Գլխավոր տեղեկություն
Համար
N 1209-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.07/51(854) Հոդ.1287
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1209-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) 1-ին կետի «ա» ենթակետը «42-րդ հոդվածների» բառերից հետո լրացնել «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ը» կետի» բառերով.

2) 3-րդ կետը «ոստիկանության» բառից հետո և 5-րդ կետի «գ», «զ» և «է» ենթակետերը «սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերով.

3) 5-րդ կետի «ժա» ենթակետի երկրորդ պարբերությունում «մանկավարժների» բառը փոխարինել «սպասարկող անձնակազմի» բառերով.

4) 5-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) զինվորական ղեկավարն ի պաշտոնե համարվում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը, որը համակարգում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի աշխատանքները.».

5) 6-րդ կետի «դ» ենթակետի երրորդ պարբերությունում «տեխնիկական» բառը փոխարինել «տեխնիկային» բառով.

6) 8-րդ կետի`

ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) իրականացնում է վերահսկողություն ուսումնական հաստատություններում ուսումնական զենք և ռազմամթերք պահելու` սահմանված կարգի ապահովման նկատմամբ.»,

բ. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ուսումնական հաստատություններին ցուցաբերում է մեթոդական օգնություն, կատարում է հրահանգավորում, մանկավարժական կոլեկտիվի և սովորողների համար կազմակերպում է գործնական-տեսական պարապմունքներ` զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացությանը, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործություններից և վարչական իրավախախտումներից` օրենքի սահմաններում պաշտպանվելու իմացությանը, ինչպես նաև ոստիկանություն-ուսումնական հաստատություն կապի անհրաժեշտությանը վերաբերող թեմաներով.».

7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.

«12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը`

ա) աջակցում է ուսումնական հաստատությունների` զորամասերի, սահմանապահ ուղեկալների հետ կապերի ամրապնդմանը, սովորողների և զինվորական ղեկավարների հետ դաշտային պարապմունքների (հավաքների) անցկացմանը.

բ) զորամասերի հրամանատարների, կրթության ոլորտի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ և այլ միջոցառումներ.

գ) կրթական ոլորտի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ուսումնական հաստատություններում ստեղծում է «Սահմանապահի պատանի ընկերներ» ռազմահայրենասիրական բնույթի ակումբներ և աջակցում ակումբների աշխատանքներին.

դ) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ կազմակերպում է խորհրդակցություններ պետական սահմանի պահպանմանը, քաղաքացիական պարտքի գիտակցմանը վերաբերող և այլ թեմաներով.

ե) ուսումնական հաստատությունը կցում է ուղեկալի կամ զորամասի, որը մշտական օգնություն է ցուցաբերում ՆԶՊ-ի և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործին.

զ) կազմակերպում է սովորողների այցելություններ ուղեկալ և սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոն, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ.

է) սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային, զինծառայողների կյանքին ու կենցաղին.

ը) պարապմունքների համար տրամադրում է հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ և այլ անհրաժեշտ միջոցներ.

թ) սովորողների հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով առաջարկում է թեկնածություններ սպաների, ենթասպաների և սերժանտների կազմից.

ժ) օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացման գործին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան