Գլխավոր տեղեկություն
Համար
N 835-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.29/40(843) Հոդ.964
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2011 թվականի N 835-Ն

 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում է.

1. Հաստատել «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման աշխատանքների պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման աշխատանքներն իրականացնել ըստ սույն որոշման հավելվածում նշված ժամանակացույցի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 21
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 10-ի N 835-Ն որոշման

 

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո 1991 թվականին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ), որը կարճ ժամանակամիջոցում հասավ բարձր նվաճումների: Ստեղծվեց ՍՊԱԾ-ի 150 կայանից կազմված բազմապարամետր դիտարկումների ազգային ցանցը, ծառայությունն ինտեգրվեց համարյա բոլոր միջազգային կառույցներում, արժանացավ Միացյալ ազգերի կազմակերպության աղետների դեմ պայքարի Սասակավայի մրցանակին, ճանաչվեց Անատոլիա-Կովկաս-Իրան տարածաշրջանի առաջատարը: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը զիջում է տարածաշրջանային առաջատարի դերը՝ դիտարկումների ցանցի սարքավորումների` բարոյապես և ֆիզիկապես մաշվածության պատճառով:

2. Ծրագրի նպատակը ՍՊԱԾ գործակալության ազգային դիտացանցի գործող կայանների վերազինումն է նոր սարքավորումներով՝ ստեղծելով միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխան ազգային դիտացանց:

3. Ներկայացվող ծրագրի հիմնական խնդիրներն են՝

1) ազգային դիտացանցի արդիականացումը, որի նպատակը գործող կայանների չափիչ սարքերի, տեղեկատվության գրանցման և հաղորդման տեխնիկական միջոցների փոխարինումն է նոր ժամանակակից սարքերով.

2) ազգային դիտացանցի զարգացումը, որը ներառում է գործող կայաններում նոր պարամետրերի գրանցումը, չափվող տարբեր պարամետրերի հուսալիության և ճշտության բարձրացումը, թվային տվյալների ստացումը.

3) ազգային դիտացանցի սարքավորումները սնուցող էլեկտրական հիմնային կուտակիչների փոխարինումը նորերով:

 

II. ՈԼՈՐՏԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻ) ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

4. 2010-2011 թվականներին ոլորտի զարգացման միտումներն ակնհայտ են, քանի որ առկա է որոշակի առաջընթաց` բոլոր ուղղություններով: Հատկապես կարևորում ենք աշխատանքները սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ, Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքների տարածքների սեյսմիկ ռիսկի հիմնական բաղադրիչների գնահատումը, դիտարկումների ցանցի և սեյսմիկ վտանգի քարտեզագրման աշխատանքները: Ոլորտի զարգացման միտումները 2012-2014 թվականներին անհրաժեշտ է ուղղել դիտարկումների ցանցի արդիականացման, Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման, բնակավայրերի և կենսաապահովման գծերի սեյսմիկ ռիսկի գնահատման ու ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատանքների կատարմանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկներ ներկայացնելուն:

5. Սեյսմիկ պաշտպանության համակարգի ներկա վիճակը ֆինանսական տեսակետից հետևյալն է`

1) բյուջետային հատկացումները, 2010 թվականի համեմատ, 2011 թվականին աճել են 11605.4 հազ. դրամով: 2010 թվականին հատկացված գումարների 75 տոկոսը ծախսվել է որպես աշխատավարձ և սոցիալական հատկացումներ: Մնացած գումարը ծախսվել է ՊՈԱԿ-ների պահպանման համար.

2) չեն հատկացվել ֆինանսներ` հիմնական միջոցների, այդ թվում` ամենակարևորը` սարքավորումների ձեռքբերման համար: Այս պատճառով դիտարկումների ցանցի սեյսմաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, ռադոնաչափական և մագնիսաչափական սարքավորումների 85 տոկոսը բարոյապես և ֆիզիկապես մաշված է:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՍԵՅՍՄԻԿ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով շուրջօրյա ռեժիմով իրականացվել են դիտարկումներ ազգային դիտացանցի ավելի քան 150 կայաններում: Ապահովվել են Հայաստանի Հանրապետության տարածքի և տարածաշրջանի սեյսմիկ ռեժիմի գնահատումը, տեղի ունեցած երկրաշարժերի գրանցումը և մշակումը, համալիր տվյալների բազաների ընդլայնումը, մշակումը և օպերատիվ հաղորդագրությունների ուղարկումն ըստ հաստատված ժամանակակարգի: Կատարվել է բազմաթիվ (50-ից ավելի) չափիչ սարքերի և կապի միջոցների ընթացիկ նորոգում, դրանով իսկ ապահովելով ազգային դիտացանցի շուրջօրյա հուսալի աշխատանքը: Իրականացվել են, 5 միջազգային ծրագրերի և պայմանագրերի շրջանակներում, 60-ից ավելի դիտակայանների տեխնիկական սպասարկման աշխատանքները: Ազգային դիտացանցի արդիականացման նպատակով երեք հայտ է ներկայացվել դոնոր կազմակերպություններ («Երևան քաղաքի համար վաղ ահազանգման համակարգի ստեղծումը» ուղարկվել է Գերմանիայի երկրաբանական հետազոտությունների կենտրոն (GFZ) և ներկայացվել է Միացյալ ազգերի զարգացման ծրագրի կազմակերպություններ (UNDP), իսկ «ՍՊԱԾ-ի ազգային մոնիթորինգային դիտացանցի արդիականացման ծրագիրը» ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը): Ազգային դիտացանցի կայանները, չնայած առկա դժվարություններին և անընդհատ նորոգումներին, աշխատել են բավարար, սակայն դիտարկումների ցանցի զարգացման և կայանների արդիականացման աշխատանքները, տարածաշրջանի երկրների նույնատիպ աշխատանքների համեմատ, բավարար չեն: Անհրաժեշտ է ներդրումներ կատարել կայանները նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԵՎ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

7. Ընդլայնվել են Հայաստանի Հանրապետության տարածքի և տարածաշրջանի ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով սեյսմոլոգիական, երկրաֆիզիկական, երկրադինամիկական, երկրաքիմիական և այլ տվյալների բազաները, իրականացվել են դրանց մշակումը, վերլուծությունը և մեկնաբանումը: Մշակվել են ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նոր մոտեցումներ և մեթոդներ, կազմվել են վտանգի նոր քարտեզներ: Մասնավորապես, ստեղծվել է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման փորձագիտական նոր համակարգ, շարունակվել են տվյալների բազան լրացնելու ուղղությամբ աշխատանքները, ՍՊԱԾ-ի մասնագետների մասնակցությամբ իրականացվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքի սեյսմիկ վտանգի գնահատումը:

8. Սեյսմիկ ռիսկի ուղղությամբ կատարվել են, մասնավորապես, հետևյալ աշխատանքները. կազմվել են Հայաստանի Հանրապետության քաղաքների շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի գնահատման և կարևոր նշանակության օբյեկտների մասին տվյալների բազաներ (1500 օբյեկտ), տվյալների բազան ընդլայնվել է Երևանի բոլոր վարչական շրջաններից և մի շարք բնակավայրերից ստացված տվյալներով (1600-ից ավելի շենքեր, շինություններ), կազմվել է Հայաստանի Հանրապետության կենսաապահովման գծերի (գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, հեռախոսային կապ, ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր) սեյսմիկ ռիսկի սխեմատիկ քարտեզը, կատարվել են աշխատանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սողանքներով և փլուզումներով արտահայտված տեղամասերի համատեղված քարտեզի ստեղծման ուղղությամբ:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Միջազգային գործունեության ուղղությամբ կատարվել են, մասնավորապես, հետևյալ աշխատանքները. իրականացվել է համագործակցություն միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ (Ասիայի աղետների կառավարման կենտրոն (ADRC), Գեոդեզիայի և երկրաֆիզիկայի միջազգային միություն (IUGG), Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայություն (USGS), ՄԱԿ-ի աղետների կանխարգելման միջազգային ռազմավարության քարտուղարություն (UNISDR), Տնտեսական և համագործակցության զարգացման կազմակերպություն (OECD), Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման կազմակերպություն (CTBTO) և այլն), մասնակցություն բազմաթիվ միջազգային գիտաժողովների և սեմինարների:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) խիստ հրատապ է սեյսմիկ, երկրաֆիզիկական, երկրաքիմիական չափիչ սարքերի փոխարինումը նորերով, քանի որ դա մեծապես կնպաստի դիտարկումների արդյունքում սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիության բարձրացմանը.

2) սեյսմիկ և այլ դիտարկումների թվային տվյալների ստացումը հնարավորություն կտա ելակետային նյութը մշակելու գոյություն ունեցող համակարգչային ծրագրերով.

3) կարևոր է երկրաֆիզիկական ու հիդրոդինամիկական դիտարկումների ավտոմատացումը, որով կբարձրանա դիտարկվող տվյալների ճշտությունը և կբացահայտվեն անոմալ դաշտերի նուրբ փոփոխությունները, որոնք սեյսմիկ վտանգի ռիսկի գնահատման տեսակետից խիստ կարևոր են.

4) սարքավորումները սնող էլեկտրական կուտակիչների փոխարինումը նորերով:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

 

11. Նախատեսվող աշխատանքների իրականացման արժեքը 174.550 հազար դրամ է, իսկ ֆինանսատնտեսական հաշվարկը ներկայացված է NN 1, 2 և 3 աղյուսակներում:

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ՍՊԱԾ գործակալության ազգային դիտացանցերի արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումներ` 2012-2014 թվականների.

 

NN
ը/կ

Դիտակայանների
ցանցերի անվանումը

Կայանների թիվը

Սարքը,
սարքավորումը

Մեկ
միավորի արժեքը
(հազ. դրամ)

Ընդա-մենը
(հազ. դրամ)

Ժամանակացույց

Նշումներ

1.

Տարածաշրջանային սեյսմիկ կայան (Գորիս, Վարդենիս, Ստեփանավան, Գյումրի, Իջևան, Բավրա, Արարատ, Քաջարան, Ստեփանակերտ, Երևան)

10

թվային սեյսմիկ կայան
(Կինեմետրիքս, ԱՄՆ)

2700

27000

2012

ներկայացված են միայն գործարանային գները

2.

Մագնիսաչափական կայաններ (Արթիկ, Գյուլագարակ, Սարագյուղ, Արուճ, Խնածախ, Ստեփանակերտ, Չիվա)

7

GSM 19 (Կանադա)

2250

15750

2012

ներկայացված են միայն գործարանային գները

3.

Հիդրոդինամիկական կայաններ (Նոյեմբերյան, Իջևան, Ազատան, Շիրակամուտ, Աշոցք, Քուչակ, Մեծամոր, Ձորաղբյուր, Գորիս, Սևան, Արտաշատ, Եղեգնաձոր, Կարճաղբյուր)

14

«Կեդր Ա 2»
(Ռուսաստան)

600

8400

2012

սարքի արժեքը Ռուսաստանում

4.

Ռադոնաչափական կայաններ (Արուճ, Քուչակ, Մեծամոր, Փարաքար, Դավիթաշեն, Գառնի, Եղեգնաձոր (Չիվա), Ջերմուկ, Վարդենիս, Դվին, Կարճաղբյուր, Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Բավրա, Շիրակամուտ, Գորիս, Քաջարան, Սիսիան, Ստեփանակերտ, Հադրութ, Մարտակերտ, Նոյեմբերյան)

24

ՌՌԱ 01-03
(Ռուսաստան)

900

21600

2012

ներկայացված են միայն գործարանային գները

5.

Էլեկտրամագնիսաչափական կայաններ (Արթիկ, Գյումրի, Եղեգնաձոր, Քաջարան, Ջերմուկ, Հադրութ, Ստեփանակերտ)

13

 

900

11700

2013

 

6.

Ստորգետնյա ջրերի անալիզի լաբորատոր սարքավորումներ (Երևանի, Գյումրու, Ստեփանակերտի, Կապանի և Սուրենավանի կենտրոնների համար)

5

տարբեր սարքեր

600

3000

2013

սարքի արժեքը Ռուսաստանում

7.

Գրունտի ուժեղ շարժումների կայաններ

12

SMACH-2

1800

21600

2013

սարքի արժեքը Շվեյցարիայում

8.

Սարքերի ներկրում, մաքսազերծում, տեղափոխում, տեղադրում (կոմունիկացիաների անցկացում)

     

27000

2012-2014

 

9.

Դիտակայանների մասնագետների ուսուցանում

     

5000

2012-2014

 
 

 Ընդամենը

     

141 050

   

 Աղյուսակ 2. Մարտկոցային տնտեսության արդիականացում` 2012-2014 թթ.

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Մեկ միավորի արժեքը
(հազ. դրամ)

Ընդամենը
(հազ. դրամ)

Ժամանա-
կացույց

Նշումներ

1.

Մարտկոց 5 HK -125

300

84

25200

2012

ներկայացված են գործարանային գները

2.

Հիմք (KOH, NaOH)

2500 կգ

0,6

1500

2012

 
 

 Ընդամենը

   

26700

   

Աղյուսակ 3. ՊՈԱԿ-ների դիտակայանների համար անհրաժեշտ կազմտեխնիկա` 2012-2014 թթ.

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Մեկ միավորի արժեքը
(հազ. դրամ)

Ընդամենը
(հազ. դրամ)

Ժամանա-
կացույց

Նշումներ

1.

Համակարգիչ P IV

20

280

5600

2013

 

2.

Ռադիոհեռախոս «Kenwood
THF 6A»

10

120

1200

2013

 
 

 Ընդամենը

   

6800

   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան