«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հուլիսի 2011 թ. |
թիվ 192-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ընկերությունների միացման գործընթացի ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից այդ գործընթացի արդյունավետ վերահսկողությունը,
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 87-րդ հոդվածի 1-ին մասը, 88-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. հուլիսի 22 |
Հավելված
|
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/14
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունների կողմից միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնությունն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող տեղեկությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, միացման պայմանագրի հաստատման համար ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, հաստատված փոխանցման ակտի և պահպանվող ներդրումային ընկերության կանոնադրությունը կամ կանոնադրության փոփոխությունները և լրացումները գրանցելու համար այդ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը, ինչպես նաև միացման մասին հայտարարության հրապարակման կարգը:
2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, բացառությամբ սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված ղեկավարների մասին տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Ընդ որում, ղեկավարների մասին տեղեկությունները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն ներդրումային ընկերության (ընկերությունների) իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
3. Միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնությունն ստանալու նպատակով միացման մասին որոշման ընդունումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում միացող և պահպանվող ներդրումային ընկերությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.
1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված փաստաթղթերը, ընդ որում`
ա. միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
բ. գործարքի էական պայմանները ներկայացվում են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված միացման պայմանագրի նախագծում ներառման միջոցով,
գ. միացման արդյունքում պահպանվող ներդրումային ընկերության առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը ներկայացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի (այսուհետ` Կանոնակարգ 4/01) հավելված 14-ի,
դ. պահպանվող ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացվում են համաձայն Կանոնակարգ 4/01-ի.
2) միացող և պահպանվող ներդրումային ընկերությունների միջև կնքվող միացման պայմանագրի նախագիծը, որում ներառվում են.
ա. միացող և պահպանվող ներդրումային ընկերությունների անվանումները և գրանցման տվյալները,
բ. միացման կարգը, պայմանները և ժամկետները, միացող ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասերի) և այլ արժեթղթերի փոխարկման կարգը` բանաձևային կամ այլ ստանդարտ ձևով,
գ. միացող և պահպանվող ներդրումային ընկերությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) դիմաց շահութաբաժիններ (շահույթ) ստանալու կարգը և պայմանները,
դ. համատեղ ժողովում քվեարկության և որոշումների ընդունման կարգը,
ե. միացմանը մասնակցող ընկերությունների համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը,
զ. այլ տեղեկություններ` միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ,
է. կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
ը. դրույթ կողմերի պարտավորության մասին, համաձայն որի` կողմերը կապահովեն, որպեսզի պայմանագիրը Կենտրոնական բանկի հաստատմանը ներկայացնելու պահին առկա չլինեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը.
3) միացման հիմնավորումը, որտեղ նշվում են միացման անհրաժեշտությունը և նպատակը.
4) միացման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ միացող ներդրումային ընկերությունների հաշվեկշիռը և հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը և հաշվարկը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի համապատասխանաբար թիվ 1 և թիվ 3 հաշվետվական ձևերի.
5) աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը՝ միացման պայմանագրի նախագծի մասին և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվների պահանջներին միացման արդյունքում պահպանվող ներդրումային ընկերության համապատասխանության մասին.
6) փոխանցման ակտի նախագիծը.
7) պահպանվող ներդրումային ընկերության կանոնադրության փոփոխության դեպքում՝ պահպանվող ներդրումային ընկերության նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրության նախագիծը կամ կանոնադրության փոփոխությունների ու լրացումների նախագիծը, պահպանվող ներդրումային ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը` սխեմատիկ տեսքով.
8) միացման արդյունքում պահպանվող ներդրումային ընկերության ղեկավարների փոփոխության դեպքում՝ նոր ղեկավարների մասին «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ի (այսուհետ` Կանոնակարգ 4/05) Հավելված 2-ով պահանջվող տեղեկությունները: Ընդ որում, եթե տվյալ ղեկավարի գրանցման կամ սույն կանոնակարգի համաձայն միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնության համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 4/05-ի Հավելված 2-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը, ապա Հավելված 2-ով սահմանված տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող են լրացվել միայն հավելված 2-ի 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է.
9) միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ այլ էական տեղեկություններ, որոնք կարտացոլեն միացման առանձնահատկությունները:
4. Կենտրոնական բանկը կարող է պահանջել միացման վերաբերյալ այլ տեղեկատվություն՝ սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:
5. Միացման պայմանագրի կնքման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում, միացող և պահպանվող ներդրումային ընկերությունները Կենտրոնական բանկի խորհրդի կողմից միացման պայմանագրի հաստատման համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.
1) միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,
2) միացման պայմանագիրը՝ ստորագրված միացող և պահպանվող ներդրումային ընկերությունների գործադիր մարմնի ղեկավարի կողմից, որին կցվում է ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովների որոշումները կամ համապատասխան արձանագրություններից քաղվածքներ միացման պայմանագիրը հաստատելու վերաբերյալ:
6. Միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 3-րդ կետով (բացառությամբ 5-րդ ենթակետի) նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները, եթե դրանցում տեղի են ունեցել փոփոխություններ: Միացման պայմանագիրը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվելուց և միացման պայմանագրով սահմանված ժամկետներում միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները իրականացնելուց հետո տասնօրյա ժամկետում միացման մասին որոշում ընդունած ներդրումային ընկերությունները Կենտրոնական բանկի գրանցմանն են ներկայացնում.
1) միացման մասին որոշում ընդունած ներդրումային ընկերությունների հաստատած փոխանցման ակտը՝ միացող և պահպանվող ներդրումային ընկերությունների իրավասու անձանց ստորագրություններով և այդ ընկերությունների կնիքներով (առկայության դեպքում),
2) պահպանվող ներդրումային ընկերության նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը կամ կանոնադրության լրացումները և փոփոխությունները` Կանոնակարգ 4/01-ով սահմանված կարգով,
3) պահպանվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման փոփոխության դեպքում ֆիրմային անվանման փոփոխության գրանցման հայտը՝ համաձայն Կանոնակարգ 4/01-ի Հավելված 2դ-ի,
4) պահպանվող ներդրումային ընկերության ղեկավարների կազմում փոփոխության դեպքում Կանոնակարգ 4/05-ի 50-րդ կետով ղեկավարների գրանցման համար պահանջվող տեղեկությունները: Ընդ որում, եթե ղեկավարի գրանցման համար կամ սույն կանոնակարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետով և (կամ) 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 4/05-ի Հավելված 2-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում ներդրումային ընկերությունը դիմում է Կենտրոնական բանկ տվյալ անձին գրանցելու միջնորդությամբ, ապա Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը Կանոնակարգ 4/05-ի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող է լրացվել միայն միջնորդագրի 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:
7. Միացման արդյունքում լիցենզիայի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միասին պահպանվող ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման դիմումը՝ համաձայն Կանոնակարգ 4/01-ի:
8. Եթե սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերով պահանջվող տեղեկությունները (փաստաթղթերը) ներկայացնելուց հետո ներկայացված տեղեկություններում (փաստաթղթերում) կատարվել են փոփոխություններ, ապա միացող ներդրումային ընկերությունները փոփոխված տեղեկությունները (փաստաթղթերը) Կենտրոնական բանկ են ներկայացնում համապատասխան փոփոխությունները տեղի ունենալու մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Կենտրոնական բանկի կողմից համապատասխանաբար միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու, միացման պայմանագիրը հաստատելու կամ հաստատումը մերժելու կամ 6-րդ կետով սահմանված տեղեկությունների (փաստաթղթերի) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշման կայացումը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Միացման մասին հայտարարությունը հրապարակվում է ներդրումային ընկերության կայքի` հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջում (ընկերության կայքի գլխավոր (առաջին) էջ) անմիջականորեն (ոչ թափվող մենյուի միջոցով):
10. Սույն կանոնակարգի 9-րդ կետի համաձայն ներդրումային ընկերության կայքում, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մամուլում հրապարակման ենթակա միացման մասին հայտարարության մեջ առնվազն նշվում են միացող և պահպանվող ներդրումային ընկերությունների գործունեության վայրերը, հեռախոսահամարները, ինտերնետային կայքի հասցեները, էլեկտրոնային հասցեները, ինչպես նաև պայմանագիրը լուծելու` հաճախորդի իրավունքի և այդ իրավունքի իրականացման պայմանների, ժամկետների և կարգի մասին տեղեկություններ:
Հավելված 1
«Ներդրումային ընկերությունների միացման կարգը»
Կանոնակարգ 4/14-ը Հավելվածի
Դ Ի Մ ՈՒ Մ
(միացման նախնական համաձայնություն ստանալու)
Հարգելի --------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
(դիմողի (դիմողների) անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության վայրը)
Համաձայն միացող ներդրումային ընկերության ընդհանուր ժողովի --/--/20--թվականի թիվ ---- որոշման և պահպանվող ներդրումային ընկերության ընդհանուր ժողովի --/--/20--թվականի թիվ ---- որոշման` դիմում ենք միացման նախնական համաձայնություն ստանալու համար:
Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 192-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ի՝ կից ներկայացնում ենք միացման նախնական համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:
Առդիր՝------- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:
Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:
Դիմումը ներկայացնող անձինք՝ ______________________________________________________
(պահպանվող ներդրումային ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
_________________________________________________________________________________
(միացող ներդրումային ընկերության (ընկերությունների) իրավասու անձի (անձանց) անունը, ազգանունը, ստորագրությունը)
«__» ______________ 20-- թ.
Հավելված 2
«Ներդրումային ընկերությունների միացման կարգը»
Կանոնակարգ 4/14-ը Հավելվածի
Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր
(միացման պայմանագիրը հաստատելու)
Հարգելի --------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
(դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության վայրը)
Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 192-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ի՝ կից Ձեր հաստատմանն ենք ներկայացնում ----------- որոշմամբ հաստատված միացման պայմանագիրը և կից փաստաթղթերը:
Առդիր՝------- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է միջնորդագրի մերժմանը:
Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:
Դիմումը ներկայացնող անձինք՝_______________________________________________________
/պահպանվող ներդրումային ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/
_________________________________________________________________________________
/միացող ներդրումային (ընկերությունների) իրավասու անձի (անձանց) անունը, ազգանունը, ստորագրությունը/
«__» ______________ 20--թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.07.2014, թիվ 204-Ն | 12.09.2014, թիվ 192-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|