ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2011 թվականի N 1328-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ՝ «ԻՆՏԵՐԷՆԵՐԳՈ ԲԻ. ՎԻ.» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ՀՈԼԴԻՆԳ ԲԻ. ՎԻ.» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված՝ «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության հայտը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը (վերջինս «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է) փոխանցման նախատեսվող գործարքի մասին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերության գրությունը, որով վերջինս իր շահագրգռվածությունն է հայտնում իր դուստր՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման նախատեսվող գործարքի իրականացման հարցում և միաժամանակ հաստատում է իր պատրաստակամությունը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հետ համապարտությամբ ստանձնելու Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով), «Էներգետիկայի մասին», «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող՝ գնորդի բոլոր պարտավորությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքների (այսուհետ՝ սկզբունքներ) 2-րդ կետի պահանջներին, սակայն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը համապատասխանում է սկզբունքների 2-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու պահանջներին և, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, և, ղեկավարվելով սկզբունքների 4-րդ կետի դրույթով ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն համաձայնությամբ տալիս է պատշաճ կերպով հաստատված իր համաձայնությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքն «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերությունից «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը փոխանցվելու գործարքի վերաբերյալ` հետևյալ պայմաններով՝
1) սույն համաձայնությունը վավերական է այնքան ժամանակ, քանի դեռ վավերական և ուժի մեջ է «Ինտերէներգո Բի. Վի.», «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունների միջև 2011 թվականի հուլիսի 1-ին կնքված համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր), որի պատճենը կցված է սույն համաձայնությանը` կազմելով դրա անբաժանելի մասը: Համաձայնագիրը որևէ պատճառով անվավեր և ուժը կորցրած ճանաչվելու դեպքում սույն համաձայնությունը համարվում է հետ կանչված և անվավեր՝ բոլոր նպատակների համար, իսկ «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերությունը պատասխանատու է մնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և 2002 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով նախատեսված` բաժնետիրոջ բոլոր պարտավորություններով.
2) «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը պետք է մշտապես հանդիսանա «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի առնվազն 60 (վաթսուն) տոկոսի սեփականատերը, եթե այլ բան գրավոր համաձայնեցված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Եթե «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության մասնակցությունը, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական գրավոր համաձայնության, նվազի տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր թվի 60 (վաթսուն) տոկոսից, ապա «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» և «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունները համապարտ պատասխանատվություն կկրեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և 2002 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով նախատեսված` բաժնետիրոջ բոլոր պարտավորություններով.
3) սույն համաձայնությունը կարգավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ: Սույն համաձայնությունից, ինչպես նաև համաձայնագրից ծագած բոլոր վեճերի նկատմամբ կիրառվելու է 2002 թվականի օգոստոսի 26-ին «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 10.12-րդ կետով նախատեսված վեճերի լուծման վերաբերյալ դրույթը.
4) սույն համաձայնությունն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն «Ինտերէներգո Բի. Վի.», «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունների կողմից դրա պայմանների գրավոր ընդունումից հետո.
5) սույն համաձայնությունն ուժի մեջ մտնելուց և վավերական դառնալուց հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի նկատմամբ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության սեփականության իրավունքը կարող է պատշաճ կերպով գրանցվել: Եթե սույն համաձայնությունն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը պատշաճ կերպով չի գրանցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իր իրավունքը, ապա սույն համաձայնությունը համարվում է հետ կանչված և չեղյալ՝ բոլոր նպատակների համար, իսկ «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերությունը մնում է պատասխանատու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և 2002 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով նախատեսված՝ բաժնետիրոջ բոլոր պարտավորություններով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|