Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.36
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0883/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0883/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Տ. Սահակյան

Դատավորներ՝  Կ. Հակոբյան
                                    Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ռամզես» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) ընդդեմ Ընկերության՝ պայմանագիրը լուծելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարչությունը պահանջել է լուծել Ընկերության հետ 11.12.2007 թվականին կնքված պայմանագիրը և Ընկերությունից բռնագանձել 31.249.090 ՀՀ դրամ, որից 31.190.608 ՀՀ դրամը` որպես օբյեկտի արժեքի մնացորդ, 58.482 ՀՀ դրամը` տույժ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 1.949.413 ՀՀ դրամ օբյեկտի արժեքը և 58.482 ՀՀ դրամ տույժը բռնագանձելու մասով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.03.2011 թվականի որոշմամբ Վարչության վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 05.11.2010 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և փոփոխվել է` լուծվել է Վարչության և Ընկերության միջև 11.12.2007 թվականին կնքված պայմանագիրը, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձվել է 29.299.677 ՀՀ դրամ` որպես օբյեկտի արժեքի մնացորդ: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, որը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտմանը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դատական նիստ է նշանակել 18.02.2011 թվականին` ժամը 11:35-ին, սակայն նշված ժամին այն չի սկսվել, իսկ Ընկերության ներկայացուցիչը դատական նիստի կայացման կամ չկայացման, ինչպես նաև դրա ձգձգման վերաբերյալ տեղեկություն չստանալու պայմաններում հեռացել է դատարանից: Մինչդեռ, դատական նիստի արձանագրությունից հայտնի է դարձել, որ բողոքի քննությունը տեղի է ունեցել ոչ նշանակված ժամին, այն է` 12:27-ին, այսինքն` առանց Ընկերությանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ, 210-րդ, 219-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ, 466-րդ, 468-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը չի ստացել վերաքննիչ բողոքի օրինակը, ուստի զրկված էր վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի շրջանակներից, քանի որ սույն գործով ներկայացված հայցադիմումի` օրենքով սահմանված պահանջներին համապատասխանության հարց չի բարձրացվել:

Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն չկատարելով, պայմանագրի խախտման պարբերականությունը պատճառաբանել է այդ պայմանագրի 4.2-րդ կետով նախատեսված 4-րդ վճարումը չկատարելու հանգամանքով, մինչդեռ այդ փաստարկը հերքվում է գործի նյութերով, մասնավորապես` հայցադիմումով, որի համաձայն` Ընկերությունը կատարել է 3-րդ և 4-րդ վճարումները:

Անհիմն է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Ընկերությունը թույլ է տվել պայմանագրի էական խախտում, ինչը զրկել է Վարչությանը պայմանագրով նախատեսված իր ակնկալիքները ստանալու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վերաքննիչ դատարանի 04.02.2011 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 18.02.2011 թվականին` ժամը 11:35-ին, որի վերաբերյալ ծանուցագիրն Ընկերությունը ստացել է (գ.թ. 69-73, 77):

2) Վերաքննիչ դատարանի 18.02.2011 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` վերաքննիչ բողոքի քննությունն սկսվել է 18.02.2011 թվականին` ժամը 12:27-ին (գ.թ. 74-75, 77):

3) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Ընկերությանը 18.02.2011 թվականին` ժամը 12:27-ին կայացած դատական նիստի մասին ծանուցելու վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին: Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տե´ս ըստ հայցի Վերգուշ Վարդանյանի ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3-19(ՎԴ) որոշումը):

Սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է 18.02.2011 թվականին` ժամը 12:27-ին, որի մասին Ընկերությանը տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բողոք բերած անձին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ընկերությանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցելով, խախտել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հիմնարար իրավունքը:

 

2) Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննությունն Ընկերության դատավարական իրավունքի խախտմամբ իրականացնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան