Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.02.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.02.08/1(20) Հոդ.5
Ընդունող մարմին
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.11.2005
Ստորագրող մարմին
Նոր Նորք համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Նոր Նորք թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2005 թվականի թիվ 1
քաղ. Երևան

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետով` համայնքի ավագանին որոշում է`

1. Ընդունել և հաստատել Երևանի Նոր Նորքի համայնքի ավագանու կանոնակարգը (հավելված).

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Դ. Պետրոսյան

 

 

Հաստատում եմ՝
Նոր Նորք թաղային համայնքի ղեկավար
____________________Դ. Պետրոսյան
24 նոյեմբերի 2005 թ.

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Սույն կանոնակարգն ընդունված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հիման վրա:

1.2 Համայնքի ավագանին իրականացնում է Սահմանադրությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունները և գործում է սույն կանոնակարգին համապատասխան:

1.3 Համայնքի ավագանին իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Ավագանու նիստերը գումարվում են համայնքի ղեկավարի աշխատատեղում:

1.4 Համայնքի ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, իր որոշմամբ, կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:

1.5 Համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

1.6 Ավագանու աշխատանքը տարվում է հայերեն:

1.7 Ավագանու նիստին կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին կարող է ընդունել որոշումներ և ուղերձներ: Օրենքով սահմանված դեպքերում ավագանին կազմում է արձանագրություններ:

1.8 Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասություններից դուրս գտնվող հարցերի կապակցությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ՝ ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին կամ պետական այլ մարմիններին:

2. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համայնքի ավագանին`

2.1 ընդունում է իր կանոնակարգը,

2.2 հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը,

2.3 հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը,

2.4 վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը,

2.5 որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները` համայնքի ղեկավարի ներկայացմամբ,

2.6 նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե,

2.7 վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի ընդունած որոշումների նկատմամբ` օրենքներին և ավագանու որոշումներին դրանց համապատասխանության վերաբերյալ,

2.8 որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը,

2.9 որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել Երևանի քաղաքապետին՝ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ,

2.10 որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայքների հետ միավորվելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ,

2.11 որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ,

2.12 որոշում է կայացնում պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ չպարունակող փաստաթղթեր ստանալու վերաբերյալ: Այդ պահանջի կատարումը մեկամսյա ժամկետում պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար,

2.13 որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ,

2.14 օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին,

2.15 իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին,

2.16 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն կեսից պակաս,

2.17 հաստատում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները` օրենքով սահմանված կարգով,

2.18 սահմանում է օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը,

2.19 սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը,

2.20 որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության հանձնելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների, օտարման գների չափերը և պայմանները, իսկ աճուրդային եղանակով օտարելու դեպքում՝ գույքի մեկնարկային գինը,

2.21 որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման, վերանվանման վերաբերյալ,

2.22 իր որոշմամբ վավերացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին,

2.23 որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ,

2.24 որոշում է կայացնում համայնքի ավագանու կողմից, իր կանոնակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ,

2.25 որոշում է կայացնում համայնքի զինանշանի վերաբերյալ,

2.26 հասատտում է համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը,

2.27 հաստատում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագիծը, հողերի գոտևորման և օգտագործման սխեման, ինչպես նաև առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտևորման, հողաշինարարական, մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերը, ինչպես նաև բնակավայրի պատմամշակութային հիմնավորման և պատմության ու մշակութային անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը,

2.28 հաստատում է բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը,

2.29 հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը,

2.30 պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի անվանափոխության վերաբերյալ:

Համայնքի ավագանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի.

3.1 առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ,

3.2 նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր,

3.3 համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ,

3.4 համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատարան, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի իրավունքները,

3.5 ստանալ դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:

Համայնքի ավագանու անդամը պարտավոր է.

3.6 մասնակցել ավագանու նիստերին,

3.7 պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին,

3.8 մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին,

3.9 չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին,

3.10 անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին:

Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ.

3.11 աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար,

3.12 լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,

3.13 աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:

Վերը նշված կետերով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:

4. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

4.1 դադարացվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

4.2 նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց

4.3 դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը,

4.4 նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում,

4.5 դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել,

4.6 նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում,

4.7 նա մեկ տարվա ընթացքում անհարգելի բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից,

4.8 նա հրաժարական է տվել,

4.9 նա մահացել է:

Բացառությամբ 4.9 կետի, նախատեսված մնացած դեպքերում ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստն սկսելու պահից: Դրա վերաբերյալ համայքնի ավագանին կազմում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը:

4.9 կետով նախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ավագանու որոշմամբ: Նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն:

5. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:

Տվյալ արձանագրությունը ներկայացվում է պետական լիազորված մարմին: Կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայությամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե, օրենքով սահմանված կարգով, տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

6. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Համայնքի ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30%-ի չափով:

7. ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

7.1 Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում: Առաջին նիստը գումարում է համայնքի ղեկավարը:

7.2 Առաջին նիստը բացվում է համայնքի ղեկավարի ողջույնի խոսքով:

7.3 Ողջույնի խոսքից հետո համայնքի ղեկավարը ներկայացնում է ավագանու անդամներին:

7.4 Համայնքի ղեկավարը ներկայացնում է առաջին նիստի օրակարգը:

7.5 Առաջին նիստը փակվում է հերթական նիստի գումարման օրվա մասին համայնքի ղեկավարի հայտարարությամբ` սույն կանոնակարգով նախատեսված ժամկետում:

8. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

8.1 Համայնքի ավագանու հերթական նիստերը գումարվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ՝ նոյեմբեր, հունվար, մարտ, մայիս, հուլիս, սեպտեմբեր, նոյեմբեր ամիսների վերջին չորեքշաբթի օրերը ժամը 10.00-ից մինչև 18.00-ն: Յուրաքանչյուր մեկևկես ժամը մեկ հայտարարվում է ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:

8.2 Տոների և հիշատակի օրերին, եթե օրենքով դրանք հայտարարված են ոչ աշխատանքային, ավագանու հերթական նիստեր չեն գումարվում: Դրանք տեղափոխվում են հաջորդ աշխատանքային օրը:

8.3 Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը, նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին:

Համայնքի ավագանին կարող է նիստին հրավիրել և լսել ցանկացած անձի: Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները:

Տվյալ համայնքի ցանկացած անդամ իրավունք ունի ներկա գտնվել ավագանու նիստերին:

8.4 Ավագանու հերթական նիստի օրակարգը հաստատվում է նիստի սկզբում և կարող է լրացվել դրա ընթացքում:

Նիստի սկզբում համայնքի ղեկավարը ներկայացնում է օրակարգի նախագիծ: Համայնքի ղեկավարը օրակարգի նախագծում իր և ավագանու անդամների կողմից առաջարկված հարցերը հերթականությամբ դնում է քննարկման և քվեարկության: Նախորդ նիստի օրակարգում ընդգրկված անավարտ հարցերը, համայնքի բյուջեի նախագիծը, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը քննարկելու մասին ավագանու անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությունը, ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, համայնքի զարգացման եռամյա և տարեկան ծրագրերը օրակարգ են մտնում առանց քննարկման և քվեարկության:

8.5 Ավագանու նիստը համարվում է ավարտված, եթե սպառվել են օրակարգի բոլոր հարցերը: Եթե մինչև ժամը 18.00-ն օրակարգային բոլոր հարցերը չեն սպառվել, ապա նիստը շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը, ժամը 10.00-ին, եթե ավագանին այլ որոշում չի ընդունում: Ավագանու որոշմամբ օրակարգում ընդգրկված հարցը կարող է տեղափոխվել հաջորդ նիստի քննարկմանը:

9. ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ, ՆԻՍՏԵՐՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

9.1 Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից:

9.2 Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր:

Յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները:

9.3 Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:

Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:

Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն նիստի հետ կապված փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:

Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերի հրապարակումները փակցնելու և դնելու տեղերը սահմանվում են ավագանու աշխատակարգով:

9.4 Ավագանու նիստն սկսվում է ավագանու անդամների հաշվառմամբ, որն անցկացնում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:

Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը և նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են նիստին ներկայացած անդամները:

9.5 Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ և ավագանու որոշմամբ:

9.6 Տվյալ նիստի օրակարգի հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է համայնքի ղեկավարը:

9.7 Օրակարգային հարցի քննարկումն սկսվում է հարցն առաջարկողի զեկուցմամբ:

Զեկուցողին տրվում են հարցեր: Հարցերը պետք է ձևակերպվեն հստակ և հակիրճ:

Նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ են արվում մինչև մտքերի փոխանակությունն սկսելը:

Մտքերի փոխանակությանը, բացի ավագանու անդամներից, համայնքի ղեկավարից, այլ անձինք կարող են մասնակցել միայն ավագանու որոշմամբ:

9.8 Մտքերի փոխանակության ժամանակ համայնքի ավագանու նիստերում արտահերթ ձայնի իրավունք ունի համայնքի ղեկավարը, որի ելույթը չի սահմանափակվում:

9.9 Որոշումն ընդունվում է քվեարկությանը մասնակցած ավագանու անդամների ձայների մեծամասությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է ավագանու անդամների կեսից ավելին:

9.10 Համայնքի ղեկավարի պաշտոնանկ անելու մասին առաջարկության որոշման նախագիծն ընդունվում է ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:

9.11 Օրակարգ մտած հարցի որոշման նախագիծը չընդունելու մասին առաջարկությունը չի քվեարկվում: Իրենց վերաբերմունքն անդամներն արտահայտում են քննարկվող նախագիծը քվեարկելու միջոցով:

9.12 Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

Յուրաքանչյուր քվեարկության ժամանակ ավագանու անդամն ունի մեկ ձայնի իրավունք` կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկությանը չմասնակցած ավագանու անդամն իրավունք չունի քվեարկել քվեարկութունից հետո:

9.13 Քվեարկությունն սկսելուց առաջ նախագահողը կրկնում է քվեարկության դրվող առաջարկությունը, հիշեցնում, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը (ուղերձը):

9.14 Եթե նախագահողը հարցը դնում է քվեարկության, ոչ ոք չի կարող միջամտել, քանի դեռ չեն հայտարարվել քվեարկության արդյունքները:

9.15 Ավագանու անդամը քվեարկում է անձամբ: Քվեարկության իրավունքի զիջում չի թույլատրվում:

Քվեարկությունից հետո համայնքի ղեկավարը բարձրաձայն հայտարարում է քվեարկության արդյունքները: Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը:

9.16 Ավագանին որոշումներն ընդունում է բաց քվեարկությամբ: Համայնքի ղեկավարի պաշտոնանկ անելու առաջարկության, համայնքի ավագանու անդամի քվեարկությունների կեսից բացակայություններն անհարգելի ճանաչելու մասին որոշումներն ընդունվում են փակ քվեարկությամբ: Փակ (քվեարկություն) կարող է անցկացվել նաև այլ դեպքերում՝ ավագանու որոշմամբ:

9.17 Համայնքի ավագանու որոշումների մեկ օրինակը համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը որոշումն ընդունելուց հետո, յոթնօրյա ժամկետում, ուղարկում է քաղաքապետարան, իրավական օրենքի ակտի ուժ ունեցող որոշումերը` ՀՀ արդարադատության նախարարություն:

9.18 Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:

Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է` մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առաջարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:

Համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:

Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է պահանջել հրավիրել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Ավագանու անդամը պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով` առաջարկելով համայնքի ղեկավարին փոխելու իր բողոքարկվող որոշումը:

Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին:

Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված:

Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

10. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

10.1 Համայնքի ավագանու արտահերթ նիստը գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

10.2 Համայնքի ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

10.3 Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ:

10.4 Արտահերթ նիստը համարվում է ավարտված, եթե սպառվել են օրակարգի բոլոր հարցերը:

10.5 Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշման նախագծերի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվում են համանման պահանջներ:

11. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

11.1 Համայնքի բյուջեն համայնքի ավագանին հաստատում է յուրաքանչյուր տարի: Բյուջեն կազմելիս և հաստատելիս հաշվի են առնվում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերը և եղած ռեսուրսները:

Համայնքի բյուջեում փոփոխություններ կատարում է ավագանին՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

Համայնքի բյուջեի նախապատրաստման, քննարկման, հաստատման և դրանում փոփոխություններ կատարելու կարգը, ինչպես նաև պետական բյուջեի հետ հարաբերությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

11.2 Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկման է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերը փոփոխվում են, ապա համայնքի ղեկավարը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:.

11.3 Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին: Բյուջեի նախագիծը ներկայացնելու համար տրվում է մինչև մեկ ժամ: Մտքերի փոխանակությանը, բացի ավագանու անդամներից, համայնքի ղեկավարից, համայնքի ղեկավարի աշխատակազմի բաժինների ղեկավարներից, այլ անձինք կարող են մասնակցել միայն ավագանու որոշմամբ: Մտքերի փոխանակության ժամանակ ելույթների քանակը չի սահմանափակվում: Յուրաքանչյուր ելույթ ունեցողի տրվում է մինչև 10 րոպե:

11.4 Համայնքի ղեկավարը, համայնքի տարեկան բյուջեի նախագիծը ավագանու անդամներին ներկայացնելու հետ միասին, ներկայացնում է համայնքի տարեկան զարգացման ծրագիրը:

11.5 Մտքերի փոխանակությունն ավարտվում է համայնքի ղեկավարի 30 րոպե տևողությամբ եզրափակիչ խոսքով: Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ՝ ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը, համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով, քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին՝ համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:

11.6 Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարած ծախսերից ոչ ավելի:

11.7 Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո, եռօրյա ժամկետում ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

11.8 Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում կայացնելու դեպքում հարցը ներկայացվում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:

Եթե դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կառավարությունը նման որոշում չի կայացնում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված՝ համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

11.9 Համայնքի ղեկավարի` կառավարության պահանջով հրաժարական տալու դեպքում, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս, համայնքի նոր ղեկավարը համայնքի ավագանուն բյուջեի նախագիծ է ներկայացնում քսան օրվա ընթացքում, դա քննարկվում և հաստատվում է օրենքով նախատեսված կարգով, երեսուն օրվա ընթացքում:

11.10 Ավագանու կողմից համայնքի բյուջեի քննարկման և հաստատման հետ կապված սույն կանոնակարգով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

11.11 Համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, ապահովում է բյուջեի կատարումը՝ համայնքի բյուջեն համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո:

12. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

12.1 Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ կատարված ծախսերի վերաբերյալ:

12.2 Բյուջեի կատարման վերահսկողությունը մշտապես և արդյունավետ իրականացնելու նպատակով համայնքի ավագանին կարող է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է համայնքային բյուջեից:

12.3 Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ անգամ ՀՀ բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում բյուջեի ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն:

12.4 Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացվում է բյուջետային տարին ավարտվելուց հետո հաջորդ տարվա համայնքային բյուջեի եռամսյակային կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ հաղորդման հետ միասին:

12.5 Համայնքի ավագանին, քննարկումն ավարտելուց հետո, որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:

12.6 Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

12.7 Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում կամ կառավարությունը ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

12.8 Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

12.9 Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման և հաստատման հետ կապված` սույն կանոնակարգով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդությամբ:

 

Համայնքի ղեկավար՝

Դ. Պետրոսյան