Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.33
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0964/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0964/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Ն. Տավարացյան

Դատավորներ՝  Ս. Միքայելյան
                                    Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Սալազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ընդդեմ Աշոտ Սալազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը պահանջել է Աշոտ Սալազարյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 2.741.742 ՀՀ դրամ, որից 900025100034 հաշվեհամարին գույքահարկ`101.290 ՀՀ դրամ, գույքահարկի գծով տույժ` 50.662 ՀՀ դրամ, իսկ 900025100117 հաշվեհամարին բռնագանձել 2.589.790 ՀՀ դրամ, որից հողի վարձ` 608.223 ՀՀ դրամ, հողի վարձի տույժ` 1.981.567 ՀՀ դրամ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է` հօգուտ Երևան համայնքի Աշոտ Սալազարյանից բռնագանձել 151.952 ՀՀ դրամ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2011 թվականի որոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 22.09.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Սալազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով`

Վերաքննիչ դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ և 335-րդ հոդվածները, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 608-րդ հոդվածի 1-ին կետը, 619-րդ հոդվածի 1-ի կետը, ՀՀ հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, Աշոտ Սալազարյանին պատշաճ կերպով չծանուցելով, նրան զրկել է հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում ներկայացնելու հնարավորությունից, քանի որ գույքահարկի պարտավորությունը պետք է հաշվարկվեր 2007 թվականից, մինչդեռ այն հաշվարկվել է 2004 թվականից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.02.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Աշոտ Սալազարյանը հաշվառված է Երևանի Սայաթ-Նովա շենք 39, բնակարան 18 հասցեում (գ.թ. 23):

2. Սեփականության իրավունքով Աշոտ Սալազարյանին պատկանող շինությունը և վարձակալության իրավունքով պատկանող հողամասը գտնվում են Երևանի Նորագավիթ 1-ին փողոց թիվ 2/5 հասցեում (գ.թ. 20):

3. Հայցադիմումում Աշոտ Սալազարյանի հասցեն նշվել է Երևանի Սայաթ-Նովա 39 շենք, 18 բնակարան (գ.թ. 4):

4. Դատարանը Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարին, որպես Աշոտ Սալազարյանի վերջին հայտնի բնակության վայրի հասցե, նշել է Երևանի Վարդանանց 28 շենք, թիվ 82 բնակարանը (գ.թ. 39):

5. Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 27.07.2010 թվականի գրությամբ հայտնվել է, որ «Երևանի Վարդանանց 28 շենք, թիվ 82 բնակարանը մշտապես փակ է, ուստի հնարավոր չէ պարզել Աշոտ Սենիկի Սալազարյանի գտնվելու վայրը» (գ.թ. 41):

6. 16.02.2011 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վերաքննիչ դատարանը Աշոտ Սալազարյանին ծանուցել է Երևանի Սայաթ-Նովա 39 շենք, 18 բնակարան հասցեով: Ծանուցումը վերադարձվել է և որոշվել է դատական նիստը շարունակել Աշոտ Սալազարյանի բացակայությամբ (գ.թ. 113 և 115):

7. Դատարանների ուղարկված ծանուցագրերն Աշոտ Սալազարյանի կողմից ստանալու փաստը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Նշված նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց՝ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն նույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը հնարավորություն է ընձեռում դատարանին պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում գործը քննել պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով՝ խախտել է անձի՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը չպետք է և չի կարող սահմանափակել կամ ի չիք դարձնել անձի արդար դատաքննության սահմանադրական իրավունքը:

Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տես` Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-24(Ա) որոշումը՝ քաղաքացիական գործով ըստ Արմեն Մարգարյանի հայցի ընդդեմ Աշոտ Մարգարյանի՝ բաժնային սեփականության գույքից բաժինն առանձնացնելու և փոխհատուցում վճարելով սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին):

Սույն գործով դիմելով դատարան` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը պահանջել է Աշոտ Սալազարյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել գույքահարկի ու գույքահարկի գծով տույժի գումարները, ինչպես նաև հողի վարձի ու հողի վարձի տույժի գումարները: Գույքահարկի գծով պարտավորությունն առաջացել է սեփականության իրավունքով Աշոտ Սալազարյանին պատկանող Երևանի Նորագավիթ 1-ին փողոց թիվ 2/5 հասցեում գտնվող գույքի մասով, իսկ հողի վարձի գծով պարտավորությունն առաջացել է նույն հասցեում գտնվող հողամասի նկատմամբ: Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը և բավարարվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 27.07.2010 թվականի գրությամբ, որի համաձայն` «Երևանի Վարդանանց 28 շենք, թիվ 82 բնակարանը մշտապես փակ է, ուստի հնարավոր չէ պարզել Աշոտ Սենիկի Սալազարյանի գտնվելու վայրը»:

Փաստորեն Դատարանը, ունենալով Աշոտ Սալազարյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի հասցե (այն է` Երևանի Նորագավիթ 1-ին փողոց թիվ 2/5), պատշաճ և բավարար միջոցներ չի ձեռնարկել Աշոտ Սալազարյանին այդ հասցեով ծանուցելու ուղղությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն Աշոտ Սալազարյանին վերոնշյալ հասցեով չծանուցելու արդյունքում վերջինիս զրկել է դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

 

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքում նշված փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ դրանք Վերաքննիչ դատարանում քննության առարկա չեն դարձել կողմի դատավարական իրավունքի սահմանափակման արդյունքում:

 

Այսպիսով, սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան