Գլխավոր տեղեկություն
Համար
N 1380-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.09.2011-12.07.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.958
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2023

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1380-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 26-ի «Սևան» ազգային պարկի գործունեության բարելավման և Սևանա լճում ձկան պաշարների պահպանության ու օգտագործման կարգավորման մասին» N 23 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1380-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի հետևյալ օբյեկտների՝ վայրի կենդանիների (ողնաշարավոր և անողնաշարավոր) տեսակների և դրանց արգասիքների (այսուհետ՝ բնական կենդանական պաշարներ) գյուղատնտեսական (սելեկցիա) ու արդյունագործական օգտագործման (որսորդություն, ձկնորսություն և հավաք) լիցենզիաներ (թույլտվություններ) (այսուհետ՝ լիցենզիա) տալու և պայմանագրեր կնքելու հետ կապված հարաբերությունները:

Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով բնական կենդանական պաշարների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու համար հիմք են հանդիսանում բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների պետական հաշվառման տվյալները՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:

 

II. ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼԸ

 

2. Բնական կենդանական պաշարների օգտագործման լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝ իր մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:

3. Մասնագիտական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է լիազորված մարմինը:

Մասնագիտական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև գիտահետազոտական և բուհական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնագիտական հանձնաժողովն իր եզրակացությունը կայացնելիս քննության է առնում տվյալ բնական կենդանական պաշարի օգտագործման հետ կապված էկոլոգիական այն բոլոր սահմանափակումները, որոնք ապահովում են դրանց բնական վերարտադրությունն ու կենսաբազմազանությունը:

4. Լիցենզիայի ձևը հաստատում է լիազորված մարմինը:

5. Լիցենզիայի մեջ նշվում են օգտագործման ենթակա բնական կենդանական պաշարի տեսակը և տարածքը:

6. Բնական կենդանական պաշար օգտագործել ցանկացողները (այսուհետ՝ հայտատու) սահմանված կարգով լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) հայտ՝ լիցենզիա ստանալու մասին,

բ) օգտագործման ենթակա տարածքը տնօրինողի գրավոր համաձայնությունը,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.08.11 N 1182-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 18.08.11 N 1182-Ն)

(6-րդ կետը փոփ. 18.08.11 N 1182-Ն)

7. Լիազորված մարմինը հայտն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը տրամադրում է մասնագիտական հանձնաժողովին:

8. Մասնագիտական հանձնաժողովը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում համապատասխան եզրակացություն է տալիս լիազորված մարմնին:

9. Լիազորված մարմինը մասնագիտական հանձնաժողովի՝ հայտի մասին եզրակացությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում, որի մասին ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին:

10. Հայտատուն լիազորված մարմնի դրական որոշումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով վճարում է պետական տուրք և վճարման անդորրագիրը լիազորված մարմին ներկայացնելուց հետո ստանում լիցենզիան:

11. Լիցենզիան հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

12. Լիցենզիան տրվում է մինչև 5 տարի ժամկետով:

13. Հայտի մերժման հիմք կարող են հանդիսանալ՝

ա) դիմողի կողմից հայտում և կից ներկայացված փաստաթղթերում տվյալների միտումնավոր չնշումը,

բ) հայտում ներկայացված բնական կենդանական պաշարների էկոլոգիական անբարենպաստ ցուցանիշները,

գ) հայտում ներկայացված կենդանական տեսակը Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը:

14. Լիազորված մարմինը կարող է կասեցնել կամ դադարեցնել լիցենզիայի գործողությունը:

15. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է՝

ա) լիցենզիայի գործողության ընթացքում հայտատուի ներկայացրած փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնաբերվելու դեպքում,

բ) կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողի կողմից լիցենզիայի տրամադրման պայմանները խախտվելու դեպքում։

16. Լիցենզիայի գործողության կասեցման առավելագույն ժամկետը 30 օր է: Լիազորված մարմինը լիցենզիայի գործողության կասեցման դեպքում դրա մասին պատշաճ կարգով ծանուցում է լիցենզիա ստացած անձին: Կասեցման ժամկետի սկիզբ է համարվում լիցենզիա ստացած անձի կողմից որոշման ստացման օրը:

17. Լիցենզիա ստացած անձը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել խախտումները և դրա մասին տեղեկացնել լիազորված մարմնին, որից հետո լիցենզիայի գործողության կասեցումը վերացվում է:

18. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝

ա) լիցենզիա ստացած անձը սահմանված ժամկետում չի վերացրել լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացող խախտումները,

բ) լիցենզիա ստացած անձը սնանկ է ճանաչվել կամ լուծարվել է,

գ) անվավեր է ճանաչվել լիցենզիա ստացած անձի պետական գրանցումը,

դ) վեց ամսվա ընթացքում կրկնակի կասեցվել է լիցենզիայի գործողությունը,

ե) լիցենզիա ստացած ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան դեպքում,

զ) լիցենզիա ստացած անձի ցանկությամբ՝ նրա դիմումի համաձայն:

19. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

20. Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անձն իրավունք ունի ընդհանուր հիմունքներով ստանալու նոր լիցենզիա՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից մեկ տարի հետո։

21. Լիցենզիան կորցնելու դեպքում լիցենզիա ստացած անձը դրա մասին գրավոր հայտնում է լիազորված մարմնին: Վերջինս 10-օրյա ժամկետում տալիս է նոր լիցենզիա՝ «Կրկնօրինակ» նշագրմամբ:

22. Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու դեպքում անձը կարող է սահմանված կարգով ներկայացնել բնական կենդանական պաշարի օգտագործման նոր հայտ:

 

III. ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

23. Բնական կենդանական պաշարի օգտագործման համար լիցենզիա ստացած անձը լիազորված մարմնի կամ նրա համաձայնությամբ՝ իր կազմում գտնվող համապատասխան կազմակերպության հետ կնքում է պայմանագիր։

24. Բնական կենդանական պաշարների օգտագործման պայմանագրի ձևը հաստատում է լիազորված մարմինը:

25. Պայմանագրի մեջ նշվում են օգտագործողի տվյալները (վավերապայմանները), օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, չափերը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, բնական կենդանական պաշարների տեսակը, քանակը, բնօգտագործման վճարի չափը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը:

26. Պայմանագիրը կնքվում է 3 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ հողամասի սեփականատիրոջ, իսկ երրորդը՝ լիազորված մարմնի մոտ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան