Գլխավոր տեղեկություն
Համար
N 1813-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.06.2011-30.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1275
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2002 թվականի N 1813-Ն

 

«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. Թույլատրել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, հանրակրթական (ավագ դպրոց) միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում, լրացուցիչ կրթության կազմակերպում. 

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

զ) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

է) սովորողների հանրային սննդի կազմակերպում.

ը) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

թ) մշակութային գործունեության (ուսանողական աշխատանքների ցուցահանդեսներ, համերգներ) ծավալում:

(5-րդ կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն, 23.09.09 N 1098-Ն)

6. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնօրինության գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնօրինության շենքերը, շինությունները, սպասարկման հողատարածքները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն,15.09.05 N 1720-Ն)

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի վերակազմակերպումից հետո ներառվում են «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 19
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 24-ի N 1813-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բնական, հումանիտար` հատկապես, մանկավարժական և հոգեբանական գիտությունների, մշակույթի բնագավառներում գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերին համապատասխան:

2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրներին համապատասխան իրավունքներ ու պարտականություններ:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «ՀՊՄՀ-ի Երևանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:

(3-րդ կետը լրաց. 23.09.09 N 1098-Ն, 10.06.11 N 781-Ն)

4. Համալսարանն իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

5. Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

6. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և մեդալ:

7. Համալսարանի անվանումն է`

հայերեն` «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` ՀՊՄՀ,

ռուսերեն լրիվ` “Армянский государственный педагогический университет им. Х. Абовяна” государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` АГПУ,

անգլերեն լրիվ` «Armenian State Pedagogical University after Kh. Abovyan» state non commercial organization,

անգլերեն կրճատ` ASPU:

8. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375010, Տիգրան Մեծի 17:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Համալսարանի խնդիրներն են`

ա) կրթության, գիտության, մշակույթի, դաստիարակության ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

բ) մանկավարժական կադրերի պատրաստման բովանդակության ու մեթոդների մշակումը և զարգացումը, մանկավարժական գործընթացի կազմակերպումն ու կատարելագործումը.

գ) բնական, հումանիտար, մշակութային և, հատկապես, մանկավարժական ու հոգեբանական գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների ու ստեղծագործական աշխատանքների իրականացումը.

դ) ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու ներդրումը, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների ստեղծումը.

ե) գիտական մշակումների տարածումը, մշակութային և լուսավորչական աշխատանքների իրականացումը:

10. Համալսարանն առաջադրված խնդիրներին համապատասխան իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը.

բ) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմելու ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր.

գ) կազմակերպելու մագիստրոսների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելություն.

դ) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ, համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի մեդալով և պատվոգրով.

ե) ծավալելու համագործակցություն միջազգային ասպարեզում.

զ) իրականացնելու ֆինանսատնտեսական գործունեություն.

է) իրականացնելու հրատարակչական գործունեություն.

ը) կնքելու պայմանագրեր գիտական, ուսումնական և մշակութային հաստատությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ.

թ) վարձակալության հանձնելու ամրացված գույքը` օրենքով սահմանված կարգով.

ժ) տնօրինելու իր ֆինանսական միջոցները.

ժա) ստեղծելու մարզաառողջարարական բազաներ, հենակետային վարժարան, դպրոց, քոլեջ, ինստիտուտ, մասնաճյուղ մանկապարտեզ, սննդի (ուսանողական ճաշարաններ, սրճարաններ) և այլ սոցիալական (բուժկետ, հանգստի սենյակներ) օբյեկտներ.

ժբ) կազմակերպելու և սպասարկելու հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղը.

ժգ) կազմակերպելու ուսանողների և աշխատողների հանգիստը:

(10-րդ կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

11. Համալսարանը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, հանրակրթական (ավագ դպրոց) միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում, լրացուցիչ կրթության կազմակերպում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

զ) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

է) ուսանողների հանրային սննդի կազմակերպում.

ը) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

թ) մշակութային գործունեության (ուսանողական աշխատանքների ցուցահանդեսներ, համերգներ) ծավալում:

(11-րդ կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն, 11.02.10 N 106-Ն)

12. Համալսարանում արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

(13-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն)

14. Համալսարանի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

15. Նախարարությունը`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 15.09.05 N 1720-Ն)

բ) իրականացնում է վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգների, կարգադրություններն ու որոշումները.

դ) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները.

ե) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ, համաձայնություն տալիս համալսարանի սեփական գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 15.09.05 N 1720-Ն)

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(15-րդ կետը փոփ., լրաց. 15.09.05 N 1720-Ն)

16. Համալսարանի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 28-ն է:

(16-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն)

16.1. Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`

ա) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.

բ) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված թեկնածուներն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

(16.1 կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

16.2. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).

բ) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետների կողմից առաջադրված թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմին.

գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

(16.2 կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

16.3.Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

(16.3 կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

16.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

(16.4 կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

16.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(16.5 կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

16.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

(16.6 կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

16.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն.

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

(16.7 կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

16.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

(16.8 կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

16.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 16.1 - 16.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:

Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

(16.9 կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

17. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

(17-րդ կետը փոփ. 15.09.05 N 1720-Ն)

18. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները.

դ) խորհրդի գործունեության մեջ մտնում են համալսարանի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև համալսարանի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը:

(18-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն)

19. Համալսարանի գիտական խորհուրդը համալսարանի ռեկտորի նախագահությամբ գործող մարմին է, որը լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

(19-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն)

20. Գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, համալսարանի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.

գ) քննարկում է համալսարանի` օտարերկրյա պետությունների հետ կապերի ուղղությունները, միջազգային համագործակցության ծրագրերը և համալսարանի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը.

դ) մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծեր և դրանք ներկայացնում նախարարություն.

ե) համալսարանի ռեկտորներին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.

զ) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը, համալսարանի ռեկտորի ներկայացմամբ` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում է համալսարանի կառուցվածքային միավորների կողմից համալսարանի խորհրդի անդամներից առաջադրված թեկնածուների ընտրությունները և կատարում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ առաջարկ: Անհրաժեշտության դեպքում քննարկում է խորհրդի որոշումները և առաջարկ ներկայացնում հիմնադրին: Սահմանում ներքին կարգապահական կանոնները.

է) քննարկում է համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

ը) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն.

թ) քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր ու հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.

ժ) հաստատում է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի համար թեկնածուների մրցութային ընտրությունները.

ժա) շնորհում է համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում համալսարանի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածուներ.

ժբ) իրականացնում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից.

ժգ) հաստատում է համալսարանի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը:

(20-րդ կետը փոփ., լրաց. 15.09.05 N 1720-Ն)

21. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը:

22. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, համահամալսարանական ամբիոնների վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, հենակետային վարժարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև համալսարանի ռեկտորի ընտրությամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

(22-րդ կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

23. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

24. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

(24-րդ կետը փոփ. 15.09.05 N 1720-Ն)

25. Գիտական խորհրդին կից` գիտական խորհրդի որոշմամբ, շրջափոխման սկզբունքով և 3-5-ը տարի ժամկետով ստեղծվում են համալսարանական հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է համալսարանի ռեկտորը: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:

26. Ռեկտորատը համալսարանի ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր կանոնակարգով սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է համալսարանի գործունեությանը վերաբերող հարցեր:

27. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականն ու խորհրդականը, ֆակուլտետների դեկանները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գլխավոր հաշվապահը, գիտական և ուսումնական վարչությունների (կամ մասերի) ղեկավարները:

(27-րդ կետը լրաց., փոփ. 15.09.05 N 1720-Ն)

28. Համալսարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է համալսարանի գործադիր մարմինը` ռեկտորը:

Համալսարանի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Այդ արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

(28-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն)

29. Համալսարանի ռեկտորը`

ա) ղեկավարում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.

բ) ներկայացնում է համալսարանը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, կազմակերպություններում, հիմնարկներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում.

գ) ապահովում է, ըստ մասնագիտությունների, մասնագետների պատրաստումը և գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների կատարումը.

դ) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում հաշիվներ.

ե) սահմանում է համալսարանի կառուցվածքը.

զ) կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ: Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանում նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները.

է) հրավիրում է համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց սերտ համագործակցությունը.

ը) սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների և սովորողների նկատմամբ.

թ) համալսարանի ֆինանսական միջոցների շրջանակներում սահմանում է հավելյալ աշխատավարձի և հաստիքների վարձատրության չափերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծում աշխատողների ու սովորողների պարգևատրման և ֆինանսական օգնության հետ կապված հարցերը.

ժ) հրամաններ է արձակում ուսանողների և ասպիրանտների ընդունելության, կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին` սահմանելով նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները.

ժբ) իր բացակայության ժամանակ համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Համալսարանի ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, քոլեջները, վարժարանները և այլն: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն և իրենց կանոնադրություններով:

31. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:

32. Համալսարանի ֆակուլտետները գործում են ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:

Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Ֆակուլտետն իր խնդիրներին և իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան մշակում է ֆակուլտետի հաստիքացուցակը, որը հաստատվում է համալսարանի ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից, ուսումնական և այլ ստորաբաժանումներից:

33. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

34. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

35. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համալսարանի ռեկտորին.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցեր.

գ) համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար համալսարանի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.

դ) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

36. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:

(2-րդ պարբերությունն ուժը կոցրել է 15.09.05 N 1720-Ն) 

Ֆակուլտետի դեկանի պաշտոնն ընտրովի է, որի ընտրության կարգը սահմանվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից:

(36-րդ կետը լրաց., փոփ. 15.09.05 N 1720-Ն)

37. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի ընդունած որոշումների կատարումը.

գ) համալսարանի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալներին.

դ) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

38. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) համալսարանի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների օրինակելի կանոնադրության հիման վրա:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից, դասախոսներից:

Ամբիոնի վարիչի պաշտոնն ընտրովի է, որի ընտրության կարգը սահմանվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից:

(38-րդ կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

39. Համալսարանի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով` պայմանագրային հիմունքներով:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

40. Ուսանողների ընդունելությունը համալսարան կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

41. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկություն (էքստեռն) ձևերով:

42. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

43. Համալսարանում սահմանվում են ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, ուսումնական մանկավարժական և արտադրական պրակտիկա, խորհրդատվություն, ստուգողական աշխատանքներ:

(43-րդ կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

44. Համալսարանում կարող են կիրառվել ինչպես բարձրագույն կրթության եռաստիճան, այնպես էլ երկաստիճան համակարգեր: Համալսարանի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

45. Համալսարանում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, որոնք համակարգվում և կազմակերպվում են գիտահետազոտական բաժնի կողմից, որը նաև հեղինակային հսկողություն է իրականացնում գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների արդյունքների նկատմամբ:

46. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

47. Համալսարանի աշխատողներն են պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ ու վարչատնտեսական աշխատողները:

48. Համալսարանի սովորողներն են ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդները:

49. Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրերով և համալսարանի այլ ակտերով:

50. Համալսարանի աշխատողները և սովորողներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու համալսարանի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) միավորվելու արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում.

դ) օգտվելու համալսարանի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:

51. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

52. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

53. Համալսարանի աշխատողները և սովորողները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնադրությունից և համալսարանի այլ իրավական ակտերից բխող հանձնարարականներ.

բ) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.

գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.

ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը.

զ) հոգալ համալսարանի հեղինակության բարձրացման մասին:

54. Համալսարանի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

55. Համալսարանի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմն ունի`

ա) մասնագիտական գործունեության կազմակերպման ու նյութատեխնիկական ապահովման իրավունք.

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք.

դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.

ե) անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության իրավունք.

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

56. Համալսարանի ուսանող է համարվում սահմանված կարգով համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառու անձը:

(56-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն)

57. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք վճարովի կամ անվճար հիմունքներով կարող է դառնալ համալսարանի ուսանող` մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքերում:

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է կնքված պայմանագրի և նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն:

58. Համալսարանի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) հաճախելու դասախոսություններին.

գ) ըստ նախասիրությունների մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, համալսարանի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

ե) օգտվելու համալսարանի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.

ը) սահմանված կարգով ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմիններում.

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն 7 շաբաթ տևողությամբ 2 արձակուրդ:

59. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Համալսարանն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:

60. Արգելվում է ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների ու հոգաբարձուների) համաձայնության, ինչպես նաև սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումը:

61. Համալսարանի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետում կատարել ուսումնական առաջադրանքները.

բ) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել համալսարանի կանոնադրությունը և ներքին կանոնները.

դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

ե) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը.

զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

(62-րդ կետը փոփ. 15.09.05 N 1720-Ն)

62. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանը: Ուսանողներն ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում կարող են հեռացվել համալսարանից:

63. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են համալսարանի ներքին կարգապահական կանոնները, համալսարանի ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:

64. Համալսարանի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

65. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): ՈՒսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

66. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

67. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան:

(67-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն)

68. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձևակերպված անձը:

(68-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն)

69. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու` գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը:

(69-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն)

70. Համալսարանի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

71. Հիմնադիրը համալսարանի կրթական, գիտական և այլ գործունեություն ապահովելու նպատակով համալսարանին ամրացնում է հիմնադրման պահին նրա ունեցած շենքերը, շինությունները, կառույցները, սպասարկման հողատարածքները, հողամասերը և անշարժ գույքի այլ տեսակներ, ինչպես նաև սարքավորումներ ու սպառողական, սոցիալական և մշակութային նշանակության շարժական այլ միջոցներ` անժամկետ ու անհատույց` տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան:

(71-րդ կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

72. Համալսարանի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրներից`

ա) պետական գույք, որը հանձնվել է համալսարանին` անհատույց օգտագործման համար.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի համար, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցներ.

գ) միջոցներ, որոնք գոյանում են համալսարանի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, կտակած գույքը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

73. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված զուտ շահույթն ուղղվում է համալսարանի կանոնադրական խնդիրների իրականացմանը:

74. Համալսարանի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

75. Համալսարանն իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը և ուրիշներից գույք վարձակալելու:

Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(75-րդ կետը լրաց. 15.09.05 N 1720-Ն)

76. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացում նախարարությունը, օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

77. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

(77-րդ կետը խմբ. 15.09.05 N 1720-Ն) 

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

78. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

79. Համալսարանի լուծարման հետևանքով գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան