

ե) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի մշակում ու հաստատում՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.

զ) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարության մշակում, ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների` արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերի հաստատում.

է) կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.

ը) կրթության և գիտության բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

թ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումների, կրթության և գիտության հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպում.

ժ) պետական կառավարման լիազոր մարմնի հետ համագործակցությամբ սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ցույց տրվելիք օգնության, սփյուռքում հայապահպան կրթական գործունեության, Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեությանը սփյուռքի մասնակցության ծրագրերի մշակում և մոնիթորինգի իրականացում.

ժա) կրթության և գիտության բնագավառների բյուջետային գործընթացի իրականացում.

ժբ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

ժգ) լրացուցիչ կրթության զարգացման ծրագրերի մշակում, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացում.

ժդ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, մասնագիտական կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի՝ ըստ մասնագիտությունների մշակում և ըստ ուսումնական հաստատությունների բաշխում.

ժե) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի՝ ըստ մասնագիտությունների մշակում.

ժզ) ուսումնական հաստատությունների ղեկավար, մանկավարժական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերին ներկայացվող պահանջների սահմանում.

ժէ) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության, այդ թվում` զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով աշխատանքների համակարգում.

ժը) իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` համաձայնության տրամադրում՝ դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժթ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ի) պետական հանրակրթական հաստատությունների անվանակոչման չափանիշների մշակում և հաստատում.

իա) ուսումնական հաստատությունների պետական նմուշի փաստաթղթերի հայտավորման և բաշխման աշխատանքների իրականացում, բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրում, լրացում, հաշվառում և պահպանում.

իբ) կրթական և գիտական աստիճանների պետական նմուշի ավարտական և գիտական կոչումներին վերաբերող փաստաթղթերի ձևերի մշակում.

իգ) կրթության և գիտության բնագավառներում պետական պարգևների ներկայացման և գերատեսչական պարգևների շնորհման աշխատանքների իրականացում.

իդ) հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկի, ձևաթղթերի և դրանք վարելու կարգի հաստատում.

իե) օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակում և հաստատում.

իզ) «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ», «Լավագույն տնօրեն», «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի անցկացման կարգերի մշակում և հաստատում.

իէ) գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի և գիտական կոչումներ շնորհելու կարգի մշակում.

իը) ատենախոսությունների թեմաների հաստատման և ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների հանձնման կարգի սահմանում.

իթ) ուսումնական հաստատություններում դասագրքերը, ձեռնարկները, ուսումնաօժանդակ նյութերը և ուսումնադիտողական պարագաները գործածության երաշխավորելու կարգի հաստատում.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացում:»,

գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ է.1-ին ենթակետով.

«է.1) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց շնորհում է նախարարության հուշամեդալներ, կրծքանշաններ, ինչպես նաև հաստատում է դրանք շնորհելու կարգը և ձևերը:».

2) որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» գլխի 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակության նոր` «Ներքին աուդիտի բաժին» տողով:

2. Սահմանել, որ ներքին աուդիտի բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 23
Երևան