Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.27
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0145/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0145/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Գ. Մատինյան

Դատավորներ՝  Լ. Գրիգորյան 
                                    Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Հովակիմյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լյուդմիլա Ցվետկովայի ընդդեմ Սվետլանա Հովակիմյանի, երրորդ անձինք Վարդենիսի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վարդենիսի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)` սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, դրա հիմքում դրված փաստաթղթերն առոչինչ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և Սվետլանա Հովակիմյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լյուդմիլա Ցվետկովայի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լյուդմիլա Ցվետկովան պահանջել է առոչինչ ճանաչել Վարդենիսի քաղաքապետի 16.07.1997 թվականի թիվ 34 որոշումը, ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ ՀՄ» տեխնիկական գույքագրման վարչության Վարդենիսի բյուրոյի 30.07.1997 թվականի որոշումը, անվավեր ճանաչել Վարդենիս քաղաքի Լեռնագործների 26-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ Սվետլանա Հովակիմյանի անվամբ 29.07.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և նշված բնակարանի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սվետլանա Հովակիմյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Վարդենիս քաղաքի Լեռնագործների 26-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.12.2010 թվականի որոշմամբ Սվետլանա Հովակիմյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Հովակիմյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածների, 131-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերության պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.02.1996 թվականի թիվ 1/7 որոշմամբ վիճելի բնակարանը հատկացվել է բողոք բերած անձին, որից հետո վերջինս վերանորոգել է այն, դրա նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը, մինչ օրս` շուրջ 15 տարի իր ընտանիքի անդամների հետ միասին բնակվում է այդտեղ` կատարելով դրա հետ կապված բոլոր վճարումները: Այսինքն` բողոք բերած անձն ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետում և օգտագործում է վիճելի բնակարանը, իսկ Լյուդմիլա Ցվետկովան այդ տարիների ընթացքում նշված բնակարանի նկատմամբ որևէ հավակնություն չի ցուցաբերել: Փաստորեն, Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և գնահատել բողոք բերած անձի ներկայացրած ապացույցները և չի մատնանշել այդ ապացույցները մերժելու հիմքերը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 14.09.1995 թվականի սեփականության վկայագրի համաձայն` Վարդենիս քաղաքի Լեռնագործների 26-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ ՀՀ Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 15.08.1995 թվականի թիվ 7/5 որոշման հիման վրա կատարվել է Լյուդմիլա Ազարյանի սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 17):

2) ՀՀ Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.02.1996 թվականի թիվ 1/7 որոշման համաձայն` Վարդենիս քաղաքի Լեռնագործների 26-րդ շենքի թիվ 19 բնակարանը հատկացվել է Սվետլանա Հովակիմյանին (հատոր 1-ին, գ.թ. 83-84):

3) Վարդենիսի քաղաքապետի 16.07.1997 թվականի թիվ 34 որոշման և կից ցուցակի համաձայն` Վարդենիս քաղաքի Լեռնագործների 26-րդ շենքի թիվ 19 բնակարանը սեփականաշնորհվել է Սվետլանա Հովակիմյանին, որի հիման վրա 30.07.1997 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ ՀՄ» տեխնիկական գույքագրման վարչության Վարդենիսի բյուրոյի կողմից կատարվել է Սվետլանա Հովակիմյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 74-75, 79-82):

4) Ըստ 29.07.2005 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի` Սվետլանա Հովակիմյանի սեփականության իրավունքը Վարդենիս քաղաքի Լեռնագործների 26-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ գրանցվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-8 մատյանի 2272 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 71-73):

5) Վարդենիսի քաղաքապետի 18.10.2010 թվականի տեղեկանքի համաձայն` Սվետլանա Հովակիմյանը բնակվում է Վարդենիս քաղաքի Խ. Ստեփանյան (նախկինում` Լեռնագործների) 26-րդ շենքի թիվ 19 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 60):

6) Գործում առկա 13.09.2009 թվականի սխեմայի և 11.06.1998 թվականի, 17.11.1998 թվականի, 17.12.1998 թվականի, 1999 թվականի վճարման անդորրագրերի համաձայն` Սվետլանա Հովակիմյանը Վարդենիս քաղաքի Լեռնագործների 26-րդ շենքի թիվ 19 հասցեի էլեկտրաէներգիայի մատակարարման բաժանորդն է և վճարել է էլեկտրաէներգիայի վարձը (հատոր 1-ին, գ.թ. 67-69):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են՝

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին և Միխաել Սիմոնյանի հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տեԲս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Լյուդմիլա Ցվետկովան, հանդիսանալով վիճելի բնակարանի սեփականատերը, չի հրաժարվել իր գույքից, իսկ նշված բնակարանը Սվետլանա Հովակիմյանին է հանձնվել ոչ թե օրինական հիմքերով և համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի կողմից կայացված որոշման հիման վրա, այլ Վարդենիսի քաղաքապետի կողմից կատարված անօրինականության արդյունքում, որը չհանդիսանալով նշված գույքի սեփականատեր` օտարել է Լյուդմիլա Ցվետկովային արդեն իսկ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը Սվետլանա Հովակիմյանին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչմանը հավակնելիս գույքի տիրապետման բարեխղճությունն առկա է, եթե այդ գույքը տիրապետողն այն համոզմունքն ունի, որ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Ընդ որում, տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն: Այսինքն` անկախ այն հանգամանքից, թե գույքն այլ անձի տիրապետմանն է անցել օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ կամ խախտմամբ, էական է այն հանգամանքը, որ տիրապետողը ենթադրի, որ գույքի տիրապետումն իրեն անցել է օրինական հիմքով: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն՝ օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե´ս Պրեսոսն Կոմպանիա Նավիեռան ՍԱ ընդդեմ Բելգիայի թիվ 17849/91 գանգատով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե´ս Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի թիվ 44912/98 գանգատով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը):

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.02.1996 թվականի թիվ 1/7 որոշմամբ Վարդենիս քաղաքի Լեռնագործների 26-րդ շենքի թիվ 19 բնակարանը Սվետլանա Հովակիմյանին հատկացմամբ, հետագայում այն Վարդենիսի քաղաքապետի 16.07.1997 թվականի թիվ 34 որոշմամբ սեփականաշնորհմամբ և տվյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմամբ՝ Սվետլանա Հովակիմյանի մոտ ծագել է «օրինական սպասելիք»-ի առկայություն: Այսինքն՝ նա ունեցել է բավարար իրավական հիմքեր վստահելու վերը նշված ակտերի իրավաչափությանը, որոնք ուղղվել են նրա համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, նրա մոտ ստեղծել են իրավաչափ իրավական ակտի տպավորություն, հետևաբար վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունն առկա է:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սույն գործով կարևորել է վիճելի գույքը Վարդենիսի քաղաքապետի կողմից ոչ օրինական հիմքով օտարելու փաստը և այն բավարար համարել` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի բացակայությունը հաստատված համարելու համար` չանդրադառնալով գույքը տիրապետողի` բողոք բերած անձի տիրապետման բարեխղճության, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման մյուս վավերապայմանների առկայության հարցին: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքները, որ ՀՀ Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.02.1996 թվականի թիվ 1/7 որոշմամբ Վարդենիս քաղաքի Լեռնագործների 26-րդ շենքի թիվ 19 բնակարանը հատկացվել է Սվետլանա Հովակիմյանին, իսկ Վարդենիսի քաղաքապետի 16.07.1997 թվականի թիվ 34 որոշմամբ այն սեփականաշնորհվել է: Դրա հիման վրա 30.07.1997 թվականին կատարվել է Սվետլանա Հովակիմյանի սեփականության իրավունքի պետական գրանցում, իսկ 29.07.2005 թվականին նրան տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման նոր վկայական: Ընդ որում, Սվետլանա Հովակիմյանը բնակվում է նշված բնակարանում, այդ հասցեի էլեկտրաէներգիայի մատակարարման բաժանորդն է և վճարել է էլեկտրաէներգիայի վարձը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և Վճռաբեկ դատարանի 02.03.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան