Գլխավոր տեղեկություն
Համար
N 497-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.07.2011-28.03.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.10/26(481) Հոդ.508
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 ապրիլի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2006 թվականի N 497-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետին, «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 1-ին ու 2-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1927-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Նախադպրոցական կրթության տեսչավորման բաժին

Հանրակրթության տեսչավորման բաժին

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման բաժին

Գնահատման և վերլուծության բաժին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 11
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 16-ի N 497-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի կրթության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

(1-ին կետը խմբ. 30.06.11 N 890-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ։

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ։


 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման ապահովմանը նպաստելը.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության որակի բարձրացմանը, կրթական ծրագրերի յուրացմանը, պետական կրթական չափորոշիչների պահանջների ապահովմանն աջակցելը:

8. Տեսչության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում պետական կրթական քաղաքականության իրականացման և կրթության զարգացման պետական ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության և մշտադիտարկման իրականացման ապահովումը,

բ) կրթակարգերի և կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ վերահսկողության և մշտադիտարկման իրականացման ապահովումը,

գ) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություններ) կողմից կրթական ծառայությունների մատուցման մասին հաշվետվությունների ներկայացման ապահովումը,

դ) ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով կրթական քաղաքականության իրականացման ու կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման և հետադարձ կապի ապահովումը,

ե) կրթության որակի և չափորոշիչների բարելավման, օրինակելի փորձի բացահայտման ու դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը,

զ) ուսումնական հաստատություններին կրթության կազմակերպմանը և որակի բարելավմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական նյութերի հատկացումը,

է) ուսումնական հաստատություններում կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով բացահայտված խախտումների, սխալների, թերությունների վերացման աշխատանքներում մեթոդական օգնության կազմակերպումը,

ը) կրթության բնագավառի օրենսդրության կիրարկման ուղղությամբ մեթոդական օգնության կազմակերպումը:


 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


 

9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախադպրոցական (համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջին համապատասխան), տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից) կրթական գործունեության ստուգում և ուսումնասիրում, այդ թվում`

կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպումը, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարումը, տարեկան ուսումնական ժամանակացույցերի, դասացուցակների պահպանումը,

սովորողների և շրջանավարտների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանումը,

ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման կարգերին համապատասխան` սովորողների շարժը,

ավարտական պետական փաստաթղթերի ստացումը, պահպանությունը և բաշխումը, գործավարությունը, հաշվետվությունների իսկությունը,

պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածությունը,

լիազորված մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարումը,

կրթության որակի ապահովման նկատմամբ հաստատությունների կանոնադրական պահանջների կատարումը, հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացումն ու պահպանումը,

հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների գործունեության ամենամյա ինքնավերլուծության գնահատումը և հրապարակման ապահովումը.

բ) ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետության (այդ թվում` սովորողների կողմից հանրակրթական և նախնական մասնագիտական ծրագրերի յուրացման) գնահատում, այդ հաստատությունների գործունեության վերլուծություն, զարգացմանը նպաստող առաջարկություններ ներկայացնելը, ինչպես նաև դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

գ) լիազորված մարմին կրթության բնագավառում առկա վիճակի, դրա առանձին բնութագրիչների, կրթության ցուցանիշների մասին (ընդհանուր և ըստ մարզերի) հաշվետվություն ներկայացնելը.

դ) տեսչության տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելը.

ե) համապատասխան հանձնարարականի դեպքում` քաղաքացիների դիմումների ու բողոքների ուսումնասիրում և ստուգում.

զ) տեսչավորման (ստուգումների, ուսումնասիրությունների) արդյունքների հիման վրա հաշվետվությունների, ակտերի, տեղեկանքների, զեկուցագրերի, զեկույցների, վերլուծությունների, ամփոփագրերի և այլնի կազմում.

է) տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կրթության հարցերով ստորաբաժանումների գործունեության` կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության վերահսկում և ուսումնասիրում ու պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցություն.

ը) տեսչության գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների կազմում.

թ) կրթական համակարգի լավագույն մասնագետներին, կրթության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին տեսչավորման աշխատանքներին մասնակից դարձնելը.

ժ) կրթական հաստատությունների գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակմանը մասնակցություն։


 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Տեսչությունը կառավարում է նախարարը։ Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով։

11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, իր պաշտոնի անձնագրով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

12. Տեսչության պետը պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների լուծման, կրթության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար։

13. Տեսչության պետը հաշվետու է նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

14. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

բ) համաձայնեցնելով նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ` նախարարի հաստատմանն է ներկայացնում տեսչության տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը,

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին,

դ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

ե) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,

զ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է ընթացիկ տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ նախարարին ներկայացնում է հաշվետվություն տեսչության գործունեության հիմնական արդյունքների և կրթության ոլորտում տիրող իրավիճակի մասին,

է) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարության աշխատակազմի ղեկավարի ցուցումների, հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ աշխատակազմի ղեկավարին,

ը) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության արդյունքները,

թ) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,

ժ) նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ,

ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ,

ժբ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։


 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

17. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ։ Տեսչության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

18. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

19. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(հավելվածը խմբ. 30.06.11 N 890-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան