Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0626/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0626/02/08
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Տ. Սահակյան
                   Դատավորներ` Կ. Հակոբյան
                                             Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Թեմուր, Ծաղիկ և Ռուսլան Իսոյանների, Լիաննա Սմոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2010 թվականի որոշման դեմ` ըստ Նադր և Բաբկեն Իսոյանների հայցի ընդդեմ Թեմուր, Ծաղիկ և Ռուսլան Իսոյանների, Լիաննա Սմոյանի` բնակելի տնից վտարելու պահանջի մասին, և ըստ Թեմուր, Ծաղիկ և Ռուսլան Իսոյանների, Լիաննա Սմոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նադր և Բաբկեն Իսոյանների, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի մի մասի նկատմամբ Ծաղիկ Իսոյանի սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասով Նադր և Բաբկեն Իսոյանների սեփականության իրավունքը դադարեցնելու, ինչպես նաև անշարժ գույքի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նադր և Բաբկեն Իսոյանները պահանջել են վտարել Թեմուր, Ծաղիկ և Ռուսլան Իսոյաններին, Լիաննա Սմոյանին Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տնից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Թեմուր, Ծաղիկ և Ռուսլան Իսոյանները, Լիաննա Սմոյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տան` իրենց տիրապետման տակ գտնվող մասի նկատմամբ Ծաղիկ Իսոյանի սեփականության իրավունքը` նշված մասով դադարեցնելով Նադր և Բաբկեն Իսոյանների սեփականության իրավունքը, ինչպես նաև այդ մասով վերացնել անշարժ գույքի պետական գրանցումը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 26.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2009 թվականի որոշմամբ Նադր և Բաբկեն Իսոյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 26.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:

Վճռաբեկ դատարանի 10.06.2009 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2009 թվականի որոշման դեմ Թեմուր, Ծաղիկ և Ռուսլան Իսոյանների, Լիաննա Սմոյանի, Ժիմո Իսոյանի, Սիսե Իսոևի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.02.2010 թվականի որոշմամբ Նադր և Բաբկեն Իսոյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 29.10.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Թեմուր, Ծաղիկ և Ռուսլան Իսոյանները, Լիաննա Սմոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Նադր և Բաբկեն Իսոյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ, 187-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 274-րդ, 277-րդ հոդվածները, 279-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 274-րդ, 275-րդ, 276-րդ, 277-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 52-րդ, 53-րդ, 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է մի շարք ապացույցներ և փաստեր, այն է` կենցաղային սպասարկման պայմանագրերը, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսի վճարման անդորրագրերը, որոնք թեև միայն Ծաղիկ Իսոյանի անվամբ չեն, սակայն պայմանագրերը կնքվել են, և վճարումները կատարվել են նրա ընտանիքի անդամների կողմից, Ժիմո և Ագիթ Իսոյանների զինվորական գրքույկներում արված գրառումները, որոնց համաձայն` նրանց բնակության հասցեն նշվել է Երևանի Շահումյան 10-րդ (Վանտյան) փողոցի թիվ 23 տունը, թաղապետարանի տեղեկանքները, որոնցով հաստատվում է, որ Ծաղիկ Իսոյանը 1994 թվականից հաշվառված է և բնակվում է Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տանը, ինչպես նաև Կադաստրի գրությունները, որոնցով նույնպես հաստատվում է, որ Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեի տնատիրության թիվ 1` 32քմ, թիվ 2` 24քմ, թիվ 3` 10,7քմ, թիվ 4` 2քմ և թիվ 5` 12,2քմ մակերեսները տիրապետում և օգտագործում են Ծաղիկ Իսոյանը և նրա ընտանիքի անդամները, իսկ զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 109,7քմ, որից 53,1քմ մակերեսը ծանրաբեռնված է շինություններով:

Նշված փաստերը հաստատվում են նաև Նադր Իսոյանի կողմից գործի դատաքննության ժամանակ տրված հայտարարությամբ, որով նա հաստատել է, որ վիճելի տնատիրությունը մշտապես տասը տարուց ավելի օգտագործում, տիրապետում և կառավարում է Ծաղիկ Իսոյանը, այդ տանն է գտնվում նրանց շարժական գույքը, ունեն առանձին գազի, էներգիայի, ջրի, հեռախոսի հոսքագծեր, և նրանք էլ վճարում են իրենց կողմից օգտագործվող կոմունալ ծառայությունների վարձավճարները: Բացի այդ, Բաբկեն Իսոյանի կողմից տրված հայտարարության համաձայն` չնայած վերջին ժամանակներս ստեղծված խառնաշփոթի պատճառով Ծաղիկ Իսոյանը չի բնակվում վիճելի հասցեում, այլ ժամանակ առ ժամանակ է այցելում այնտեղ, սակայն Ծաղիկ Իսոյանի մոտ են գտնվում Ժիմո Իսոյանի կողմից նույն հողամասում և նույն հասցեում գտնվող և ներկայումս Ծաղիկ Իսոյանի ու նրա ընտանիքի կողմից օգտագործվող բնակելի տան մուտքի բանալիները:

Վերոգրյալից հետևում է, որ ներկայումս վիճելի դարձած Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տան մասն իրականում որպես սեփականություն բացահայտ օգտագործում է Ծաղիկ Իսոյանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 16.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.10.2009 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքում վկայակոչված կենցաղային սպասարկման պայմանագրով, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և հեռախոսի վճարման անդորրագրերով չի ապացուցվում վիճելի հասցեում Ծաղիկ Իսոյանի կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի տասը տարվա բնակվելու փաստը, քանի որ այդ ժամկետը չի հասնում տասը տարվա: Ժիմո և Ագիթ Իսոյանների զինվորական գրքույկներում արված գրառումները վկայում են միայն նրանց վիճելի հասցեում հաշվառված լինելը և այդ հասցեից բանակ զորակոչվելը, սակայն նշված գրառումները չեն կարող վիճելի հասցեն նրանց կողմից տասը տարվա անընդմեջ տիրապետման և օգտագործման ապացույց հանդիսանալ: Թաղապետարանի տեղեկանքներով ընդամենը հաստատվում է, որ Ծաղիկ Իսոյանը 1994 թվականից հաշվառված է վիճելի հասցեում, սակայն դրանցում որևէ խոսք չկա և չի կարող լինել, որ նա այդ ժամանակից անընդմեջ բնակվել և բնակվում է այնտեղ, իսկ Կադաստրի գրությամբ արձանագրվել է միայն Ծաղիկ Իսոյանի զբաղեցրած մակերեսը, այլ ոչ թե վերջինիս կողմից այդ մակերեսի տիրապետման և օգտագործման փաստը:

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավասության դատարանում Նադր և Բաբկեն Իսոյանների արած հայտարարություններին, ապա Բաբկեն Իսոյանն առհասարակ որևէ հայտարարություն չի արել, իսկ Նադր Իսոյանը, պատասխանելով նախագահող դատավորի հարցին, հայտնել է, որ տվյալ հասցեում կա ոչ թե երկու բնակելի տուն, այլ մեկ, Ծաղիկ Իսոյանը և նրա ընտանիքի անդամները չեն բնակվում վիճելի տանը, ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան և բնակվում են այնտեղ, սակայն վիճելի բնակարանում ունեն գույք և բանալին գտնվում է Ծաղիկ Իսոյանի մոտ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը պատճառաբանված ձևով գտել է, որ Թեմուր, Ծաղիկ և Ռուսլան Իսոյանները, Լիաննա Սմոյանը բավարար պատշաճ և վերաբերելի ապացույցներ չեն ներկայացրել այն մասին, որ վիճելի անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետել են, իսկ Նադր և Բաբկեն Իսոյանները և նրանց իրավանախորդները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի կարգով հրաժարվել են իրենց սեփականության իրավունքից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 28.04.2008 թվականի թիվ 01-20/531 արխիվային տեղեկանքի համաձայն` պետական արխիվում պահպանվող Հայկական ԽՍՀ Երևանի հողերի մատենագրման պետական հողային մատյանից պարզվում է, որ Տաֆուր Իսոյանի (Սլո և Ժիմո Իսոյանների հայրն է) անունը հաշվառված է Ստալինի անվան կոլտնտեսության կողմից, սակայն հողի չափի մասին ոչինչ չկա նշված (հատոր 1, գ.թ. 76):

2) 27.02.1968 թվականին կազմված ապահովագրական գնահատման թերթիկում որպես Երևանի Շահումյան 10-րդ փողոցի թիվ 23 տուն հասցեում գտնվող շենքի տեր է նշված Ջմո (Ժիմո) Դաֆուրի (Թաֆուրի) Իսոյանը, տիրապետման ժամանակի սկիզբը` 1968 թվական, շենքի անվանումը` բնակելի, շենքի կառուցման տարին` 1967 թվական, երկարությունը` 6 մետր, լայնությունը` 4 մետր, բարձրությունը` 3 մետր, շենքի ծավալը կամ նրա հիմքի մակերեսը` 72քմ մակերես (հատոր 1, գ.թ. 126):

3) 15.06.1967 թվականի թիվ 470346 և թիվ 470347 վճարային կտրոնների համաձայն` Ջմո Իսոյանը և Սլո Իսոյանը պետական ապահովագրական վճարումներ են կատարել նույն հասցեի` Երևանի Շահումյան 10-րդ փողոցի թիվ 23 տան համար, իսկ Ջմո Իսոյանի անվամբ վճարային անդորրագրեր են ներկայացվել նաև մինչև 1980 թվականի համար (հատոր 1, գ.թ. 114-125):

4) Երևանի քաղսովետի բնակարանային տնտեսության վարչության 1959 թվականի գույքային թերթի (թիվ 3056 տոմար 30 թերթ) համաձայն` Երևանի Շահումյանի շրջանի 3-րդ մասի Խանջյան (Վանտյան) փողոցի թիվ 23 տունը պատկանում է Սլո Թաֆուրի Իսոյանին (հատոր 1, գ.թ. 77):

5) Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը, 18.07.2007 թվականին քննելով թիվ 2-951 գործն ըստ դիմումի Նադր Սլոյի և Բաբկեն Սլոյի Իսոյանների` ժառանգության ընդունման փաստը հաստատելու պահանջի մասին, վճռել է դիմումը բավարարել` Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող Սլո Թաֆուրի Իսոյանի անվամբ գրանցված բնակելի տան և հողամասի նկատմամբ հաստատել Նադր Սլոյի և Բաբկեն Սլոյի Իսոյանների կողմից 29.11.1970 թվականին մահացած Սլո Թաֆուրի Իսոյանի ժառանգության ընդունման փաստը (հատոր 3, գ.թ. 53):

6) 18.04.2008 թվականի «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 2491715 վկայականի համաձայն` Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տունը սեփականության իրավունքով պատկանում է Նադր Սլոյի և Բաբկեն Սլոյի Իսոյաններին (հատոր 1, գ.թ. 9):

7) Ժիմո Տաֆուրի և Ագիթ Ժիմոյի Իսոյանների համապատասխանաբար թիվ 0856725 և թիվ 3791937 զինվորական գրքույկներում արված գրառումների համաձայն` նրանց բնակության հասցեն է Երևանի Շահումյան 10-րդ (Վանտյան) փողոցի թիվ 23 տունը (հատոր 4, գ.թ. 59-61):

8) ՀՀ Ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 15.01.2009 թվականի թիվ 01-20/31 արխիվային քաղվածքի համաձայն` «ՍՄԿԿ 22-րդ համագումարի» անվան կոլտնտեսության վարչության կուսակցական բյուրոյի և արհմիութենական կոմիտեի միացյալ 24.04.1981 թվականի նիստում լսվել է Ջմո Իսոյանի դիմումը` կոլտնտեսության նորակառույց շենքից բնակարան տալու մասին, և հաշվի առնելով վերջինիս բնակարանային և առողջական վիճակը` որոշվել է նրան հատկացնել երեքսենյականոց բնակարան (հատոր 3, գ.թ. 50):

9) Ծաղիկ Իսոյանը Ժիմո Իսոյանի որդու` Ազիզ Իսոյանի (մահացել է 25.12.1990 թվականին) կինն է (հատոր 4, գ.թ. 57-58):

10) Կադաստրի 13.08.2008 թվականի թիվ 6706 գրության համաձայն` Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեի 446,25քմ մակերեսով հողամասը և 419,5քմ մակերեսով բնակելի տունն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով 18.04.2008 թվականին գրանցվել են Նադր Սլոյի և Բաբկեն Սլոյի Իսոյանների անուններով: Նշված հասցեում Ծաղիկ Իսոյանը զբաղեցնում է, ըստ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) վկայականի` թիվ 1` 32քմ, թիվ 2` 24քմ, թիվ 3` 10,7քմ, թիվ 4` 2քմ և թիվ 5` 12,2քմ մակերեսները: Զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 109,7քմ, որից 53,1քմ մակերեսը ծանրաբեռնված է շինություններով: Ծաղիկ Իսոյանի զբաղեցրած մասն առանձնացված է բնակելի տան մնացած մակերեսներից, իսկ բնակելի տան մուտքն ընդհանուր է (հատոր 1, գ.թ. 84):

11) «Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի 27.06.2008 թվականի թիվ 26/15-2599 տեղեկանքի համաձայն` Ծաղիկ Իսոյանը բնակվում է Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տանը: Նույն հիմնարկի 17.10.2008 թվականի թիվ 26/15-4428 տեղեկանքի համաձայն` Ծաղիկ Իսոյանը նշված հասցեում բնակվում է 1988 թվականից, իսկ 27.03.2009 թվականի թիվ 26/15-899 տեղեկանքի համաձայն` 1994 թվականից: Նշված տեղեկանքների համար հիմք են հանդիսացել հարևանների հայտարարությունները (հատոր 1, գ.թ. 81, հատոր 2, գ.թ. 1, հատոր 4, գ.թ. 71):

12) Երևանի Շահումյանի զինվորական կոմիսարի 01.11.2007 թվականի մեկնման ծանուցագրում որպես զորակոչիկ Ռուսլան Ազիզի Իսոյանի (Ծաղիկ Իսոյանի որդին է) հասցե է նշված Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տունը (հատոր 4, գ.թ. 69):

13) Ժան Հովհաննիսյանը, Հովսեփ Նազարյանը և Ժենյա Օհանյանը 24.06.2008 թվականին նոտարական կարգով վավերացված հայտարարություն են տվել այն մասին, որ Ժիմո Իսոյանի և Սիսե Իսոևի (Ծաղիկ Իսոյանի ամուսնու ծնողներն են) ընտանիքը 1950 թվականից առ այսօր բնակվում է Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեում: Ծաղիկ և Ռուսլան Իսոյանները, Լիաննա, Նորայր և Ալիկ Սմոյաններն իրենց հարազատների հետ առանց գրանցման բնակվում են նույն հասցեում, և այդ տունը պատկանում է նրանց: Բացի այդ, Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տան հարևանությամբ գտնվող տների բնակիչները` Բելլա Գևորգյանցը, Լենա Լալայանը, Հովսեփ Նազարյանը, Ոսկի Ներսիսյանը, Սամանտ Կասոյանը և Ժենյա Օհանյանը 19.06.2008 թվականին հայտարարություններ են տվել այն մասին, որ Ժիմո Իսոյանի և Սիսե Իսոևի ընտանիքը` Ծաղիկ, Ռուսլան և Թեմուր Իսոյանները, Լիաննա, Նորայր և Ալիկ Սմոյանները, բնակվում են Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տանն իրենց հարազատների հետ մեկ բակում (հատոր 1, գ.թ. 85-96):

14) 1998 թվականից սկսած` Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տան կոմունալ ծառայությունների մատուցման վերաբերյալ համապատասխան պայմանագրերը կնքվել և նշված ծառայությունների համար համապատասխան վճարումները կատարվել են Սիսե Իսոևի, Նազիկ Իսոյանի և Լիաննա Սմոյանի կողմից (հատոր 1, գ.թ. 100-113, հատոր 4, գ.թ. 80-100):

15) Թեմուր և Ռուսլան Իսոյանները, Լիաննա Սմոյանը 05.10.2009 թվականին նոտարական կարգով վավերացված հայտարարություն են տվել այն մասին, որ դատարանի վճռի հիման վրա իրենց հնարավոր հասանելիք Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեի անշարժ գույքի` բնակելի տան ու հողատարածքի սեփականության իրավունքից հրաժարվում են հօգուտ Ծաղիկ Իսոյանի (հատոր 4, գ.թ. 102):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության …:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Նշված նորմերի համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուս անձի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես` դրանք են.

1) Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2) Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը: Այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3) Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4) Տիրապետումը պետք է լինի բացահայտ: Այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե'ս` ըստ հայցի Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյանի` բնակտարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի հայցի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ գործում առկա չեն բավարար ապացույցներ, որոնցով կարող է հիմնավորվել Թեմուր, Ծաղիկ և Ռուսլան Իսոյանների, Լիաննա Սմոյանի կողմից վիճելի գույքը տասը տարի անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ որպես սեփական գույք տիրապետելու փաստը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նշված եզրահանգմանը հանգելու համար պարտավոր էր յուրաքանչյուր ապացույց գնահատել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլիներ պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, և Ծաղիկ Իսոյանի կողմից վիճելի գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու փաստի հաստատված լինելու կամ չլինելու վերաբերյալ հանգել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և որևէ գնահատական չի տվել սույն գործով կողմերի իրավանախորդների գործողություններին, մինչդեռ վերջիններիս գործողությունները սույն գործի լուծման համար ունեն էական նշանակություն, քանի որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող վիճելի գույքի տիրապետումը սկսվել է նրանց կենդանության օրոք:

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` 27.02.1968 թվականին կազմված ապահովագրական գնահատման թերթիկում որպես Երևանի Շահումյան 10-րդ փողոցի թիվ 23 տուն հասցեում գտնվող շենքի տեր է նշված Ջմո (Ժիմո) Դաֆուրի (Թաֆուրի) Իսոյանը, տիրապետման ժամանակի սկիզբը` 1968 թվական, շենքի անվանումը` բնակելի, շենքի կառուցման տարին` 1967 թվական, երկարությունը` 6 մետր, լայնությունը` 4 մետր, բարձրությունը` 3 մետր, շենքի ծավալը կամ նրա հիմքի մակերեսը` 72քմ մակերես: 15.06.1967 թվականի թիվ 470346 և թիվ 470347 վճարային կտրոններով հաստատվում է, որ Ջմո Իսոյանը և Սլո Իսոյանը պետական ապահովագրական վճարումներ են կատարել նույն հասցեի` Երևանի Շահումյան 10-րդ փողոցի թիվ 23 տան համար, իսկ Ջմո Իսոյանի անվամբ առկա են նույնպիսի վճարումներ նաև մինչև 1980 թվականի համար: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 18.07.2007 թվականի վճռով հաստատվել է, որ Սլո Թաֆուրի Իսոյանի անվամբ գույքագրված է եղել Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքը` 425քմ մակերեսով հողամասով և 116,96քմ մակերեսով շենք-շինություններով: 18.04.2008 թվականի «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 2491715 վկայականում նշված է, որ Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 տան նկատմամբ Նադր Սլոյի և Բաբկեն Սլոյի Իսոյանների սեփականության իրավունքը գրանցված է ՀՀ Կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման և Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 18.07.2007 թվականի վճռի հիման վրա, նույն վկայականում որպես հողամասի չափ նշված է 0,044625հա մակերես, իսկ որպես բնակելի տան մակերես` 263,4քմ մակերես: Կադաստրի 13.08.2008 թվականի թիվ 6706 գրությամբ հաստատվում է, որ Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեի 446,25քմ մակերեսով հողամասը և 419,5քմ մակերեսով բնակելի տունն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով 18.04.2008 թվականին գրանցվել են Նադր Սլոյի և Բաբկեն Սլոյի Իսոյանների անուններով, նշված հասցեում Ծաղիկ Իսոյանը զբաղեցնում է, ըստ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) վկայականի` թիվ 1` 32քմ, թիվ 2` 24քմ, թիվ 3` 10,7քմ, թիվ 4` 2քմ և թիվ 5` 12,2քմ մակերեսները (ընդհանուր` 83,1քմ մակերես), իսկ զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 109,7քմ: Այսինքն` նշված հատվածը ևս ներառվել է Նադր Սլոյի և Բաբկեն Սլոյի Իսոյանների անվամբ տրված 18.04.2008 թվականի «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 2491715 վկայականում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կողմերի իրավանախորդների գործողությունների պարզման և սույն գործում եղած բոլոր ապացույցների ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցությամբ հետազոտման և գնահատման արդյունքում միայն հնարավոր կլիներ հաստատել կամ հերքել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, թե Ծաղիկ Իսոյանը Երևանի Վանտյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող վիճելի գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե'ս` Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)), և սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում այդ հարցին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված չէ, և սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան