Գլխավոր տեղեկություն
Համար
N 1348-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.10.2011-20.09.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.05/55(858) Հոդ.1393
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 1348-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 172-Ն ԵՎ N 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից այլ պետական մարմիններ դիվանագետի գործուղման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ծառայողների գործուղման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից այլ պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ դիվանագիտական ծառայության և այլ ծառայությունների պաշտոնների հավասարազորությունը որոշվում է սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նախատեսված գործուղման կոնկրետ դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական մարմնի միջև պայմանավորվածության շրջանակներում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Դիվանագետի գործուղման կարգը հաստատելու մասին» N 172-Ն և «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններ և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 177-Ն որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 սեպտեմբերի 22-ի N 1348-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից (այսուհետ` նախարարություն) Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններ (այսուհետ` պետական մարմին) դիվանագետի գործուղման հետ կապված հարաբերությունները:

2. Դիվանագետը նախարարության աշխատակազմից կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումից համապատասխան պետական մարմնի աշխատակազմ գործուղվում է իր համաձայնությամբ` նախարարության և տվյալ պետական մարմնի միջև պայմանավորվածության համաձայն:

Պետական մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոնի գործուղվելու դեպքում պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը:

3. Դիվանագետը, որպես կանոն, գործուղվում է պետական մարմնի աշխատակազմի արտաքին կապերի ստորաբաժանման՝ իր զբաղեցրած դիվանագիտական ծառայության պաշտոնին հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոնի:

Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից, նախարարության և համապատասխան պետական մարմնի փոխադարձ պայմանավորվածությամբ, դիվանագետը կարող է նշանակվել իր զբաղեցրած դիվանագիտական ծառայության պաշտոնին հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:

Այլ ծառայության պաշտոնի գործուղվելու դեպքում դիվանագիտական ծառայության և այլ ծառայությունների պաշտոնների հավասարազորությունը որոշվում է սույն կարգի 2-րդ կետում նշված՝ գործուղման կոնկրետ դեպքի կապակցությամբ նախարարության և պետական մարմնի միջև պայմանավորվածության շրջանակներում:

4. Գործուղման վերաբերյալ սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պայմանավորվածությունը ձեռք բերելիս նշվում է նաև գործուղման ժամկետը, որը չի կարող գերազանցել 3 տարին:

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պահանջների պահպանմամբ պայմանավորվածության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունում է որոշում դիվանագետին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու և տվյալ պետական մարմին գործուղելու մասին, իսկ պետական մարմնի տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` համապատասխան պաշտոնում նշանակելու մասին:

6. Դիվանագետը գործուղման ընթացքում պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանը և մասնակցել դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի համար հայտարարված ներքին մրցույթին:

7. Գործուղման ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:

8. Գործուղման ընթացքում դիվանագետի նկատմամբ օրենքով նախատեսված խրախուսանքի միջոցներն ու կարգապահական տույժերը կիրառվում են պետական մարմնի տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ գործուղված դիվանագետի նկատմամբ` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից:

9. Գործուղման ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համապատասխան հրամանով դիվանագետը վերականգնվում է մինչև գործուղումն իր զբաղեցրած պաշտոնում կամ հավասարազոր այլ պաշտոնում:

10. Չի թույլատրվում գործուղման ժամկետի ավարտից հետո դիվանագետի գործուղումը նույն կամ այլ պետական մարմին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 սեպտեմբերի 22-ի N 1348-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից (այսուհետ` պետական մարմին) այդ մարմինների աշխատակազմերում համապատասխան ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ ծառայող) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) գործուղման հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողը պետական մարմնի աշխատակազմից նախարարության աշխատակազմ կամ աշխատակազմի առանձնացված սոտրաբաժանում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, գործուղվում է նախարարության և տվյալ պետական մարմնի միջև պայմանավորվածության համաձայն:

3. Ծառայողը, որպես կանոն, գործուղվում է նախարարության աշխատակազմի կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում՝ իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր դիվանագիտական ծառայության պաշտոնի նկարագրում նշված գործառույթները կատարելու նպատակով:

4. Գործուղման վերաբերյալ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պայմանավորվածությունը ձեռք բերելիս նշվում է նաև գործուղման ժամկետը:

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պահանջների պահպանմամբ պայմանավորվածության ձեռքբերումից հետո պետական մարմնի համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը որոշում է ընդունում ծառայողի գործուղման մասին, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունում է որոշում գործուղված ծառայողին նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում համապատասխան պարտականություններ կատարելը հանձնարարելու մասին:

6. Ծառայողը գործուղման ընթացքում օգտվում է օրենքով սահմանված իրավունքներից և կրում է օրենքով սահմանած պարտականությունները:

7. Գործուղման ժամկետը հաշվարկվում է համապատասխան ծառայության ստաժի մեջ:

8. Գործուղման ընթացքում ծառայողի նկատմամբ խրախուսանքի միջոցներն ու կարգապահական տույժերը կիրառվում են օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 սեպտեմբերի 22-ի N 1348-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

Դիվանագիտական ծառայության պաշտոնի անվանումը

Քաղաքացիական
ծառայության պաշտոնի անվանումը
Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում

Քաղաքացիական ծառայության պաշտոնի անվանումը
Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմիններում

1

2

3

Առանձնացված ստորաբաժանման պետ

վարչության (քարտուղարության) պետ, ծառայության ղեկավարի տեղակալ

աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գործակալության (տեսչության) պետ

Առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ

վարչության (քարտուղարության) պետ, ծառայության ղեկավարի տեղակալ, վարչության (քարտուղարության)
պետի տեղակալ

վարչության պետ, ներքին ստորաբաժանումներ ունեցող քարտուղարության պետ, գործակալու-թյան (տեսչության) պետի տեղակալ

Վարչության պետ

վարչության (քարտուղարության) պետ, ծառայության ղեկավարի տեղակալ, վարչության (քարտուղարության) պետի տեղակալ

վարչության պետ, ներքին ստորաբաժանումներ ունեցող քարտուղարության պետ, գործակալու-թյան (տեսչության) պետի տեղակալ

Խորհրդական

ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչ, խորհրդատու

վարչության պետի տեղակալ, ներքին ստորաբաժանումներ ունեցող քարտուղարության պետի տեղակալ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչ, գործակալության (տեսչության) բաժնի վարիչ

Բաժնի վարիչ

ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչի տեղակալ, խորհրդատու

վարչության պետի տեղակալ, ներքին ստորաբաժանումներ ունեցող քարտուղարության պետի տեղակալ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչ, գործակալության (տեսչության) բաժնի վարիչ

Առաջին քարտուղար

վարչության և ոչ ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժնի վարիչի տեղակալ, խորհրդատու, ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ

վարչության գլխավոր մասնագետ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժինների վարիչների տեղակալներ, ոչ ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ, գործակալության (տեսչության) գլխավոր մասնագետ

Երկրորդ քարտուղար

ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ

վարչության գլխավոր մասնագետ, ինքնուրույն և ոչ ինքնուրույն բաժինների պետերի տեղակալներ, ոչ ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ, գործակալության (տեսչության) գլխավոր մասնագետ

Երրորդ քարտուղար

վարչության և ոչ ինքնուրույն բաժնի առաջատար մասնագետ

ինքնուրույն բաժնի գլխավոր մասնագետ

Կցորդ

ինքնուրույն բաժնի առաջատար մասնագետ

վարչության և ոչ ինքնուրույն բաժնի առաջատար մասնագետ, գործակալության (տեսչության) բաժնի առաջատար մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2012, N 1121-Ն 20.09.2012, N 1348-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան