Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1271/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1271/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր`   Լ. Գրիգորյան

Դատավորներ` Գ. Մատինյան
                                   Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների հայցի ընդդեմ Զաբել և Սառա Ռուշանյանների, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) և Երևանի Կենտրոն տարածքի նոտար Ռոզա Սահակյանի (այսուհետ` Նոտար)` սեփականության իրավունքը վերականգնելու, համասեփականատեր ճանաչելու, նվիրատվության պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Սառա Ռուշանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կարեն, Գոհար, Լիլիթ Ներսեսյանների` բնակարանի օգտագործման իրավունքը դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանները պահանջել են վերականգնել Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը և ճանաչել համասեփականատեր, անվավեր ճանաչել այդ բնակարանի վերաբերյալ Զաբել Ռուշանյանի և Սառա Ռուշանյանի միջև 22.12.2009 թվականին կնքված թիվ 4056 նվիրատվության պայմանագիրը և դրանից բխող սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սառա Ռուշանյանը պահանջել է դադարեցնել Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանի նկատմամբ Կարեն, Գոհար, Լիլիթ Ներսեսյանների օգտագործման իրավունքը և նրանց վտարել այդ բնակարանից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է ճանաչել Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների սեփականության իրավունքն Ագաթանգեղոսի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանի նկատմամբ, անվավեր ճանաչել Ագաթանգեղոսի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանի վերաբերյալ Զաբել Ռուշանյանի և Սառա Ռուշանյանի միջև 22.12.2009 թվականին կնքված թիվ 4056 նվիրատվության պայմանագիրը և որպես անվավերության հետևանք կադաստրում դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Կարեն, Գոհար, Լիլիթ Ներսեսյանների հայցի` Զաբելա Ռուշանյանի անվամբ Ագաթանգեղոսի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասը և Սառա Ռուշանյանի հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2010 թվականի որոշմամբ Սառա Ռուշանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 08.10.2010 թվականի վճիռը հայցը մասնակիորեն բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասերով բեկանվել է, ու այդ մասերով գործն ուղարկվել է նոր քննության. Դատարանի 08.10.2010 թվականի վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17 –րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թվականի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, 51-րդ, 53-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սառա Ռուշանյանը վերաքննիչ բողոքում չի վիճարկել այն փաստերը, որ Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանները Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանի սեփականաշնորհմանը չեն մասնակցել, Սպանդարյանի շրջանի խորհրդի գործադիր կոմիտեի 24.12.1992 թվականի թիվ 45/26 որոշմամբ վերջիններս համասեփականատերեր չեն հանդիսացել, սեփականաշնորհմանը մասնակցել է միայն Զաբել Ռուշանյանը:

Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն գնահատվել գործում առկա ապացույցները, ինչպես նաև վերաքննիչ բողոքի փաստարկները:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 08.10.2010 վճիռը և գործը նոր քննության ուղարկելով, ընդհանուր իրավասության դատարանի համար սահմանել է պարզել մի խնդիր, որն արդեն իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 23.11.2001 և 07.03.2002 թվականների որոշումներով պարզված և հաստատված է:

Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում չի նշել, թե ինչ ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում է եզրակացություն արել վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության, որոշ փաստեր պարզելու վերաբերյալ:

 

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 273-րդ, 305-րդ և 559-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Զաբել Ռուշանյանը համատեղ սեփականության ներքո գտնվող Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանը 22.12.2009 թվականի նվիրատվության պայմանագրով նվիրել է Սառա Ռուշանյանին առանց մյուս սեփականատերեր Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների համաձայնության:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 17.12.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.10.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 10.12.1992 թվականին Կարեն և Գոհար Ներսեսյանները տվել են իրենց գրավոր համաձայնությունը` վիճելի բնակարանը սեփականաշնորհելու համար (հատոր 1-ին, գ.թ. 21, 22).

2) Լիլիթ Ներսեսյանը` ծնված 24.09.1991 թվականին, Կարեն և Գոհար Ներսեսյանների դուստրն է.

3) ՀՀ ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 24.12.1992 թվականի թիվ 45/26 որոշմամբ թույլատրվել է Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանը վաճառել Զաբել Ռուշանյանին որպես սեփականություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի 4 անձով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել է թույլատրել գնել վերոհիշյալ բնակարանը: Սեփականաշնորհմանը մասնակցել են, ինչպես նաև սեփականաշնորհման պահին բնակարանում բնակվել են և հաշվառված են եղել Զաբել Ռուշանյանը, Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանները (հատոր 1-ին, գ.թ. 18, 20, 24, 25).

4) 11.01.1993 թվականին ՀՀ ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի (մի կողմից) և Զաբել Ռուշանյանի (մյուս կողմից) միջև կնքվել է վերը նշված բնակարանը Զաբել Ռուշանյանին վաճառելու մասին պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ.13).

5) Զաբել Ռուշանյանին այդ բնակարանի նկատմամբ 19.01.1993 թվականին տրվել է սեփականության վկայագիր, իսկ 09.07.2002 թվականին` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 75, 81).

6) Զաբել Ռուշանյանի (մի կողմից) և Սառա Ռուշանյանի (մյուս կողմից) միջև 22.12.2009 թվականին կնքվել է անշարժ գույքի (բնակարանի) նվիրատվության պայմանագիր, որի համաձայն` Զաբել Ռուշանյանը Սառա Ռուշանյանին ի սեփականություն անհատույց հանձնել է Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանը: Նշված պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Սառա Ռուշանյանին 26.12.2009 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 91,92, 120):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն` պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին` ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն:

Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ իրավական ակտի հիշատակված դրույթը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Տվյալ դեպքում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն էր: Այսինքն` չէր կարող ողջ ընտանիքին բնակվելու համար հատկացված բնակարանը վաճառվեր ընտանիքի մեկ անդամին՝ մյուսներին զրկելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից (տես` ըստ հայցի Գարիկ Կուրդիյանի ընդդեմ Թագուհի Կուրդիյանի, Հովհաննես և Տիրան Այվազյանների` ժառանգությունն ընդունած համարելու և ընդհանուր սեփականության իրավունքում բաժինները որոշելու պահանջների մասին թիվ 3-506 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 24.12.1992 թվականի թիվ 45/26 որոշմամբ թույլատրվել է Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանը վաճառել նշված բնակարանի վարձակալ Զաբել Ռուշանյանին որպես սեփականություն` հաշվի առնելով, որ նա ընտանիքի 4 անձով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել է թույլատրել գնել վերը նշված բնակարանը: Սպանդարյանի շրջանի թիվ 2/3 ԲՇՎՏ-ի 12.10.1992 թվականի տեղեկանքի համաձայն` Զաբել Ռուշանյանի ընտանիքը բաղկացած էր 4 անձից: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էին նաև Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանները:

Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 599-րդ հոդվածները, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272 որոշման 20-րդ կետը, պատճառաբանել է, որ վեճի առարկա բնակարանը Սպանդարյանի շրջանի խորհրդի գործադիր կոմիտեի 24.12.1992 թվականի թիվ 45/26 որոշմամբ վաճառելիս տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է ոչ միայն վարձակալի` պատասխանող Զաբել Ռուշանյանի, այլև նրա ընտանիքի բոլոր երեք անդամների` Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների սեփականության իրավունքը, քանի որ սեփականաշնորհման համար առկա էր ընտանիքի բոլոր չափահաս անդամների` Կարեն և Գոհար Ներսեսյանների գրավոր համաձայնությունը:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «վիճելի բնակարանը Զաբել Ռուշանյանի ընտանիքի 4 անձին վաճառել թույլատրելու վերաբերյալ որևէ նշում բացակայում է: Որոշման տվյալների համաձայն` վիճելի բնակարանի վարձակալ Զաբել Ռուշանյանը դիմել է իր ընտանիքի կողմից զբաղեցված բնակարանն իրեն վաճառելու և որպես անձնական սեփականություն ճանաչելու համար», «Զաբել Ռուշանյանը վիճելի բնակարանի սեփականատեր է դարձել գործարքի հետևանքով` որոշակի գումար վճարելու միջոցով, մինչդեռ Դատարանի կողմից Հայցվորները դրա սեփականատեր են ճանաչվել անհատույց, վերջիններս նույնիսկ չեն վիճարկել այդ գործարքը, մինչդեռ Դատարանը չի պարզել` արդյոք Զաբել Ռուշանյանը պարտավորություն ունեցել է Հայցվորների համար բնակարան ձեռք բերել, թե ոչ», «Դատարանը, հայցվորներին այդ բնակարանի համասեփականատեր ճանաչելով, չի պարզել, թե նրանք ինչ են արել այդ բնակարանի համասեփականատեր դառնալու համար, մինչդեռ բնակարանների հատուցմամբ և անհատույց սեփականաշնորհումը երբեք ինքնաբերաբար չի կատարվել, քանի որ դրա համար առնվազն պետք է առկա լինի անձի դիմումը, որպիսին տվյալ դեպքում բացակայում է »:

Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանը չէր կարող վաճառվել ընտանիքի մեկ անդամին` մյուսներին զրկելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանը Զաբել Ռուշանյանին վաճառելիս տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է նրա և նրա ընտանիքի բոլոր անդամների` Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների սեփականության իրավունքը:

 

2. վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցերից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքը, ըստ էության, ամրագրել է ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ մյուս համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման գործարք կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու ժամանակ մասնակիցների համաձայնության առկայության կանխավարկածը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ համատեղ սեփականության գույքի նվիրատվության դեպքում օրենսդիրը նախատեսել է սահմանափակումներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` նույն օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:

Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի` նվիրատվության ձևով տնօրինման համար պարտադիր կերպով անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը և չի սահմանվել բացառություն:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու անվերապահ պայման այն դեպքում, երբ բարեխիղճ ձեռք բերողը գույքը ձեռք է բերել անհատույց և այն օտարելու իրավունք չունեցող անձից (տես` Նարինե Նալբանդյան ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Հրաչ-Ներսես Կապիրելյանի, Արագած Ախոյանի՝ ուրիշի տիրապետումից գույքը հետ պահանջելու և համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ ԵՔԴ/0256/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանի նկատմամբ Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների սեփականության իրավունքը ծագել է այդ բնակարանը Զաբել Ռուշանյանին վաճառելիս: Զաբել Ռուշանյանը նշված բնակարանը 22.12.2009 թվականին, նվիրատվության պայմանագրի համաձայն, նվիրել է Սառա Ռուշանյանին, իսկ վերջինս ընդունել է այն: Գործում առկա չէ 22.12.2009 թվականի նվիրատվության պայմանագիրը կնքելու համար Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների համաձայնություն տալու փաստը հավաստող որևէ ապացույց:

Դատարանը հաստատված համարելով, որ սկզբնական հայցվորներ Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանները` որպես Ագաթանգեղոսի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանի համասեփականատերեր, համաձայնություն չեն տվել Սառա Ռուշանյանին բնակարանը նվիրելու համար, գտել է, որ նվիրատվության պայմանագիրը կնքվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի և 599-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:

Վերը նշվածը հիմք ընդունելով և համադրելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների համաձայնության բացակայության պայմաններում Զաբել Ռուշանյանն իրավունք չի ունեցել նվիրելու վիճելի բնակարանը Սառա Ռուշանյանին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սառա Ռուշանյանը Երևանի Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի թիվ 253 բնակարանը Զաբել Ռուշանյանից ձեռք է բերել անհատույց` օրենքի պահանջների խախտմամբ կնքված 22.12.2009 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա և այն օտարելու իրավունք չունեցող անձից, ուստի այն ենթակա է վերադարձման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Կարեն, Գոհար և Լիլիթ Ներսեսյանների վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 08.10.2010 թվականի վճռին:

2. Սառա Ռուշանյանից հօգուտ Կարեն Ներսեսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան