Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0959/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0959/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`  Տ. Սահակյան

     Դատավորներ`  Կ. Հակոբյան 
                                Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էրիկ Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ Էրիկ Մալխասյանի հայցի ընդդեմ Արարատ Սիմոնյանի, Նորա Կանանյանի, «Տաքսի Ծովակ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` վնասի հատուցման և գումարի բռնագանձման պահանջների մասին, և ըստ Արարատ Սիմոնյանի, Նորա Կանանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Էրիկ Մալխասյանի` պարտավորագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էրիկ Մալխասյանը պահանջել է Արարատ Սիմոնյանից, Նորա Կանանյանից, Ընկերությունից համապարտության կարգով որպես պատճառված վնասի հատուցում բռնագանձել 11.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 16.01.2009 թվականից մինչև 09.07.2010 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված 1.995 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով տոկոսագումար և տոկոսների բռնագանձումը շարունակել մինչև պարտավորության լրիվ կատարման օրը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արարատ Սիմոնյանը, Նորա Կանանյանը պահանջել են անվավեր ճանաչել Էրիկ Մալխասյանի ներկայացրած 17.11.2008 թվականի 6.000 ԱՄՆ դոլարի և 18.000 ԱՄՆ դոլար մեկ տարվա ընթացքում վերադարձնելու նշումով, ինչպես նաև 2.800 ԱՄՆ դոլարի վերաբերյալ` ընդհանուր 8.800 ԱՄՆ դոլարի մասին նշումով պարտավորագրերը և կիրառել անվավերության հետևանքներ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Արարատ Սիմոնյանից, Նորա Կանանյանից, Ընկերությունից համապարտության կարգով հօգուտ Էրիկ Մալխասյանի բռնագանձել 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես Էրիկ Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային հասցված վնասի հատուցում, Արարատ Սիմոնյանից, Ընկերությունից համապարտության կարգով հօգուտ Էրիկ Մալխասյանի բռնագանձել 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային հասցված վնասի հատուցում, Արարատ Սիմոնյանից, Նորա Կանանյանից, Ընկերությունից համապարտության կարգով հօգուտ Էրիկ Մալխասյանի բռնագանձել 1.088,1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով 6.000 ԱՄՆ դոլար գումարի վրա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումար, Արարատ Սիմոնյանից, Ընկերությունից համապարտության կարգով հօգուտ Էրիկ Մալխասյանի բռնագանձել 507,77 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով 2.800 ԱՄՆ դոլար գումարի վրա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով տոկոսների բռնագանձումը շարունակել տվյալ ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքներով` մինչև պարտքի փաստացի մարման օրը: Մնացած մասով հայցը մերժվել է: Հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2010 թվականի որոշմամբ Արարատ Սիմոնյանի, Նորա Կանանյանի, Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էրիկ Մալխասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արարատ Սիմոնյանը, Նորա Կանանյանը, Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 1072-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է 1058-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ապացուցված չի համարել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասի չափը` պնդելով, որ տվյալ դեպքում առկա չէ օրենքով թույլատրելի ապացույց` մասնագիտական եզրակացություն: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, որով կբացառվի մասնագիտական եզրակացությունից բացի վնասի չափն այլ ապացույցներով որոշելու հնարավորությունը: Մասնավորապես` այն դեպքում, երբ տվյալ իրավահարաբերության կողմերի միջև առկա է վնասի չափի վերաբերյալ համաձայնություն, վնասի չափը որոշելու անհրաժեշտությունը բացակայում է:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել գործում առկա ապացույցներին, որոնց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունից պարզ կդառնար, որ Արարատ Սիմոնյանի և Նորա Կանանյանի ներկայացրած ապացույցներն անբավարար են պարտավորագրերը բռնության և սպառնալիքի ազդեցության ներքո գրված լինելու փաստն ապացուցված համարելու համար:

Վերաքննիչ դատարանը, վիճարկվող որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Արարատ Սիմոնյանի մեղքի առկայությունն ապացուցված չէ, ընդլայնել է առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի հատուցման պարտավորության բացակայության` օրենքով սպառիչ սահմանված դեպքերը, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի կիրառման համար բավարար էր շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեությամբ Էրիկ Մալխասյանին նյութական վնաս պատճառելը, իսկ որ նշված վնասը պատճառել է Արարատ Սիմոնյանն առավել վտանգի աղբյուրի` ավտոմեքենայի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարմամբ, հաստատվում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.07.2010 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձն անտեսել է, որ տվյալ դեպքում որպես ավտոմեքենային պատճառված վնասի չափը հիմնավորող ապացույց կարող էր լինել միայն վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հանձնարարությամբ համապատասխան փորձագետի տված եզրակացությունը, ինչը, սակայն, առկա չէ:

Բողոք բերած անձն անտեսել է նաև, որ տվյալ դեպքում վնասը պատճառվել է առավել վտանգի աղբյուրների փոխներգործության` ավտովթարի հետևանքով, և դրանց սեփականատերերին պատճառված վնասը պետք է հատուցվի ընդհանուր հիմունքներով: Այսինքն` եթե ենթադրյալ վնաս պատճառած անձն ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել, ապա վերջինս ազատվում է այն հատուցելուց, որպիսի հանգամանքը և սույն գործով հաստատված է համարել Վերաքննիչ դատարանը: Միաժամանակ, Արարատ Սիմոնյանի մեղքը, ոչ օրինաչափ վարքագիծը, վնասի առկայությունը, վնասի և ոչ օրինաչափ վարքագծի միջև պատճառական կապը չի կարող ապացուցված համարվել ավտովթարից գրեթե մեկ ու կես տարի անց կազմված եզրակացությամբ, Արարատ Սիմոնյանի տված պարտավորագրերով և Նորա Կանանյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արարատ Սիմոնյանը 17.11.2008 թվականին պարտավորագիր է տվել այն մասին, որ Էրիկ Մալխասյանին պարտք է 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և պարտավորվում է վերադարձնել այն 15.01.2009 թվականին, իսկ չվերադարձնելու դեպքում պարտավորվում է վերադարձնել գումարի եռապատիկը` 18.000 ԱՄՆ դոլար մեկ տարվա ընթացքում (2009 թվականի դեկտեմբեր): Նույն պարտավորագրում Նորա Կանանյանը տվել է իր համաձայնությունը, որպեսզի գումարը վերադարձնեն ճիշտ ժամկետին (հատոր 1-ին, գ.թ. 10):

2) Արարատ Սիմոնյանը պարտավորագիր է տվել այն մասին, որ Էրիկ Մալխասյանին պարտք է 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ընդհանուր կազմում է 8.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, և պարտավորվում է այն վերադարձնել 15.01.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9):

3) ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի պետի 18.05.2009 թվականի եզրակացության համաձայն` Նորա Կանանյանը 15.05.2009 թվականին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին դիմում է ներկայացրել այն մասին, որ 17.11.2008 թվականին իր ամուսինը` Արարատ Սիմոնյանը, Ընկերության ավտոմեքենայով վթարի է ենթարկվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի հետ և նշված ավտոմեքենայի սեփականատեր Էրիկ Մալխասյանի հետ եկել է համաձայնության ավտոմեքենաները վերանորոգելու համար, և քանի որ այդ պահին գումար չի ունեցել, «21.11.2008 թվականին» գրել է պարտավորագիր 6.000 ԱՄՆ դոլար վճարելու վերաբերյալ, որը պետք է վերադարձնեին 15.01.2009 թվականին իրենց բնակարանը վաճառելուց հետո, սակայն մինչ օրս բնակարանը չի վաճառվել, իսկ Էրիկ Մալխասյանը պահանջել է, որ վճարեն ևս 2.800 ԱՄՆ դոլար, բնակարանը վաճառեն էժան գնով և սեղմ ժամկետում վերադարձնեն գումարը:

Նույն եզրակացության համաձայն` կատարված ստուգումներով պարզվել է, որ 17.11.2008 թվականին Արարատ Սիմոնյանն իրեն ամրագրված Ընկերության ավտոմեքենայով Երևանի Վարդանանց փողոցում վթարի է ենթարկվել Էրիկ Մալխասյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի հետ: Արարատ Սիմոնյանը եկել է համաձայնության` ավտոմեքենան վերանորոգելու համար վճարել 6.000 ԱՄՆ դոլար, որի համար պարտավորագիր է գրել, որ մինչև 15.01.2009 թվականը կվերադարձնի գումարը: Այնուհետև ավտոմեքենայի վերանորոգման ընթացքում պարզվել է, որ վթարի հետևանքով վնասվել են նաև այլ պահեստամասեր, որոնց վերաբերյալ Արարատ Սիմոնյանը համոզվելուց հետո գրել է նաև երկրորդ պարտավորագիրը, որով պարտավորվել է վճարել նաև այդ գումարը, սակայն մինչև օրս բնակարանը չի վաճառվել և Էրիկ Մալխասյանի վնասը չի վերականգնվել, որի կապակցությամբ վերջինս հայց է ներկայացրել դատարան:

Նշված դեպքի առիթով 18.05.2009 թվականին կազմվել են նաև Արարատ Սիմոնյանից, Նորա Կանանյանից, Էրիկ Մալխասյանից և վերջինիս որդուց` Գաբրիել Մալխասյանից «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրությունները, իսկ 13.04.2010 թվականին` «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի թիվ 07781008 եզրակացությունը (հատոր 2-րդ, գ.թ. 20-21, 26-29, հատոր 3-րդ, գ.թ. 120-123):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես` Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` նույն օրենսգրքի 1076 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` առավել վտանգի աղբյուրների փոխներգործության հետևանքով նրանց սեփականատերերին պատճառված վնասը հատուցվում է ընդհանուր հիմունքներով (հոդված 1058):

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի, այդ թվում` տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով պատճառված վնասը պարտավոր է հատուցել այդպիսի վնաս պատճառած անձը, որպիսի կանոնից սահմանված է բացառություն, երբ վերջինս ապացուցում է, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով, իսկ այն դեպքում, երբ վնասը պատճառվել է առավել վտանգի աղբյուրների փոխներգործության հետևանքով, ապա վնաս պատճառած անձն այն հատուցելուց ազատվելու համար պարտավոր է ապացուցել նաև, որ վնասը պատճառվել է ոչ իր մեղքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործում եղած բոլոր ապացույցները պարտավոր է գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Արարատ Սիմոնյանի և Նորա Կանանյանի կողմից գրված պարտավորագրերով, ինչպես նաև վերջիններիս կողմից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացված դիմումով և տրված բացատրություններով, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի պետի եզրակացությամբ հաստատվում է այն հանգամանքը, որ նրանք ստանձնել են վթարի հետևանքով Էրիկ Մալխասյանին հասցված վնասը հատուցելու պարտավորություններ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Արարատ Սիմոնյանի կողմից գրված պարտավորագրերով, Նորա Կանանյանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստված նյութերով և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ չի կարող հիմնավորվել Արարատ Սիմոնյանի մեղքի առկայությունը, քանի որ վերջինս վիճարկում է նշված պարտավորագրերը, ինչպես նաև վնասի չափը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ներքին համոզման է հանգել առանց գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, ինչի արդյունքում չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` Արարատ Սիմոնյանը 17.11.2008 թվականին պարտավորագիր է տվել այն մասին, որ Էրիկ Մալխասյանին պարտք է 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և պարտավորվում է վերադարձնել այն 15.01.2009 թվականին: Նույն պարտավորագրում Նորա Կանանյանը տվել է իր համաձայնությունը, որպեսզի գումարը վերադարձնեն ճիշտ ժամկետին: Արարատ Սիմոնյանը պարտավորագիր է տվել նաև այն մասին, որ Էրիկ Մալխասյանին պարտք է 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ընդհանուր կազմում է 8.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, և պարտավորվում է այն վերադարձնել 15.01.2009 թվականին: Նորա Կանանյանի 15.05.2009 թվականի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի պետի 18.05.2009 թվականի եզրակացությամբ պարզվել է, որ 17.11.2008 թվականին Արարատ Սիմոնյանն իրեն ամրագրված Ընկերության ավտոմեքենայով Երևանի Վարդանանց փողոցում վթարի է ենթարկվել Էրիկ Մալխասյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի հետ: Արարատ Սիմոնյանը եկել է համաձայնության` ավտոմեքենան վերանորոգելու համար վճարել 6.000 ԱՄՆ դոլար, որի համար պարտավորագիր է գրել, որ մինչև 15.01.2009 թվականը կվերադարձնի գումարը: Այնուհետև, ավտոմեքենայի վերանորոգման ընթացքում պարզվել է, որ վթարի հետևանքով վնասվել են նաև այլ պահեստամասեր, որոնց վերաբերյալ Արարատ Սիմոնյանը գրել է նաև երկրորդ պարտավորագիրը, որով պարտավորվել է վճարել նաև այդ գումարը, սակայն մինչև օրս Էրիկ Մալխասյանի վնասը չի վերականգնվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքները հաստատվում են նաև 18.05.2009 թվականին կազմված Արարատ Սիմոնյանից, Նորա Կանանյանից, Էրիկ Մալխասյանից և վերջինիս որդուց` Գաբրիել Մալխասյանից «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրություններով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 13.04.2010 թվականի փորձագետի թիվ 07781008 եզրակացությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արարատ Սիմոնյանի կողմից շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառված վնասի համար վերջինիս պատասխանատվության հիմքերի վերաբերյալ Դատարանի եզրահանգումը հիմնավոր է, իսկ այդ մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է և չի բխում սույն գործի փաստական տվյալներից, քանի որ պարտավորագրերի առկայության, ինչպես նաև գործում առկա այլ ապացույցների առկայության պայմաններում, պարտավորագրերը և վնասի չափը վիճարկելն առանց համապատասխան ապացույցների չի կարող համարվել որպես Արարատ Սիմոնյանի մեղքի բացակայությունը հաստատող հանգամանք և հայցի մերժման համար հիմք հանդիսանալ:

Ինչ վերաբերում է վնասի հատուցման համար պատասխանատվություն կրող անձանց շրջանակին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով Դատարանի եզրահանգումները հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

Սույն գործով Դատարանը համապարտության կարգով վնասի հատուցման մասով պատճառաբանել է, որ 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը ենթակա է բռնագանձման համապարտության կարգով Արարատ Սիմոնյանից, Նորա Կանանյանից և Ընկերությունից, քանի որ Արարատ Սիմոնյանը պարտավորագրով պարտավորվել է վերադարձնել 6.000 ԱՄՆ դոլար գումարն Էրիկ Մալխասյանին, Նորա Կանանյանն էլ ինչպես պարտավորագրով, այնպես էլ ՀՀ ոստիկանությանն ուղղված դիմումով և բացատրությամբ Արարատ Սիմոնյանի հետ միասին նաև իր վրա է վերցրել նշված գումարը վերադարձնելու պարտավորությունը, իսկ Ընկերությունը պատասխանատվություն է կրում` որպես առավել վտանգի աղբյուրի տեր: Միաժամանակ, 2.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը ենթակա է բռնագանձման համապարտության կարգով Արարատ Սիմոնյանից և Ընկերությունից, քանի որ Նորա Կանանյանն այդ մասով պարտավորություն չի ստանձնել:

Վճռաբեկ դատարանը Դատարանի նշված պատճառաբանությունները համարում է հիմնավոր, քանի որ դրանք հաստատվում են սույն գործով արդեն իսկ քննարկված փաստական տվյալներով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2010 թվականի վճռին:

2. Արարատ Սիմոնյանից, Նորա Կանանյանից, «Տաքսի Ծովակ» ՍՊԸ-ից հօգուտ Էրիկ Մալխասյանի համապարտության կարգով բռնագանձել 95.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան