Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-988
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.22/53(856) Հոդ.1335
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.09.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

13 սեպտեմբերի 2011 թ.

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի ապրիլի 4-ին Բելգրադում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 30 հունիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 4-ին` Բելգրադում:

Համաձայնագրի նպատակը Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն կողմերի համապատասխան տարածքների միջև ու դրանցից դուրս կանոնավոր օդային հաղորդակցությունների հաստատումը և շահագործումը, օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության իրականացումն է:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է.

- մյուս կողմին տրամադրել Համաձայնագրով նախատեսված իրավունքները` սահմանված երթուղիներով միջազգային կանոնավոր օդային հաղորդակցությունների շահագործման նպատակով,

- Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին տրամադրել հետևյալ իրավունքները`

ա) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչքներ,

բ) կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ,

գ) կատարել նշված տարածքում Համաձայնագրին որպես Հավելված կցված Երթուղիների ցանկում սահմանված կետերում վայրէջքներ` միջազգային փոխադրումներում ուղևորներ, բեռ և փոստ` առանձին կամ համակցված ձևով, օդանավ վերցնելու և օդանավից իջեցնելու նպատակով,

- սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով Սերբիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների կողմից սահմանված ձևի և կարգի համաձայն հայտն ստանալուն պես, Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանության կողմից, նվազագույն ընթացակարգային հետաձգմամբ, նշված ավիաընկերություններին տրամադրել համապատասխան շահագործման լիազորություններ և թույլտվություններ,

- Համաձայնագրի դրույթներին համապատասխան նշանակված և լիազորված ավիաընկերություններին հնարավորություն ընձեռել ցանկացած պահի մեկնարկել համաձայնեցված հաղորդակցությունները,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցող ուղևորները, ուղեբեռը, բեռը և փոստը, որոնք չեն լքում օդանավակայանում այդ նպատակով հատկացված տարածքը, ենթարկվեն ոչ ավելի, քան պարզեցված մաքսային և ներգաղթային հսկողության` բացառությամբ անվտանգության միջոցառումների, խախտումների, զննվող թմրադեղերի փոխադրման միջոցառումների,

- ազատել ուղիղ տարանցիկ բեռներն ու ուղեբեռները մաքսատուրքից և այլ գանձումներից,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից վավեր ճանաչվեն Սերբիայի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված կամ ճանաչված թռիչքային պիտանիության վկայականները, իրավասության վկայականները և լիցենզիաները` Համաձայնագրով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով,

- միջազգային իրավունքից բխող իր իրավունքներին և պարտավորություններին համապատասխան հաստատել, որ անօրինական միջամտություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու` միմյանց նկատմամբ կողմերի պարտավորությունը կազմում է Համաձայնագրի անբաժանելի մասը,

- Սերբիայի Հանրապետությանը տրամադրել ամբողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք,

- Սերբիայի Հանրապետության հետ փոխադարձ հարաբերություններում գործել Քաղաքացիական ավիացիայի Միջազգային կազմակերպության կողմից հաստատված և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի հավելվածներ հանդիսացող ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան,

- ապահովել, որպեսզի արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն իր տարածքում օդանավը պաշտպանելու համար և իրականացվեն ուղևորների, անձնակազմի, ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և օդանավի պաշարների նկատմամբ ստուգումներ` նախքան օդանավ նստելը, նստելու կամ օդանավից դուրս գալու ընթացքում,

- փոխադարձության հիման վրա իր տարածքում գործող կանոնակարգերի առավելագույն հնարավոր չափով ազատել Սերբիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, ավելացված արժեքի հարկերից, ակցիզային հարկերից, տեսչական վճարներից և այլ ազգային պարտադիր տուրքերից և այլ վճարներից` օդանավի, վառելիքի, սպառվող տեխնիկական միջոցների և այլ առարկաների առնչությամբ` նախատեսված օգտագործման կամ օգտագործվող միայն այդ ավիաընկերության օդանավի շահագործման կամ սպասարկման կապակցությամբ,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունները Սերբիայի Հանրապետության ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնեն իրենց երթևեկության ծրագրերը` հաղորդակցությունների շահագործումն սկսելուց առնվազն երեսուն օր առաջ, որոնք պետք է ներառեն չվացուցակները, հաղորդակցությունների հաճախականությունը և շահագործման մեջ օգտագործվելիք օդանավերի տիպերը,

- Սերբիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությանը տրամադրել իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնելու գրասենյակներ օդային փոխադրումների, ինչպես նաև այլ հարակից առարկաների և սարքավորումների վաճառքի և խթանման համար, որոնք պահանջվում են օդային փոխադրման ապահովման համար,

- Համաձայնագիրը և Համաձայնագրի ցանկացած փոփոխություն գրանցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:

Համաձայնագիրն ունի բաղկացուցիչ մաս հանդիսացող Հավելված:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2011 թվականի ապրիլի 4-ին Բելգրադում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

13 սեպտեմբերի 2011 թ.
ՍԴՈ-988

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան