Գլխավոր տեղեկություն
Համար
N 638-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.07.2011-19.04.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.13/42(845) Հոդ.1028
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2011 թվականի N 638-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործարար միջավայրի բարելավման հարցերով պետության և գործարար համայնքի արդյունավետ երկխոսությունն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում առաջարկել գործարար համայնքի և աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդին առաջարկություն ներկայացնել խորհրդի քարտուղարությանն իրենց կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի առաջին նիստը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 7
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հուլիսի 7-ի N 638-Ն

որոշման

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Սարգսյան

 

- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

     

Տ. Դավթյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

     

Կ. Մինասյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

     

Վ. Ռազլոգ

 

- Վերակառուցման և զարգացման եվրոպական
   բանկի Երևանի գրասենյակի ղեկավար
   (համաձայնությամբ)

     

Ս. Կապինոս

 

- Եվրոպայում անվտանգության և համագործակցության
  կազմակերպության Երևանի գրասենյակի ղեկավար
  (համաձայնությամբ)

     

Գ. Պողոսյան

 

- «Գործարար շահերի պաշտպանության ցանց»
    հասարակական կազմակերպության համակարգող
   (համաձայնությամբ)

     

Ն. Մաիլյան

 

- «Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամ» հասարակական
   կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

     

Մ. Սարգսյան

 

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
  (համաձայնությամբ)

     

Կ. Մարտիրոսյան

 

- Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր
  տնօրեն (համաձայնությամբ)


Դ. Սարգսյան

 


- «Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն»
   հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար
  (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հուլիսի 7-ի N 638-Ն

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:

2. Խորհուրդը խորհրդատվական-խորհրդակցական մարմին է, որը պետական մարմիններ փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) ոլորտում գործարար միջավայրի զարգացման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով գործարար համայնքի հետ համատեղ իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ:

3. Խորհրդի գործունեության կազմակերպչական-մեթոդական ապահովումն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը (այսուհետ` քարտուղարություն), որի աշխատակարգն ու կառուցվածքը հաստատվում է խորհրդի կողմից:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհրդի գործունեության սկզբունքներն են՝

1) պատասխանատվությունը հասարակության առջև.

2) խորհրդի անդամների իրավահավասարությունը.

3) գործունեության թափանցիկությունը.

4) գործարար համայնքի կարծիքը հաշվի առնելը՝ առաջարկությունների նախապատրաստման և ընդունման ժամանակ:

5. Խորհրդի գործառույթներն են՝

1) ՓՄՁ-ի զարգացման համար արդիական հարցերի քննարկումը.

2) քարտուղարության կողմից առաջարկված՝ ՓՄՁ-ի զարգացման, ինչպես նաև ոլորտի պետական կառավարման համակարգի բարելավման վերաբերյալ լուծումների մասին համապատասխան առաջարկությունների մշակումը։

6. Խորհուրդն իրավունք ունի՝

1) անհրաժեշտության դեպքում իր նիստերին հրավիրելու պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ այլ շահագրգիռ անձանց` նիստին առաջադրված լուծումների համատեղ քննարկման նպատակով.

2) պետական մարմիններ ներկայացնելու առաջարկություններ ՓՄՁ-ի ոլորտի պետական քաղաքականության հետագա զարգացման վերաբերյալ.

3) պետական մարմիններից ստանալու անհրաժեշտ՝ ՓՄՁ-ի ոլորտին առնչվող տեղեկատվություն:

7. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով:

8. Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրել հրատապ հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ:

9. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների 2/3-ը:

10. Խորհրդի նիստի օրակարգը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր խորհրդի անդամներին են տրամադրվում նիստից 5 օր առաջ:

11. Խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերը մշակում է քարտուղարությունը:

12. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին քարտուղարի զեկուցմամբ:

13. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է խորհրդի քարտուղարը:

14. Հարցի քննարկման ընթացքում խորհրդի անդամների կողմից նոր առաջարկներ ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է հաջորդ նիստ: Քարտուղարությունը պարտավոր է ապահովել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև հնչեցված առաջարկությունների վերլուծությունը:

15. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական մարմինների ներկայացուցիչներ:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

17. Ձայների հավասարության դեպքում որոշիչ է Հայաստանի Հանրապետության վարչապետի ձայնը, իսկ խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել գրավոր կարծիք, որը կցվում է խորհրդի նիստի արձանագրությանը:

18. Խորհրդի նիստերն արձանագրվում են քարտուղարության կողմից: Արձանագրության մեջ ամրագրվում են օրակարգում ընդգրկված հարցերը, մասնակիցների ելույթները, ինչպես նաև պետական և այլ մարմինների համար ՓՄՁ-ի ոլորտի բարելավման հարցերի վերաբերյալ մշակված առաջարկությունները կամ լուծումները:

19. Խորհրդի արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարությունը տրամադրում է խորհրդի անդամներին:

20. Խորհուրդը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

 21. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի արձանագրությունները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.

4) հանձնարարականներ է տալիս քարտուղարությանը.

5) բաշխում է պարտականությունները խորհրդի անդամների միջև:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

22. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ:

23. Խորհրդի անդամը խորհրդի նիստերին մասնակցում է անձամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան