Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1246/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1246/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`   Կ. Հակոբյան

Դատավորներ` Տ. Սահակյան
                                   Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հովհաննես և Հրաչյա Սարաֆյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Թեյմուր Նազարիի և Արիան Նազարիի հայցի ընդդեմ Հովհաննես և Հրաչյա Սարաֆյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Թեյմուր Նազարին պահանջել է վավեր ճանաչել Հրաչյա Սարաֆյանի հետ կնքված Երևանի Սեպուհի փողոցի թիվ 4 տան առուվաճառքի գործարքը և դրա նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2009 թվականի որոշմամբ Հրաչյա Սարաֆյանը փոխարինվել է պատշաճ պատասխանող Հովհաննես Սարաֆյանով:

Թեյմուր Նազարին, փոխելով հայցի հիմքը և առարկան, պահանջել է Հովհաննես Սարաֆյանից բռնագանձել 102.000 ԱՄՆ դոլլար, որից 85.000 ԱՄՆ դոլարը 16.11.2007 թվականի նախավճարի պայմանագրով վճարված նախավճարը, իսկ 17.000 ԱՄՆ դոլարը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` հաշվարկված 16.11.2007 թվականից մինչև 16.08.2009 թվականը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2009 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով Արիան Նազարին ճանաչվել է համահայցվոր:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 15.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2010 թվականի որոշմամբ Թեյմուր Նազարիի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Արիան Նազարիի վերաքննիչ բողոքը` մերժվել: Դատարանի 15.09.2009 թվականի վճիռը բեկանվել է, և այն փոփոխվել է: Որոշվել է` «Թեյմուր Նազարիի հայցը բավարարել մասնակի: Հովհաննես Սարաֆյանից հօգուտ Թեյմուր Նազարիի բռնագանձել 85.000 ԱՄՆ դոլար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասով հայցապահանջը մերժել: Հայցն Արիան Նազարիի մասով և Հրաչյա Սարաֆյանից գումարի բռնագանձման պահանջի մասով մերժել: Թեյմուր Նազարիից և Արիան Նազարիից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 510 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում վճարման ենթակա պետական տուրքի գումար: Հովհաննես Սարաֆյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում վճարման ենթակա պետական տուրքի գումարը»:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հովհաննես և Հրաչյա Սարաֆյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Թեյմուր և Արիան Նազարիները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 396-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը, 408-րդ հոդվածը, 436-րդ հոդվածի 1-ին կետը, 445-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերը, 466-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը, 221-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, այն է` Հովհաննես Սարաֆյանի և Թեյմուր Նազարիի միջև 16.11.2007 թվականին կնքված նախավճարի պայմանագիրը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Թեյմուր Նազարին պարտավորվել է նշված նախավճարի պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը վճարել մինչև 10.02.2008 թվականը: Պայմանագրով ստանձնած պարտավորությունը Թեյմուր Նազարին պատշաճ չի կատարել, որպիսի փաստը հիմք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նախավճարը հետ չվերադարձնելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2010 թվականի որոշումը, փոփոխել այն և օրինական ուժ տալ Դատարանի 15.09.2009 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 12.03.2007 թվականի նախավճարի պայմանագրով Երևանի Սեպուհի փողոցի թիվ 4 տունը 280.000 ԱՄՆ դոլարով վաճառելու նպատակով Թեյմուր Նազարին որպես առուվաճառքի պայմանագրի կնքման ապացույց և ի ապահովումն դրա կատարման Հովհաննես Սարաֆյանին վճարել է 30.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ.8):

2. 06.06.2007 թվականի նախավճարի պայմանագրով Երևանի Սեպուհի փողոցի թիվ 4 տունը 310.000 ԱՄՆ դոլարով վաճառելու նպատակով Թեյմուր Նազարին որպես առուվաճառքի պայմանագրի կնքման ապացույց և ի ապահովումն դրա կատարման Հովհաննես Սարաֆյանին վճարել է ևս 40.000 ԱՄՆ դոլար, ընդամենը` 70.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ.7):

3. 16.11.2007 թվականի նախավճարի պայմանագրի համաձայն` «Սարաֆյան Հովհաննես Հրաչյայի անձ N AF0325985, այսուհետև վաճառող սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Երևան Սեպուհի N 4 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառում է սեփականության N 2132548 վկայականով, իսկ 1. Գնորդը` Նազարի Արիան Թեիմուրի անձ AG0592217 պարտավորվում է գնել տվյալ անշարժ գույքը 370.000 դոլար (երեք հարյուր յոթանասուն հազար ԱՄՆ դոլար): 2. Ի ապացույց առք ու վաճառքի կնքմանը և կատարմանը գնորդը վաճառողին վճարում է որպես նախավճար (բեհ) 85000 $ դոլար (ութսունհինգ հազար ԱՄՆ դոլար): 3. Գնորդը պարտավորվում է սույն պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում պայմանագրային ամբողջ գումարը վճարել առք ու վաճառքի նոտարական պայմանագրի կնքման պահին: 4.Գնորդը պարտավորվում է սույն պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը վճարել մինչև 10.02.2008թ.ե (հատոր 1-ին, գ.թ.6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր: Կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա «նախավճարի պայմանագիր» վերտառությամբ գործարքը կհամարվեր նախավճարի պայմանագիր միայն, եթե առկա լիներ հիմնական պարտավորությունը` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, և քանի որ այն բացակայում է` չի կնքվել, հետևաբար «նախավճարի պայմանագիրը» ևս առոչինչ է, ուստիև Թեյմուր Նազարիի կողմից Հովհաննես Սարաֆյանին վճարված 85.000 ԱՄՆ դոլարը ենթակա է վերադարձման Թեյմուր Նազարիին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նախավճարի ինստիտուտի նման մեկնաբանությունը հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածից հետևում է, որ նախավճարի պայմանագիր կնքելով հաստատվում է հիմնական պայմանագրի կնքված լինելու հանգամանքը` կատարելով նաև պայմանագրի կատարման ապահովման գործառույթ:

Այլ է իրավիճակն անշարժ գույքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում: Մասնավորապես, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի դեպքում հիմնական պայմանագիրը կարող է կնքվել միայն օրենքով նախատեսված ձևով և պայմաններով, հետևաբար, նախավճարի պայմանագիրը չի կարող որակվել որպես հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքման ապացույց, բացի այդ, անիմաստ է դառնում նաև նախավճարի պայմանագրի կնքումը հիմնական պայմանագրի կնքումից հետո, քանի որ օրենքով նախատեսված ձևով և կարգով կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում նախավճարի պայմանագրի կնքումն իմաստազրկվում է, քանի որ այն չի ծառայելու նախավճարի ինստիտուտի կարգավորման նպատակներին, այն է` ապացուցողական գործառույթին, քանի որ հիմնական պայմանագրի առկայությունն ինքնին դրա կնքման ապացույց է, ինչպես նաև պայմանագրի կատարման ապահովման գործառույթին, քանի որ հենց հիմնական պայմանագիրը բավարար է դրա կատարումն ապահովելու համար: Այսինքն` այն բոլոր դեպքերում, երբ հիմնական պարտավորության ծագումը պայմանավորվում է օրենքով նախատեսված կարգով կնքված պայմանագրի առկայությամբ, այդ դեպքում նախավճարի պայմանագիրն այլևս չի կատարում իր հիմնական գործառույթները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «կողմերի միջև առկա «նախավճարի պայմանագիր» վերտառությամբ գործարքը կհամարվեր նախավճարի պայմանագիր միայն, եթե առկա լիներ հիմնական պարտավորությունը` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը»:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անշարժ գույքի դեպքում նախավճարի պայմանագրի տարրեր պարունակող պայմանագիր կարող է կնքվել այն դեպքերում, երբ այն ուղղված է օրենքով նախատեսված կարգով կնքված նախնական պայմանագրի կատարման ապահովմանը` նախավճարի պայմանագրի համար օրենքով նախատեսված իրավական հետևանքները նախատեսելով որպես նախնական պայմանագրի չկատարման հետևանք:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ուսումնասիրության առարկա դարձնելով սույն գործով կնքված 16.11.2007 թվականի պայմանագիրը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն իր մեջ պարունակում է առուվաճառքի նախնական պայմանագրի տարրեր, ինչպես նաև նախավճարի պայմանագրի որոշակի տարրեր, որոնք ուղղված են նախնական պայմանագրի կատարմանը, այն է` հիմնական պայմանագրի կնքմանը: Այսինքն` 16.11.2007 թվականի պայմանագիրն ուղղված էր հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքմանը, հետևաբար, հիմնական պայմանագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ կողմերի միջև կնքված պայմանագրի անվավերության համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան