Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-989
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.22/53(856) Հոդ.1336
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.09.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2011

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

13 սեպտեմբերի 2011 թ.

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 24.08.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի հունիսի 29-ին` Երևանում:

2. Համաձայնագրի նպատակն է զարգացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման միջոցով իրականացնել առավել արդյունավետ համագործակցություն մաքսային ծառայությունների միջև, որն էլ պետք է հիմնված լինի հստակ իրավական դրույթների վրա:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

Ավստրիական կողմին ցուցաբերել օգնություն մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով, մաքսային օրենսդրության իրավախախտումները կանխելու, հետաքննելու, քննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով, մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական բնույթի որոշումների և փաստաթղթերի առաքման ու ծանուցման հարցերում (հոդվ. 2, կետ 1, ենթակետեր ա), բ), գ)),

իր նախաձեռնությամբ ՀՀ օրենսդրությանը համապատասխան օգնել Ավստրիական կողմին, եթե դա անհրաժեշտ է մաքսային օրենսդրությունը ճիշտ կիրառելու և մաքսային տուրքերն ու հարկերը ճշգրիտ հաշվարկելու համար, մասնավորապես տրամադրել հետևյալ տեղեկատվությունը`

1) այն գործողությունների մասին, որոնք ՀՀ տարածքում մաքսային օրենսդրության խախտում են կամ կարող են համարվել խախտում,

2) մաքսային իրավախախտումներ կատարելու մեջ կիրառվող նոր միջոցների և մեթոդների մասին,

3) այն ապրանքների մասին, որոնք հայտնի են որպես մաքսային օրենսդրության ծանր խախտման առարկա,

4) այն տրանսպորտային միջոցների մասին, որոնց վերաբերյալ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք օգտագործվել են, օգտագործվում են կամ կարող են օգտագործվել մաքսային օրենսդրության խախտումների ժամանակ,

5) Հայկական և Ավստրիական կողմերի տարածքների միջև արժութային արժեքների միջսահմանային փոխադրումների մասին,

6) այն հնաոճ իրերի և արվեստի գործերի մասին, որոնք ներկայացնում են գեղարվեստական արժեք Պայմանավորվող կողմերից մեկի համար և հայտնաբերվել են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից (հոդվ. 3),

ապահովել, որպեսզի ՀՀ մաքսային ծառայությունն օգնի Ավստրիական կողմի մաքսային ծառայությանն իր իրավասության ներքո գտնվող ոլորտներում, Համաձայնագրում ամրագրված եղանակով և պայմաններով` ապահովելու համար, որ մաքսային օրենսդրությունը ճիշտ կիրառվի և մաքսային տուրքերն ու հարկերը ճշգրիտ հաշվարկվեն (հոդվ. 4, կետ 1),

երաշխավորել, որ հարցման հիման վրա ՀՀ մաքսային ծառայությունը տրամադրի ցանկացած տեղեկատվություն, որը կներառի ներմուծված ապրանքների և արժութային արժեքների, արտահանվող ապրանքների ու արժութային արժեքների և տարանցված ապրանքների օրինական լինելու վերաբերյալ տվյալներ` անհրաժեշտության դեպքում նշելով ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ընթացակարգը (հոդվ. 4, կետ 2),

երաշխավորել, որ ՀՀ մաքսային ծառայությունը հարցման դեպքում ՀՀ օրենսդրության, իր իրավասության և հնարավորությունների սահմաններում իրականացնի հսկողական բնույթի անհրաժեշտ միջոցառումներ, որոնք մասնավորապես վերաբերում են Ավստրիական կողմի տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարած կամ կատարելու մեջ կասկածվող կամ հայտնի անձանց, այն ապրանքներին, որոնք հայտնի են որպես ապօրինի փոխադրման և մաքսանենգության առարկա, այն տրանսպորտային միջոցներին և բեռնարկղերին, որոնք օգտագործվում են կամ կասկածվում է, որ կարող են օգտագործվել Ավստրիական կողմի տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու ժամանակ (հոդվ. 5),

երաշխավորել, որ ՀՀ մաքսային ծառայությունն իր նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում, ՀՀ օրենսդրության, իր իրավասության և հնարավորությունների սահմաններում Ավստրիական կողմի մաքսային ծառայությանը տրամադրի զեկույցներ, գրանցված ապացույցներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են ամբողջական տեղեկատվություն այն բացահայտված կամ ծրագրված գործողությունների մասին, որոնք ՀՀ տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտում են կամ կարող են հանդիսանալ խախտում (հոդվ. 6, կետ 1),

ապահովել, որպեսզի ՀՀ մաքսային ծառայությունը հայցող Ավստրիական կողմի մաքսային ծառայության հարցումով, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները` ցանկացած փաստաթուղթ տրամադրելու կամ հայցող ծառայության` կայացված և Համաձայնագրի գործողության ոլորտի ներքո գտնվող ցանկացած որոշման մասին ՀՀ տարածքում գտնվող կամ հիմնադրված հասցեատիրոջը ծանուցելու համար (հոդվ. 7, կետ 1),

հնարավորության սահմաններում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` թույլատրելու համար վերահսկելի մատակարարման համապատասխան կիրառումը` քրեական քննություն իրականացնելու նպատակով (հոդվ. 8, կետ 1),

որպես հայցվող կողմ` ապահովել, որպեսզի ՀՀ մաքսային ծառայությունը ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները` հարցումը կատարելու համար, և անհրաժեշտության դեպքում նախաձեռնի պաշտոնական կամ դատական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հարցումը կատարելու համար (հոդվ. 9, կետ 1),

ապահովել, որպեսզի ՀՀ մաքսային ծառայությունը Ավստրիական կողմի մաքսային ծառայության հարցումով կատարի ցանկացած անհրաժեշտ հետաքննություն` ներառյալ մաքսային իրավախախտում կատարելու մեջ կասկածվող փորձագետների, վկաների կամ անձանց հարցաքննությունը, և նախաձեռնի ստուգումներ, զննումներ և փաստահավաք քննություն` կապված Համաձայնագրում նշված հարցերի հետ (հոդվ. 9, կետ 2),

ապահովել Համաձայնագրի համաձայն ցանկացած ձևով փոխանցված տեղեկատվության գաղտնիությունը` պահելով այն որպես ծառայողական գաղտնիք և պաշտպանել այնպես, ինչպես կպաշտպանվեր նմանատիպ տեղեկատվությունը ՀՀ գործող օրենսդրության համաձայն (հոդվ. 11, կետ 1),

երաշխավորել, որ ՀՀ մաքսային ծառայությունը չպահանջի Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերի հատուցում` բացառությամբ պետական ծառայող չհանդիսացող փորձագետներին, վկաներին, բանավոր և գրավոր թարգմանիչներին վերաբերող ծախսերի (հոդվ. 14, կետ 1):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2011 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

13 սեպտեմբերի 2011 թ.
ՍԴՈ-989