Գլխավոր տեղեկություն
Համար
N 989-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.08.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.03/46(849) Հոդ.1136
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2011 թվականի N 989-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը` համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշումը լրացնել N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու դեպքերում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հուլիսի 22
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 7-ի N 989-Ն որոշման

 

 

 «Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

 նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՄԱՆ

 

1. Սույն կարգը կիրառվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմնից ձեռք բերված ձևերի լրացմամբ դուրս գրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետում դուրս գրողի կողմից անվավեր չճանաչված` էլեկտրոնային կարգով դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման դեպքերում:

2. Սույն կարգում «ապրանքների մատակարարում», «ծառայությունների մատուցում», «գործարք» հասկացությունները կիրառվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառված իմաստով, իսկ «կնքված պայմանագիր» հասկացությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (մասնավորապես` օրենսգրքի 436-րդ, 448-րդ հոդվածներով) սահմանված իմաստով, անկախ կնքման ձևից (օրինակ` բանավոր):

3. Ապրանքներ օտարողի (այդ թվում` մատակարարման կամ մանրածախ վաճառքի պայմանագրով) կամ ծառայություններ մատուցողի կողմից դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու անհրաժեշտություն կարող է առաջանալ մատակարարման կամ մանրածախ վաճառքի կամ ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) նախատեսված գործարքը չկատարվելու, պայմանագրով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններով կատարվելու կամ հարկային հաշվի լրացման (դուրսգրման) հետ կապված սխալներ թույլ տրվելու դեպքերում:

4. Կնքված պայմանագիրը կարող է չկատարվել կամ կատարվել պայմանագրով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններով` գնորդի (ծառայություններ ստացողի) կամ ապրանք մատակարարողի (ծառայություն մատուցողի) գործողություններով պայմանավորված:

5. Կնքված պայմանագրով նախատեսված գործարքը գնորդի կամ ծառայություններ ստացողի գործողություններով պայմանավորված չկատարվելու կամ պայմանագրով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններով կատարվելու դեպքերն են`

1) գնորդի գործողություններով պայմանավորված`

ա. գնորդը հրաժարվել է ընդունել մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետին, տեսականուն, արժեքին, որակին ու քանակին համապատասխանող` առաքված ապրանքները,

բ. գնորդը հրաժարվել է ընդունել ապրանքների մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետին, տեսականուն, արժեքին, որակին ու քանակին համապատասխանող` առաքված ապրանքների մի մասը,

գ. գնորդն ապրանքների մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետին, տեսականուն, արժեքին, որակին ու քանակին համապատասխանությունն ստուգելու ժամկետի ավարտից անմիջապես հետո պայմանագրի պայմաններին համապատասխան չի վճարել ստացված ապրանքի դիմաց, ինչի պատճառով գնորդին ապրանքները չեն հանձնվել (հետ են վերցվել),

դ. գնորդը պայմանագրով նախատեսված պայմաններին` ապրանքների մատակարարման ժամկետին, տեսականուն, արժեքին, որակին ու քանակին համապատասխանությունն ստուգելու ժամկետի ավարտից անմիջապես հետո ստացված ապրանքի դիմաց է կատարել մասնակի վճարում, ինչի պատճառով գնորդին առաքված ապրանքների մի մասը հետ է վերցվել.

2) ծառայություն ստացողի գործողություններով պայմանավորված`

ա. ծառայություն ստացողը (պատվիրատուն) հրաժարվել է ընդունել պայմանագրով նախատեսված մատուցման ժամկետին, արժեքին, որակին ու ծավալին համապատասխանող` ծառայությունների արդյունքները (օրինակ` անցկացված ուսումնասիրության վերաբերյալ գրավոր տեղեկանքը),

բ. ծառայություն ստացողը (պատվիրատուն) հրաժարվել է ընդունել ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված մատուցման ժամկետին, արժեքին, ծառայությունների կազմին, որակին և (կամ) ծավալին համապատասխանող ծառայությունների արդյունքների մի մասը,

գ. ծառայություն ստացողը (պատվիրատուն) ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված մատուցման ժամկետին, կազմին, արժեքին, որակին և (կամ) ծավալին համապատասխանությունն ստուգելու ժամկետի ավարտից անմիջապես հետո պայմանագրի պայմաններին համապատասխան չի վճարել ստացված ծառայությունների արդյունքների դիմաց, ինչի պատճառով դրանք ծառայություն ստացողին չեն հանձնվել (հետ են վերցվել),

դ. ծառայություն ստացողը (պատվիրատուն) պայմանագրով նախատեսված պայմաններին ծառայությունների մատուցման ժամկետին, կազմին, արժեքին, որակին և (կամ) ծավալին համապատասխանությունն ստուգելու ժամկետի ավարտից անմիջապես հետո ստացված ծառայության դիմաց է կատարել մասնակի վճարում, ինչի պատճառով ծառայությունների արդյունքների մի մասը չի հանձնվել:

6. Կնքված պայմանագրով նախատեսված գործարքն ապրանքներ օտարողի կամ ծառայություններ մատուցողի գործողություններով պայմանավորված չկատարվելու կամ պայմանագրով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններով կատարվելու դեպքերն են`

1) ապրանքներ օտարողի գործողություններով պայմանավորված`

ա. գնորդը հրաժարվել է ընդունել փաստացի մատակարարված ապրանքները, քանի որ մատակարարված ապրանքների տեսականին, քանակությունը, արժեքը, մատակարարման ժամկետը և (կամ) որակը չեն համապատասխանում պայմանագրով նախատեսված համապատասխան պայմաններին,

բ. գնորդն ընդունել է փաստացի մատակարարված այն ապրանքները, որոնց տեսականին, քանակը, արժեքը և (կամ) որակը համապատասխանում են պայմանագրով նախատեսված տեսականուն, քանակին, արժեքին և (կամ) որակին և չի ընդունել այն ապրանքները, որոնց տեսականին, քանակը, արժեքը, մատակարարման ժամկետը և (կամ) որակը չեն համապատասխանում պայմանագրով նախատեսված համապատասխան պայմաններին.

2) ծառայություն մատուցողի գործողություններով պայմանավորված`

ա. ծառայություն ստացողը հրաժարվել է ընդունել ծառայությունները, քանի որ ստացված ծառայությունների մատուցման ժամկետը, կազմը, ծավալը, արժեքը և (կամ) որակը չեն համապատասխանում պայմանագրով նախատեսվածին,

բ. պատվիրատուն ընդունել է այն ծառայությունները, որոնց մատուցման ժամկետը, կազմը, ծավալները, արժեքը և (կամ) որակը համապատասխանում են պայմանագրով նախատեսված կազմին, ծավալին, արժեքին և (կամ) որակին և չի ընդունել այն ծառայությունները, որոնց կազմը, ծավալը, արժեքը և (կամ) որակը չեն համապատասխանում պայմանագրին:

7. Հարկային հաշվի դուրսգրման ժամանակ սխալներ թույլ տալու դեպքերն են`

1) ապրանքներն առաքվել են այն անձին, որի հետ ապրանքների մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ պայմանագիր չի կնքվել (ապրանքներն առաքվել են երրորդ անձի).

2) ապրանքներն առաքվել են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով.

3) ապրանքների մատակարարմանը վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

4) հարկային հաշվով մատակարարվող ապրանքի ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (ապրանքների քանակ, գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ.

5) ծառայությունները մատուցվել են այն անձին, որի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր չի կնքվել (ծառայությունները մատուցվել են երրորդ անձի).

6) ծառայությունները մատուցվել են պատվիրատուին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով.

7) ծառայությունների մատուցմանը վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

8) հարկային հաշվում ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (ծառայության ծավալ, գին, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

8. Բացի սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերից` հարկային հաշիվը կարող է անվավեր ճանաչվել նաև օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` պայմանագրով նախատեսված հիմքերով հարկային հաշվին համապատասխանող գործարքը պայմանագրով նախատեսված պայմաններով չկատարվելու կամ անվավեր համարվելու դեպքերում:

9. Գնորդի (ծառայություններ ստացողի) կամ ապրանքներ օտարողի կամ ծառայություններ մատուցողի գործողություններով պայմանավորված դեպքերում էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված ձևերի լրացմամբ դուրս գրված հարկային հաշիվն անվավեր է ճանաչվում, եթե`

1) հարկային հաշվի (էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշվի դեպքում` դրա թղթային տարբերակի) վրա առկա է գրառում հարկային հաշիվն անվավեր ճանաչելու հիմքի (պատճառի) վերաբերյալ և այդ գրառումն ստորագրված է այն անձի (կազմակերպության դեպքում` հարկային հաշիվը ստորագրած կամ ստորագրության լիազորություն ունեցող անձի) ստորագրությամբ, ում գործողություններով պայմանավորված գործարքը չի կատարվել կամ կատարվել է պայմանագրով նախատեսվածից տարբերվող պայմաններով, կամ`

2) հարկային հաշիվը դուրս գրողի մոտ առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վավեր համարվող էլեկտրոնային կամ թղթային այլ փաստաթուղթ, որում նշված է տվյալ հարկային հաշիվն անվավեր ճանաչելու հիմքը (պատճառը):

10. Հարկային հաշվի լրացման հետ կապված այն դեպքերում, երբ ապրանքներն առաքվել են այն անձին, որի հետ ապրանքների մատակարարման կամ մանրածախ վաճառքի վերաբերյալ պայմանագիր չի կնքվել (ապրանքներն առաքվել են երրորդ անձի) կամ ապրանքներն առաքվել են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով, հարկային հաշիվն անվավեր է ճանաչվում, եթե հարկային հաշվի վրա առկա է ապրանքներ ձեռք չբերելու կամ ծառայություններ չստանալու վերաբերյալ այն անձի (կազմակերպության դեպքում` հարկային հաշիվն ստորագրած կամ ստորագրության լիազորություն ունեցող անձի) ստորագրությամբ գրառումը, ում անունով դուրս է գրվել հարկային հաշիվը կամ հարկային հաշիվ դուրս գրողի մոտ առկա է ապրանքներ ձեռք չբերելու կամ ծառայություններ չստանալու վերաբերյալ այդ անձի կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վավեր համարվող էլեկտրոնային կամ թղթային փաստաթուղթ: Ապրանքների մատակարարմանը վերաբերող հարկային հաշիվը սխալներով լրացված լինելու դեպքերում` հարկային հաշվում կամ առանձին փաստաթղթում պետք է առկա լինի դուրս գրողի ստորագրված գրառումն այն մասին, որ հարկային հաշիվը լրացված է սխալներով:

11. Բացի սույն կարգի 9-րդ և 10-րդ կետում նշված գրառումներից կամ վավեր փաստաթղթի առկայությունից` ստացողի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային հարկային հաշիվն անվավեր է ճանաչվում, եթե հարկային հաշվի վրա կամ առանձին` վավեր համարվող փաստաթղթում առկա է հարկային հաշվի ստացումը վավերացնելիս էլեկտրոնային հարկային հաշվի վրա դրված էլեկտրոնային ստորագրությունը հետ չկանչելու պատճառի վերաբերյալ գրառում` ստորագրված անձի (կազմակերպության դեպքում` հարկային հաշիվն ստորագրած կամ ստորագրության լիազորություն ունեցող անձի) կողմից:

12. Անկախ սույն կարգի դրույթներից` ծառայությունների մատուցմանը վերաբերող հարկային հաշիվը չի կարող անվավեր ճանաչվել, եթե այդ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) մատուցվել են պայմանագրով սահմանված պայմաններով կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ ծառայության արդյունքի հետ հանձնումն ուղղակի անհնարին է: Ապրանքի մատակարարման կամ մանրածախ վաճառքի դեպքում հարկային հաշիվը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ապրանքը չի կարող վերադարձվել և պայմանագրով սահմանված պայմանների փոփոխություն չի կատարվել:

13. Այն գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչումը, որոնց մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ իրավական այլ ակտերով հարկային հաշիվ դուրս չեն գրվում, հարկ վճարողին չի ազատում հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից, եթե գործարքը կատարվել է:

14. Դուրս գրված հարկային հաշիվները, սույն կարգին համապատասխան անվավեր են ճանաչվում դուրսգրման օրվան հաջորդող երկամսյա ժամկետում, կամ սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված անվավեր ճանաչելու պատճառները կամ հիմք առաջանալու կամ հիմքը հայտնի դառնալու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում: Երկամսյա ժամկետից հետո հարկային հաշիվն անվավեր ճանաչվելու դեպքերում հարկային հաշվի վրա կամ առանձին` վավեր համարվող փաստաթղթում նշվում է հարկային հաշվի անվավեր ճանաչման հիմքի առաջացման կամ հիմքը հայտնի դառնալու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

15. Հարկային մարմնից ստացված ձևերի լրացմամբ դուրս գրված հարկային հաշիվները սույն կարգին համապատասխան անվավեր ճանաչվելու դեպքերում հարկային հաշիվներ դուրս գրողն անվավեր ճանաչված հարկային հաշիվների սերիա-համարների վերաբերյալ տեղեկությունը ներկայացնում է հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետից հետո դուրս գրողի կողմից սույն կարգին համապատասխան անվավեր ճանաչված էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունը ներկայացվում է հարկային մարմին էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված ձևով:

16. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը` դուրս գրված հարկային հաշիվները դուրս գրողների կողմից սույն կարգին համապատասխան անվավեր են ճանաչվում կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան