ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1420-Ն
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1420-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այդ թվում` հարկային գործակալների), ինչպես նաև այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց բնամթերային (ոչ դրամական) ձևով վճարված եկամուտների վրա:
3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`
1) գույքի (բացառությամբ դրամական միջոցների) տեսքով.
2) աշխատանքի, ծառայության տեսքով.
3) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:
4. Բնամթերային եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության դրամով, ազատ (շուկայական) գներով`
1) կազմակերպություններից, անհատ ձեռնարկատերերից և նոտարներից (այդ թվում` հարկային գործակալներից) ստանալու դեպքում`
ա. կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից եկամտի վճարման ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),
բ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից վճարմանը նախորդող ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),
գ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում անուղղակի հարկերի հանրագումարով.
2) այլ աղբյուրներից ստանալու դեպքում`
ա. այդպիսի կամ նույնանման գործարքների (բնամթերքի` ապրանքների, ծառայությունների, այլ ակտիվների) համար եկամտի ստացման ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական գներով (սակագներով),
բ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով),
գ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող 12 ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով), իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող՝ հրապարակված միջին գներով (սակագներով),
դ. վիճակագրական միջին գնի բացակայության դեպքում բնամթերային եկամուտը համախառն եկամտում հաշվի է առնվում եկամտի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով:
5. Սույն կարգի առումով բնամթերային եկամտի ստացման հնարավոր գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար, կամ այն գինը, որով՝ գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել:
6. Սույն կարգի 5-րդ կետի իմաստով առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերներ, մասնագիտացված խանութներ, բորսաներ, մասնագիտացված տոնավաճառներ, շուկաներ և այլն) գները (սակագները), գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ նաև համապատասխան դեպքերում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված տվյալները, ինչպես նաև նույնանման գույքի՝ աճուրդային կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.11.2012, N 1451-Ն | 01.01.2013, N 1420-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|